

ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶԵԱՆ
Մայիսի 28ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ Հայաստանի առաջին Հանրապետութեան 106ամեակին նուիրուած միջոցառում:
Երիտասարդական կենտրոնում միջոցառման մեկնարկը տրուեց Հայաստանի ու Վրաստանի պետական օրհներգերով: Այնուհետեւ Կենտրոնի սաների շուրթերից հնչեց Սարդարապատ երգը:
Երիտասարդական կենտրոնի սաները հանդէս եկան հայրենասիրական բանաստեղծութիւններով, երգերով ու պարերով: Առաջին Հանրապետութեան տօնին նուիրուած միջոցառմանը բացի Երիտասարդական կենտորնի սաներից հանդէս եկաւ նաեւ Խանդօ գիւղի Խաչկավանք պարախումբը` «Եարխուշտա» եւ «Քոչարի» պարերով:
«Աշխարհի բոլոր անկիւններում, այնտեղ որտեղ թէկուզ մէկ հայ է ապրում, գիտակցելով այսօրուայ խորհուրդը իր համար տօնական պէտք է լինի: Տօնական է, որովհետեւ այս օրը 106 տարի առաջ հայ ժողովուրդն ապրեց, վերակերտուեց, իր ինքնութեան համար պայքարող ժողովուրդը կարողացաւ հռչակել պետականութիւն: Առաջին Հանրապետութիւն հռչակուեց, օրհներգ ունեցան, զինանշան: Իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է պահել եւ իր զինուորը լինել իր հայրենիքի համար», ելոյթի իր խօսքում ասաց Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինէ Թադեւոսեանը:
Դաշնամուրային կատարումներով հանդէս եկան Ախալքալաքի Երաժշտական դպրոցի սաներից` Արսէն Կարապետեանն ու Վարդան Գալիւոնջեանը, ովքեր տարբեր միջազգային մրցոյթների դափնեկիրներ են:
Առաջին հանրապետութեան տօնին նուիրուած միջոցառմանն Ախալքալաքում ներկայ էին` պատմաբան, վաստակաշատ մանկավարժ Վաչագան Ռստակեանը, Ախալքալաքի մշակոյթի տան տնօրէն աշուղ Ալիք Ջաւախքը, պարուսոյցներ` Մանուէլ Սահարեանն ու Ռադիկ Եզոյեանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւորական Նարեկ քահանայ Տիգրանեանը, Ապագայի տան մանկավարժներ, Գաւառագիտական թանգարանի աշխատակիցներ, լրագրողներ, մշակոյթի գործիչներ եւ այլք:
Միջոցառումն աւարտուեց միասնական Տէրունական աղօթքով:
Մայիսի 28ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրը: Մայիսի 26ին Սարդարապատում յաղթանակելով թուրքական բանակին, հայկական զօրքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետութիւնը (Հայաստանի Հանրապետութիւնը) հռչակուեց Հայկական ազգային խորհրդի կողմից 1918 թուականի Մայիսի 28ին Թիֆլիսում` Անդրկովկասեան ժողովրդավարական դաշնային հանրապետութեան փլուզումից յետոյ:
Մայիսի 29ին ՀՅԴ Արեւմտեան եւ Արեւելեան Բիւրոյի նիստը Յովհաննէս Քաջազնուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձաւ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացեանն էր: Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունեցաւ ընդամէնը երկու տարի, մինչեւ 1920 թուականի Դեկտեմբերի 2ը, երբ Երեւան մտան 11րդ Կարմիր բանակի զօրամասերը եւ հանրապետութիւնը խորհրդայնացուեց:
Աղբիւր՝ jnews.ge