Անցած շաբաթ Ատրպէյճանում թիւ մէկ թեման խոշոր ահաբեկչական գործողութիւնների կանխարգելումն էր Պաքուի կենտրոնում՝ դեսպանատների, պետական հաստատութիւնների եւ արտասահմանեան ընկերութիւնների գրասենեակների մօտակայքում։ Անվտանգութեան սպառնալիքի պատճառով, փաստօրէն, կասեցուեց Landmarrk պիզնէս-կենտրոնում գտնուող BP Azerbaijan ընկերութեան մեծ մասի, նորվեկիական Statoil-Hydro-ի, ԱՄՆի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների գործունէութիւնը։
Ատրպէյճանի ազգային անվտանգութեան նախարարութեան հաղորդմամբ՝ դա կապուած էր ուահապական («ԱՍՊԱՐԷԶ».- Իսլամական ծայրայեղական շարժում, որ հիմնուած է 18րդ դարուն. Ներկայիս Ս. Արաբիա կը կառավարուի այդ շարժումին հետեւորդ ցեղախումբերով) կրօնական ծայրայեղականների խմբաւորումից բխող՝ անվտանգութեան սպառնալիքի հետ։ Յաջողուեց կասեցնել ահաբեկչութիւնները։ Ձերբակալուել է յանցաւոր խմբի մի քանի անդամ, միւսների որոնումները շարունակւում են։ Ձերբակալութեան ժամանակ ահաբեկիչներից մէկը սպաննուել է։
Հետաքննութեան ընթացքում պարզուել է, որ ահաբեկիչներն ունեցել են համախոհ զինծառայողներից։ Աւագ սպայ Քեամրան Ասատովը, համաձայնութեան գալով ուահապականների հետ, զէնք է մատակարարել նրանց. զօրամասից դուրս է բերել 4 ինքնաձիգ, մէկ գնդացիր, 20 ձեռքի նռնակ, ինքնաձիգի մեծաքանակ փամփուշտներ եւ այլ զինուորական պարագաներ։ Ասատովը եւ խմբի միւս անդամները զէնքի մի մասը թաքցրել են Իսմայիլի շրջանում, որից յետոյ գնացել են Պաքու։
Այնտեղ էլ նրանց ձերբակալել են ԱԱՆ աշխատակիցները։ Գործողութիւնն իրականացուել է Հոկտեմբերի 26ի լոյս 27ի գիշերը Մաշթաղա աւանում, որը գտնւում է Սաբունինի շրջանում։ Տանը, որտեղ թաքնւում էին գրոհայինները, անվտանգութեան աշխատակիցները յայտնաբերել են թաքցուած զէնքը։ Իսմայիլի շրջանի տարածքում թաքցուած զինամթերքը եւս շուտով յայտնաբերուել է։
Ուահապականների հետ կապուած միջադէպերը Պաքուի ԶԼՄներում յայտնւում են արդէն մի քանի տարի։ Բայց եթէ նախկինում աւելի շատ խօսւում էր արգելուած գրականութեան տարածման մասին, ապա այսօր աւելի յաճախ հաղորդւում է ահաբեկչական գործողութիւններ անցկացնելու եւ ձերբակալութեան ժամանակ ոստիկանութեան աշխատակիցներին զինուած դիմադրութիւն ցոյց տալու փորձի մասին։
Այսպիսով, հաստատւում են տեղի վերլուծաբանների այն կանխատեսումները, թէ Ատրպէյճանը դառնում է զանազան բնորդների եւ իսլամի հոսանքների՝ արաբական, թուրքական, եւ իրանեան, պայքարի թատերաբեմ, եւ դա շատ շուտով լուրջ խնդիրներ կ’առաջացնի։
Այսօր առաւել մեծ վտանգ են ներկայացնում այն ուժերը, որոնք փորձում են հանրապետութիւնում տարածել իսլամական արմատականութիւնը իր վատագոյն ըմբռնմամբ՝ նշում է «Նեզաւիսիմաեա կազէթա»ն։
Դրանում յատուկ աշխուժութիւն են հանդէս բերում արաբական երկրների հովանաւորները, մասնաւորապէս՝ Սէուտական Արաբիայից, ինչպէս նաեւ Իրանից եւ Թուրքիայից։ Բարեգործութեան անուան տակ նրանք աշխոյժ աշխատանք են տանում փախստականների ճամբարներում եւ բնակչութեան այն հատուածի շրջանում, որն ապրում է աղքատութեան գծից անդին։ Բացի դրանից, նրանք տեղի երիտասարդութեանը առաջարկում են անվճար ուսուցում իրենց երկրներում։ Այնտեղ ստանալով հոգեւոր կրթութիւն՝ ատրպէյճանցի շրջանաւարտները ստացած գիտելիքներն ու հայեացքները բերում են հայրենիք։ Այդ ամէնը, գումարած անսահմանափակ դրամական ներարկումները, նպաստում են արմատական իսլամական հոսանքների տարածմանն այս երկրում։
Դրանցից արմատականութեամբ առանձնանում են ուահապականները։ Որոշ տուեալներով, այսօր այդ հոսանքի հետեւորդների թիւն Ատրպէյճանում հասնում է մի քանի տասնեակ հազար մարդու։ Հմտօրէն քօղարկուելով՝ նրանք գործում են զանազան բարեգործական ընկերութիւնների եւ կրօնական հոսանքների, տպագիր մարմինների հովանու ներքոյ։
Ուահապականութիւնը հիմնականում տարածուած է Ատրպէյճանի հիւսիսային, մասնաւորապէս՝ Ռուսաստանին սահմանակից շրջաններում, որտեղ տիրապետում է սիւննի բնակչութիւնը։ Ուահապականների կենտրոնը Պաքւում, ինչպէս պնդում են տեղական թերթերը, Ապու Պէքիր մզկիթն է, որը կառուցուել է Ս. Արաբիայի նաւթատոլարներով։
Ատրպէյճանի իշխանութիւններին առանձնապէս անհանգստացնում է ուահապականների բանակ թափանցման փաստը։ Տասն օր առաջ ԱՊԱ գործակալութիւնը, յղում անելով Ատրպէյճանի իրաւապահպան մարմիններին, յայտնեց զինուած ուժերում «խրամատաւորուած» ուահապականների դէմ լայնածաւալ գործողութեան մասին։
Հայտար Ալիեւի անուան բարձրագոյն ռազմական ուսումնարանում եւ Ճամշիտ Նախիջեւանցու անուան զինուորական բուհում յատուկ ծառայութիւնների գործողութեան արդիւնքում ձերբակալուեցին մօտ տասը սպայ եւ ուսանող։ Գործակալութեան հաղորդմամբ՝ նրանց մեղադրում են ուահապականութեանը պատկանելու համար։
Ատրպէյճանում արմատական եւ քաղաքական իսլամի տարածման վտանգի մասին տեղի փորձագէտները վաղուց էին զգուշացրել։
Ատրպէյճանում գործող 1300 մզկիթից մօտ 150ը (հիմնականում երկրի հիւսիսում, ինչպէս նաեւ Պաքւում) գտնւում են ուահապականների հսկողութեան ներքոյ։ Միաժամանակ, եթէ ուղղափառ ատրպեճանական մզկիթներ հիմնականում այցելում են աւագ սերնդի ներկայացուցիչներ, ապա ուահապական՝ 20-30 տարեկան երիտասարդները, առաւելագոյնը՝ 40 տարեկանները։
Ատրպէյճանում ուահապականութեան համընդհանուր ճանաչման բացատրութիւնը, պաքուեցի դիտորդների կարծիքով, հարկ է փնտռել հանրապետութիւնում ուահապականների կողմից միասնականութեան, մահմետականների շրջանում սիւննիների եւ շիաների բաժանման վերացման մէջ յանուն այնպիսի նպատակների, ինչպիսիք են Ղարաբաղի «վերադարձը», Հիւսիսային եւ, այսպէս կոչուած, Հարաւային Ատրպէյճանի (Իրանի տարածք) միաւորումը, «Չէչէնիայում մեր եղբայրներին ռուսների դէմ օգնելու» գաղափարների գոյութիւնը։ Սակայն կրօնական գործօնը աստիճանաբար ձեռք բերեց մի քիչ այլ իմաստաւորում։ Մզկիթներում սկսուեց վարուել Ատրպէյճանի պետութեան ու կառավարութեան դէմ ուղղուած քաղաքականութիւն՝ գոյութիւն ունեցող քաղաքական համակարգը քանդելու նպատակով։
Ատրպէյճանում ուահապական արմատականութեան եւ ծայրայեղականութեան զարգացման իրական պատճառների հարցում կայ մի քանի կարծիք։ Որոշ քաղաքագէտներ կարծում են, որ քաղաքական իսլամի հզօրացմանը ծառայող գործօններից մէկը ատրպեճանական հասարակութեան հիասթափութիւնն է ԱՄՆից եւ հակաամերիկեան տրամադրութիւնների աճը։
Ինչպէս իր ելոյթներում նշեց Պաքուի խաղաղութեան եւ ժողովրդավարութեան ինսթիթիւթի հակամարտագիտութեան եւ գաղթի բաժանմունքի ղեկավար Արիֆ Եունուսովը, Ատրպէյճանի քաղաքական շարժման մէջ միշտ եղել է երեք ուղղութիւն՝ իսլամամէտ, ռուսամէտ եւ արեւմտամէտ։
Այսօր ատրպէյճանցիները, ըստ էութեան, բախուել են անելի՝ ընտրել կա՛մ ռուսամէտ ուղղութիւնը, կա՛մ իսլամականը։ Նրա խօսքերով՝ ընտրութիւնը կանգ առաւ իսլամի վրայ, որի հետ, իբրեւ միակ ուժի, սկսեցին կապել բազմաթիւ քաղաքական խնդիրներ, ինչպէս, օրինակ, Ղարաբաղեան հիմնախնդիրը, նաեւ՝ տնտեսական խնդիրները լուծելու յոյսը։
Ուրիշ փորձագէտներ, ինչպէս, օրինակ, բանասէր-աստուածաբան Իլհար Իպրահիմօղլին, ուահապական արմատականութեան եւ ծայրայեղականութեան զարգացման իրական պատճառներ է համարում ժողովրդավարութեան բացակայութիւնը Ատրպէյճանում, մարդու իրաւունքների չպահպանումը, բնականոն օրէնքների բացակայութիւնը, որոնք կ’ապահովեն խղճի ազատութիւնը եւ լիակատար երաշխիք կը տան հաւատացեալներին։
Երրորդները համարում են, որ Ատրպէյճանի կառավարութիւնը արմատական կրօնական հոսանքների ներկայացուցիչների հետ կապուած միջադէպերն օգտագործում է, որպէսզի Արեւմուտքի առաջ արդարանայ մարդու իրաւունքների ողորմելի իրավիճակի համար, արդարացնի մարդու իրաւունքների ոլորտում խախտումները ահաբեկչութեան դէմ պայքարում կայունութեան ապահովման ուղղութեամբ իրենց ներդրած ջանքերով, եւ հէնց այդ նպատակով ներկայանում են իբրեւ առաջադիրք երկիր, որն առաջինն է ենթարկւում ուահապականների յարձակումներին։
Այսպէս թէ այնպէս, շատերը Ատրպէյճանում համարում են, որ իշխանութիւնները այս կամ այն նպատակով իրենք են պայմաններ ստեղծում երկրում ծայրայեղ իսլամական գաղափարախօսութիւն տարածելու եւ երկրում միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների անդամների տարանցիկ անցման համար։
Հարկ է յիշեցնել, որ անցած տարի ամերիկեան EDM-ը գրեց Ատրպէյճանի՝ իբրեւ ահաբեկչական միջազգայինի համար իտէալական անցակէտի մասին. «Ատրպէյճանը ռիսքի է դիմում վերածուելու տարանցիկ գօտու ահաբեկիչների եւ միջազգային յանցաւորութեան ներկայացուցիչների համար։
«Հասու սահմանները, իրաւապաշտպան մարմինների աշխատակիցների կոռումպացուածութիւնը եւ երկրի յարմար աշխարհագրական դիրքը հանրապետութիւնը դարձնում են իտէալական անցակէտ ահաբեկչական միջազգայնականի համար»։ Այդ կապակցութեամբ յատկանշական է, որ ԱՄՆի FBI-ը եւ Մեծ Բրիտանիայի MI-6ը ատրպէյճանցի գործընկերներին օգնութիւն են առաջարկել ահաբեկչութեան դէմ պայքարում։
Ինչպէս հաղորդում է Day.Az-ը՝ յղում անելով իրաւապաշտպան մարմինների աղբիւրներին, ԱՄՆի եւ Մեծ Բրիտանիայի յատուկ ծառայութիւնները ցանկութիւն են յայտնել հետաքննել վերջին ահաբեկչական սպառնալիքները ուահապականների կողմից Ատրպէյճանում արեւմտեան պետութիւնների դեսպանատների դէմ։ Իր հերթին, ԱՄՆ դեսպանատան աղբիւրները եւս չեն բացառել Սի.Այ.Էյ.ի մասնագէտների ընդգրկումը այդ իրադարձութիւնների հետաքննութեան գործում։