
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Աստուածաբանութեան դոկտոր, հրապարակախօս, ազգային գործիչ Հրայր Ճէպէճեանը Լոս Անջելեսում ներկայացրեց իր «Հայկական Ազգագրական Պատկերներ` Տեսիլք, Կամք Եւ Յոյս» խորագրով երրորդ գիրքը` Հոկտեմբերի 25ին Գլենդելի Հայ Նազովրեցի եկեղեցում կայացած շնորհանդէսի ժամանակ:
Գիրքը, Ճէպէճեանի 2018-2022 տարիների ընթացքում գրուած յօդուածների հաւաքածուն է, որ հրապարակուել է Բէյրութում, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատանը: «Գրքի բովանդակութիւնն ընդգրկում է իմ ճամբորդական տպաւորութիւնները, հանդիպումները: Ես Արաբական Ծոցի Աստուածաշնչեան Ընկերութեան ընդհանուր քարտուղարն եմ, կազմակերպութիւն, որը գործում է երկու հարիւր երկրում, եւ աշխատանքիս բերումով շատ եմ ճամբորդում, եւ ուր էլ գնամ ցանկանում եմ աշխատանքիս հետ մէկտեղ նաեւ հայկական իրականութիւնները տեսնել, արձանագրել, ինչը ինձ հոգեւոր մեծ բաւարարուածութիւն է պատճառում», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշում է Ճէպէճեանը, ու պատմում, որ իւրաքանչիւր վայր այցելութեան ժամանակ, փորձում է հանդիպել հայ համայնքի առաջնորդների եւ միաժամանակ պարզ մարդկանց` հասկանալու, թէ տուեալ երկրում հայերն ինչ մարտահրաւէրներ ունեն, ինչ է հայ լինելը նրանց համար, ինչպէս են պահպանում հայկական ինքնութիւնը: Վերլուծելով հանդիպումները, Ճէպէճեանն այնուհետեւ իր տպաւորութիւններն ու խոհերը, դրանցից բխող վերլուծութիւնները յանձնում է թղթին:


Հրայր Ճէպէճեանի գրքում տեղ գտած պատմութիւնները համահայկական նշանակութիւն ունեն, տեղեկատուութեան բացառիկ աղբիւր են, որ ամփոփ ներկայացնում են աշխարհի տարբեր հատուածներում սփիւռքահայերի կեանքն ու իրավիճակը, նաեւ անդրադառնում են հայրենիքի եւ ազգի համար կենսական նշանակութեան հարցերի: Պատահական չէ, որ իր ազգանուէր գործունէութեան ընթացքում, Ճէպէճեանն արժանացել է «Մայրենի Դեսպան» շքանշանին` Հայաստանի Սփիւռքի նախարարութեան կողմից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին: Նրա արծարծած թեմաները բազմազան են, որ արտայայտւում են իրավիճակի արձանագրումից ու լուսաբանումից` մինչեւ վերլուծութիւններ, եւ ազգի հանդէպ պատասխանատուութիւնից բխող` խնդիրների լուծման առաջարկներ:
Մտաւորական Ճէպէճեանի գրութիւններին առանցքում մշտապէս ինքնութեան պահպանումն է: Այս հարցում ինչ լուծումներ է տեսնում հարցիս ի պատասխան Հրայր Ճէպէճեանը պատասխանեց իր գրքի պատմութիւններից մէկով, որն իր խոստովանութեամբ ամենամօտն էր հոգուն: «Փարիզի «Շարլ Դը Գոլ» օդանաւակայանում էի, եւ Փարիզից մեկնում էի Բէյրութ: Աշխատակցուհուն անձնագիրս ներկայացնելիս ասացի «բոնժուր», ինչին ի պատասխան, երիտասարդ աղջիկն անձագիրս նայելուց յետոյ պատասխանեց. «Կարող էք նաեւ «բարի լոյս» ասել»: Անակնկալ էր իմ համար այս աղջկայ հայերէնի վարժ իմացութիւնն այն դէպքում, որ նա ծնուել ու մեծացել էր Փարիզում, սիրիահայերի ընտանիքում: Երբ հարցրեցի, թէ ինչպէս է, որ խօսում է վարժ հայերէնով մի համայնքում, որը հիմնականում ֆրանսախօս է՝ նա պատասխանեց. «Եթէ կ՛ուզես` կ՛ըլլայ»: Պատասխանը շատ պարզ էր եւ ունէր իր մէջ բովանդակութիւն, որ ենթադրում էր անձնական պատասխանատուութիւն եւ ինքնագիտակցութիւն: Նրա խօսքերը մխրճուեցին մտքումս, այս պատմութիւնը շատ խորհրդանշական էր, եւ նշանակում էր, որ մեր ազգային ինքնութիւնը պահպանումը եթէ ուզենք` կ’ըլլայ, մեր ձեռքում շատ բան կայ», համոզմունք յայտնեց Ճէպէճեանը` իւրովի պատասխանելով հարցիս: Նրա պատմութիւններից իւրաքանչիւրը խորհելու առիթ է տալիս, զգօնացնում եւ կրում գործելու առաջարկներ, ինչի համար, ըստ հեղինակի, կարեւոր գործիքակազմ է տեսիլքը, կամքն ու յոյսը: «Եռաբլուրի Պատգամը» յօդուածում հեղինակը նշում է. «Եռաբլուրի ցաւի մէջ կայ պատգամ, որ գալիս է նահատակուած տղաների անշնչացած մարմիններից, որն ասում է` հայրենիքը պէտք է պահել, հայրենիքը պէտք է կերտել», եւ ապա իր միւս յօդուածում նշում է, որ հայի փրկութիւնն իր խելքի մէջ է: «Չնայած պատահած աղէտներին, նոր ազգային պատեհութիւն կարող է մէջտեղ գալ, երբ կայ վերակազմակերպուած հայի խելքը, այն խելքը, որ կարող է ստեղծել միասնականութեամբ դրոշմուած ազգային միտքը, որը հային կը տայ ապրելու եւ հայրենիք կերտելու ռազմավարութիւնը, եւ իր իրաւունքը պահելու գրաւականը»:


Ճէպէճեանը նաեւ Աստուածաշնչեան իմաստնութիւններով է փորձում պատասխաններ գտնել ազգի առջեւ ծառացած խնդիրներին:
Այս մասին իրենց խօսքում անդրադարձան նաեւ գրքի շնորհանդէսի հիւրերը: Գլենդելի Հայ Նազովրեցի եկեղեցու վերապատուելի Սերոբ Մկրտիչեանն ընդգծեց, որ ձեռնարկը կազմակերպուել է հայ գրի եւ մշակոյթի ամսուայ շրջանակներում, ինչի առիթ է հանդիսացել Ճէպէճեանի գիրը: Այնուհետեւ նա բեմ հրաւիրեց Երեմիա վրդ. Աբգարեանին, ով ներկաներին փոխանցեց Հայաստանեայց առաքելական եկեղեցու Արեւմտեան Ամերիկայի թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի խօսքը: «Հրայր Ճէպէճեանի գրական գործունէութիւնից մշտապէս լոյս է ճառագում, քանզի նրա գրուածքները բխում են հոգեւոր, իմացական եւ հոգեւոր մտահոգութիւններից: Այդպիսի բնութագիր ունի նաեւ սոյն ժողովածոն, որը կարեւոր է մեր հոգեւոր եւ ազգային կեանքի համար, եւ հանգրուան է դոկտորի գրական եւ ստեղծագործական ճանապարհին: Ժողովածուն ընթերցւում է մեծ հետաքրքրութեամբ եւ կարծես խտացնում է մի կողմից հեղինակի եւ միւս կողմից` մեր ազգի բուռն տարիներն ու ընթացքը»: Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանի ողջոյնի խօսքը յայտնեց Արսէն քհնյ. Գասապեան: «Մեր սիրելի բարեկամ դոկտոր Ճէպէճեանը շարունակում է մեզ իր մտածումներին եւ խորհրդածութիւններին հաղորդ դարձնել` իրաւայաջորդ գրքերով, որից վերջինը բովանդակում է հայկական ազգագրական պատկերների փունջը, որտեղ ի յայտ են գալիս հայ ազգի կեանքում բանալի դեր կատարող երեք կարեւոր երեւոյթներ` տեսիլք, կամք եւ յոյս, որ խորագրի մաս են կազմում իրենց էական յատկանիշների համար: Գրքից պարզ է դառնում, որ դոկտոր Ճէպէճեանն այս երեք բառերի վրայ է խարսխել իր ճամբորդական փորձառութիւնները, որոնք հարուստ են, հայկական են, հոս հոն ցրուած ազգի զաւակների ներկայ կեանքի պատառիկներն են` հետեւաբար նաեւ ազգագրական են, պատումներ, որոնք նա փռից նոր դուրս եկած տաք հացի նման համով հոտով ներկայացնում է մեզ` հայութեան ամենահեռաւոր բեկորների կեանքից դրուագներ հրամցնելով իր ընթերցողներին: Տեղին է նշել, որ դոկտորը կարծես ամբողջ աշխարհն իր ափի մէջ է դնում եւ աշխարահքաղաքացի հայութեանը դրուագներ է պատմում մի քանի էջի սահմաններում` միջինարեւելեան երկրներից հասնելով Եռաբլուր, Նորվեգիա եւ Ճապոնիա, Ամերիկա եւ Հունգարիա: Տեսակ-տեսակ հայեր են` հոգեւոր դաշտում կամ կառավարութիւններում, կամ հայ մանուկ ու ոչ հայախօս հայ ուսանող, ում հետ նա զրոյցի է բռնւում, որտեղ հանդիպում է, ապա գրի է առնում իր փորձառութիւնները եւ այդ բոլորը հաղորդում է մեզ իր խորհրդածութիւնների հետ միասին, որոնք ազգային, հայրենական եւ սփիւռքեան բազմաթիւ տագնապների են առնչւում, որովհետեւ նրանց հեղինակը միշտ կառչած է մնում հայութեան ոգեղէն եւ յաւիտենական արժէքներին` ինչպէս հայրենի հող, քրիստոնէական հաւատ, եւ մշակոյթ»: Սրբազանը գրքի առիթով նաեւ շնորհաւորանքներ էր յղել գրքի խմբագրող եւ համադրող` Հրայր Ճէպէճեանի կեանքի ընկերոջը` դոկտոր Արտա Ճէպէճեանին:


Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան աւագ հովիւ, վերապատուելի Հենրիկ Շահնազարեանն էլ յիշեց, որ առաջին անգամ դոկտոր Ճէպէճեանին հանդիպել է աւետարանական եկեղեցու ժողովների ժամանակ եւ մեծապէս տպաւորուել է. «Իմաստութեամբ եւ քաջութեամբ, Հրայրը միշտ ժողովներին իր կառուցողական կարծիքներն է յայտնել: Եթէ լուրջ հարցեր են արծարծուել, միշտ սպասել եմ, որ Ճէպէճեանն ասելիք կ՛ունենայ, եւ տակաւին տեսնում եմ այդ յատկութիւնն իր գրութիւնների մէջ էլ: Դոկտորին կարելի է համարել Աստծոյ այն ծառաներից, ում տրուել են բազմազան տաղանդներ, եւ ինքը դրանք զարգացրել եւ ի սպաս է դրել ե՛ւ եկեղեցուն, ե՛ւ մեր ժողովրդին»:
«Հայկական Ազգագրական Պատկերներ` Տեսիլք, Կամք Եւ Յոյս» խորագրով գիրքը ներկայացրեց Հրայր Ճէպէճեանի 45 տարուայ ընկերը` իրաւաբան Ռուբէն Աւշարեանը: «Միշտ հետեւել եմ դոկտոր Ճէպէճեանի գրութիւններին, որոնք ինչպէս այս հատորը, սփիւռքահայ իրականութիւնից քաղուած արձանագրութիւններ են` անհատական, ազգային, հոգեւոր, գաղափարական, մարդասիրական, բարոյական ու կրօնագիտական նիւթերով: Գրքի գլխաւոր կերպարները մարդիկ են, ովքեր ապրում են խաղաղ եւ բարգաւաճ հայրենիք ունենալու համար, հայ ազգային ինքնութիւնը պահպանելու եւ քրիստոնէական հզօր հաւատքով տոգորուած: Հրայրի համոզմամբ, ազգային յաջողութիւնների կարող ենք հասնել, եթէ ունենանք հաւաքական հաւատք, նուիրում եւ միակամ աշխատանք», իր խօսքում նշեց Աւշարեանը:


Յատկանշական է, որ Հրայր Ճէպէճեանը գիրքը ձօնել է թոռնուհուն` Լիլի Ճէպէճեանին, նրան պատգամելով, որ «հայի պատմութիւնը նրա կեանքը լցնի սիրով, յոյսով եւ լոյսով»: Գրքի նախաբանում իրենց տպաւորութիւններն ու կարծիքներն են յայտնել Հայաստանի եւ Սփիւռքի տարբեր համայնքների մտաւորականներ, որտեղ ընդգծւում է, որ Սփիւռքը շարունակում է գոյատեւել` խարսխուելով բացառիկ հզօր անհատների ուսերին, որոնցից մէկն էլ`դոկտոր Ճէպէճեանն է: Եւ նրա մասին թերեւս լաւագոյն ամփոփումը տալիս է կինը` դոկտոր Արտա Ճեպենճեանը: «Հրայր Ճէպէճեանը հպարտ է, որ հայ է ծնուել: Ակներեւ է` «Ազգագրական Պատկերներ»ի մէջ, որ նա փնտռում է հային, սիրում է հային` նրա լեզուն, պատմութիւնը, եւ մշակոյթը, ըմբոշխնում է հայի հետ զրուցելը, հիանում է հայի ստեղծագործ մտքի եւ վերապրելու համոզմունքի վրայ»,
Լոս Անջելեսում ձեռնարկի ժամանակ, Հրայր Ճէպէճեանի բացառիկ գործունէութեան մասին ընդգծեցին նաեւ ներկայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց թւում էին դիւանագէտներ, արուեստագէտներ, մտաւորականներ:
Միջոցառման գեղարուեստական յայտագրում հնչեցին հայ դասականների ստեղծագործութիւնների կատարումներ. տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: