
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Այո, յարգելի ընթերցող, հայ ազգը դարձեալ երկընտրանքի առջեւ է կանգնած։
Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումին վարչապետը հաւանաբար կանգնացուել է այդ երկընտրանքի առաջ, որովհետեւ Պուտինը երբեք չի թողնի, որ Հայաստանը դուրս գայ իր ազդեցութեան գօտուց։ Բայց այստեղ եւս մի վտանգ կայ, քանի որ Պուտինը շատ սերտ յարաբերութիւնների մէջ է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ եւ հնարաւոր տարբերակ է, որ Ալիեւի հետ բաժանեն Հայաստանի տարածքն իրար մէջ։ Այս տարբերակը հնարաւոր է, որ աշխատի, որովհետեւ Ալիեւը յայտարարեց, որ հայ-ադրբեջանական բանակցութիւններն ընթանում են իր սցենարով (բեմագրութեամբ), եւ վերջերս էլ յաւելեց, թէ առանց կրակոցի 4 գիւղ վերադարձրեց։
Այս օրերին Երեւանում անցկացուող համազգային հանրահաւաքների հնարաւոր շահառուները նախկին ղեկավարներն են, որոնք անվերապահօրէն ռուսամէտ են եւ դա չեն թաքցնում։ Մեր վարչապետն էլ է ռուսամէտ, որովհետեւ պարծենում է, թէ իրենից շատ ոչ մի ղեկավար այնքան շատ անգամ չի հանդիպել Պուտինի հետ, որքան ինքը (չնայած այդ հանդիպումների արդիւնքում մենք ականատես եղանք ռուսների դաւաճանութեանը)։ Պուտինը շատ լաւ հասկանում է, որ հիմակուայ հանրահաւաքների հետեւում կանգնած են իրեն անվերապահօրէն սատարող ուժեր, բայց նա նաեւ սպասում է, թէ ինչպէս կը կատարի իր պարտաւորութիւններն իրեն խոստումներ տուած Նիկոլ Փաշինեանը։ Երկու դէպքում էլ նա շահած է դուրս գալու։ Մեզ մնում է կռահել Պուտինի գործողութիւնները։ Վերջին բանակցութիւնների ժամանակ, հաւանաբար կերտուել է Հայաստանի ապագան, որին մենք առայժմ տեղեակ չենք։ Ի միջի այլոց, այդ հանդիպումը պէտք է կայանար Երեւանում, որովհետեւ ԵԱՏՄի նախագահող երկիրը Հայաստանն էր, բայց Պուտինը դեռեւս անցեալ տարի համոզեց ԵԱՏՄի նախագահներն, որ գագաթնաժողովը անցկացուի Մոսկուայում։ Նա վախեցաւ ձերբակալուելուց, որովհետեւ Հայաստանը վաւերացրել էր Հռոմի կանոնադրութիւնը եւ Միջազգային քրէական դատարանի կողմից հետախուզուող Պուտինը կրնար ձերբակալուէր Երեւանում։
Տաւուշում սահմանագծման, սահմանազատման աշխատանքների ընթացքում սահմանային սիւները տեղադրւում են ի օգուտ Ադրբեջանի։ Տաւուշում սահմանասիւները տեղադրուել են սարերի ստորոտներում։ Այսինքն, ամբողջ բարձունքը եւ սարը իր գերիշխող դիրքերով, տրուած է թշնամուն։ Իսկ բնական սահմանազատման դէպքում այն պէտք է անցնէր սարի կատարով, որ սարի մի կողմը լինէր մի պետութեան սահմաններում, իսկ միւս կողմը՝ միւս պետութեան։ Այս սահմանագծման ժամանակ մի «զաւեշտ» տեղի ունեցաւ։ Երբ աղմուկ բարձրացրեցին, թէ 8րդ դարի եկեղեցին անցնում է Ադրբեջանին․ ժողովրդին հանգստացրին, թէ այն մեր տարածքում է մնում, բայց սահմանը շատ մօտ է լինելու։ Ոչ ոք չասաց, թէ երբ այդ եկեղեցին կառուցում էին, նրանից մի քանի տասնեակ կիլոմետրերի վրայ ոչ մի այլ ազգ չէր բնակւում։ Այդ ինչպէս ստացուեց, որ այն յայտնուեց սահմանի մօտ։ Այսպիսի գործողութիւնները՝ միակողմանի զիջումներ, Ալիեւի պահանջների կատարում, հայ ժողովրդին ուղղակի մղում են դէպի թուրքական եաթաղանի տակ։ Եթէ վարչապետը Տաւուշում զիջում է, ուրեմն միւս տեղերում էլ կը զիջի։ Առաւել եւս, իր զիջումների դիմաց ոչ գերիների վերադարձ է պահանջում, ոչ էլ թշնամու կողմից գրաւեալ տարածքներից զօրքերի դուրս բերում։ Նա միշտ վախեցնում է, թէ եթէ չտանք, պատերազմն անխուսափելի է։ Եւ սա ասում է պետութեան ղեկավարը, փոխանակ դիւանագիտական ճանապարհներով, օգտագործելով մեր պահանջատիրական հզօր փաստաթղթերը՝ Վուդրօ Վիլսոնի «Իրաւարար վճիռը» (1920ի Նոյեմբերի 22), Ազգերի լիգայի 1920ի Դեկտեմբերի 10ի փաստաթուղթը, ռուս-թուրքական անօրինական (Մոսկուայի՝ 1921ի Մարտի 16, Կարսի՝ 1921ի Հոկտեմբերի 13) պայմանագրերը, փորձի հակադարձել թշնամուն։ Եւ դեռ աւելին։ Ալիեւը յայտարարում է, որ Հայաստանը «Արեւմտեան Ադրբեջան» է։ Վարչապետն այս խօսոյթներին երբեւէ չի հակադարձում եւ բազմաթիւ գրչակների ու վերլուծաբանների թոյլ չի տալիս, որ խօսեն պահանջատիրական թեմաներով։
Արեւմուտքը՝ Եւրոպան, Ամերիկան բազմաթիւ անգամ տարբեր տրամաչափի պաշտօնեաների այցերով փորձում են Հայաստանին դուս քաշել ռուսական ճիրաններից, հաւանաբար նաեւ անվտանգութեան երաշխիքներ են տալիս, բայց Հայաստանի վարչապետը չի շտապում կամ չի ցանկանում դրանք լսել, քանի որ ինքը պարտաւորութիւններ ունի, որոնց մասին յաճախակի յիշեցնում են թէ՛ ռուսները եւ թէ՛ ադրբեջանցիները։
Այս վերլուծութիւններից գալիս ենք այն եզրակացութեան, որ եթէ վարչապետը շարունակի իր պարտուողական քաղաքականութիւնը, ապա կը յայտնուենք թուրքական եաթաղանի տակ։
Վարչապետը միամտաբար համոզուած է, որ սահմանազատելով եւ խաղաղութեան պայմանագիր կնքելով, ինքը օրինականացում է սահմանը եւ ըստ Ալմա Աթիի պայմանագրի (այդ պայմանագիրը, ինչպէս տեսնում ենք, նոյնիսկ ռուսներն են խախտում), ապահովում է խաղաղութիւն։ Բայց բոլորն էլ գիտեն, որ թուրքերը ոչ թէ գնում են խաղաղութեան, այլ իրենց նպատակն է ոչնչացնել հայերին եւ հայկական պետականութիւնը։ Մենք բազմաթիւ անգամ արդէն համոզուել ենք, որ Ալիեւը երբ ցանկանայ, կը պատերազմի, եւ խաղաղութեան պայմանագիրը նրա համար արգելք չի։
Այս պարագայում, վարչապետը, պատերազմով վախեցնելով, ուղղակի կատարում է Ալիեւի պահանջները։ Ուղղակի իրականացնում է իր պարտաւորութիւնները, որոնց մասին իրեն յաճախ յիշեցնում են։
Այս պայմաններում հայերս դարձեալ, պէտք է ստիպուած ընտրենք չարեաց փոքրագոյնը՝ ռուսական «սապոգ»ը, որովհետեւ այդ դէպքում միգուցէ պահպանենք մեր պետականութիւնը, եթէ Պուտինը այլ հեռանկար մեզ համար չի նախատեսել։ Շատ կարեւոր է նաեւ, թէ ինչպէս կ՛աւարտուի ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմը։
Ամփոփելով, գալիս ենք այն եզրակացութեան, որ այս անհեթեթ իրավիճակում մենք յայտնուել ենք, որովհետեւ անկախութիւն ձեռք բերումից յետոյ մեր երկրի ղեկավարները յաջորդաբար չեն ցանկացել, միգուցէ չեն կարողացել կամ չեն թողել, որ խօսեն պահանջատիրութիւնից՝ մեր պատմական տարածքները վերադարձնելու համար։ Նրանք հէնց սկզբից՝ 1994ի յաղթանակից յետոյ, չզարգացրեցին մեր յաղթանակի իրաւունքները՝ Արցախն արձանագրեցին որպէս Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւն, չնայած, ՀԽՍՀի Գերագոյն խորհուրդը 1989ի Դեկտեմբերի 1ին որոշում էր կայացրել, որ Արցախը միացած է Հայաստանին։
Շատ են խօսում այն մասին, թէ մենք պէտք է հզօրանանք, նոր բարձրաձայնենք մեր պահանջատիրութեան մասին։ Դա այնքան էլ իրատեսական չէ, որովհետեւ մօտ 3 միլիոնանոց Հայաստանով կամ 10-12 մլն հայութեամբ չենք կարող դիմակայել 100 միլիոնանոց թուրքերին։ Նրանց հնարաւորութիւններն ու միջոցներն անհամատեղելի են։
Մեզ հարկաւոր են հզօր քաղաքագէտներ, իրաւաբաններ, միջազգայնագէտներ, որոնք, օգտագործելով մեր հզօր փաստաթղթերը, որոնց մասին յիշատակեցինք վերեւում, կարողանան հայցադիմումներով մտնեն համապատասխան ատեաններն ու իրաւաբանօրէն պահանջեն այն, ինչն արդարացիօրէն մեզ է պատկանում։
Հարկաւոր է հաւատալ, պայքարել եւ յաղթել։
* երկարաճիտ կօշիկ
** սուր