«Սրբազան շարժում»ի ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեան հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Նոյեմբերի 11ից 22ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացուելու է ՄԱԿի Կլիմայի փոփոխութեան գագաթնաժողովը (ՔՈՓ 29), որին մասնակցելու պաշտօնական հրաւէր է ուղարկուել նաեւ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին: Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչութեամբ տարբեր պաշտօնեաների հակասական մեկնաբանութիւնները, ի թիւս այլնի, վկայում են, որ առ այսօր չկայ վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերեալ:
«ՔՈՓ 29ին Հայաստանի մասնակցութեան առնչութեամբ հարկ եմ համարում ամրագրել.
«1.- «Սրբազան պայքար»ի, շարժման համակիրների վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերեալ մնում է անփոփոխ` կապուած թէ՛ վերջինիս լեգիտիմութեան (օրինականութեան), թէ՛ ներքին ու արտաքին քաղաքականութեան լիակատար ձախողման հետ:
«2.- Միաժամանակ, եթէ վարչապետի աթոռը զբաղեցնողն ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ, ապա ՔՈՓ 29ին մասնակցութեան հետ կապուած շատ յստակ եւ իրական արդիւնքին միտուած որոշում պէտք է լինի եւ վերջինից բխող այնպիսի կոնկրետ (յստակ) քայլեր, ինչպիսիք են`
«Ա. Վարչապետի պաշտօն զբաղեցնողը պէտք է անձամբ մեկնի Բաքու եւ, կիրառելով (կամ նախապէս կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձեւաչափը, հասնի այնպիսի արդիւնքի, որը հնարաւոր կը դարձնի բոլոր գերեվարուած, պահուող, պատանդառուած մեր հայրենակիցների անյապաղ վերադարձը հայրենիք: Կրկնում ենք` բոլորի, առանց որեւէ բացառութեան, «Բ. վարչապետի պաշտօն զբաղեցնողը ՔՈՓ 29ի միջոցառման շրջանակներում հնչեցուելիք իր պաշտօնական խօսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի (յարձակումի) փաստը` պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականութեան անյապաղ վերականգնումը,
«Գ. վարչապետի պաշտօն զբաղեցնողը ՔՈՓ 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցուելիք իր պաշտօնական խօսքով պիտի յստակ գնահատական տա 2023ի Սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի առնչութեամբ` որպէս էթնիկ (ցեղային) զտում եւ բռնի տեղահանում,
«Դ. վարչապետի պաշտօն զբաղեցնողն իր ելոյթով պիտի ամրագրի, որ Արցախեան հիմնախնդիրը փակուած չէ, եւ Արցախի մեր հայրենակիցների` միջազգային երաշխիքների ներքոյ անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն օրակարգային թիւ մէկ կէտն է Հարաւային Կովկասում կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութեան հաստատման համատեքստում:
«Ներկայացուած կէտերը չարտացոլող ու չապահովող որեւէ քայլ, գործողութիւն եւ/կամ իրադարձութիւնների ընթացք չի կարող դիտուել որպէս արդիւնք, աւելին` նման պարագայում գործ կ՛ունենանք սեփական հանրութեանը հերթական անգամ մոլորեցնելու եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ»: