2007թ. Նոյեմբերի 29-30ը Մատրիտում կայացած Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) 56 անդամ երկրների արտգործնախարարների տարեկան հանդիպմանը Մինսքի խմբի համանախագահութիւնը Երեւանին եւ Պաքուին ներկայացրել է ղարաբաղեան կարգաւորման գրաւոր, պաշտօնական երեք էջանոց փաստաթուղթ, որում ամրագրուած են հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմնական սկզբունքները: Այդ փաստաթղթի բովանդակութեանը մենք մանրամասն կ’անդրադառնանք ստորեւ, իսկ մինչ այդ շատ հակիրճ ներկայացնենք հակամարտութեան կողմերին մինչեւ այսօր ներկայացուած նախկին բոլոր առաջարկների բովանդակութիւնը, որպէսզի աւելի դիւրին լինի համեմատել, թէ օրինակ, ինչ էր առաջարկւում 1997 թուականին, 2001թ. Քի Ուեսթում եւ ինչ է առաջարկուել Մատրիտում:
Նախապէս ասենք, որ մենք այս վերլուծականում չենք առաջնորդուելու «հայրենասիրական-դաւաճանական», «յաղթողական-պարտուողական» եւ նմանօրինակ չափանիշներով: Տողերիս հեղինակի համար բացարձակապէս նշանակութիւն չունի, թէ ինչ է գրուել Հայաստանի նախկին կամ ներկայ իշխանութիւնների՝ ղարաբաղեան քաղաքականութեան մասին: Մենք առաջնորդւում ենք փաստաթղթերը համեմատելու, այլ ոչ անհատներին համեմատելու սկզբունքով: 1994 թուականի Մայիսեան հրադադարից յետոյ, ԵԱՀԿ Մինսքի խումբը, աւելի ճիշդ՝ եռանախագահութիւնը (Ռուսաստան, Միացեալ Նահանգներ եւ Ֆրանսիա) առաջին գրաւոր, պաշտօնական փաստաթուղթը հակամարտութեան կողմերին ներկայացրել է 1997 թուականի Յուլիսին: Կարգաւորման երկրորդ փաստաթուղթը ներկայացուել է նոյն թուականի Դեկտեմբերին, երրորդը՝ 1998թ. Նոյեմբերին, երբ արդէն նախագահը Ռոպերթ Քոչարեանն էր: Այս երեք փաստաթղթերը 2001 թուականի Փետրուարին գաղտնազերծուել, տպագրուել է մամուլում: Չորրորդ փաստաթուղթը, որին անհաւատալիօրէն մօտ են եղել կողմերը, ոչ պաշտօնական է, որը Երեւանին եւ Պաքուին ներկայացուել է 2001թ. Ապրիլին, Ֆլորիտայի Քի Ուեսթ քաղաքում: Ոչ պաշտօնական է եղել նաեւ նախագահներ Ռոպերթ Քոչարեանին եւ Իլհամ Ալիեւին 2006թ. Փետրուարին Փարիզի մերձակայ Ռամպույէ ամրոցում ներկայացուած երկուսուկէս էջանոց փաստաթուղթը, որում ամրագրուած էին կարգաւորման հիմնարար սկզբունքները: Հետագայում հէնց այս փաստաթուղթն է մնացել որպէս հիմք եւ որոշակի փոփոխութիւններով ներկայացուել հակամարտող կողմերին նախ Պուխարեսթում՝ 2006թ. Յունիսին, ապա եւ 2007թ. Նոյեմբերին, Մատրիտում, որը արդէն ձեւակերպուել է աշխատանքային, բայց պաշտօնական փաստաթուղթ:
Այսպիսով, մենք ունենք հինգ փաստաթղթեր, որոնք 1997-2007 թթ. ընթացքում ներկայացրել են միջազգային միջնորդները, որոնցից եւ ոչ մէկը հակամարտութեան երեք կողմերը միաժամանակ չեն ընդունել: 1997թ. «փաթեթային» առաջարկը մերժեց Ստեփանակերտը, ապա նոյն տարուայ Դեկտեմբերին ներկայացուած «փուլայինը» եւս մերժեց, իսկ 1998թ. «ընդհանուր պետութիւնը» անընդունելի համարեց Պաքուն: Հայկական կողմի պնդումով՝ Ատրպէյճանն է մերժել նաեւ 2001թ. Ապրիլին Քի Ուեսթում եւ 2006թ. Փետրուարին Ռամպույէում ներկայացուած առաջարկները: Այդ է պատճառը, որ Մինսքի խումբը անընդհատ այցելում է տարածաշրջան, կազմակերպում արտգործնախարարների եւ նախագահների մակարդակով բանակցութիւններ, որպէսզի կողմերը, որպէս բանակցութիւնների հիմք, ընդունեն ներկայացուած առաջարկներից մէկը: Մինչեւ այսօր, կողմերը չեն կարողացել պայմանաւորուել ներկայացուած որեւէ առաջարկութեան շուրջ: Ուշադրութիւն դարձրէ՛ք, խօսքը ոչ թէ վերջնական պայմանագրի, այլ որպէս բանակցութիւնների հետագայ հիմք կարգաւորման առաջարկի մասին է: Այսինքն, եթէ անգամ հակամարտող կողմերը ընդունելի համարեն ներկայացուած որեւէ տարբերակ, ապա դա դեռ չի նշանակում վերջնական լուծում, քանի որ անկարեւոր թուացող մէկ բաղադրիչը կարող է պատճառ դառնալ, որ վերջնական համաձայնութիւնը տապալուի:
Ո՞րն էր 1997թ. Յուլիսին ներկայացուած առաջարկութեան տրամաբանութիւնը: Երկու մասից կազմուած փաստաթուղթը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համընդգրկուն համաձայնագիրը», որն աւելի յայտնի է «փաթեթային» անունով, մինչեւ այսօր ներկայացուած առաջարկներից ամենաաննպաստն էր նախ եւ առաջ այն պատճառով, որ ամրագրում էր Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: Համաձայնագրով ղարաբաղեան ուժերը դուրս էին բերւում վերահսկելի եօթ շրջաններից վեցից, իսկ Լաչինը, որով պէտք է իրականացուէր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անխափան կապը, Ատրպէյճանը վարձակալութեամբ տրամադրում էր ԵԱՀԿին: Համաձայնագրի երկրորդ՝ «Կարգավիճակ» բաժնում, ճանաչւում էր Ատրպէյճանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը մնում է «պետական եւ տարածքային կազմաւորում Ատրպէյճանի կազմում», իսկ նրա «վարչական սահմանները գծւում են նախկին ԼՂԻՄ սահմաններով»:
Այս առաջարկութիւնը անընդունել էր ի սկզբանէ եւ Լեռնային Ղարաբաղը մերժեց: Երեւանը փաստաթուղթը ընդունում է որպէս բանակցութիւնների հիմք՝ ներկայացնելով բազմաթիւ առարկութիւններ, այդ թւում՝ «Հայաստանը չի կարող հարցի կարգաւորման հիմք ընդունել Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքը այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտուել Ատրպէյճան-Լեռնային Ղարաբաղ յարաբերութիւնները եւ չի յստակեցուել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը»:
1997թ. Դեկտեմբերին ներկայացուած նոր՝ «Լեռնային Ղարաբաղի զինուած հակամարտութեան դադարեցման համաձայնագիրը», որը աւելի յայտնի է «փուլային» անունով՝ մինչ այսօր հակամարտութեան կողմերին գրաւոր, պաշտօնապէս ներկայացուած եւ մամուլում տպագրուած միակ տարբերակն է, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խօսք չկայ: Կարգավիճակը թողնուած է բաց, ապագային: Միւս կողմից՝ փուլայինը միակ տարբերակն է, որում խօսք չկայ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան մասին: Այս տարբերակը ընդունելի էր համարում նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը եւ նրա քաղաքական թիմը:
«Փուլային» տարբերակով եւս Լեռնային Ղարաբաղի ուժերը դուրս են բերւում բոլոր շրջաններից, բացառութեամբ Լաչինի: Աւելի պարզ, Տէր Պետրոսեանը ընդունելի էր համարում եւ այսօր էլ շարունակում է ընդունելի համարել հէնց այս տարբերակը, որով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնւում էր ապագային:
Հայաստանի նախկին նախագահի հրաժարականից յետոյ, միջնորդները ներկայացնում են գրաւոր նոր՝ թուով երրորդ առաջարկութիւնը՝ «Լեռնային Ղարաբաղի զինուած հակամարտութեան համապարփակ կարգաւորման սկզբունքները», որն աւելի յայտնի է «Ընդհանուր պետութիւն» անունով: Երեւանը եւ Ստեփանակերտը ընդունելի համարեցին այս տարբերակը, թէեւ այն նախորդ երկուսից այնքան էլ չէր տարբերւում:
Փաստաթողթի հէնց սկզբում՝ կարգավիճակ բաժնում, ասւում էր, որ «Լեռնային Ղարաբաղը հանրապետութեան ձեւի պետական եւ տարածքային կազմաւորում է եւ Ատրպէյճանի հետ միասին կազմաւորում է ընդհանուր պետութիւն՝ նրա միջազգայնօրէն ճանաչուած սահմաններում, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները պէտք է ունենան Ատրպէյճանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» յատուկ նշումով»: Ոչ ուղղակիօրէն, բայց այս փաստաթուղթը, որը որպէս բանակցութիւնների հիմք ընդունեցին գործող իշխանութիւնները Ռոպերթ Քոչարեանի գլխաւորութեամբ, ճանաչում էր Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: Այս փաստաթղթով եւս Երեւանը եւ Ստեփանակերտը համաձայնւում էին հեռանալ եօթ շրջաններից վեցից, բացառութեամբ Լաչինի միջանցքի:
Որքան էլ այսօր գործող իշխանութիւնները պնդեն, որ իրենց ժամանակ առաջարկները ակնյայտ բարենպաստ էին, քան Տէր Պետրոսեանի ժամանակ, ակնյայտ է, որ Մինսքի խմբի ներկայացրած բոլոր փաստաթղթերն էլ, լայն իմաստով, անընդունելի են եղել Ստեփանակերտի համար նախ եւ առաջ այն պատճառով, որ հայկական կողմը համաձայնուել է ռազմական ուժերը դուրս բերել վերահսկելի եօթ շրջաններից վեցից: Աւելին, այն առաջարկը, որը այսօր դրուած է բանակցային սեղանին եւ որը հայկական կողմը համարում է «չարեաց փոքրագոյն», բայց ընդունելի որպէս բանակցութիւնների հիմք, շատ նման է այն տարբերակին, որի ջատագովն էր Տէր Պետրոսեանը:
Նախքան այն ներկայացնելը, յիշեցնենք, որ 1999-2001 թթ. հակամարտութեան կողմերը, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան, քննարկում էին տարածքների փոխանակման տարբերակները: 2001թ. Ապրիլին, Ֆլորիտայի Քի Ուեսթ քաղաքում Երեւանն ու Պաքուն չափազանց մօտ են եղել կարգաւորմանը, սակայն վերջին պահին Հայտար Ալիեւը մերժել է այդ տարբերակը: Տողերիս հեղինակը մօտիկից ծանօթացել է այդ առաջարկութեանը, որը որպէս ոչ պաշտօնական փաստաթուղթ դրուել է կողմերի քննարկմանը: Այդ փաստաթղթի երկրորդ կէտում յստակ ասւում էր, որ Լեռնային Ղարաբաղը միանում է Հայաստանին: Սա, անշուշտ, շատ լաւ կէտ էր, բայց ամէն բան իր գինն ունի: Դրա դիմաց Հայաստանը սկզբունքօրէն համաձայնուել էր ուժերը դուրս բերել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին յարակից վեց շրջաններից, բացի Լաչինից, այլ Մեղրիի տարածքով «գերիշխան միջանցք» տրամադրել Պաքուին, որպէսզի Ատրպէյճանը ցամաքային ճանապարհով անարգել կապուէր Նախիջեւանին: Այսօր էլ գործող իշխանութիւնները պնդում են, որ խօսքը չէր գնում Մեղրին տալու մասին, ինչը անշուշտ, ճիշդ է: Բայց փաստ է, որ Մեղրիով Ատրպէյճանին տրւում էր «գերիշխան ճանապարհ», եւ հէնց այդ պատճառով էր Իրանը այնքան անհանգստացած կարգաւորման ամերիկեան՝ Քի Ուեսթի տարբերակով, քանի որ, մեղմ ասած, խոցելի էր դառնում հայիրանական սահմանը:
Հայաստանի գործող իշխանութիւնները պնդում են, որ Մինսքի խմբի կողմից նախկինում՝ Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք ներկայացուած առաջարկները ի սկզբանէ անընդունելի էին, իսկ այն, ինչ առաջարկել են միջազգային միջնորդները 1998թ. յետոյ, հայկական կողմի համար ընդունելի են: Որպէս ապացոյց, որ Լեւոն Տէր Պետրոսեանը եւ նրա քաղաքական թիմը Արցախի հարցում վարում էին պարտուողական քաղաքականութիւն, Ռոպերթ Քոչարեանը եւ նրա թիմը բերում են այն իրողութիւնը, որ նախկինում Ատրպէյճանը ընդունելի էր համարում Մինսքի խմբի ներկայացրած առաջարկները, իսկ այժմ՝ ընդունելի չի համարում եւ հէնց Պաքուն է մերժում ու ձախողում բանակցութիւնները: