«ԵԹԷ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ ՄՏՆԻ Ե. ՄԻՈՒԹԻՒՆ, ԴԱ ԿԸ ՆՇԱՆԱԿԻ, ՈՐ ՈՉ ԹԷ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒՐՈՊԱԿԱՆԱՑԱՒ, ԱՅԼ ԵՒՐՈՊԱՆ ԹՈՒՐՔԱՑԱՒ», ԱՍՈՒՄ Է ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆԸ
Հայաստանի վարչապետը Դեկտեմբերի 11ին «Ֆայնէնշըլ թայմզ» ազդեցիկ թերթին տուած հարցազրոյցում ասել էր, որ Հայաստանը կողմնակից է Եւրոմիութեանը Թուրքիայի անդամակցութեանը, քանի որ դա կարող է բարելաւել եւ յաղթահարել Անգարայի եւ Երեւանի միջեւ լարուած յարաբերութիւնները:
«Ես կարծում եմ, որ մեզ համար լաւ կը լինի, եթէ Թուրքիայի՝ Ե. Միութեան անդամակցելու ցանկութիւնը բաւարարուի: Միգուցէ մեր՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրները կարող են լուծում գտնել ԵՄ շրջանակներում», ասել էր վարչապետ Սերժ Սարգսեանը:
Աւելի՛ն. նա յստակ դրական ուղերձներ էր յղել առ Անգարա՝ յոյս յայտնելով, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման առաջարկներ կ՚անի ընտրութիւններից յետոյ: Ակնարկելով Թուրքիայի վարչապետ Ռեչէփ Թայիփ Էրտողանին, Սերժ Սարգսեանն ասել էր. «Ես ճիշդ չեմ համարում ասելը, որ Էրտողանը շահագրգռուած չէ Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու հարցում»: Սարգսեանը, իրեն համարելով լաւատես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները բարելաւելու հարցում, հռետորական հարց է տուել է. «Վերջ ի վերջոյ, ի՞նչ ենք մենք շահում, ի՞նչ են շահում թուրքերը ներկայ իրավիճակից: Անգամ Սառը պատերազմի տարիներին, երբ Հայաստանը Խորհրդային Միութեան մաս էր կազմում, իսկ Թուրքիան ՆԱԹՕի անդամ էր, մենք որոշակի յարաբերութիւններ ունէինք Թուրքիայի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղի է կառուցուել, երկու երկրների միջեւ բարձր լարման ելեքտրագիծ է անցկացուել: Յարաբերութիւններ հաստատելու իմ ցանկութիւնը ինչո՞ւ պէտք չէ լինի տրամաբանական», հռետորական հարց էր տուել վարչապետ Սարգսեանը:
ԵՄն, որի անդամ երկրների եւ հասարակութիւնների մի մասը դէմ է կամ լուրջ վերապահումներ ունի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցութեանը, ողջունել է վարչապետ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը, ըստ որի, Հայաստանը կողմ է այդ կառոյցին Թուրքիայի անդամակցութեանը: Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեպին Դեկտեմբերի 19ին Երեւանում ասաց, որ նման յայտարարութիւնները կարող են նպաստել Երեւանի եւ Անգարայի միջեւ գոյութիւն ունեցող լարուած յարաբերութիւնների բարելաւմանը:
Սեմնեպին նշեց, որ հարաւային Կովկասում փակ սահմանների առկայութիւնը զարտուղութիւն է, որն առաջացնում է փոխադրամիջոցների բարդութիւններ, լարուածութիւն ժողովուրդների միջեւ եւ անբարենպաստ քաղաքական մթնոլորտ եւ Հայաստանի շահերից է բխում Թուրքիայի դերակատարութեան մեծացումը հարաւային Կովկասում եւ նրա մասնակցութիւնը տարածաշրջանային զարգացմանը: Թուրքիան, ինչպէս նշեց Սեմնեպին, առնուազն երեք նախապայման է առաջ քաշել Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման համար. Հայաստանը պէտք է տարածքային պահանջներ չունենայ Թուրքիայից, հրաժարուի ատրպեճանական տարածքներից եւ դադարեցնի Հայկական Ցեղասպանութեան ճանաչման միջազգային քարոզարշաւը: Սեմնեպին դրական գնահատեց Թուրքիայի վարչապետ Էրտողանի՝ Հայաստանի նախագահին արուած առաջարկը՝ 1915թ.ի դէպքերն ուսումնասիրելու նպատակով պատմաբանների յանձնաժողով ստեղծելու վերաբերեալ:
Փիթըր Սեմնեպին որեւէ կերպ խուսափեց յստակեցնելու, թէ ինչո՛ւ է հայ-թուրքական սահմանը փակ, ով է փակել այդ սահմանը, որեւէ կերպ չյիշատակեց, որ Հայաստանի նախագահը պատասխան նամակ է յղել Էրտողանին՝ առաջարկելով ստեղծել հայ-թուրքական միջկառավարական յանձնաժողով՝ պատմաբանների յանձնաժողով ստեղծելու փոխարէն, քանի որ Երեւանի եւ Անգարայի միջեւ խնդիրները քաղաքական են եւ պատմաբանները ասելիք չունեն, աւելի ճիշդ՝ իրենց ասելիքն ասել են վաղուց:
Թէեւ պաշտօնական Երեւանը երբեք էլ դէմ չի արտայայտուել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցութեանը, սակայն այնպիսի ակնյայտ աջակցութիւն, ինչպէս արտայայտել է Հայաստանի վարչապետը, երբեք չի եղել: Այս կեցուածքը զարմացրել է Հ.Յ.Դ.ին, որը վերջին ինը տարիների այս կամ այն կերպ կառավարութեան մաս է կազմել եւ համագործակցել Հանրապետականի հետ: Թէեւ դաշնակցական գործիչները յստակ չեն յայտարարել, որ համաձայն չեն վարչապետի տեսակէտների հետ, իրենց հրապարակային ելոյթներում չեն թաքցնում զարմանքը:
Հայաստանի Ազգային ժողովում Դեկտեմբերի 19-20ին անցկացուեցին խորհրդարանական լսումներ «Հայ-թուրքական յարաբերութիւններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որի նախաձեռնողը արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովը եւ նրա նախագահ Արմէն Ռուստամեանն էր: Իշխող Հանրապետական կուսակցութիւնը այդ լսումներին միայն մէկ ելոյթ ունեցաւ՝ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսեանը: Հանրապետականի հետ քոալիսիոն կազմող «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնից ոեւէ մէկը ելոյթ չունեցաւ այդ լսումներում, ինչը ցոյց է տալիս այդ երկու կուսակցութիւնների վերաբերմունքի լրջութիւնը հայ-թուրքական յարաբերութիւնների նկատմամբ ընդհանրապէս:
Նախագահի դաշնակցական թեկնածու, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Յովհաննիսեանը իր ելոյթում ասաց, որ Թուրքիան բռնապետութեան եւ ամբողջատիրութեան դասական օրինակ է, որը փորձում է վերահսկողութեան տակ պահել ոչ միայն ներկան, այլեւ՝ անցեալը: Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամը նկատեց, որ քանի դեռ մարդասպաններին՝ Թալէաթին, Էնվէրին եւ Ճեմալին թուրք ժողովուրդն ընկալում է որպէս ազգային հերոսներ, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում անիմաստ է առաջընթաց ակնկալել: Վահան Յովհաննիսեանի ասելով՝ այսօրուայ, այս Թուրքիայի անդամակցութիւնը ԵՄին կը լինի Եւրոպայի պարտութիւնը, քանի որ դա կը նշանակի, որ ոչ թէ Թուրքիան ընդունեց եւրոպական արժէքային համակարգը, այլ Եւրոպան՝ իր համար օտար արժէքային համակարգ:
Հ.Յ.Դ. Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը իր ելոյթում ասաց, որ հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ ճգնաժամի բուն պատճառը գտնելու բանալին թաքնուած է հէնց Թուրքիայի կողմից այդ յարաբերութիւնների հաստատման համար Հայաստանին ներկայացուող նախապայմանների մէջ: Ռուստամեանը անընդունելի համարեց Անգարայի կողմից Երեւանին առաջադրուող նախապայմանները, որոնք բանախօսի ասելով՝ չորսն են. «Միակողմանիօրէն ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը Կարսի պայմանագրի կրկնակի վաւերացման միջոցով, ապահովել Նախիջեւանի տարածաշրջանի ապահով կապը Ատրպէյճանի մնացած տարածքի հետ, դադարեցնել Հայկական Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը, լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ զօրքերը դուրս բերելով Ղարաբաղից եւ յարակից տարածքներից»:
«Մեծագոյն անհեթեթութիւնն այն է, որ Թուրքիան, մի կողմից խուսափելով Ցեղասպանութեան ճանաչումից, իսկ միւս կողմից՝ ձգտելով խափանել միջազգային դատարանում գործի հնարաւոր քննութիւնը, ստանձնել է մարդկութեան դէմ գործուած ոճիրը դատապարտողներին դատապարտողի դերը», ասաց Ռուստամեանը:
Լրագրողների հարցերին պատասխանելիս Արմէն Ռուստամեանը նշեց, որ եթէ այսօրուայ Թուրքիան մտնի ԵՄ, դա կը նշանակի, որ ոչ թէ Թուրքիան եւրոպականացաւ, այլ Եւրոպան թուրքացաւ: «Մենք չենք ուզում թուրքացած Եւրոպա, մենք ուզում ենք եւրոպականացած Թուրքիա», նշեց նա:
Երկօրեայ լսումների ընթացքում եղան աւելի քան երկու տասնեակ զեկոյցներ, որոնցում հայ-թուրքական յարաբերութիւններին անդրադարձ եղան տարբեր ձեւերով: Ցաւօք, թուրքական կողմից, չնայած հրաւէրին, ոչ մէկը չէր ներկայացել: Չնայած դրան, խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովը եւ նրա նախագահ Արմէն Ռուստամեանը կարծում են, որ հայ-թուրքական լսումները արդարացրին սպասելիքները, եւ համապատասխան հայեցակարգ մշակելու համար առկայ է հարուստ նիւթ: Ռուստամեանի ասելով՝ լսումների ամփոփման եւ եզրակացութեան մշակման նպատակով յանձնաժողովը առաջիկայ օրերին կը ստեղծի հայ-թուրքական յարաբերութիւնների ենթայանձնաժողով, որում կ՚ընդգրկուեն ոչ միայն պատգամաւորներ, այլեւ՝ մասնագէտներ: Մշակուելիք եզրակացութիւնը պէտք է ներառի հայեցակարգային հիմնադրոյթներ եւ համաձայնեցուած լինի Հայաստանի արտաքին գերատեսչութեան հետ: «Դա կը լինի մի մեկնարկային փաստաթուղթ, որն ուղղութիւն կը տայ մեր քայլերին՝ թէ՛ օրէնսդիր, թէ՛ գործադիր մակարդակով», ասաց Ռուստամեանը: