Անգամ նրանք, ովքեր ժամանակին խիստ քննադատել են պաշտօնաթող դիւանագէտ, 1992-1996 թուականներին ղարաբաղեան կարգաւորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելութեան ղեկավար, հանգուցեալ նախագահ Պորիս Ելցինի անձնական ներկայացուցիչ Վլատիմիր Քազիմիրովին, խոստովանում են, որ հակամարտութեան կարգաւորման աւելի քան տասնհինգ տարիների բոլոր միջնորդներից նա ամենատաղանդաւորն է, պրպտունը եւ սրտացաւը: Այս վերջին բառը՝ «սրտացաւ», միգուցէ յարիր չէ դիւանագիտական եզրաբանութեանը, սակայն նրանք, ովքեր մօտիկից ճանաչում են 78ամեայ Քազիմիրովին, կը հաստատեն, որ, իրաւամբ, նա անչափ ձգտել է Կովկասում խաղաղութեան հաստատմանը: 1994թ. մայիսեան հրադադարի հաստատման գործում, որով վերջ դրուեց արիւնահեղութեան ղարաբաղեան ճակատում, մեծ ներդրում ունի նաեւ պարոն Քազիմիրովը: 1992-1996 թթ. նա 47 անգամ եղել է Լեռնային Ղարաբաղում, եւս մի քանի անգամ՝ 2001 թուականից յետոյ:
Վերջերս պաշտօնաթող դիւանագէտը հրաւիրուել էր Երեւան՝ զեկոյց կարդալու Սեւծովեան աւազանին նուիրուած միջազգային ներկայացուցչական գիտաժողովում: Իր ելոյթում պարոն Քազիմիրովը բաւականին խիստ քննադատեց ԵԱՀԿին եւ ղարաբաղեան կարգաւորման միջազգային միջնորդներին, քանի որ նրանք չափից դուրս հանդուրժող են Պաքուի կողմից հնչող ռազմատենչ յայտարարութիւնները լռութեան մատնելու հարցում:
«Երեւանի, Ստեփանակերտի եւ Պաքուի առաջնահերթութիւնները կարգաւորման հարցում յայտնի են, հայերի համար դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, ազրպէյճանցիների համար՝ զբաղեցրած տարածքների ազատումը եւ տեղահանուածների վերադարձը: Իսկ ո՞րն է ղարաբաղեան կարգաւորման հարցում միջազգային հանրութեան առաջնահերթութիւնը: Թոյլ չտա՛լ նոր պատերազմ», մեզ հետ զրոյցում ասաց Քազիմիրովը:
Ռուս պաշտօնաթող դիւանագէտը ընդունում է, որ միջնորդները դատաւորներ չեն, սակայն միւս կողմից պնդում է, որ նրանք պարտաւոր են կոշտ արձագանգել ռազմատենչ յայտարարութիւններին եւ պատերազմական հռետորութեանը, որովհետեւ ԵԱՀԿն եւ նրա Մինսքի խումբը, հակամարտութեան կողմերի համաձայնութեամբ, լծուել են խաղաղ կարգաւորման գործին:
«Եւ ի՞նչ, միջնորդները պէտք է պահպանեն քար լռութի՞ւն, երբ տեղի են ունենում բաներ, որոնք խոչընդոտում են հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին: Ակնյայտ է, որ այդ ռազմատենչ յայտարարութիւնները չեն օժանդակում հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործին, հակառակը՝ կուտակում են ատելութիւն եւ փոխադարձ անվստահութիւն: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿն, ստանձնելով խաղաղ կարգաւորման գործընթացը, պէտք է հանդէս գայ այն ամէնի դէմ, ինչը խանգարում է խաղաղ կարգաւորմանը: Չի կարելի լինել անտարբեր, այլապէս թող հրաժարուեն միջնորդական առաքելութիւնից», ասում է Քազիմիրովը:
Ռուս պաշտօնաթող դիւանագէտը ընդունում է, որ Մինսքի խմբի ռուսաստանցի, ֆրանսացի եւ ամերիկացի համանախագահները ընդամէնը դեսպաններ են, հետեւաբար՝ միայնակ, թէ երեքով, անյարմար է քննադատել ռազմատենչ յայտարարութիւններ անող պետութեան նախագահին:
«Բայց չէ՞ որ կան այլ բարձր ատեաններ, ինչպէս ԵԱՀԿ Մշտական խորհուրդն է: Ռազմատենչ յայտարարութիւնները բաւարար առիթ են հարցը Վիեննայում՝ Մշտական խորհրդում քննարկելու համար: Այո, փաստաթուղթ չի կարող ընդունուել, որովհետեւ գործում է փոխադարձ համաձայնութեան սկզբունքը, եւ Ատրպէյճանը, պարզ է, դէմ է լինելու դրան: Բայց միայն հարցի քննարկումը արդեօք չի՞ կարող ունենալ զսպող ազդեցութիւն: ԵԱՀԿն ունի գործող նախագահ, ով, այո, ընդամէնը կազմակերպութեան 56 անդամ պետութիւններից մէկի արտաքին գործերի նախարարն է: Բայց չէ՞ որ նրա լիազօրութիւնները աւելի լայն են, նա փաստացի ներկայացնում է 56 պետութիւններին, հետեւաբար երբեմն կարող է իրեն թոյլ տալ որոշ քայլեր: Պարտադիր չէ դա արուի հրապարակաւ: Գործող նախագահը կարող է գրաւոր, նամակով իր մտահոգութիւնը յայտնել Իլհամ Ալիեւին կամ պաշտպանութեան նախարար Սաֆար Ապիեւին», նկատում է նախկին միջնորդը:
ԵԱՀԿն, այսինքն՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը, որի անուան մէջ իսկ դրուած են «անվտանգութիւն» եւ «համագործակցութիւն» բառերը, Մինսքի խմբի միջոցով ստանձնելով միջնորդական առաքելութիւն՝ հանդուրժում է Պաքուի ռազմական հռետորութիւնը եւ Ղարաբաղի խնդիրը պատերազմով վճռելու սպառնալիքները: Այսպիսով, Պաքուն ոչ միայն չի համագործակցում, այլ սպառնում է ԵԱՀԿի անդամ երկրներից մէկի՝ Հայաստանի անվտանգութեանը:
Ի դէպ, ամէն անգամ, երբ միջնորդները ժամանում են Երեւան եւ Ստեփանակերտ, հայ լրագրողները հարց են տալիս նրանց. ինչո՞ւ են խուսափում իրերն անուանել իրենց անուններով եւ քննադատել ատրպեճանական կողմին: Հարցին միջնորդները տալիս են խուսափողական պատասխան կամ հրաժարւում են ուղղակի քննադատել այն կողմին, որը տուրք է տալիս պատերազմական հռետորութեանը: Միւս կողմից, պէտք է նկատել, որ երբ, օրինակ, ֆրանսացի միջնորդ Պեռնար Ֆասիէն ամէն անգամ յայտարարում է, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, դա ուղղուած է Պաքուին, քանի որ Երեւանը եւ Ստեփանակերտը երբեք հանդէս չեն գալիս հակամարտութիւնը ռազմական ճանապարհով կարգաւորելու օգտին:
Վլատիմիր Քազիմիրովը նշում է չորս երեւոյթներ, որոնք պահանջում են ոչ միայն քննարկում, այլեւ՝ դատապարտում. «Առաջին՝ Պաքուի ռազմատենչ հռետորութիւնը ու հայերի դէմ ջղագարութիւն հրահրելը, երկրորդ՝ ռազմական ծախսերի մեծացումը եւ սպառազինութիւնների մրցավազքը, երրորդ՝ երկիմաստ մօտեցում շփման գծում տեղի ունեցող միջադէպերին, չորրորդ՝ հայերի հետ շփումներից եւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորումից հրաժարումը»:
Ակնյայտօրէն, Կովկասում սկսուել է սպառազինութիւնների նոր մրցավազք: Ատրպէյճանի ռազմական պիւտճէն հասել է մէկ միլիառ երեք հարիւր միլիոն տոլարի, Վրաստանինը՝ գրեթէ 600 միլիոնի, այսինքն վերջին չորս տարիներին առնուազն տասնապատկուել է: Հայաստանը եւս մեծացնում է իր ռազմական ծախսերը, ինչը ուղղակի արձագանգն է Ատրպէյճանի կողմից հրահրուած սպառազինութիւնների նոր, անհաւասար մրցավազքի: Եւ ահա այս եւ անդադար ռազմատենչ յայտարարութիւնների խորապատկերին նոյն միջնորդները եւ ԵԱՀԿն ժամանակ առ ժամանակ խօսում են կարգաւորման հնարաւորութիւնների, բաց պատուհանի մասին:
Քազիմիրովը անթոյլատրելի է համարում կեցուածքը, երբ Պաքուն շատ հանդարտ ձայնով փորձում է միջազգային հանրութեանը մատուցել, թէ, գիտէք, նաւթային եկամուտները մեծացել են եւ «աւելորդ» այդ տոլարներով զէնք են գնում: «Դա սպառազինութիւնների մրցավազք է հրահրում: Դեռեւս ԵԱՀԿն չի շօշափում այդ թեման, սակայն, ի զուր: Անհրաժեշտ է ձայն բարձրացնել: Սպասում են լուրջ միջադէպերի՞», հարցնում է նա:
«Իլհամ Ալիեւի խմբակի ռազմատենչ յայտարարութիւնները ուղղուած են սեփական ժողովրդին մոլորեցնելու գործին: Ռազմական ուժերի հաւասարակշռութիւնը մօտ ապագայում Պաքուին թոյլ չի տայ հակառակորդին ջարդել «բլիցկրիգով»: Բայց միեւնոյնն է, Պաքուի ռազմատենչ յայտարարութիւնները չափազանց վտանգաւոր են եւ պէտք է չէ վկայակոչելով դրանց չիրականանալը, լռութեան մատնել: Անհրաժեշտ է հէնց այսօր տալ գաղափարական հակահարուած, այլ ոչ՝ յետոյ: Լուրջ փոխզիջումների համար հիմք կը ստեղծուի այն բանից յետոյ միայն, երբ ռազմական գործողութիւնները վերսկսելու սպառնալիքները կը վերանան: Տեսէ՛ք, Ղարաբաղին յարակից շրջանների գրաւումը Պաքուի քաղաքական-դիւանագիտական եւ քարոզչական հիմնական խաղաթուղթն է: Բայց տարածքների գրաւումը օդից չի ընկել, դա ռազմական գործողութիւնների ուղղակի արդիւնքն է: Հանգուցեալ նախագահներ Ապուլֆազ Էլչիպէյը եւ Հայտար Ալիեւը պէտք է այն ժամանակ մտածեն, թէ ինչի՛ են յանգեցնելու ռազմական գործողութիւնները դադարեցնելու միջնորդների առաջարկներից իրենց հրաժարուելը: Որքան շուտ նրանք համաձայնուէին հրադադարների մեր առաջարկներին, այնքան քիչ շրջաններ կը կորցնէին: Բայց Պաքուն միշտ յոյսը դնում էր հայերի նկատմամբ պատերազմով առաւելութեան հասնելու ընտրութեան վրայ, իսկ այսօր թաքցնում է պատճառահետեւանքային կապը», յիշեցնում է ռուս պաշտօնաթող դիւանագէտը:
Քազիմիրովը ընդգծում է, որ 1992-1994 թթ. ընթացքում, երբ շարունակւում էին ռազմական գործողութիւնները, միջնորդների, հիմնականում՝ ռուսական կողմի, կրակը դադարեցնելու առաջարկութիւնները գերազանցապէս մերժում էր հէնց Պաքուն, ամէն անգամ ակնկալելով, որ պատերազմով յետ կը բերի կորցրած տարածքները, սակայն շարունակելով ռազմական գործողութիւնները՝ նորանոր հողեր էր կորցնում: 1994թ. Մայիսին ատրպեճանական իշխանութիւնները համաձայնուեցին անժամկէտ հրադադար հաստատելու ռուսական կողմի առաջարկին, քանի որ ոչ միայն ուժասպառ էին, այլեւ Պաքուն կանգնած էր երկրի հիւսիս-արեւմուտքը ամբողջութեամբ կորցնելու սպառնալիքի առաջ:
Հարցին՝ իմաստ ունի՞ կարգաւորման գործընթացում առաջընթաց ակնկալել 2008 թուականին, հաշուի առնելով, որ Հայաստանում ու Ատրպէյճանում սպասւում են նախագահական ընտրութիւններ, Քազիմիրովը պատասխանում է, որ դժուար է տալ «այո կամ ո»չ պատասխան:
«Նախ եւ առաջ պէտք է ասեմ, որ ընթացող բանակցութիւնները դժուար է անուանել բանակցութիւններ, փաստօրէն դրանք համանախագահների բացարձակ հազուադէպ խորհրդատուութիւններն են Հայաստանի ու Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարների, աւելի հազուադէպ՝ նախագահների հետ: Այս խորհրդատուութիւները ուղղուած են կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: Նման ձեւաչափի բացասական կողմերից մէկն այն է, որ պատասխանատուութիւնը կենտրոնացւում է հակամարտող երկրների առաջին դէմքերի վրայ: Անհրաժեշտ է պատասխանատուութիւնը տարածել, այն դարձնել հաւաքական պատասխանատուութիւն: Այս տարի սպասուող դժուարութիւնները ակնյայտ են՝ նախագահական ընտրութիւններ Հայաստանում եւ Ատրպէյճանում, ինչպէս նաեւ՝ Ռուսաստանում եւ Մ. Նահանգներում: Քոսովոյի երեւոյթը եւս կարեւոր է եւ թոյլ չի տայ ակնկալել իրական առաջընթաց Ղարաբաղի հարցում: Ղարաբաղում առաջընթաց դժուար է ակնկալել 2009-2010 թուականներից առաջ: Հնարաւորութիւնները կորսուեցին 2006 թուականին: Այս տարի առաջնային են այն հարցերը, որոնց նկատմամբ վաղուց ուշադրութիւն չի դարձուել՝ հրադադարի, շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդում, հակամարտութեան մէջ ներքաշուած կողմերի միջեւ շփումների վերականգնում, ռազմատենչ յայտարարութիւնների եւ սպառազինութիւնների մրցավազքի սանձում, ժողովրդական դիւանագիտութեան վերսկսում», առաջարկում է Վլատիմիր Քազիմիրովը: