Ռ. ԿՈՐԻՒՆ

Մարդ-էակի աշխարհային կեանքը իմաստաւորւում եւ արժեւորւում է կատարած ծառայութեամբ հայրենիքին, ազգութեան, մշակոյթին եւ մարդկութեան: Մտքի թռիչքներով եւ փայլատակումներով կեանքը, յանուն բարձր մարդկային իդէալների, ծլում, ծաղկում եւ գեղեցկանում է: «Նահապետ» Պօղոս Լագիսեանը, նահապետ եմ անուանում իր վաստակի եւ տարիքի բերումով, իր վեց ստուարախիտ, պատկերազարդ գրքերով՝ պատմական եւ հասարակական ու գեղարուեստական գողտրիկ հայոց լեզուի հարուստ պաշարով արժեւորեց կեանքը՝ մէկ դարը ապրած յիշատակելի երկարակեցութեամբ, հրաժեշտ տալով աշխարհիկ կեանքին, անդենական կեանքում միանալով հայոց մշակոյթի մշակների փաղանգին:
Իւրաքանչիւր անհատ առաջնորդւում է իր ներքին ձայնին հաւատարիմ ձգտումներով, շնորհքներով եւ ձիրքերով․ այսինքն, անհատը մերւում է այն ասպարէզի հետ, որն իր սրտից ու հոգուց է խօսում` ողջ էութեան հետ շաղախուած: Նահապետ Պօղոսը տուեց ու բաշխեց այն ինչ իր հոգում ու մտքում․ մտորում էր, մտածում էր, երազում էր ու ապրում: Իր գրութիւններից մէկում բնաբան էր ընտրել Խաչատուր Աբովեանի հետեւեալ ասոյթը․ «Հողածին մա՛րդ, բարի կաց, բարութիւն արա, ծառի պէս պտուղ տուր, ծաղկի պէս հոտ, սարի պէս աղբիւր, երկրի պէս հաց, երկնքի պէս լոյս, վայելիր Աստուծոյ բարութիւնը, ուրիշին էլ տուր, աղքատ տեսնելիս կերցրու, կշտացրու»: Այսպիսի հոգեբանութեամբ ու մտածելակերպով էր ապրում նա:
Մեր անմոռանալի Նահապետի կեանքի ուղին հայոց գիրն ու գրականութիւնն էր, որին հաւատարիմ կեանք ապրեց եւ ստեղծագործեց: Նա իր գրքերով սփիւռքահայ գրականութեան անդաստանում ակնառու ներդրում ունեցաւ հայոց գրականութեան գանձանակում ներդրելով իրեն բաժին լուման: Նա սովորել եւ աւարտել էր Կիպրոսի Մելգոնեան վարժարանը: իր «Ողջոյն…» գրքում իրենց գերդաստանի տոհմածառը ներկայացնելով նաեւ բաւական էջեր է յատկացրել Մելգոնեան վարժարանի նկարագրութեան եւ նրա առաքելութեան, չմոռանալով իր պարտքն ու երախտագիտութիւնը այդ լուսաճաճանչ տաճարի հանդէպ, գրելով․ «Հազար-հազար երկնային լուսատուներ իջնեն Կարապետ ու Գրիգոր աղա Մելգոնեան եղբայրների շիրիմներին, նրանց հոգիներին, Մելգոնեան հաստատութիւն ինձ ճամբելու պատճառ եղած հօրաքրոջս ամուսին Յովհաննէս Հերկէլեանին ու ծնողներիս հոգիներին»:
Նա չբաւարարուելով ջամբած ուսման մակարդակով՝ Պսակաւոր արուեստից տիտղոսի վկայականով, հեռակայ աւարտել է Երեւանի Տնտեսագիտական հիմնարկը: Նա պետական պաշտօնեայ է եղել եւ դասաւանդել է:
Նա հրապարակուել է սփիւռքեան մի շարք թերթերում՝ «Մասիս», «Նոր Օր», «Նոր Կեանք», «Համայնապատկեր» եւ այլն: Նա իր «Պատարագ Արմին-Հայերի Նախնիներին», «Տիգրան Արքայի Մուտքը Մուսանների Լեռան Շէն» պատմագրութիւններում, Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանի քաղաքների, գիւղերի, շրջանների, կոթողների եւ տեսարժան վայրերի նկարագրութեամբ իր գրքերում, ըստ Թորոս Թորանեանի բնութագրմամբ, որը գրում է․ «Եւ ի՜նչ արձակագիր, Ս. Մեսրոպի հնարած բոլոր տառերու բազմապատկուածը քանակով հայ հողի երգիչ: Պօղո՛ս, ջիղերուդ անչափելի երկարութեամբ կ՛ընես հայ հողին պաշտամունքին պատարագը»: Ես՝ Կորիւնս, կ՛ասէի նաեւ մեր պատմութեան հնադարեան հեթանոսական դարաշրջանի հզօրութեան փառքը ներբողող ու հպարտացող Նահապետ Պօղոսը: Նրա ողջ գրքերը հայրենասիրական, ազգասիրական եւ մեր մշակոյթի հանդէպ հպարտութեան ոգի է ներշնչում ընթերցողին, նա իր խորհուրդներով եւ յորդորներով ու հասարակական յօդուածներով ակնառու աւանդ թողեց մեր սփիւռքեան կեանքում:
Հաւատացած եմ, որ ոչ մի բան չի մոռացւում, շարունակ յիշատակութեան արժանի է դառնում հայրենիքին, մշակոյթին եւ ժողովրդին կատարուած ծառայութիւնը եւ նուիրուածութիւնը:
Ահաւասիկ Նահապետ Պօղոսը մէկն էր այն երախտաւորներից, որ իր արժէքաւոր վաստակով՝ գրականութեամբ եւ մշակութային ծառայութեամբ, յիշատակուելու է անմոռաց սերունդների կեանքում: Ամէն անգամ կարդալիս նրա գրքերը ողորմի ենք տալու ասելով՝ յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Թող որ այս մի պտղունց գրութիւնը սիրելի Նահապետ, որպէս մի փունջ բուրումնաւէտ ծաղիկ քո լուսաւոր յիշատակին նուիրուած լինի երախտագիտութեամբ: