Փետրուարի 19ին Հայաստանում կ’ընտրուի երկրի երրորդ նախագահը, իսկ նախագահական ընտրութիւնները 5րդը կը լինեն: Թւում էր, թէ նախագահի պաշտօնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի, ՀՀ առաջին վարչապետ, ապա եւ պաշտպանութեան նախարար Վազգէն Մանուկեանի պէս պետական գործիչների առաջադրումը կը բարձրացնի ընտրութիւնների մակարդակը, թեկնածուների ելոյթներում սեւ քարոզչութիւնն իր տեղը կը զիջի հանդուրժողականութեանը, որն, ի դէպ, ժողովրդավարութեան գլխաւոր սկզբունքն է, եւ գործը վիրաւորանքների չի հասնի:
Դեկտեմբերի 8ին Ազատութեան հրապարակում Տէր Պետրոսեանի ելոյթը, սակայն, գերազանցեց բոլոր ենթադրութիւնները: Թրքամէտութեան մեղադրանքներին պատասխանելիս ՀՀ առաջին նախագահը բորենիներ է անուանել ներկայ իշխանութիւններին, թուրքերին ստորաքարշօրէն ծառայելու մէջ մեղադրել է հանրապետութեան բարձրագոյն ղեկավարներին, ապա «անլուրջ եւ ոչ հետեւողական վարքագծով» նրանց նոյնացրել է թաթար-մոնղոլների հետ:
Մինչդեռ խնդիրը որեւէ պետական գործչի «թրքամէտութիւնը» չէ, ոչ էլ թուրքատեացութիւնը, այլ Թուրքիայի հայկական քաղաքականութիւնը, նախկին եւ ներկայ իշխանութիւնների մօտեցումը դրան, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների չկարգաւորուածութիւնը: Ակնյայտ է, որ թրքամէտութեան մեղադրանքը, առաւել եւս հայհոյախօսութիւնը չի կարող նպաստել ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորմանը, այլեւ կարգաւորման հարցը առողջ մթնոլորտում քննարկելուն:
Լեւոն Տէր Պետրոսեանը ելոյթում նշել է, որ ինքն ի սկզբանէ կարեւորել է հայ-թուրքական յարաբերութիւնների շուտափոյթ կարգաւորումը, Ցեղասպանութեան ճանաչումը չի դրել Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմքում՝ համարելով անժամանակ ու վտանգաւոր, մինչդեռ նախագահ Ռոպերթ Քոչարեանն իշխանութեան առաջին իսկ օրից սկսել է հետեւողական քայլեր կատարել ճանաչման ուղղութեամբ, ստիպելու համար Թուրքիային տեղի տալ, բացել սահմանը, աւելի անկողմնակալ դիրք գրաւել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում:
Տէր Պետրոսեանը ներկայ իշխանութիւններին մեղադրել է, թէ նրանք ԱՄՆ Քոնկրէսին պաշտօնապէս կոչ էին անում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, սկզբնապէս ճանաչման պայման էին դնում Թուրքիայի առջեւ, միջամտում էին Եւրոմիութեան եւ Թուրքիայի յարաբերութիւնների կառուցման գործընթացին: Այնուհետեւ նա շարունակել է. «Պիտի անէին իրենց արածի ճիշդ հակառակը, այսինքն՝ պէտք է բարի կամք դրսեւորէին եւ ոչ մի կերպ չխանգարէին այդ գործընթացին: Աւելին, պէտք է Պրիւքսէլից պահանջէին չշահարկել Ցեղասպանութեան ճանաչման հարցը՝ հայ-թուրքական յարաբերութիւնների այդ բարդ խնդրի լուծումը թողնելով կողմերին: Ժամանակն է վերջապէս հասկանալու, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկիւն սեղմելով ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թէ ուշ անելու է այդ բանը: Բայց դա տեղի է ունենալու ոչ թէ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիութեան, համագործակցութեան եւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորումից յետոյ»:
Նախ՝ նախագահ Քոչարեանի իշխանութիւնները Քոնկրէսին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու կոչ պաշտօնապէս չեն արել, այլ արտգործնախարարի մակարդակով 106րդ բանաձեւն են աջակցել, ոչ էլ ճանաչման պայման են դրել Թուրքիայի առջեւ: Ընդհակառակը, սկզբնապէս յայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է քաղաքական, դիւանագիտական եւ տնտեսական բնագաւառներում համապարփակ երկխօսութիւն սկսել Թուրքիայի հետ, ընդգծելով. «Ցեղասպանութեան ճանաչումը նախապայման չէ երկու երկրների համագործակցութեան համար»:
Ներկայ իշխանութիւնները ոչ թէ խանգարել են ԵՄ-Թուրքիա յարաբերութիւնների կառուցմանը, այլ ի դէմս նախագահ Քոչարեանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանեանի, յայտարարել են, որ Հայաստանը դէմ չէ ԵՄին Թուրքիայի անդամակցութեանը: Համանման վերջին յայտարարութիւնը Դեկտեմբերի 12ին «Ֆայնենշըլ թայմզ»ում հրապարակուած հարցազրոյցում արել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը, արտայայտուելով ԵՄին Թուրքիայի անդամակցութեանը Հայաստանի աջակցութեան մասին: Յիշեցնենք, որ նա ԵՄին Թուրքիայի անդամակցութեանը կողմ էր արտայայտուել դեռեւս 2005թ. Ապրիլի 19ին, ընդգծելով. «Դա բխում է մեր շահերից»:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ բարիդրացիութեան, համագործակցութեան եւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը, ապա դրա ուղին դիւանագիտական յարաբերութիւնների համար Հայաստանին նախապայմանների առաջադրումը կամ մեր հանրապետութեան շրջափակումը չէ, ոչ էլ Ցեղասպանութեան ժխտողականութիւնն ու հայկական դաւադրութեան մշտական որոնումները, ինչն անում է Թուրքիան:
Եթէ միջազգային փորձին անյարիր նախապայմաններն ու շրջափակումը չեն դատապարտւում, «ողջամտօրէն» շրջանցւում են ժխտողականութիւնն ու դաւադրութեան որոնումները, ապա հայկական ներկայ իշխանութիւններին հասցէագրուած բարի կամքի դրսեւորումներն ակամայ ենթադրում են հաշտուել Հայաստանին առաջադրուող նախապայմանների հետ:
Թէեւ Տէր Պետրոսեանը Ցեղասպանութեան ճանաչումը չէր դրել Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմքում, դա համարելով անժամանակ եւ վտանգաւոր, սակայն նրա իշխանութեան օրօք թուրքական կողմը Հայաստանի առջեւ 1915ի մասին չյիշատակելու, Լեռնային Ղարաբաղում Ատրպէյճանի գերիշխանութիւնն ապահովելու եւ հայկական սփիւռքի «հակաթուրքական» գործունէութիւնը դադարեցնելու պահանջներ դրել էր՝ շրջափակելով մեր հանրապետութիւնը: Էլ չենք խօսում Թուրքիայի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակներով Հայաստանին անընդմէջ հասցէագրուած սպառնալիքների մասին:
Այլ կերպ, հայ-թուրքական յարաբերութիւնները շուտափոյթ կարգաւորելու Տէր Պետրոսեանի քաղաքականութիւնը, բախուելով թուրքական կողմի նախապայմաններին, շրջափակմանն ու սպառնալիքներին, ընդամէնը յանգեցրել է հայ-թուրքական յարաբերութիւնների չկարգաւորուածութեանը: Թէեւ Թուրքիան նախապայմաններից դեռեւս չի հրաժարուել, սակայն «1915ի մասին չյիշատակելու» փոխարէն Քոչարեանի իշխանութիւններին առաջարկում է ստեղծել համատեղ յանձնաժողով՝ ուսումնասիրելու համար 1915ի իրադարձութիւնները, եւ յայտարարում է, որ պատրաստ է հաշտուելու յանձնաժողովի եզրակացութեան հետ, անկախ բնոյթից, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց քայլ է պահանջում, այլ ոչ թէ պարտադրում, որ Հայաստանի ղեկավարութիւնն ստիպի արցախահայութեանն ընդունել Ատրպէյճանի գերիշխանութիւնը:
Որքան էլ վերջին նախապայմաններն անընդունելի լինեն, դրանք բնոյթով էապէս տարբերւում են նախորդներից, աւելին՝ Թուրքիան զերծ է մնում Հայաստանին սպառնալու գայթակղութիւնից, ինչը դիրքորոշումը մեղմացնելու վկայութիւն է: Դրան բոլոր հարեւանների հետ յարաբերութիւնները բարելաւելու վարչապետ Էրտողանի կառավարութեան քաղաքականութեան, ԵՄ-Թուրքիա անդամակցութեան բանակցութիւնների, ինչպէս նաեւ, ի դէմս Վրաստանի, հարաւային Կովկասում ամերիկեան ռազմական ներկայութեան ապահովման հետ մեծապէս նպաստել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցի ընդգրկումը Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում, որի շնորհիւ Ցեղասպանութիւնն արդէն ճանաչուել է աշխարհի 20 երկրների խորհրդարաններում, որոնցից 11ը ԵՄի անդամ են:
Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի ծաւալումը փաստի առջեւ է կանգնեցրել Թուրքիային: Ծաւալման պայմաններում ամրապնդուել են Թուրքիայի նկատմամբ Հայաստանի միջազգային դիրքերը: Այսպիսով, սահմանափակուել են ինչպէս մեր հանրապետութեանն սպառնալու, այնպէս էլ Ղարաբաղի հարցին միջամտելու թուրքերի հնարաւորութիւնները: Այս ամէնը հիմք է տալիս ենթադրելու, որ հայ-թուրքական յարաբերութիւնների չկարգաւորուածութեան պարագայում խնդիրը նախագահ Քոչարեանի իշխանութիւնները չեն, ոչ էլ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, այլ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականութիւնը, որի հիմքում դիւանագիտական յարաբերութիւնների համար հայկական կողմին առաջադրուող նախապայմաններն են ու Հայաստանի շրջափակումը: Հետեւաբար բարի կամքի դրսեւորումը պէտք է ակնկալել թուրքական կողմից, այլ ոչ թէ ներկայ իշխանութիւններից, թէ նրանք «պէտք է Պրիւքսէլից պահանջէին չշահարկել Ցեղասպանութեան ճանաչման հարցը»: Այդ դէպքում կը կասեցուէր Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիան, թուրք պետական գործիչների արտայայտութեամբ, կը ձերբազատուէր «մեծ գլխացաւանքից», կենտրոնացնելով իր ողջ կարողութիւնները ոչ թէ հայկական բանաձեւերի չէզոքացման, այլ ղարաբաղեան հիմնահարցի վրայ, ԵՄի երկրներում Հայաստանը կ’ընկալուէր թուրքական պահանջներով առաջնորդուող երկիր եւ կատարելապէս կը հեղինակազրկուէր աշխարհում, սփիւռքահայութիւնը կը հիասթափուէր, Հայաստանը Սփիւռքում այլեւս չէր ընկալուի որպէս համայն հայութեան հայրենիք, Սփիւռքը կը մեկուսանար Հայաստանից, իսկ սփիւռքահայերը կառավարելի կը դառնային միջազգային ուժերի համար եւ հայկական իշխանութիւնները թուրքականների պատուէրի համաձայն, պարտադրուած չէին լինի Սփիւռքին ստիպելու, որ դադարեցնի «հակաթուրքական» գործունէութիւնը:
Եթէ հայաստանեան իշխանութիւնները, փոխելով որդեգրած դիրքորոշումը Ցեղասպանութեան հարցում, պղծէին «մեր ազգային ողբերգութիւնը, այն դարձնելով անպարկեշտ սակարկութիւնների առարկայ», Թուրքիան կ’ողջունէր Հայաստանի նախագահին, իսկ «Մոսատ»ին հետ սերտօրէն համագործակցող «Գորշ գայլեր»ի առաջնորդները ձեռք ձեռքի տուած Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչների հետ, կը փորձէին ջերմ յարաբերութիւններ հաստատել քոչարեանների հետ: Սակայն դա չէր յանգեցնի Հայաստանի նկատմամբ թուրքական պետութեան բացասական վերաբերմունքի բարելաւմանը, ինչպէս չյանգեցրեց Տէր Պետրոսեանի նախագահութեան օրօք: Ի դէպ, նախապայմանները՝ բարիդրացիութեան, շրջափակումը՝ համագործակցութեան, իսկ Ցեղասպանութեան ժխտողականութիւնը՝ վստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը երբեք չեն նպաստում: