
ՍԱԿԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ 80 ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱՐ ԱՃՆ ԱՒԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԿԸ ԼԻՆԻ, ՔԱՆ «ՔՈՎԻԴ»ԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՏԱՍՆԱՄԵԱԿՈՒՄ
Ըստ Համաշխարհային բանկի (դրամատուն) վերջին «Գլոբալ (համաշխարհային) տնտեսական զարգացումներ» զեկոյցի, ակնկալւում է, որ համաշխարհային տնտեսութիւնը կը կայունանայ 2024ին՝ առաջին անգամ վերջին երեք տարում։ Սակայն համաձայն վերջին պատմական չափանիշների, կայունացումը թոյլ մակարդակի վրայ է։
Կանխատեսւում է, որ 2024ին համաշխարհային աճը կը պահպանուի 2․6 տոկոսի մակարդակում, նախքան 2025-26ին հասնիլը 2․7 տոկոսի: Սա զգալիօրէն ցածր է «Քովիդ-19»ին նախորդող տասնամեակի միջին 3․1 տոկոսից: Կանխատեսումը ենթադրում է, որ 2024–2026 թուականների ընթացքում երկրները, որոնք միասին կազմում են աշխարհի բնակչութեան աւելի քան 80 տոկոսը, աւելի դանդաղ ընթացքով կը շարունակեն աճել, քան «Քովիդ-19»ին նախորդող տասնամեակում։
Ընդհանուր առմամբ, կանխատեսւում է, որ զարգացող տնտեսութիւնները 2024-25ին կ՛աճեն 4 տոկոսով, ինչը մի փոքր աւելի դանդաղ է, քան 2023ին: Ակնկալւում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրների միջին աճը 2024ին կը հասնի մինչեւ 5 տոկոս, 2023ի 3․8 տոկոսից: Այնուամենայնիւ, 2024ի տնտեսական աճի կանխատեսումները արտացոլում են իւրաքանչիւր չորս ցածր եկամուտ ունեցող երկրների վարկանիշերի անկումը։ Զարգացած երկրներում 2024ին աճը կը մնայ կայուն՝ 1․5 տոկոս, մինչ 2025ին կը բարձրանայ՝ հասնելով 1․7 տոկոսի:
«Համավարակի, հակամարտութիւնների, գնաճի եւ դրամական քաղաքականութեան խստացման ցնցումներից չորս տարի անց համաշխարհային տնտեսական աճը կարծես կայունանում է», ասում է Համաշխարհային բանկի խմբի գլխաւոր տնտեսագէտ եւ աւագ փոխնախագահ Ինդերմիտ Գիլը, աւելացնելով․ «Սակայն աճն աւելի ցածր մակարդակի վրայ է, քան մինչեւ 2020ը։ Աշխարհի ամենաաղքատ տնտեսութիւնների հեռանկարներն էլ աւելի մտահոգիչ են: Նրանք կանգնած են պարտքի սպասարկման մտահոգիչ մակարդակի, առեւտրի սահմանափակ հնարաւորութիւնների եւ կլիմայական ծախսալի երեւոյթների առջեւ: Զարգացող տնտեսութիւնները պէտք է ուղիներ գտնեն մասնաւոր ներդրումները խրախուսելու, պետական պարտքը նուազեցնելու եւ կրթութիւնը, առողջապահութիւնը եւ հիմնական ենթակառուցուածքները բարելաւելու համար: Նրանցից ամենաաղքատները, յատկապէս այն 75 երկրները, որոնք իրաւասու են Միջազգային զարգացման միութեան արտօնեալ օգնութեան համար, չեն կարողանայ դա անել առանց միջազգային աջակցութեան»:
Ակնկալւում է, որ այս տարի իւրաքանչիւր չորրորդ զարգացող տնտեսութիւնից մէկն աւելի աղքատ կը մնայ, քան 2019ի համավարակի նախօրէին էր: Այս համամասնութիւնը երկու անգամ աւելի բարձր է խոցելի եւ հակամարտութիւնից տուժած երկրների համար։ Աւելին, զարգացող եւ զարգացած երկրների միջեւ եկամուտների տարբերութիւնը կ՛աճի 2020-2024ին զարգացող երկրների գրեթէ կէսի համար՝ ամենաբարձր մակարդակը 1990ականներից ի վեր: Այս երկրներում մէկ շնչին բաժին ընկնող եկամուտը, որը կենսամակարդակի կարեւոր ցուցանիշ է, ակնկալւում է, որ մինչեւ 2026ը կ՛աճի միջինը 3․0 տոկոսով, ինչը զգալիօրէն ցածր է «Քովիդ-19»ին նախորդող տասնամեակի միջին 3․8 տոկոսից:
Ակնկալւում է, որ 2024ին համաշխարհային գնաճը կը նուազի մինչեւ 3․5 տոկոս, իսկ 2025ին՝ 2․9 տոկոսի, սակայն անկումը աւելի դանդաղ կը լինի, քան կանխատեսւում էր ընդամէնը վեց ամիս առաջ։ Արդիւնքում՝ շատ կենտրոնական բանկեր զգոյշ կը լինեն տոկոսների նուազեցման հարցում: Համաշխարհային տոկոսները, ամենայն հաւանականութեամբ, կը մնան բարձր վերջին տասնամեակների չափանիշներով՝ միջինը կազմելով շուրջ 4 տոկոս 2025-26ին՝ մօտաւորապէս կրկնապատկելով 2000-2019ի միջին ցուցանիշը:
«Չնայած պարէնի եւ ուժանիւթի գներն ամբողջ աշխարհում նուազել են, հիմնական գնաճը մնում է համեմատաբար բարձր եւ կարող է մնալ այդպիսին», ասում է Համաշխարհային բանկի գլխաւոր տնտեսագէտի տեղակալ եւ հեռանկարային խմբի տնօրէն Այհան Կոսեն, աւելացնելով․«Սա կարող է դրդել խոշոր եւ զարգացած տնտեսութիւնների կենտրոնական բանկերին յետաձգել տոկոսների կրճատումը: «Աւելի բարձր եւ երկար պայմանները» կը նշանակեն համաշխարհային ֆինանսական պայմանների խստացում եւ զարգացող տնտեսութիւններում շատ աւելի թոյլ աճ»:
«Գլոբալ տնտեսական զարգացումներ» զեկոյցը ներառում է նաեւ ոլորտային կարեւորութիւն ունեցող երկու վերլուծական գլուխներ: Առաջինը նկարագրում է, թէ ինչպէս կարող են պետական ներդրումներն օգտագործուել մասնաւոր ներդրումներն արագացնելու եւ տնտեսական աճը խթանելու համար: Հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ զարգացող երկրներում պետական ներդրումների աճը կրկնակի կրճատուել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից յետոյ՝ վերջին տասնամեակի ընթացքում իջնելով միջինը 5 տոկոսի: Այնուամենայնիւ, պետական ներդրումները կարող են հզօր քաղաքական լծակ լինել։ Պետական ներդրումների աւելացումը ՀՆԱի (համախառն ներքին արտադրութիւն) 1 տոկոսով կարող է միջնաժամկէտ կտրուածքով արտադրանքի մակարդակը բարձրացնել մինչեւ 1․6 տոկոսով:
Երկրորդ վերլուծական գլուխը ուսումնասիրում է, թէ ինչու են փոքր պետութիւնները, որոնք ունեն մօտ 1.5 միլիոն բնակչութիւն կամ աւելի քիչ, տառապում ֆինանսական մնայուն դժուարութիւններից: 35 զարգացող երկրներից երկու հինգերորդը, որոնք փոքր պետութիւններ են, գտնւում են պարտքային ճգնաժամի բարձր վտանգի տակ կամ արդէն պարտքային ճգնաժամի մէջ են: Սա մօտաւորապէս երկու անգամ աւելի է, քան միւս զարգացող երկրներում։ Փոքր պետութիւնների ֆինանսական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են համալիր բարեփոխումներ։ Եկամուտները կարող են գոյանալ աւելի կայուն եւ ապահով հարկային հարթակի միջոցով: Ծախսերի արդիւնաւէտութիւնը կարող է բարելաւուել յատկապէս առողջապահութեան, կրթութեան եւ ենթակառուցուածքների ոլորտներում: Աւելի յաճախ տեղի ունեցող բնական աղէտների եւ այլ ցնցումների կառավարման համար կարող են ընդունուել հարկաբիւջետային շրջանակներ։ Նպատակային եւ համակարգուած գլոբալ քաղաքականութիւնները կարող են նաեւ այս երկրներին օգնել աւելի կայուն հարկաբիւջետային ուղու վրայ կանգնելու հարցում:
Ներբեռնէք ամբողջական զեկոյցը՝ https://bit.ly/GEP-June-2024-FullReport
Ներբեռնէք աճի տուեալները՝ https://bit.ly/GEP-June-2024-Data
Ներբեռնէք գծապատկերները՝ https://bit.ly/GEP-June-2024-Charts
Տարածաշրջանային հեռանկարներ՝
Website: www.worldbank.org/gep
Facebook: facebook.com/worldbank
X (Twitter): twitter.com/worldbank
YouTube: youtube.com/worldbank
(Հաղորդագրութիւնը՝ Համաշխարհային դրամատունէն)