Օրեր առաջ, երբ հրապարակուեց գլխաւոր դատախազութիւնից «Ղարաբաղ» կոմիտէի քրէական գործի անհետացման մասին լուրը («ԱՍՊԱՐԷԶ».- Տեսնել մեր Հինգշաբթի օրուան համարը, էջ 4 եւ այսօրուան առաջին էջը), թերեւս բոլորի մտքով նոյն բանն անցաւ. դա արել են հենց իրենք՝ աշխոյժ քաղաքականութիւն վերադարձած «Ղարաբաղ» կոմիտէի անդամները։ Շատերը նոյնիսկ համոզուած պնդում էին, թէ հէնց նրանց «խաչով է թաղուել» 50 հատորանոց գործը։
Սակայն ուշագրաւ էր, որ գրեթէ բոլոր լրատուամիջոցները անարձագանգ թողեցին այս լուրը։ Մինչդեռ, թւում էր, թէ այս «գայթակղի»չ թեման քննարկելու, դրա շուրջ ենթադրութիւններ անելու, վարկածներ առաջ քաշելու համար առիթը բաց չեն թողնելու։
Սակայն, կրկնում ենք, գերադասեցին քար լռութիւն պահպանել, ինչը միանգամայն տեղին էր ու արդարացուած։ Քանզի փաստի առիթով Հոկտեմբերի 31ին, գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանի հրամանով, ծառայողական քննութիւն է սկսուել եւ հարկ է սպասել քննութեան արդիւնքներին, ինչից պարզ կը դառնայ, թէ երբ եւ ով է ՀՀ դատախազութեան արխիւից փաթեթային կամ փուլային տարբերակով դուրս հանել «Ղարաբաղ» կոմիտէի գործի բազմահատորեակը։
Բայց պարզւում է՝ ոմանք չափազանց անհամբեր են եւ չեն կարող սպասել ծառայողական քննութեան աւարտին։ Նախօրէին հհշական թերթերից մէկը տպագրեց նոյն «Ղարաբաղ» կոմիտէի մի քանի անդամների արձագանգներն ու գնահատականները փաստի վերաբերեալ։ Եւ ահա թէ ինչ է ասում «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Սամուէլ Գէորգեանը.
«Նա չբացառեց, որ այդ ամէնը միգուցէ վերջին երկու ամիսներին է տեղի ունեցել եւ կապուած է «Ղարաբաղ» կոմիտէի մի շարք անդամների աշխոյժ քաղաքականութիւն վերադառնալու փաստով», վերաշարադրելով կոմիտէականի յայտարարութիւնները՝ գրում է թերթը։
Սամուէլ Գէորգեանը նաեւ կարծիք է յայտնում, թէ առանց դատախազութեան ներկայ ղեկավարութեան գիտութեան, չէին կարող նման ծաւալի փաստաթղթեր դուրս հանուել շէնքից եւ եզրակացնում, թէ «հաստատ՝ լաւ նպատակների համար չեն տարել»։
Այս ամէնից յետոյ բնականաբար բազմաթիւ հարցեր ծնուեցին։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է յատկապէս «Ղարաբաղ» կոմիտէի այս անդամը շտապում դատողութիւններ ու ենթադրութիւններ անել (ինչն անելուց, նկատենք, ձեռնպահ է մնացել մէկ այլ կոմիտէական՝ Վազգէն Մանուկեանը)։ Սամուէլ Գէորգեանն ինչի՞ց է ենթադրել, որ գործը անհետացել է յատկապէս վերջին երկու ամիսների ընթացքում։ Իսկ գուցէ աւելի վաղ՝ 5, 7 կամ 10 տարի առաջ է անհետացել եւ ամենեւին ոչ դատախազութեան ներկայ ղեկավարութեան գիտութեամբ ու թոյլտուութեամբ։
Եթէ Լեւոն Տէր Պետրոսեանը պնդում է, թէ ուժային այլ կառոյցների շարքում դատախազութիւնը եւս վերածուել է «ռեժիմին հաւատարիմ սպասարկող պատժիչ մեքենայի», այդ դէպքում, արդեօք դատախազութեան այսօրուայ ղեկավարութեանը ձեռնտո՞ւ էր քրէական գործի անհետացումը։ Հակառակը, եթէ հետեւելու լինենք Սամուէլ Գէորգեանի տրամաբանութեանը եւ հաւատանք ԼՏՊի պնդմանը, պէտք է, որ այսօրուայ դատախազութիւնը «լաւ նպատակների համար» պինդ պահէր գործի բոլոր 50 հատորները։
1988թ. Դեկտեմբերի 10ին հարուցուած քրէական գործի նիւթերը, անգամ գործը կարճելուց յետոյ, երբեւէ չեն հրապարակուել եւ ոչ մէկը ծանօթ չէ այդ հատորներում տեղ գտած կոմիտէի 11 անդամների հարցաքննութիւններին։ Դրանք պահուել են խիստ գաղտնի, այն դէպքում, երբ աղմկայարոյց շատ գործերի նախաքննութեան ընթացքում արձանագրուած հարցաքննութիւններն են յաճախ սպրդել մամուլ։
Հետաքրքիր է, այն էլ ՀՀՇ իշխանութեան տարիներին, երբ կոմիտէականները համարւում էին գրեթէ ազգային հերոսներ, ի՞նչն էր սարսափեցրել սրանց, որ հազար փականքի տակ են պահել գործի նիւթերը՝ թոյլ չտալով որեւէ արտահոսք։
Գուցէ այդ հարցաքննութիւններում կոմիտէի մի շարք անդամների համար ոչ շահեկան բացայայտումներ են եղել։ Ի վերջոյ, ո՞ւմ է ձեռնտու պատմութեան կեղծումը։ Դատախազութեան այսօրուայ ղեկավարութեա՞նը, թէ՞ քաղաքականութիւն վերադարձած եւ վարչախմբի դէմ պատերազմ սանձազերծած Լ. Տէր Պետրոսեանին ու նրան շրջապատած կոմիտէականներին։
Պատահակա՞ն է, որ քրէական գործի յարուցումից 19 տարի անց է միայն ԼՏՊն որոշել պատմել 1988ի անցքերի մասին, ինչն արեց օրերս երիտասարդութեան հետ հանդիպման ժամանակ։ Մինչ օրս շարժման եւ կոմիտէի գործիչներին ձերբակալութիւնների մասին յուշեր պատմելու ցանկութիւն չդրսեւորած կոմիտէականը յանկարծ այսօր է որոշել դա անել։ Այն էլ իրենց գլխով անցածը ջահելներին ներկայացնելիս հանդէս գալով որպէս «սկզբնաղբիւր»։ Պարզ է՝ գործի անհետացումից յետոյ միակ «սկզբնաղբիւրը» ինքն է մնացել՝ իրեն հաւատարիմ զինակիցների հետ միասին։
Այնպէս որ, լռութիւնը խախտելու առումով, իր հաշուարկներում, իրօք, ԼՏՊն չի սխալուել։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Նոյեմբեր 8, 2007