

ԶԱՒԷՆ ԽԱՆՃԵԱՆ*

Ես չեմ ամաչում՝ առաջադրանքը գերազանց կատարելու ինքս ինձ մարտահրաւէր նետելուց: Սակայն գտել եմ մի յօդուած, որը յայտնուել է AMAA News-ի 2015ի սկզբի յատուկ համարում, եւ որը յարմար է օգտագործել AMAA News-ի այս «կառուցմանը» առնչուող համարում՝ նուիրուած է այն ամէնին, ինչ վերաբերում է կառուցմանը եւ վերակառուցմանը հայ աւետարանական ասպարէզում:
1979ի Օգոստոսի 4ին ես եւ իմ ընտանիքը վայրէջք կատարեցինք Լոս Անջելեսի միջազգային օդանաւակայանում՝ որպէս ներգաղթեալներ դէպի «ազատների երկիր եւ խիզախների տուն»:
Մեզ ջերմօրէն դիմաւորեցին ընտանիքի անդամները, ովքեր տօնում էին բոլոր եղբայրների ու քոյրերի վերամիաւորումը նոր կարմիր ու կապոյտ երկնքի տակ: Մեքենաների շարասիւնը շարժուեց դէպի քաղաք։
Մեր ժամանումից մէկ ամիս առաջ՝ Յուլիսի 4ին, Ամերիկան նշել էր իր ծննդեան 203րդ տարեդարձը։ Մենք 203 տարի ուշ էինք ժամանել, սակայն ուրախութեամբ կատարել էինք դէպի նոր աշխարհի խոստացուած երկիր ճանապարհորդութիւնը:
Երբ անցնում էինք Լոս Անջելեսի փողոցներով, ես նկատեցի իրար յաջորդող շինհրապարակներ: Ոմանք մեծ էին, ոմանք փոքր, որտեղ վառ կերպով առատ էր ընթացքի մէջ գտնուող շինարարութեան փայտէ կաղապարի բաց շագանակագոյնը: Պատկերն այնքան տպաւորիչ էր, որ ես շրջուեցի ու հեգնանքով ասացի Սոնային. «Մենք 203 տարով ուշ ենք ժամանել, եւ շինարարութիւնը դեռ չի աւարտուել»:
Քառասունհինգ տարի է անցել ամառային այդ յիշարժան օրուանից, սակայն այս երկրում եւ ամբողջ աշխարհում կառուցումը դեռ աւարտուած չէ:
Կառուցումը երբեք չի աւարտուի։ Այն շարունակական երեւոյթ է։ Այն առողջ տնտեսութեան նշան է եւ առաջընթացի չափանիշ։ Այն սկսուել է արարումից եւ կարող է աւարտուել միայն դրա մահով:


Թէեւ գործընթացը կարող է նման լինել – փայտէ կաղապարներ, երկաթէ ձողեր, ցեմենտ (թրծաշաղախ) կամ ապակի – մերը մի փոքր այլ է: AMAA-ի կամ AMAA-ի հետ կապուած տարածքներում շինութիւնների կառուցումը, զուգահեռ են ընթանում կեանքերի կերտման եւ վերակերտման հետ: Երբ կառուցւում են դպրոցներ, եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, ճամբարներ, բժշկական դարմանատներ, ապաստարաններ եւ մանկապարտէզներ, դրանց ետեւում ընկած ամբողջ նպատակն այն երազանքներն են, որ ծնւում են, եւ այն ուրախութիւնն ու պարգեւները, որ շնորհւում են:
Կեանքերի կերտում եւ վերակերտում:
Ամէն անգամ մէկ կեանք:
Հայաստանում բռնի տեղահանուած արցախցի ընտանիքներինը, Ստեփանակերտից տեղահանուած համալսարանի ուսանողներինը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի չքաւոր երեխայինը, որեւէ տեղ գտնուող՝ Քրիստոսին որոնող տարակուսած դեռահասինը, Սիրիայի կամ Լիբանանի ծանրօրէն տուժած ընտանիքներինը, «թաքնուելու տեղ չունեցող» Գազայում սպանութեան թիրախ դարձած երեխաներինը։
Մարդկային է, որ կեանքեր կործանուեն: Դա տեղի կ՛ունենայ։ Մարդիկ կ՛ընկնեն կամ կը թողնեն, որ այլոք ընկնեն: Ընտանիքներ կը քայքայուեն՝ կոտրելով սրտեր: Պատմութիւնը ցոյց է տուել, որ այս ամէնից ոչ ոք պաշտպանուած չէ։ Բայց քանի որ դա անվերահսկելիօրէն տեղի է ունենում, Աստուած մեզ յանձնարարել է օգնութեան հասնել: Ահա այն ամէնն ինչ հանդիսանում է Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութիւնը (AMAA): Գալու օգնութեան:
Մտայղացումից մինչեւ աւարտին հասցնելը պահանջում է ժամանակ, տաղանդ, վարպետութիւն, փող, քրտնաջան աշխատանք եւ արցունքներ: Կառոյցի ֆիզիկական ստեղծումն աւարտւում է, մարդիկ տեղափոխւում են, եւ սկսւում է կեանքեր կերտելու եւ ուսանողների, ճամբարականների եւ երեխաների դէպի հասունութիւն զարգացման գործընթացը: Դա ուրախութեան հիմնական աղբիւրն է, գլխաւոր մրցանակը, այն բոլոր մարդկանց գոհունակութեան պսակը, ովքեր կիսում են այն միմեանց հետ:
Այդ ամէնը, մինչեւ յաջորդ նախագիծը, քանի որ կառուցումը երբեք չի աւարտւում։
Թող որ Աստուած օգտագործի այն ամբողջ շինարարութիւնը, որը մենք միասին կառուցել ենք տարիների ընթացքում եւ ամբողջ աշխարհում իր փառքի համար:
* AMAA-ի գործադիր տնօրէն