

Տարուայ այս շրջանում, կաղամբը թթուեցնելու եւ վայելելու իսկական ժամանակն է, իսկ մենք յիշեցնենք թթու կաղամբի օգտակար յատկութիւնները:
Թթու կաղամբը բարելաւում է մարսողութիւնը՝ պարունակուող »պրոբիոտիկ«ների շնորհիւ, որոնք օգնում են կլանել սննդանիւթերը, ինչպէս նաեւ վիտամինները (կենսանիւթերը) եւ հանքանիւթերը: Թթուացրած կաղամբը աղիներում թթուային միջավայր է ստեղծում եւ արգելում վնասակար միկրոօրգանիզմների աճը: Իսկ երբ միկրոֆլորան առողջ է, դիմադրողականութիւնը աւելի բարձր է լինում:
Հետազօտութիւնների ցոյց են տալիս, որ ֆերմենտացուած (թթուեցուած) կաղամբը նուազեցնում է բորբոքումները, աջակցում բջիջների բնական աշխատանքին, բարելաւում է մաշկի վիճակը, հակաօքսիդանտների աղբիւր է:
Թթուեցրած կաղամբը օգնում է ստանալ անհրաժեշտ վիտամիները եւ իր հերթին պարունակում է վիտամինների եւ հանքանիւթերի մեծ ցանկ: Կաղամբի թթուն նաեւ հարուստ է կաթնաթթուով, որն օգնում յաղթահարել աղիքային հիւանդութիւնները: Նաեւ ապացուցուել է, որ այս հրաշալի մթերքի շնորհիւ կարելի է իջեցնել արեան մէջ խոլեստերինի մակարդակը եւ նոյնիսկ նուազեցնել ուռուցքների առաջացման հաւանականութիւնը: Բացի այդ, կաղամբի թթուի աղաջուրն օժտուած է օրգանիզմը մաքրելու յատկութեամբ եւ նպաստում է արագ նիհարելուն: Այն պարունակում է մեծ քանակութեամբ տարտրոնաթթու, որը կանխում է ճարպաշերտերի կուտակումը:
Որքա՞ն յաճախ պէտք է թթու կաղամբ ուտել:
Բժիշկները խորհուրդ են տալիս ամէն օր ուտել ֆերմենտացուած մթերքներ: Սակայն պէտք է հաշուի առնել, որ չափաբաժինը կարող է ստամոքային գազեր առաջացնել:
Որոշ հիւանդութիւնների դէպքում կաղամբի թթուն կարող է վնասակար լինել, քանի որ պարունակում է մեծ քանակութեամբ օրգանական թթուներ եւ աղ: Այդ իսկ պատճառով այն հակացուցուած է ենթաստամոքսային գեղձի եւ վահանաձեւ գեղձի հիւանդութիւնների, արեան գերճնշման, լեղապարկում քարերի առկայութեան եւ երիկամային անբաւարարութեան դէպքում:
Բացի այդ, հարկաւոր է զգուշանալ նաեւ գաստրիտի, ստամոքսի եւ տասներկումատնեայ աղիքի խոցային հիւանդութեան դէպքում: