

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի կենտրոնում շուրջ վեց տարի գործող Tinker Club-ը («Թինքեր ակումբ»ը) յայտարարեց խոշոր յաջողութեան մասին` ակումբի սաներն առաջին անգամ մասնակցեցին First Lego League Challenge (FLL) մրցոյթին եւ գրաւեցին առաջին հորիզոնականները: «Ռոբոտաշինութեան (մարդ-մեքենայի կառուցման) այս հեղինակաւոր մրցոյթին մասնակցում էինք երկու խմբով` տղաների եւ աղջիկների, 9-14 տարիքային խմբերում: Մրցոյթն ունի մի քանի փուլ, սկսած տեղական մակարդակից մինչեւ միջազգային: Այս փուլում մենք մրցում էինք Լոս Անջելեսի մարզի ներքոյ գործող տարբեր խմբերի հետ, եւ գրաւեցինք` աղջիկներն առաջին եւ տղաները երրորդ տեղերը: Սա մեծ յաղթանակ է, քանի որ 28 տարուայ ընթացքում հայկական որեւէ խումբ երբեւէ չէր մասնակցել այս մրցոյթին», պատմում է «Թինքեր ակումբ»ի հիմնադիր-տնօրէն Մելինէ Զոհրաբեանը:

Մրցոյթը ներառում էր չորս բաժին` ստեղծարար ձեւաւորում (creative design), խմբային աշխատանք (teamwork), ռոբոտային խաղ (robotic game) եւ հետազօտութիւն (research): Յաջորդ փուլը` մարզային մակարդակով, տեղի է ունենալու Դեկտեմբերի 15ին, Լա Քանեադա աւագ դպրոցում: Մուտքն ազատ է, եւ ցանկացողները կարող են մասնակցել եւ աջակցել հայ պատանիներին: «Սա նաեւ հիանալի առիթ է ռոբոտաշինութեամբ հետաքրքրուող երեխաների համար ծանօթանալու ոլորտին, ականատես լինելու, թէ ինչպէս են «Թինքեր ակումբ»ի սաները լուծում իրական խնդիրներ եւ ոգեշնչուելով, իրենք էլ ներգրաւուելու», նշում է Զոհրաբեանը:
Tinker Club-ը հիմնադրուել է 2018 թուականին, առաքելութեամբ` զարգացնել երեխաների քննադատական մտածողութիւնն ու խնդիրների լուծման հմտութիւնները: «Յաջողութեան ճանապարհը սկսւում է երիտասարդ տարիքից: Մենք ձգտում ենք երեխաների մէջ վստահութիւն եւ համագործակցութեան ոգի սերմանել հաղորդակցութեան եւ գիտութեան միջոցով», նշում է ակումբի հիմնադիրը:
Tinker Club-ի ուսումնական ծրագիրը ներառում է գործնական գիտութիւն, կոդաւորում (գաղտնագրում, կանոնագրում), ռոբոտաշինութիւն եւ 3D ձեւաւորում, ինչպէս նաեւ` հրապարակային խօսքի հմտութիւններ:
Յաջողութիւն ենք մաղթում Tinker Club-ի սաներին առաջիկայ պատասխանատու մրցոյթում: