Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեան 29 Հոկտեմբերին ընդունեց Հայաստանի մօտ Ֆրանսայի դեսպան Օլիվիէ Տըքոթինյին եւ Ֆրանսայի Օվէրնյը-Ռոն-Ալփ շրջանի փոխնախագահ Թիերի Քովաքսի գլխաւորած պատուիրակութիւնը, որուն մաս կը կազմեն շրջանի 6 քաղաքներու քաղաքապետներ ու փոխքաղաքապետներ, յայտնեցին Սիւնիքի մարզպետարանէն:
Այս առիթով հրապարակուած հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Մեր մարզի ու Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի միջեւ համագործակցութիւնը նոր փուլ է մտնում` արդէն երկու կողմի համայնքների մակարդակով` որպէս շարունակութիւն 2023ի գարնանը Սիւնիքի ու Ֆրանսիայի այս ռեգիոնի (շրջանին) միջեւ Տաթեւում կնքուած համագործակցութեան համաձայնագրի:
«Մարզի իւրաքանչիւր համայնք «քոյրանալու» գործընթաց է սկսել Օվերնյը-Ռոն-Ալպի քաղաքներից մէկի հետ, որը նախաձեռնուել ու կեանքի է կոչուել մարզպետի աշխատակազմի ջանքերով:
«Ժամանած քաղաքապետերն ու պաշտօնեաներն այս օրերին կը լինեն մարզի այն համայնքներում, որոնց հետ համագործակցութեան հիմք է դրուել, իսկ Նոյեմբերին արդէն Ֆրանսիայում` Լիոն քաղաքում կայանալիք «Օվերնյը-Ռոն-Ալպ-Հայաստան/Սիւնիք» միջոցառման շրջանակում կը կնքուեն համագործակցութեան յուշագրեր համապատասխան զոյգ համայնքների միջեւ:
«Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանը ողջունեց բարեկամ ռեգիոնի պատուիրակութեան անդամներին ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին եւ շնորհակալութիւն յայտնեց այցի համար:
««Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ այն մեծ աշխատանքի համար, որ իրականացուել է մինչ այս պահը երկկողմ համաձայնագրի շրջանակում: Հայ-ֆրանսիական յարաբերութիւնները գտնւում են ամենաբարձր մակարդակում, իսկ այսօր նախադէպը չունեցող ապակենտրոնացուած համագործացութեան հիմք ենք այստեղ ստեղծում, որը, վստահ եմ՝ երկար է տեւելու ու՝ ի շահ մեր երկու ժողովրդի», նշեց մարզի ղեկավարը:
«Ռոբերտ Ղուկասեանը նաեւ ասաց, որ արդէն մէկ տարի է՝ երկու կողմերի միջեւ բազմաթիւ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել, որի նպատակն այն էր, որ համագործակցութիւնն ի սկզբանէ դրուի մասնագիտական ուսումնասիրութիւնների հենքի վրայ:
«Շատ ենք կարեւորում նաեւ փոխադարձ այցելութիւնները, որոնք լաւ մեկնարկ են երկարատեւ ու ճիշդ համագործակցութեան համար. հիմա համայնքների մակարդակ տեղափոխելով այս համագործակցութիւնը` պատրաստակամ ենք մշտապէս խորացնել ու ընդլայնել այն», եզրափակեց մարզպետը:
«Թիերի Կովաքսը յիշեցրեց, որ երկու մարզերի միջեւ կնքուած համաձայնագրի շրջանակում համագործակցութիւնը հիմնականում կը զարգանայ առողջապահական, տնտեսական, գիւղատնտեսական, մասնագիտական կրթութեան ոլորտներում:
«Օլիվիէ Դըկոտինյին կարեւորեց այցն ու համագործակցութեան խորացման ուղղութեամբ կատարուող այս քայլը` այն համարելով հայ-ֆրանսիական բարեկամութեան եւ համերաշխութեան եւս մէկ դրսեւորում:
«Մեր աջակցութիւնը Հայաստանին լիակատար է ու առանց նախապայմանների, եւ Սիւնիքն այն մարզն է, որտեղ առաւելագոյնս է տեսանելի այդ աջակցութիւնը, – ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը»:
«Սիւնիքի մարզպետարանից նաեւ յայտնում են, որ Սիւնիքի մարզպետը, մարզպետի աշխատակազմի անդամները, մարզի համայնքների ղեկավարները, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպանն ու Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի պատուիրակութեան անդամներն այսօր ծաղկադրում են կատարել Կապանի Բաղաբուրջի յուշահամալիրում»: