
Ամառային շոգ է եւ լողաւազանի մօտ կամ ծովափում զովանալը` ամենայարմարն է: Օրը հիանալի անցկացնելու եւ արեւայրուքից խուսափելու համար, ձեզ ենք ներկայացում մեր խորհուրդները:
Խուսափէք արեւային լոգանքներից յատկապէս առաւօտեան ժամը 11ի եւ երեկոյեան ժամը 4ի միջեւ ընկած ժամանակահատուածում եւ փորձէք արեւի տակ լինել առաւօտեան մինչեւ ժամը 10-11 եւ երեկոյեան 5ից յետոյ:
Շոգին կրէք լայնեզր գլխարկ եւ արեւապաշտպան ակնոցներ: Մի մոռացէք օգտագործել SPF եւ PPD նշումներով արեւապաշտպան քսուկները` պաշտպանութեան գործօնի 30 կամ 50 միաւորով: Պաշտպանէք ձեր մաշկը արեւից՝ կանխելու արեւայրուքը, նուազեցնելու մաշկի քաղցկեղի եւ մաշկի վաղաժամ ծերացման հնարաւորութիւնը: Փնտռէք ստուեր եւ կրէք արեւապաշտպան հագուստ, օրինակ՝ երկար թեւեր, տաբատներ, լայնեզր գլխարկ:
Արեւայրուքների դէպքում` արեւից ծածկէք վնասուած հատուածները, իսկ տանը սառը թրջոցներ դրէք: Չի կարելի՝ այրուածքի մակերեսին սառոյց դնել, այրուածքին բուսաիւղ եւ թթուասեր քսել:
Յաճախակի սառը լոգանքներ կամ ցնցուղ ընդունէք՝ ցաւը թեթեւացնելու համար: Հէնց որ դուրս գաք լոգարանից կամ ցնցուղից զգուշօրէն չորացրէք ձեզ:
Կիրառէք խոնաւեցնող քսուկ, որը պարունակում է ալօ վերա կամ սոյա, որն օգնում է հանգստացնել արեւից այրուած մաշկը: Անհանգստութիւնը թեթեւացնելու համար կարող էք նաեւ «կալամինային լոսիոն» քսել:
Ուժգին ցաւի դէպքում կարելի է նաեւ ցաւազրկող խմել:
Յաւելեալ ջուր խմէք։ Արեւայրուքի ժամանակ, մարմինը ջրի կարիք է զգում:
Եթէ մաշկին բշտիկներ են առաջացել, պէտք չէ վնասել դրանք: Բշտիկները օգնում են վերականգնել մաշկը եւ պաշտպանել վարակից:
Յիշենք, որ աղի ջուրը նպաստում է այրուածքների առաջացմանը, ուստի հարկաւոր է չզլանալ եւ ջրից դուրս գալիս մաքրել աղը մաշկի վրայից:
Իսկ աւանդական բժշկութեան խորհրդի համաձայն` թարմ քերուած կարտոֆիլը (գետնախնձոր) այրուածքները տան պայմաններում բուժելու ամենապարզ ու արդիւնաւէտ միջոցներից է: Անհրաժեշտ է օսլայով հարուստ խիւսը դնել այրուած մաշկին:
Վայելէ՛ք արեւը: