
Հայց. եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի երեք թեմերի առաջնորդների աւանդական հանդիպումը տեղի ունեցաւ Կանադայում՝ Մոնթրէալում, Երեքշաբթի, 6 Օգոստոսի 2024թ.։
Հանդիպմանը մասնակցեցին ԱՄՆ Արեւմտեան թեմի եւ Մեքսիկայի Հայոց առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը, ԱՄՆ Արեւելեան թեմի առաջնորդ Մեսրոպ եպս. Պարսամեանը, Կանադայի թեմի առաջնորդ Աբգար եպս. Յովակիմեանը։
Հանդիպման ժամանակ քննարկուել են հոգեւոր եւ ծխական կեանքին առընչուող բազմաթիւ հարցեր, որոնց շարքին՝ միջթեմական հոգեւոր դաստիարակութեան առաքելութիւնը, երիտասարդական ծրագրերը, հոգեւորականաց եւ թեմական խորհուրդների միջթեմական միացեալ ժողով կազմակերպելու եւ այլ հարցեր։
Թեմակալ առաջնորդները որոշել են 2025 թուականի ընթացքում կազմակերպել հոգեւորականաց միջթեմական միացեալ ժողով, մասնակցութեամբ առաջնորդների եւ հոգեւոր սպասաւորների։


Քննարկուել են նաեւ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միաւորման (ՀԵՀԵՄ) առաքելութիւնը ներկայ գործունէութիւնն ու առաջիկայ ծրագրերը: Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ ՀԵՀԵՄը 2025 թուականի Յուլիսին՝ միաւորման ստեղծման 25ամեակի կապակցութեամբ կազմակերպելու է ընդգրկուն ուխտագնացութիւն դէպի Սուրբ Էջմիածին։
Հիւսիսային Ամերիկայի բարձրաստիճան հոգեւորականների այցելութեան առիթով Կանադայի թեմի առաջնորդարանում կազմակերպուեց ընդունելութիւն, որին ներկայ էին, առաջնորդների հետ մէկտեղ, թեմական մարմինների, ծխական համայնքների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ։
Հանդիպման երկրորդ նիստին միացան Կանադայի թեմի առաջնորդական փոխանորդ եւ Տորոնտոյի Սուրբ Երրորդութիւն Հայց. եկեղեցու հոգեւոր հովիւ Զարեհ Ա. քհնյ. Զարգարեանը եւ Լավալի Սուրբ Խաչ Հայց. եկեղեցու հովիւ Կոմիտաս քհնյ. Միրզախանեանը։
Հոգեւոր Առաջնորդների հանդիպումը եզրափակուեց աղօթքով՝ յանուն մեր հայրենիքի եւ Հայ առաքելական Ս. եկեղեցու խաղաղութեան ու բարգաւաճման համար։