
Նահանգային, տեղական եւ դաշնային մակարդակում շարունակւում են աշխատանքները՝ նոր աղէտի կանխարգելման, հետեւանքների վերացման եւ տուժածներին բազմակողմանի աջակցութիւն ցուցաբերելու ուղղութեամբ:
Կառավարական տարբեր գործակալութիւններ հանդէս են գալիս աջակցութեան տարբեր ծրագրերով, որոնց մասին «Ասպարէզ»ը պարբերաբար ներկայացնում է իր էջերում:
ԳՈՅՔԻ ԵՒ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՅԼ ՏՈՒԵԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Հրդեհներից անմիջականօրէն տուժած Լոս Անջելես գաւառի բնակիչները կարող են պահանջել գոյքի եւ կենսական նշանակութեան այլ տուեալներ (ծննդեան, մահուան, ամուսնութեան վկայականներ) վերականգնման աշխատանքների շրջանակներում: Եթէ տուժել էք, վերոնշեալ հարցերով աջակցութեան համար կարող էք զանգահարել 800-201-8999 հեռախօսահամարով եւ ընտրել Տարբերակ 1, որին յաջորդում է Տարբերակ 2, կամ` գրել հետեւեալ էլ. հասցէին` recorder@rrcc.lacounty.gov:
Աղէտից տուժածների համար հասանելի այլ միջոցների մասին թարմացումներին կարելի է հետեւել https://lacounty.gov/ կայքում:
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ
Լոս Անջելես գաւառի Հոգեկան Առողջութեան բաժանմունքը աղէտից տուժածների համար առաջարկում է շտապ օգնութեան ծառայութիւններ: Բաժանմունքի ներքոյ աշխատանքներն իրականացւում են շուրջօրեայ` 24/7 ձեւաչափով: «Աղէտին դիմակայելը կարող է շատ դժուար լինել, սակայն դուք մենակ չէք այդ հարցում: Սթրեսի, անհանգստութեան եւ ընկճախտի ախտանիշները` բնական արձագանգ են աղէտի դէպքում եւ նման իրավիճակում հնարաւորինս շուտ օգնութիւն ստանալը երկարաժամկէտ հատուածում հոգեկան առողջութիւնը պաշտպանելու լաւագոյն միջոցն է», տեղեկացնում են Հոգեկան Առողջութեան բաժանմունքից, եւ յորդորում անյապաղ դիմել Օգնութեան գծին (800) 854-7771 հեռախօսահամարով, որ հասանելի է տարբեր լեզուներով: Այս բաժանմունքի կողմից առաջարկուող ծառայութիւնների մասին մանրամասներ կարող էք գտնել `
https://dmh.lacounty.gov/our-services/disaster-services/disaster-mh-resources/ կայքէջում
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ
Մինչ Լոս Անջելեսի հրշէջները շարունակում են իրենց պայքարն անտառային հրդեհների դէմ, հազարաւոր բնակիչներ սկսում են անդրադառնալ աղէտի վնասներին: Հարիւրաւոր տներ են աւերուել, վնասուել, եւ շուրջ հարիւր յիսուն հազար բնակիչներ տարհանուած են: ԱՄՆ նախագահ Ջօ Բայդենը յայտարարել է աղէտի գօտու բնակիչներին աջակցելու նպատակով դաշնային ֆինանսաւորման մասին` Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալութեան միջոցով (FEMA):
FEMAն ունի Անհատական Օգնութիւն կոչուող ծրագիր, որը նախատեսուած է աղէտից տուժած անհատի կամ ընտանիքի վերականգնման գործընթացը սկսելու` բաւարարելով հիմնական կարիքները չապահովագրուած կամ թերապահովագրուած անհրաժեշտ ծախսերի համար: Դրանք կարող են ներառել հիմնական իրերի, ինչպիսիք են` սնունդը, ջուրը կամ դեղորայքը, ինչպէս նաեւ` ժամանակաւոր բնակարանային ծախսերի, օրինակ` հիւրանոցում մնալուն, եւ տունը վերականգնելուն ուղղուած դրամական միջոցները: Ֆինանսական աջակցութիւնից օգտուելու համար, պէտք է արձանագրուել հետեւեալ կայքում` DisasterAssistance.gov, կամ զանգահարել 1-800-621-3362 հեռախօսահամարով:
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալութիւնը ֆինանսներ է տրամադրում Բնակարանային օգնութեան համար, որ կարող է ներառել`
– Վարձակալութեան օգնութիւն` գումար, որը կարող էք օգտագործել բնակարան վարձելու համար, եթէ աղէտի պատճառով ձեր տնից տարհանուել էք:
– Կեցութեան ծախսերի փոխհատուցում` գումար հոգալու կացութեան ծախսերը, ինչպիսիք են հիւրանոցում մնալը: Այս գումարը հասանելի է միայն այն դէպքում, եթէ դուք գումար չէք ստանում Տեղահանման Օգնութեան համար:
– Տան վերանորոգում կամ փոխարինում (տանտէրերի դէպքում)` գումար, որը կ՛օգնի վերանորոգել կամ փոխարինել աղէտից վնասուած ձեր տունը:
– Մատչելիութեան կարիքների համար տրամադրուող գումարը նախատեսուած է հաշմանդամութիւն ունեցող տուժածների համար` հոգալու տան վերանորոգման ծախսերը, եւ ապահովելու, որ տունն ունենայ հաշմանդամութիւն ունեցող անձի համար անհրաժեշտ հատուածներ, օրինակ` արտաքին թեքահարթակ, ճաղաւանդակներ, ասֆալտապատ ճանապարհ դէպի տան մուտքը: Գումարը նաեւ կը տրուի տանը բարեփոխումներ անելու`աղէտի պատճառով հաշմանդամ դարձած տուժաների համար:
– Մասնաւոր սեփականութիւն հանդիսացող ճանապարհների, կամուրջների համար գումարը կը տրուի այն բնակիչներին, ում` դէպի տուն տանող ուղիները վնասուել են աղէտից:
Այլ կարիքների համար օգնութիւնը նախատեսուած է աղէտի հետեւանքով առաջացած անհրաժեշտ ծախսերի եւ լուրջ կարիքների դէպքում, ինչպիսիք են`
– Լուրջ կարիքների համար ֆինանսների մէկանգամեայ տրամադրումը կ՛օգնի վճարել անմիջական կարիքների համար, ինչպիսիք են` ջուրը, սնունդը, դեղորայքը, երեխաների տակդիրները, անձնական մաքրութեան պարագաներն ու փոխադրման համար վառելիքի ծախսերը:
– Անձնական գոյքի համար տրամադրուող գումարը նախատեսուած է վերանորոգումներ, կենցաղային գիտարուեստի, կահոյքի, համակարգիչ գնելու համար: Այն կարող է ներառել նաեւ գրքերի, համազգեստի, գործիքների, դպրոցի կամ աշխատանքի համար անհրաժեշտ այլ իրերի գումարը:
– Բժշկական/ատամնաբուժութեան համար գումար կ՛օգնի վճարել առողջական խնդիրների համար, որոնք առաջացել են աղէտի հետեւանքով:
– Յուղարկաւորութեան համար գումարը նախատեսուած է աղէտի պատճառով մահուան դէպքում յուղարկաւորութեան ծախսերը:
– Երեխայի խնամքի գումարը կ՛ուղղուի աղէտի պատճառով առաջացած երեխայի խնամքի ծախսերը:
– Տարբեր ապրանքների համար նախատեսուած գումարը կ՛օգնի վերականգնման համար, օրինակ` աղէտի հետեւանքները մաքրելու աշխատանքների համար:
– Փոխադրամիջոցների համար տրամադրուող գումարը նախատեսուած է վերանորոգելու կամ փոխարինելու աղէտից վնասուած մեքենան:
– Տեղափոխման եւ պահպանման ծախսերն անձնական ունեցուածքի տեղափոխման համար են` նոր վնասները կանխելու, տունը վերանորոգելու նպատակով իրերն այլ վայր տեղափոխելու, կամ նոր բնակավայր տեղափոխելու:
ԱՐՏՕՆՈՒԹԻՒՆՆԵՐ` ԱՄՆ ՆԵՐՔԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆԻՑ (IRS)
Կալիֆորնիայի հրդեհներից տուժած տասնեակ հազարաւոր ամերիկացիներ այլեւս կարիք չունեն անհանգստանալու մինչեւ Ապրիլի 15ը հարկերը ներկայացնելու մասին:
Ներքին եկամուտների ծառայութիւնն այսօր յայտարարեց աղէտից տուժած ֆիզիկական անձանց եւ ձեռնարկութիւնների համար մինչեւ 2025 թուականի Հոկտեմբերի 15ը հարկային վճարումները յետաձգելու մասին: Այս որոշումն ուժի մէջ է մտնում ինքնաբերաբար եւ կարիք չկայ կապ հաստատելու IRSի հետ: Իրաւասու բնակավայրերի ներկայի ցանկը հասանելի է www.IRS.gov կայքում: