Միջազգային կառոյցների վերաբերմունքը «դարի երկաթուղային նախագծի» (այսպէս կնքեցին Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու -ԿԱԹՊ- երկաթուղագիծը Ատրպէյճանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները) իրականացման սկզբի նկատմամբ խիստ հակասական տպաւորութիւն է թողնում։ Ինչպէս յայտնի է, Եւրոմիութիւնը եւ ԱՄՆը ի սկզբանէ յայտարարեցին, թէ մտադիր չեն ֆինանսապէս աջակցել Հայաստանը շրջանցող այդ ճանապարհի շինարարութեանը։
Օրերս Եւրոյանձնաժողովը հաստատեց իր դիրքորոշումը. ԵՄ արտաքին գործերի յանձնակատար Պենիթա Ֆերերօ Ուալտնըրը յայտնեց, թէ յանձնախումբը մտադիր չէ Անգարային աջակցել Երեւանին մեկուսացնելու (մասնաւորապէս՝ Ատրպէյճանից Թուրքիա՝ Հայաստանը շրջանցող նոր երկաթուղագծի միջոցով) տարածաշրջանային քաղաքականութեան մէջ։ «ԵՄը,- նշեց նա,- մտադիր է նպաստել առեւտրի եւ փոխադրական կապերի զարգացմանը եւ թոյլ չի տայ այդ սկզբունքներին հակակշռող նախագծի իրականացումը»։
Այդպիսով, ԵՄի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում ֆինանսաւորման փաթեթը չի ուղղորդուելու Հայաստանը տարածաշրջանային համագործակցութիւնից բացառող նախագծին։ ԵՄը ֆինանսական օգնութիւն չի յատկացնելու ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում ԿԱԹՊ երկաթուղային հաղորդակցութեան հետ կապուած գործողութիւններին։ ԱՄՆը որեւէ կերպ չարձագանգեց Նոյեմբերի 21ին Մարապտայում (Չաւախք) տեղի ունեցած՝ ԿԱԹՊի շինարարութեան շնորհանդէսին, բայցեւ նոր տեսակէտ չյայտնեց։
Սակայն միջազգային (արեւմտեան) ելեւմտական կառոյցները, մեղմ ասած, տարօրինակ են պահում իրենց։ Խօսքն առաջին հերթին Համաշխարհային դրամատան (ՀԴ) եւ Վերականգնման ու զարգացման եւրոպական դրամատան (ՎԶԵԴ) մասին է։
ՎԶԵԴը դեռ այս տարուայ Մարտին յայտնեց իր շահագրգռութիւնը ԿԱԹՊն ֆինանսաւորելու հարցում։ Այն ժամանակ Քազանում ՎԶԵԴի կառավարիչների 16րդ ամէնամեայ ժողովում դրամատան ներկայացուցիչը եւ Ատրպէյճանի կառավարութիւնը կնքեցին յուշագիր ՎԶԵԴի կողմից ԿԱԹՊի շինարարութեան նախագիծը ֆինանսաւորելու պատրաստակամութեան մասին։
Ատրպէյճանը ակնկալում է նաեւ Համաշխարհային դրամատան աջակցութիւնը։
Ընթացիկ տարուայ Սեպտեմբերին ԱՀ տնտեսական զարգացման նախարար Հայտար Պապաեւն այդ մասին յայտարարեց այդ օրերին Պաքւում գտնուող ՀԴի կայուն զարգացման բաժանմունքի ղեկավար Փիթըր Թոմփսընի հետ հանդիպման ժամանակ։ Դեռեւս տեղեկատուութիւններ չկան այդ ուղղութեամբ ՎԶԵԴի եւ ՀԴի գործնական քայլերի վերաբերեալ։ Բայց այս շաբաթ Համաշխարհային դրամատունը յայտարարեց, թէ պատրաստ է Ատրպէյճանին 500 միլիոն տոլարի վարկեր յատկացնել՝ զարգացնելու համար երկրի երկաթուղային ցանցը՝ երկաթուղագծի վայրաշարժներու նորացման, ինչպէս նաեւ մի շարք ուրիշ նախագծերի իրականացան նպատակով։
Ստացւում է՝ վերից վար նաւթատոլարներով յագեցած Պաքուն չի՞ կարող վայրաշարժներ գնել իր համար եւ վերականգնել սեփական եկաթուղագծերը։ Եւ դա՝ Պաքուն, որի ռազմական ծախսերը գերազանցում են 1 միլիառ տոլարի սահմանը։ Պաքուն, որը, ամենաշահագրգիռը լինելով ԿԱԹՊով, Վրաստանին 250 մլն. տոլարի վարկ է յատկացրել վրացական հատուածի շինարարութեան եւ վերականգնման համար։
Ընդ որում՝ վարկը, որ Վրաստանը փոխհատուցում է իր տարածքով երկաթուղագծի շահագործումից ստացուած եկամուտների հաշուին, յատկացուել է 25 տարով, տարեկան 1 տոկոս ով, մարման ժամկէտի երկարացման հնարաւորութեամբ։ Բացի այդ, Վրաստանին յատկացուած գումարները, ըստ էութեան, մնում են ատրպեճանական կողմի տրամադրութեան ներքոյ նաեւ ճանապարհի կառուցման ընթացքում, որովհետեւ վրացական տարածքում այն կառուցելու է ատրպեճանական «Ազերինշաթ սերվիս» ընկերութիւնը։
Համաձայնէք՝ այդ խորապատկերին Համաշխարհային դրամատնի կողմից Ատրպէյճանին մէկուկէս միլիոն տոլարի յատկացումը ներքին երկաթուղագծերի վերականգնման համար դժուար է գնահատել այլ կերպ, քան անուղղակի ֆինանսական օգնութիւն ԿԱԹՊին։
Դժուար է պատկերացնել, որ նման կարգի որոշումները միջազգային ելեւմտական կառոյցներն ընդունում են՝ առանց համաձայնեցնելու Ուաշինկթընի եւ նոյնիսկ Պրիւքսէլի հետ։
Դժուար է նաեւ պատկերացնել, որ Վրաստանը, աւելի ճիշդ՝ Միխայէլ Սահակաշւիլին, որին ԱՄՆը բերեց իշխանութեան, կը համարձակուէր դէմ գնալ ԿԱԹՊի շինարարութեամբ չշահագրգռուած ԱՄՆի ծրագրերին։ Պէտք է ենթադրել, որ այդ առնչութեամբ Ուաշինկթընի եւ Պրիւքսէլի յայտարարութիւնները միտուած են միայն հայ հասարակութեանը՝ Հայաստանին ու Սփիւռքին հանգստացնելուն։ Խօսքն այն մասին չէ, թէ ԱՄՆը եւ ԵՄը Թուրքիայի ու Ատրպէյճանի նման ցանկանում են մեկուսացնել Հայաստանին։ Ընդհակառակը՝ Ուաշինկթընն ու Պրիւքսէլը չափազանց շահագրգիռ են Երեւանին իրենց աշխարհաքաղաքականութեան ոլորտ ներքաշելու խնդրով։
Ամերիկացիները չեն կարող ԿԱԹՊով շահագրգիռ չլինել թէկուզ այն պատճառով, որ սոյն նախագծի իրականացումը թոյլ կը տայ Ատրպէյճանին ու Վրաստանին ազատուել ռուսական փոխադրամիջոցների կախումից եւ է՛լ աւելի կը հեռացնի նրանց Ռուսաստանից։ Ի դէպ, ռուսական իշխանութիւնները հպարտ լռութիւն են պահպանում ԿԱԹՊի հարցում, իսկ Ռուսաստանի փորձագիտական ընկերակցութիւնը, ինչպէս, ի դէպ՝ նաեւ հայկականը, շարունակում է շեշտել այդ կառոյցի տնտեսական աննպատակայարմարութիւնն ու բացառապէս քաղաքական ուղղուածութիւնը։
Մինչդեռ, ինչպէս ենթադրում էր քաղաքագէտ, Կովկասեան տարածաշրջանի հարցերի փորձագէտ, հանգուցեալ Ալեքսանդր Գրիգորեանը, ԿԱԹՊով կարող են տեղաշարժուել նաեւ հայկական գնացքները։ Նրա կարծիքով՝ հազիւ թէ Ատրպէյճանը կարողանայ արգելել, ասենք, ուղեւորատար գնացքի շարժը Երեւան-Ախալքալաք երթուղով. սա Վրաստանի տարածքն է, եւ դժուար թէ Թիֆլիսի իշխանութիւնները թոյլ տան Պաքուին որեւէ պահանջ առաջ քաշել։ Եթէ նման արգելքը չի գործում ինքնաշարժի փոխադրութեան միջոցների ու օդագնացութեան նկատմամբ, ապա ինչո՞ւ պիտի հաստատուի երկաթուղային հաղորդակցութեան առնչութեամբ։
Դէպի Եւրոմիութիւն ձգտող պաշտօնական Անգարային շատ դժուար կը լինի Պեռլինին, Վիեննային կամ Փարիզին բացատրել, թէ ինչու ինքը թոյլ չի տալիս գերմանական, աւստրիական ու ֆրանսական գնացքների մուտքը Հայաստան՝ Վրաստանի տարածքով. չէ՞ որ խօսքն այստեղ անմիջապէս թուրք-հայկական սահմանի բացման մասին չէ։ Թուրքերի համար դժուար կը լինի որեւէ հարցում առարկել նաեւ ամերիկացիներին, թէեւ վերջիններիս երկաթուղային համակազմերը հասկանալի պատճառներով ոչ մի կերպ չեն կարող Հայաստան հասնել։
«Իսկ քանի որ այդպէս է, ստացւում է՝ Հայաստանը եւս կարող է երկաթուղագծային ելք ստանալ դէպի Եւրոպա՝ առանց թուրք-հայկական սահմանի բացման», ենթադրում էր Ա. Գրիգորեանը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆի շահագրգռութիւնը Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթուղագծով բացատրւում է նաեւ Արեւմուտքի՝ Վրաստանը (2009 թուին) եւ Ատրպէյճանը (տեսանելի ապագայում) ՆԱԹՕի կազմում ընդգրկելու մտադրութեամբ։ Նախագծի իրականացումը թոյլ կը տայ ՆԱԹՕի ներկայիս անդամ Թուրքիային եւ Հիւսիսատլանտեան դաշինքի հաւանական մասնակիցներ Վրաստանին ու Ատրպէյճանին կապուել երկաթուղային հաղորդակցութեամբ։
Այդ առումով Կարս-Գիւմրի-Թիֆլիս երկաթուղային ճանապարհի վերականգնումը պակաս չափով է համապատասխանում առաջադրուած խնդրին, քանզի, նախ՝ Հայաստանը ԱՊՀի Հաւաքական անվտանգութեան մասին պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ է, եւ երկրորդ՝ Ատրպէյճանը չի ցանկանում մինչեւ Ղարաբաղեան հակամարտութեան լիակատար կարգաւորումը իր գնացքները Թուրքիա ուղարկել Հայաստանի տարածքով։ Այսպէս թէ այնպէս, նախագծի իրականացումը ամերիկացիների համար եւս մի քայլ է երեք հարաւկովկասեան երկրները ռուսական ճնշումից ազատելու ուղղութեամբ։
Այդ առումով,- համարում էր Ա. Գրիգորեանը,- Հայաստանին ձեռնտու կը լինէր, որ շինարարութեան վրացական հատուածը ֆինանսաւորէր ոչ թէ Ատրպէյճանը, այլ Միացեալ Նահանգները։ Ելնելով սոյն յօդուածի առաջին մասում բերուած տեղեկութիւններից՝ կարելի է ենթադրել, որ ԱՄՆը հէնց այդպէս էլ վարւում է։ Չէ՞ որ Ուաշինկթընը ելքը գտաւ Պաքուի հետ ռազմական համագործակցութեան հարցում՝ շրջանցելով Ազատութեան աջակցութեան փաստաթղթի 907րդ լրացումը։
Ի դէպ, հաստատել կամ հերքել ցանկացած ենթադրութիւն՝ կարող է միայն կեանքը։ Այնպէս որ՝ կ’ապրենք, կը տեսնենք։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: