Բուռն քննարկումներով, հետաքրքիր հանդիպումներով ու բազմակողմանի շփումներով է անցել Միջազգային սոցիալիստ (ընկերվարական) երիտասարդների միութեան (ՄՍԵՄ, IUSY)) գլխաւոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանի աշխատանքային այցը Իրաքեան Քուրդիստանում: Աբրահամեանն oրեր առաջ՝ Դեկտեմբերի 13-17ին, աշխատանքային այցով Իրաքեան Քուրդիստանում է գտնուել:
Նա Yerkir.am-ին պատմեց այնտեղ անցկացրած հանդիպումների մասին, որոնց նպատակը մէկն է եղել՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարւում այնտեղ, ստանալ տեղեկութիւններ՝ գործընկերների, անդամ կազմակերպութեան կողմից եւ ցուցաբերել քաղաքական աջակցութիւն:
«Հանդիպումներ տեղի ունեցան Իրաքեան Քուրդիստանի կառավարութեան ներկայացուցիչների հետ, մասնաւորապէս գիւղատնտեսութեան նախարարութեան նախարարի եւ անձնակազմի հետ, Քուրդիստանի Հայրենասիրական միութիւն կուսակցութեան (ՔՀՄ) խորհրդարանական խմբակցութեան անդամների հետ, ՔՀՄի փոխնախագահի հետ, ՔՀՄի երիտասարդական թեւի ներկայացուցիչների հետ, ՔՀՄի արտաքին յարաբերութիւնների պատասխանատուի, տարբեր բնոյթի ոչ-կառավարական հասարակական կազմակերպութիւնների հետ։ ՔՀՄ կուսակցութիւնը, որի երիտասարդական թեւը անդամակցում է ՄՍԵՄի, Քուրդիստանի համախոհական կառավարութեան մաս է կազմում։ Այս կուսակցութիւնը ձգտում է քաղաքականացնել Քուրդիստանի երիտասարդներին, որպէսզի նրանք աշխոյժ մասնակցութիւն ունենան քաղաքացիական հասարակութեան ստեղծմանը եւ ժողովրդավարութեան ամրապնդմանը։ Քանի որ քուրդ ժողովուրդը երկար տարիների բռնաճնշումներից յետոյ հասել որոշակի ինքնիշխանութեան, կարեւոր էր հասկանալ այսօրուայ մարտահրաւէրները եւ նրանց ցոյց տալ աջակցութիւն ժողովրդավարութեան կայացման գործում, որպէսզի ՄՍԵՄը միջազգային հարթակներում կարողանայ պաշտպանել քուրդ ժողովրդի հիմնարար իրաւունքները, մասնաւորապէս՝ ինքնորոշման եւ սեփական երկրում իր սեփական կամքը արտայայտելու», ասաց Աբրահամեանը:
Հարցին, թէ ի՞նչ վերաբերմունք ունէին քաղաքական գործիչներն ու մարդիկ՝ Արցախեան հարցի եւ բռնի տեղահանուած արցախահայութեան վերաբերեալ, Աբրահամեանը նկատեց. «Ես առաջին հերթին Քուրդիստանում էի գտնւում ի պաշտօնէ՝ որպէս ՄՍԵՄի գլխաւոր քարտուղար, սակայն իմ հայ եւ ՀՅԴ անդամ լինելը չէր կարող քրդական միջավայրում աննկատ մնալ։ Բնականաբար խօսուեց հայ եւ քուրդ ժողովուրդների բարեկամութեան եւ յարաբերութիւնների եւ մեր ընդհանուր շահերի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի բռնաճնշումները հայ եւ քուրդ ժողովուրդների նկատմամբ ընդհանուր են եւ այս ժողովուրդները վայելում են ՄՍԵՄի աջակցութիւնը իրենց իրաւունքների վերականգնման մէջ: Արցախահայ թէ քուրդ, պաղեստինցի թէ Արեւմտեան Սահարայի ժողովուրդ, միեւնոյն է. մենք պաշտպանում ենք ճնշուած ժողովրդների իրաւունքները, որովհետեւ յստակ դիրքորոշում ունենք, որպէս ՄՍԵՄ, որ իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ազատ ու անկախ ապրել իր հայրենիքում», շեշտեց Աբրահամեանը:
Զուգահեռներ անցկացնելով քուրդ եւ հայ երիտասարդութեան մէջ, Աբրահամեանը նկատեց՝ նրանց ու հայ երիտասարդների միջեւ բաւականին նմանութիւն կան: Երիտասարդները պայքարում են իրենց երկրի ու հայրենիքի համար: Քուրդ երիտասարդները ցանկութիւն ունեն ամուր կապէր հաստատել հայ երիտասարդների հետ:
Խօսելով յետագայ անելիքների մասին՝ Աբրահամեանը շեշտեց, որ եկող տարուայ ընթացքում ծրագրում են աւելի մեծ միջոցառումներ անցկացնելով՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնն աւելի շատ ուղղել դէպի Իրաքեան Քուրդիստանի տարածաշրջան, բարձրաձայնել երիտասարդների ու կանանց իրաւունքների խնդիրները: «Միաժամանակ պէտք է հզօրացուի ՄՍԵՄ մեր գործընկերի դերը», եզրակացրեց նա: