ԼԱՈՒՐԱ ԽԼՂԱԹԵԱՆ
Ապրիլի 28ին, Լաս Վեգասի Ս. Կիրակոս եկեղեցում տեղի ունեցաւ «Մեր Մեծերը» խորագրով վերջին՝ 14րդ երեկոն։
Առաջին մասը նուիրուած էր յայտնի բանաստեղծ, գրող, թարգմանիչ եւ քաղաքական գործիչ Գեղամ Սարեանին, իսկ երկրորդ մասում հնչեցին երգեր, որոնց խօսքերի եւ երաժշտութեան հեղինակը երեկոյի հիմնադիր Լաուրա Խլղաթեանն էր։
Հանդիսութեան ընթացքում իրենց գեղեցիկ ձայնով հանդէս եկան, Ս. Կիրակոս եկեղեցու նախկին հոգեւոր հովիւ Նարեկ Ա. քհնյ. Մատարեանը, Սեդա Թաջիրեանի անուան շաբաթօրեայ դպրոցի ուսուցչուհիներ՝ Ծովինար Մնացականեանը, Արմինէ Մարտիրոսեանը եւ երիտասարդ երգչուհի Նոնա Աճէմեանը։
Բացի երեկոյի հիմնադիր կազմակերպիչ Խլղաթեանից, ասմունքով եւ թատերական ներկայացումով հանդէս եկան նաեւ շաբաթօրեայ վարժարանի 13 աշակերտ, որոնցից 2ը վաղուց աւարտել էին դպրոցը։

Երեկոն ընթանում էր ջերմ ծափերի ուղեկցութեամբ։ Հանդիսատեսները շատ ուրախ եւ գոհ էին։ Երկար ժամանակ չէր դադարում ծաղիկների նուիրումն ու շնորհակալական խօսքերի շռայլումը։
Իսկ Մայիսի 18ին տեղի ունեցաւ Սեդա Թաջիրեանի անուան կրթօջախի աւարտական հանդէսը։
Տեսնել էր պէտք, թէ ինչպէ՞ս էին երգում, պարում, նուագում եւ արտասանում 2-14 տարեկան աշակերտները՝ բոլորն էլ շատ ոգեւորուած։
Միջոցառման ընթացքում աշակերտներն արտասանեցին հայրենիքին նուիրուած ոտանաւորներ, ներկայացրին աղ ու հացի արարողութիւն, խօսեցին ծիրանի ծառի, նռան, խաղողի, գինու, դպրութեան եւ հայրենիքի մասի։
Հանդէսը եզրափակեց դպրոցի տնօրէն Լաուրա Խլղաթեանն իր գրած՝ «Երկիր Իմ Հայրենի» բանաստեղծութեամբ, որը վերածուել է նաեւ երգի։