ՔՐԻՍՏԻՆԱ ՄԱՐԱԲԵԱՆ

Արմինէ Յովհաննիսեանը ախալքալաքցի աղջիկ է, ով չի վախենում դժուարութիւններից: Նա կը սովորի բժիշկ դառնալու համար, որպէսզի կարողանայ վերադառնալ իր քաղաք եւ բուժել մարդկանց: Ընդունելութեան քննութիւններից նա բարձր միաւորներ է հաւաքել:Etaloni.ge կայքը վերջերս նիւթ է հրապարակել Ախալքալաքի թիւ 4 հանրային դպրոցի դիմորդների յաջողութիւնների մասին, որտեղ նշուած են այս դպրոցի 14 շրջանաւարտների ընդունելութեան քննութիւնների միաւորները: Նրանցից 4ը ստացել են 70ից բարձր միաւոր, ինչը համարւում է լաւ արդիւնք` հաշուի առնելով, որ ամենաբարձր միաւորը 80ն է: Բարձր միաւորներ հաւաքածների թւում է այս տարուայ շրջանաւարտ Արմինէ Յովհաննիսեանը:
Դպրոցն աւարտելու ժամանակ Արմինէն 16 տարեկան էր, չնայած առաջին դասարան 5 տարեկանում է ընդունուել, նա միշտ աչքի է ընկել իր բարձր առաջադիմութեամբ, տարատեսակ հետաքրքրութիւններով ու հոբբիներով (նախասիրած ժամանցներով), որոնցով զբաղուել է դպրոցից դուրս: Արմինէի կարծիքով` միայն դպրոցական կրթութեամբ դժուար է գլուխ հանել այնպիսի առարկայից, ինչպիսին տրամաբանութիւնն է:
«Կարող եմ ասել, որ հեշտ էր, քանի որ ես պարապում էի դասուսոյցի մօտ այնքան ժամանակ, որքան ինձ դա հարկաւոր էր` մէկ կիսամեակ: Պարապել եմ մաթեմատիկա եւ տրամաբանութիւն, աւելի երկար կը պարապէի տրամաբանութիւնը, քանի որ սա բոլորովին անծանօթ առարկայ է, եւ մենք դպրոցում սրա մասին գաղափար անգամ չունէինք: Սովորել տրամաբանութիւնը նոյն է, ինչ սովորել մտածել ուրիշի պէս: Դու մի կողմ ես թողնում քո գիտելիքները եւ պէտք է մտածես քո առջեւ գտնուող թղթի վրայ եղած տեղեկատուութեան մասին: Տրամաբանութիւնը սովորեցնում են դրանից մի քանի տարի գոյութիւն ունեցող թեստերի միջոցով», պատմում է Արմինէն:
Արմինէն մասնագիտութեան ընտրութեան հարցում կողմնորոշուել է դեռ շատ վաղուց` վաղ մանկութիւնից: Նա հոգեպէս պատրաստ է Թբիլիսիում հասուն կեանքին, թէեւ նրան սկզբում կ՛օգնեն ընտելանալ իր ծնողները:
«Ես գիտէի, որ ուզում եմ բժիշկ դառնալ 5 տարեկանից: Ես կատեգորիկ (հաստատական) եմ իմ ընտրութեան մէջ, շատ եմ սիրում նկարել, սիրում եմ պարել, դա իմ մօտ լաւ է ստացւում: Չեմ կարծում, որ դժուար կը լինի սովորել բժշկի մասնագիտութիւնը, ես նախատեսում եմ ամբողջ կեանքում զբաղուել բժշկութեամբ: Ինձ համար աւելի լաւ է, եթէ դժուար լինի: Չեմ մտածում մասնագիտութիւնս փոխելու մասին, քանի որ այդ նպատակը վաղուց եմ դրել, այլընտրանքի մասին չեմ էլ մտածել», ասում է նա:
Արմինէն չի տարակուսել նաեւ երկրի ու քաղաքի իր ընտրութեան հարցում: Չնայած այն հանգամանքին, որ իր ընկերների մեծ մասը սովորելու է Հայաստանում, նա ցանկանում է բարձրագոյն կրթութիւն ստանալ Թբիլիսիում:
«Ինչո՞ւ Թբիլիսի, քանի որ աւելի շատ հնարաւորութիւններ կան: Եւ ինձ դուր է գալիս Վրաստանի կրթական համակարգը, ծրագրերը: Մէկ այլ գործօն էլ այն է, որ ես չեմ ուզում այս երկրից որեւէ տեղ մեկնել, ես սիրում եմ լեզուն` վրացերէնը: Այստեղ Վրաստանում կան բազմաթիւ փոխանակման ծրագրեր, «Էրազմուս +-»ը, ես չգիտեմ շատ ծրագրերի մասին, բայց կան շատ հնարաւորութիւններ, որոնցից կարող ենք օգտուել: Ես վստահ եմ, որ կարող եմ բժիշկ դառնալ, մանաւանդ որ մենք ունենք արհեստավարժ մասնագէտների կարիք: Եւ ես չեմ մեկնում` սովորելու եւ այնտեղ մնալու համար, ես անպայման կը վերադառնամ, որպէսզի օգտակար լինեմ այն վայրում, որտեղ ես ապրում եմ: Բժիշկն այն մասնագիտութիւնն է, որի անհրաժեշտութիւնը միշտ կայ», ասում է նա:
Աղբիւր՝ jnews.ge