Պետական մակարդակի քարոզչութիւն տանելով՝ Ատրպէյճան կը շարունակէ Արցախի Հանրապետութեան բռնագրաւուած տարածքներուն եւ հոն մնացած հայկական ժառանգութեան վերաբերեալ սուտ տեղեկութիւններ տարածել` զանազան միջոցներու կիրարկումով: Վերջերս, Եգիպտոսի եւ ընդհանրապէս արաբական աշխարհի ամէնէն հեղինակաւոր լրատուամիջոցներէն մէկը՝ «Ալ Ահրամ» ռազմավարական հետազօտութիւններու կեդրոնը իր համացանցային հարթակին վրայ լոյս ընծայեց յօդուած մը, որուն մէջ Շուշին կը ներկայացուի իբրեւ ատրպէյճանական քաղաք` ստանալով «Փոքրիկ Փարիզ», «Արուեստի կովկասեան տաճար», «Ատրպէյճանական երաժշտական հիմնարկ» եւ այլ անուանումներ:
Արաբերէն յօդուածին մէջ կ՛ըսուի, որ այժմ «շուշեցիները» զբաղած են քաղաքին տեսքը վերականգնելով այնպէս, ինչպէս մինչեւ պատերազմն էր:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկը այս մասին հրապարակած պատասխան-լուսաբանութեան մէջ կը կը յայտնէ հետեւեալը.
«Յօդուածի սկզբում արցախեան հիմնախնդիրը ձեւախեղուած կերպով ներկայացւում է որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտութիւն, սակայն դա ի սկզբանէ Արցախի հայերի ազատ ինքնորոշման համար պայքար էր:
«Յօդուածագիրը, խօսելով Շուշիում մուսուլմանների ներկայութեան մասին, մոռացութեան է տալիս քաղաքի հիմնական բնակչութեան` հայերի գոյութիւնը: Շուշին առաջին հերթին եղել է հայկական, քրիստոնէական մշակութային կենտրոն: Այդ մասին են վկայում Շուշիի հայկական եկեղեցիները, պատմական գերեզմաննոցը, որոնք 2020 թուականի պատերազմի ընթացքում նպատակային թիրախաւորւում էին ադրբեջանական զինուած ուժերի կողմից, իսկ քաղաքի բռնագրաւումից յետոյ վանդալիզմի են ենթարկւում եւ ոչնչացւում:
«Քաղաքում հայերի ներկայութեան մասին, հայկական եւ այլ աղբիւրներից բացի, խօսում են նաեւ ռուսական աղբիւրները: Ըստ դրանց`1916 թուականի դրութեամբ Շուշիում ապրում էին 23,916 հայ, որը կազմում էր քաղաքի բնակչութեան կէսից աւելին: 1920 թուականի մարտին Ադրբեջանի իշխանութիւնները կազմակերպում են Շուշիի հայ բնակչութեան սոսկալի կոտորած, որի հետեւանքով քաղաքն աւերակների է վերածւում. սպաննւում են հազարաւոր հայեր:
«Հետաքրքիր է, որ յօդուածում ներկայացւում են թիւրքախօս, մուսուլման մի շարք գործիչներ, սակայն տեղեկութիւն չի ներկայացւում Խոսրով բեկ Սուլթանովի մասին: Հարկ է նշել, որ այդ անձնաւորութիւնը 1920 թուականին եղել է Ադրբեջանի կողմից նշանակուած Ղարաբաղի եւ Զանգեզուրի ժամանակաւոր գեներալ-նահանգապետ եւ կազմակերպել Շուշիի եւ Արցախի այլ վայրերի հայութեան կոտորածները: Ահա այս «հետաքրքիր» դրուագն ալիեւեան ռեժիմն (վարչակարգը) ու յօդուածագիրը, չգիտես ինչու, չեն ցանկանում յիշել:
«Բաքուն մի կողմից Շուշին յայտարարում է իսլամական մշակութային մայրաքաղաք, իսկ միւս կողմից շատ սերտ, բարիդրացիական, դաշնակցային յարաբերութիւնների մէջ է Գազայի հատուածում մուսուլմանների կոտորած իրականացնող, մզկիթներ աւերող Իսրայէլի հետ:
«Յօդուածագիրը յիշատակում է նաեւ Գոհար տիկնոջ մզկիթի մասին, սակայն ոչ մի խօսք 2009 թուականին Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների նախաձեռնութեամբ այն վերականգնելու վերաբերեալ: Չի նշւում նաեւ, որ հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է քրիստոնէական ժառանգութիւնն, այլեւ պետական հոգածութիւն է դրսեւորել մուսուլմանական ժառանգութեան նկատմամբ. վառ ապացոյցը հէնց Գոհար տիկնոջ մզկիթի վերականգնումն է:
«Փաստօրէն, յօդուածագիրն իր առջեւ խնդիր է դրել ներկայացնել միակողմանի եւ կեղծուած տեղեկատուութիւն, Շուշին զրկել հայկական ինքնութիւնից, ինչն Ադրբեջանի պետական նպատակային քաղաքականութիւնն է` սկսած Արցախեան 44օրեայ պատերազմից եւ Շուշիի գրաւումից յետոյ: Քաղաքի ապահայկականացման քաղաքականութիւնը ներառում է նաեւ միջազգային գիտաժողովների, մշակութային միջոցառումների եւ փառատօների կազմակերպում եւ նմանատիպ յօդուածների պատուիրում:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կոչ է անում լրագրողներին եւ հետազօտողներին զերծ մնալ միակողմանի, ոչ օբյեկտիւ (առարկայական) եւ ալիեւեան ռեժիմի կողմից հրամցուող կեղծ տեղեկատուութեան տարածումից»: