Նոյեմբերի 17ին Հրազդան քաղաքի Արուեստի դպրոցում Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը հանդիպեց կուսակցական ընկերների եւ համակիրների հետ:
«Մեր երկու ընկերների կենսագրութիւնները համեմատելիս հետաքրքիր զուգահեռներ ենք տանում: 1990 թուականին երկուսն էլ անդամագրուել են Դաշնակցութեանը, երկուսն էլ առաջին իսկ օրից մասնակցել են մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Երկուսն էլ այդ ամբողջ պայքարի բովով թրծուելով՝ 1995 թուականին նոյն օրում յայտնուել են մեր՝ արդէն անկախ պետութեան բանտում: Երկուսն էլ բանտերից պայքարել են յանուն մեր երկրի ազատութեան, յանուն Ղարաբաղի անկախութեան, յանուն մեր երկրում ժողովրդավարութեան հաստատման:
«Արմէն Ռուստամեանը եւ Վահան Յովհաննիսեանը նոյն ուղիով են գնացել, ժողովրդից ելնելով՝ առաջնորդ են: Նրանք չեն ստեղծում կազմակերպութիւն եւ այն շարժում իրենց ցանկութեամբ: 2003 թուականին մարդիկ կային, որ սարքում էին կազմակերպութիւն, խօսում հազար տեսակ բաների մասին, իսկ այսօր նոյն մարդիկ գնացել՝ մէկ ուրիշ մադու կողքին խելօք կանգնել են:
Մարդիկ կային, որ տարբեր կուսակցութիւններ փոխեցին, տարբեր գաղափարախօսութիւններ կրեցին եւ մի պատճառով՝ մի աթոռ ունենան: Էդ աթոռից զրկուելով՝ մնում են նոյն դատարկը: Մեր ընկերները միշտ մնացին նոյն գաղափարին՝ որ մեր ժողովուրդը լինի ազատ, մեր երկիրը լինի ամբողջական անկախ, մեր հայրենիքը՝ միասնական», հանդիպման սկզբում նշեց Գեղամ Մանուկեանը եւ աւելացրեց. «Մեր կուսակցութեան համար ամենակարեւորը ձեր խօսքն է: Այսօր նպատակ ունենք լսելու նաեւ ձեր խօսքը եւ դրանով կայացնելու մեր վերջնական որոշումը, որն ի վերջոյ յանգելու է մի կարգախօսի՝ «Մեր հին ընկերը՝ երկրի նոր նախագահ»»: