

Ոչ ոք չի սիրում փորկապութեան մասին խօսել, բայց գրեթէ բոլորը, ժամանակ առ ժամանակ, ունենում այդ խնդիրը: Այսօրուայ մեր մի քանի խորհուրդները կարող են օգնել խուսափել դրանից:
Երբ սնունդը անցնում է հաստ աղիքի միջով, մարմինը ջուր է կլանում դրանից: Ինչքան շատ ջուր խմենք, այնքան աւելի սահուն կը լինի աղիքի աշխատանքը ու կը կանխէք փորկապութիւնը:
Խնդիրը յաճախ առաջանում է բջջանիւթով կամ ճարպերով ցածր սննդակարգի, ֆիզիկական վարժութիւնների պակասի եւ բաւականաչափ հեղուկ չխմելու պատճառով:
Փորկապութեան պատճառ կարող են լինել լուծողական դեղամիջոցների չարաշահումը կամ այլ դեղամիջոցների կողմնակի ազդեցութիւնը:
Եթէ ձեր աղիքների աշխատանքը դանդաղում է, ապա հարկաւոր չէ շտապել լուծողական դեղամիջոց գնելու համար: Փոխարէնը վերանայէք ձեր սննդակարգը:
Որոշ բնական միջոցներ կարող են օգնել այս հարցում։ Նախ պէտք է սկսել սննդակարգից։ Մասնագէտները խորհուրդ են տալիս օրական օգտագործել մօտ 22-34 գրամ բջջանիւթ կամ սննդային մանրաթելեր, որոնք ընդհանուր առմամբ լինում են երկու տեսակի՝ լուծուող ու չլուծուող։ Չլուծուող մանրաթելերը պարունակւում են ցորենի թեփի, ամբողջահատիկների, բանջարեղէնի կազմում, մեծացնում են կղանքի ծաւալն ու օգնում, որ այն աւելի արագ ու թեթեւ անցնի մարսողական համակարգով։ Վարսակի թեփի, գարու, ընդեղէնի, սերմերի, լոբու, ոսպի ու ոլոռի, որոշ մրգերի ու բանջարեղէնի կազմում առկայ լուծուող մանրաթելերը ներծծում են ջուրն ու դոնդողանման զանգուած ձեւաւորում, որը փափկացնում է կղանքը։ Չֆերմենտացուած (չխմորուած) սննդային մանրաթելերը, ինչպիսին փսիլիումն է, փորկապութեան բուժման լաւագոյն տարբերակն են։
Ապրելակերպի պարզ փոփոխութիւնները կարող են բարելաւել ձեր սննդակարգը եւ օգնել ազատուել փորկապութիւնից:
– Սննդակարգում աւելացրէք բանջարեղէնը. օրեկան 2 բաժակ միրգ եւ 2 1/2 բաժակ բանջարեղէն:
– Հացահատիկը. սպիտակ հացը, սպիտակ բրինձը եւ սովորական մակարոնեղէնը փոխարինէք ամբողջական հացահատիկի հացով, ամբողջական ցորենի մակարոնով եւ շագանակագոյն բրնձով: Հացահատիկ գնելիս ընտրէք ապրանքանիշեր, որոնք մէկ չափաբաժնի համար ունեն առնուազն 5 գրամ մանրաթել:
– Միսը փոխարինէք լոբիով կամ լոբազգիներով:
– Սննդի մէջ աստիճանաբար աւելացրէք մանրաթելերը։ Եթէ դուք շատ արագ աւելացնում էք բջջանիւթը, կարող էք զգալ փքուածութիւն եւ գազեր: Եղէք համբերատար, ձեր մարմնին կարող է ժամանակ պահանջել յարմարուելու համար:
– Եթէ դժուարանում էք ձեր սննդակարգում բաւարար քանակութեամբ բջջանիւթ ստանալ, կարող է օգնել սննդային յաւելումը (supplement): Օգտագործելուց առաջ խօսէք ձեր բժշկի հետ, քանի որ դրանք կարող պակասեցնել որոշ դեղամիջոցների արդիւնաւէտութիւնը:
– Շատ ջուր խմէք եւ եղէք ֆիզիկապէս ակտիւ (աշխուժ): Եթէ փորկապութիւնը չի անցնում սննդակարգի, ապրելակերպի փոփոխութիւնների, լուծողականների միջոցով, ապա բժշկի ցուցումով կարող են իրականացուել որովայնի խոռոչի պատկերային հետազօտութիւններ, կոլոնոսկոպիա՝ պարզելու համար փորկապութեան առաջացման պատճառները։