
«Զօրեան» հիմնարկը ուրախութեամբ տեղեկացնում է, որ միջազգային մեծ հեղինակութիւն վայելող իրաւաբան եւ Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) նախկին նախագահն դոկտոր Չիլի Էբոէ-Օսուջիին 2024ի Հոկտեմբերի 1ից անդամակցելու է հիմնարկի տնօրէնների ակադեմիական խորհրդին:
Դոկտոր Էբոէ-Օսուջին եղել է ՄՔԴի 4րդ նախագահը 2018ից 2021 թուականներին. մինչ այդ աշխատել է որպէս ՄՔԴ դատաւոր՝ 2012ից 2018: Ան աշխատել է նաեւ որպէս ՄԱԿի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի իրաւախորհրդատու (2010-2012), աւելի վաղ աշխատել է Ռուանդայի միջազգային քրէական ատեանում եւ Սիերա Լէոնէի յատուկ դատարանում: Մինչ միջազգային հանրային ծառայութեանը միանալը փաստաբանական գործունէութիւն է ծաւալել Կանադայում եւ Նիգերիայում:
Այժմ դոկտոր Էբոէ-Օսուջին հանդիսանում է Տորոնտոյի «Մետրոպոլիտէն» համալսարանի Լինքոն Ալեքսանդրի անուան իրաւունքի դպրոցի միջազգային կարգի վաստակաւոր իրաւաբան, ուր նաեւ հանդիսանում է համալսարանի նախագահի յատուկ խորհրդական: Որպէս դասախօս եւ հրաւիրեալ պրոֆեսոր, դոկտոր Էբոէ-Օսուջին միաժամանակ գործակցում է այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են՝ Վինձորի համալսարանը, Սթենֆորդի իրաւաբանական դպրոցը, Տորոնտոյի համալսարանի իրաւաբանական դպրոցը, Սանտա Կլարայի համալսարանը, Հարվարդի Քենեդու անուան կառավարման դպրոցի Կարի կենտրոնը եւ Օտտավայի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը:
Էբոէ-Օսուջին դոկտորի կոչումը (PhD) ստացել է Ամստերդամի համալսարանից (Նիդերլանդներ), մագիստրոսի կոչումը՝ «Մակգիլ» համալսարանից, որտեղից ստացել է նաեւ Կանադայի իրաւաբանի հաւատարմագրում, «Կալաբարի» համալսարանում (Նիգերիա) բակալաւրի կոչումը ստանալուց յետոյ:
Ան մեծ աւանդ ունի նաեւ իրաւագիտութեան մէջ. հեղինակ է մի շարք հրապարակումների, այդ թւում՝ «Միջազգային Իրաւունք Եւ Սեռական Բռնութիւն Զինուած Հակամարտութիւններում» եւ «Պաշտպանելով Մարդկութեան» (խմբագիր) գրքերը:


Դոկտոր Ուիլեամ Շաբասը OC՝ «Զօրեան»ի խորհրդի անդամը, մեկնաբանում է հետեւեալ կերպ. «Դատաւոր Էբոէ-Օսուջին երկար ու նշանաւոր ասպարէզ է ունեցել միջազգային արդարադատութեան ոլորտում՝ հասնելով Միջազգային քրէական դատարանի նախագահի ամենաբարձր պաշտօնին: Նա հսկայական փորձ, ինչպէս նաեւ մեծ իմաստութիւն է բերում «Զօրեան»ի ակադեմական խորհրդին»:
Կ.Մ. Գրեգ Սարգսեանը OC՝ հիմնարկի նախագահը, ողջունելով դոկտոր Էբոէ-Օսուջիի՝ հիմնարկի Ակադեմիական խորհրդին միանալու որոշումը ասաց հետեւեալը. ««Զօրեան»ի անձնակազմը հպարտ է իր ակադեմիական խորհրդում ներգրաւուած միջազգային ճանաչում ունեցող գիտնականներով: Անկասկած, դոկտոր Էբոէ-Օսուջիի նման միջազգային համբաւ ունեցող գիտնականի՝ հիմնարկի խորհրդին անդամակցումը կ՛օժանդակի հիմնարկը նոր բարձունքների հասցնլու գործին»:
(Հաղորդագրութիւնը՝ «Զօրեան» հիմնարկէն)