18 Յունիսին, ՀՅԴ Հայաստանի «Սիմոն Վրացեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ սկիզբ առած բռնաճնշումներու նիւթով մամլոյ ասուլիս մը, որուն մասնակցեցան ՀՅԴի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեան եւ փաստաբաններ Արսէն Բաբայեան ու Վահէ Եփրիկեան:
«Հերթական հակաօրինական ու անբարոյական արշաւն է սկսուել գործող իշխանութիւնների կողմից բոլոր հնարաւոր եւ անհնարին լծակներով՝ ընդդէմ այն պայքարող մարդկանց ու ուժերի դէմ, ովքեր յստակ արտայայտել են իրենց դիրքորոշումը ի պաշտպանութեան Հայաստանի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքների, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան», յայտարարեց Արծուիկ Մինասեան:
Ան ըսաւ նաեւ, որ նիկոլական իշխանութիւնը մնայուն կերպով զանազան ձեւերով կը յարձակի ՀՅԴի վրայ, ընդ որում` տարբեր ժամանակաշրջաններու օգտագործելով տարբեր միջոցներ, բայց ձեռագիրը նոյնն է` կեղծիքի, սուտի, քաղաքական հալածանքներու միջոցով, այսպէս կոչուած օրինականութեան շղարշի քօղին տակ, փորձած է ներկայացնել մեղադրանքներ:
«Դուք տեղեակ էք, թէ ինչպէս է նիկոլական իշխանութիւնն արգելում դաշնակցականների եւ այլ գործիչների մուտքը Հայաստան: Տեղեկացնեմ, որ անձամբ ինձ հետ էլ է պատահել: Այս մարդիկ չխորշելով համագործակցում են նաեւ այլ երկրների կառոյցների հետ, որպէսզի հնարաւորինս խոչընդոտուի դաշնակցականների այցերը տարբեր երկրներ, հայ համայնքների հետ հանդիպման Հայ Դատի աշխատանքների ներգրաւման շրջանակներում: Բայց նաեւ Հայաստանում բոլոր հնարաւոր մեթոդները կիրառում են, որ արհեստական կեղծ քրէական գործեր յարուցեն, յարձակում են կազմակերպում ՀՅԴ գրասենեակի նկատմամբ: Տեղեակ էք, որ իրականացուել են մասշտաբային խուզարկութիւններ, ձերբակալութիւններ, այս պահի դրութեամբ նաեւ նիկոլական քննչական համակարգի եւ իրենց վերահսկողութեան տակ գտնուող դատաւորների կողմից կայացուել է 5 կալանքի որոշում: Բոլոր որոշումները տեսակցութեան սահմանափակմամբ է: Այս պահին ունենք 5 կալանաւորուած անձ, որոնցից 4ը երկու ամսով, մէկը`1 ամսով: Ունենք 3 տնային կալանք 2 ամսով, ունենք 1 գրաւով եւ 1 բացակայելու արգելքով խափանման միջոց կիրառուած անձինք: Այստեղ խօսքը միայն Վայոց Ձորի մասին է, խօսքը չի գնում շարժման շրջանակներում ձերբակալուած, ապա կալանաւորուած կամ քրէական հետապնդման մէջ գտնուող մեր ընկերների մասին», յայտարարեց Արծուիկ Մինասեան՝ աւելցնելով. «Երկու-երեք օրը այս տեմպը (կշռոյթը) յիշեցնում էր բոլշեւիկեան ժամանակաշրջանի առաջին շրջանը, աւիսնուրիջանեանական, աթարբեկեանական մօտեցումները, թէ ինչպէս էին փորձում ուղղակի ձերբակալման եւ տարատեսակ ճնշումների միջոցով փորձել կորզել ինչ-որ բաներ, որոնք իրականում չէին էլ կարող, որովհետեւ չկար: Այն հրապարակային մեղադրանքը, որ հնչեցնում են եւ Նիկոլ Փաշինեանը փորձում է ԱԺից ներկայացնել, հիմա քննչական մարմինները ամբողջ ծաւալով լծուած է դրանք ապացուցելու կամ այդ ուղղութեամբ փաստեր հաւաքելու գործին: Յիշեցնենք դրանցից մի քանիսը: Առաջինը թշնամանք սերմանելու նպատակով արցախցիների նկատմամբ կեղծ ու ստոր տեղեկութիւններ էին հրապարակւում, իբր նրանք հանրահաւաքներին մասնակցում են փողի համար, կամ պարտադրում են հաւաքներին մասնակցել որոշակի գումարի դիմաց: Երկրորդը, իբր փողեր են բաժանւում նիւթական շահագրգռութիւն առաջացնելու համար, որ մարդիկ հաւաքներին մասնակցեն: Էլ չասած այն այլանդակութիւնները, որ թշնամանք սերմանելուն զուգահեռ ողջ համակարգը լծուած է այս շարժումը վարկաբեկելուն»:
Փաստաբան Արսէն Բաբայեան, անդրադառնալով ՀՅԴի դէմ սկիզբ առած բռնաճնշումներուն՝ դիտել տուաւ, որ կատարուած են զանգուածային ձերբակալութիւններ` ամբողջութեամբ ապօրինի եղանակով: «Ի սկզբանէ պարզ էր, որ ձերբակալութիւնները եւ հետագայում կալանքի տանելու միջնորդութիւնները պայմանաւորուած են եղել կոնկրետ (յստակ) անձանց կոնկրետ կուսակցական լինելու հանգամանքով, կուսակցութիւնում նրանց զբաղեցրած դիրքով, կապերով: Կար ցուցակ, որտեղ գրուած էին անուններ, կողքը` թէ ինչ կարգավիճակ ունի ՀՅԴ գրասենեակում, եւ ըստ դրա էլ ընտրւում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը», յայտնեց Բաբայեան:
Ան ըսաւ, թէ դատարաններուն մէջ ուզած են ամէն ձեւով ստանալ իրենց համար փափաքելի ցուցմունքներ:
«Դա հետեւեալն էր, որ որեւէ մէկը յայտարարի, թէ իսկապէս գումար է բաժանուել: Ոստիկանութեան մարզային վարչութեան բարձր ղեկավարութեան կողմից մի քանի անձի նկատմամբ կոնկրետ փորձ է արուել, ոստիկանութեան բաժիններում առաջարկել են տալ այդպիսի ցուցմունքներ եւ ասել, թէ այդ դէպքում անմիջապէս ազատ կ՛արձակուէք: Ում այդպիսի առաջարկ է արուել, բոլորը հիմա կալանաւորուած են. դա նշանակում է, որ չեն համաձայնել այդպիսի ցուցմունքներ տալ, որովհետեւ չի էլ եղել այդպիսի հանգամանք», յայտարարեց Բաբայեան: