
- Ի ՀԱԿԱԶԴՈՒՄՆ ՏԳԻՏՈՒԹԵԱՆ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆԳԸ
- «ԱՅՍ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՒԱՐԱՐՈՒՄ Է». ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
- «1921 Թ.ԻՆ ԳԷՈՐԳ Ե. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԻԼ 24Ը ՍԱՀՄԱՆՈՒԵԼ Է ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐ». ՄԱՅՐ ԱԹՈՌ
- ՓԱՇԻՆԵԱՆ ԿԸ ԿՐԿՆԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԺԽՏՄԱՆ՝ ԹՈՒՐՔԻՈՅ ԿՐԿՆՈՒՈՂ ԹԷԶԸ. ՕՍԿԱՆԵԱՆ
24 Յունուարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան՝ շարունակեց համահայկական օրակարգին հակասող իր ուղեգիծը եւ յայտարարեց, որ պէտք է հասկնալ, թէ ի՛նչ տեղի ունեցած է եւ ինչո՞ւ։
Զուիցերիոյ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին ան հետեւեալը ըսաւ. «Մենք Հայոց Ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք: Պէտք է հասկանանք` լաւ, ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել: Եւ ինչպէ՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թուին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950 թուին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ յայտնուել է: Ո՞նց է եղել, մենք պէ՞տք է հասկանանք, թէ չպէտք է հասկանանք: Այս թեմաների հետ պէտք է յարաբերուենք, թէ չպէտք է յարաբերուենք: Մենք մեր ինքնութիւնը կառավարում ենք, թէ մենք մեր ինքնութիւնը չենք կառավարում»:
Փաշինեան ընդգծեց, որ ասոնք «ֆունդամենտալ (էական) հարցեր են, որոնք պէտք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք»:
Ի ՀԱԿԱԶԴՈՒՄՆ ՏԳԻՏՈՒԹԵԱՆ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆԳԸ
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը Փաշինեանի անընդունելի յայտարարութիւնը դատապարտելով՝ հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Օրեր առաջ շուէցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարութեան ղեկավարն իրեն թոյլ է տուել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էութեամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականութեան այնպիսի անպիտան թէզեր, որոնք տասնամեակներ շարունակ մերժուել են ոչ միայն Հայաստանի եւ համայն հայութեան, այլեւ միջազգային առաջադէմ հանրութեան, տասնեակ պետութիւնների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպութիւնների, եւ նոյնիսկ բազմաթիւ թուրք մտաւորականների կողմից:
«Հայոց Ցեղասպանութեան էութեան նենգափոխումը, կատարուած ոճրագործութեան մասշտաբների մեղմացումը, Հայոց Ցեղասպանութեան խնդրի միջազգայնացման դէմ արշաւը եւ տարատեսակ այլ շահարկումները նախ եւ առաջ անարգանք են անմեղ զոհերի յիշատակին: Հայաստանի կառավարութեան ղեկավարի ցնորամիտ ելոյթները անարգանք են նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը տասնամեակներ շարունակ հետազօտող հայ եւ օտար գիտնականների, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարիւրաւոր մարդասէրների, այդ ոճրագործութիւնն ընդունած տասնեակ պետութիւնների համար:
«Ակնյայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդէն ոչ թէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարուելու, այլ Հայոց ցեղասպանութեան ուրացման քաղաքականութիւն:
«Եթէ չլինէր մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական եւ ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը յիշեալ պնդումների նկատմամբ, գուցէ անհրաժեշտ լինէր, իբրեւ հակազդում փաշինեանական տգիտութեան, անդրադառնալ 1939թ․ «ցեղասպանութիւն» տերմինի (եզրի) բացակայութեանը, կամ աւելի ուշ, 1943-1944թթ․ Ռաֆայէլ Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը` ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտութիւն դեռ 1921 թուականից` էապէս ազդուած Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնից եւ նկարագրելու հէնց հայութեան դէմ կատարուածը: Առաւել, Լեմկինի իսկ վկայութեամբ, հայկական մի շարք կազմակերպութիւններ եւ հայ անհատներ կարեւոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձեւաւորուած ՄԱԿի կողմից Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի (համագումարի) 1948ին որդեգրման, եւ ապա` տարբեր պետութիւնների կողմից վաւերացման գործում: Եթէ Փաշինեանի նկատմամբ լրջութեան որեւէ նշոյլ մնացած լինէր, գուցէ անհրաժեշտութիւն լինէր ընդգծել Հայոց Ցեղասպանութեան բացառիկ փաստագրուածութիւնը, անդրադառնալ նաեւ այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչեւ երկրորդ Աշխարհամարտի սկիզբն ու դրանից յետոյ կատարուել են հայկական ջարդերի ուսումնասիրութեան, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղութեամբ, սկսուած 1890ական թթ․ համիդեան ջարդերից, քանի որ արդէն 19րդ դարավերջից ու 20րդ դարասկզբից, նոյնիսկ մինչեւ Հայոց Ցեղասպանութիւնը, եւրոպական բազմաթիւ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խօսում էին իր հայրենիքում հայութեան դէմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականութեան մասին: Նաեւ հէ՛նց այդ պայքարի արդիւնքում էր, որ միջազգային յարաբերութիւններում հայութեանն առնչուող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցութիւնը Ֆրանսիայում, Շուէյացարիայում, Միացեալ Թագաւորութիւնում, ԱՄՆում եւ այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպութիւնների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ Դատի համակարգի ստեղծման համար:
«Կիսագրագիտութեամբ համեմուած տգիտութեան հերթական դրսեւորման ընթացքում, Փաշինեանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թէ իբր մենք դրսից, «ինչ որ մէկի միջոցով ենք ընկալել» մեր պատմութիւնը:
«Աւելին, Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ ձեւաւորուած միջազգային յարաբերութիւնների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմեայ ժամանակահատուածից եւ տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտուելով ստեղծուած իրավիճակից աւելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց Ցեղասպանութեան միջազգայնացման խնդիրը` թէ՛ հայրենիքում, թէ՛ Սփիւռքում: Եթէ Հայաստանի առաջին Հանրապետութեան օրօք եւ առաջիկայ տասնամեակներին, միջազգային իրաւունքում ցեղասպանութեան յանցագործութեան որակման բացակայութեան պայմաններում հայութեան աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրաւուած եւ միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրայ, ապա յատկապէս 1952թ.ից յետոյ, երբ արդէն ուժի մէջ էր մտել ՄԱԿի կողմից Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923թթ. հայութեան նկատմամբ գործուած մարդկութեան դէմ յանցագործութիւնները ժխտելու քաղաքականութիւնը, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւս դարձաւ հայութեան օրակարգի հարց:
«Ակնյայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանութեան երկարաձգման գործում հիմնականում հենւում է տարբեր ուժային կենտրոնների վրայ, վերջիններիս աջակցութեան կորստի մօտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտռել թշնամական շրջանակներում եւ ներհայկական խօսոյթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպէս վերը նշուեցինք, տասնամեակներ շարունակ մերժուած է քաղաքակիրթ աշխարհի կողմից: Փաշինեանի անցած վեց եւ աւել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրաւական եւ/կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս` հայութեան ու Հայաստանի դէմ թշնամական վարքագծով պետութիւնների նկատմամբ իր հաւատարմութիւնը կարելի է բնորոշել նաեւ «ստոկհոլմեան համախտանիշով» (երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի (յարձակողի) նկատմամբ, Stockholm syndrome): Այս հաւանական բացատրութիւնը չի մեղմացնում Փաշինեանի յանցագործութիւնը հայոց պետականութեան ու պետութեան նկատմամբ, այլ յաւելեալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած` Փաշինեանը սխալ տեղում է:
«Միջանկեալ նշենք, որ Հայաստանը տեւական ժամանակահատուած, սկսած 1990ականների վերջից, բայց յատկապէս Ցեղասպանութեան 100րդ տարելիցի շրջանակում, միջազգային յարաբերութիւններում դիրքաւորուել է որպէս Ցեղասպանութեան յանցագործութեան դէմ պայքարի առաջամարտիկ պետութիւն` էականօրէն բարելաւելով այդ յանցագործութեան վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրաւաքաղաքական մեխանիզմները (գործիքակազմերը): Սակայն, Հայասատանի վարչապետի այս եւ նման յայտարարութիւնները նաեւ այդ աշխատանքին են հարուածում:
«Հայաստանի իշխանութիւնների կողմից նման յայտարարութիւնների պայմաններում Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսւում է յաւելեալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ աշխատանքներն էապէս դժուարանում են: Պէտք է նկատել, որ նման յայտարարութիւնները Հայ Դատի ցանցին խանգարում են աւելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամէնուր տարածուող հակաքարոզչութիւնը»:
«ԱՅՍ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՒԱՐԱՐՈՒՄ Է». ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը իր կարգին հրապարակեց դատապարտող հետեւեալ յայտարարութիւնը.
«Ապազգային, ապապետական եւ հակագիտական մտավարժանքներից ծնուած վարչախմբի պարագլխի վերջին յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հաւաքական իրաւունքների եւ ինքնութենական հիմքերի կազմաքանդում եւ նսեմացում, տարատեսակ քօղածածկոյթներով թուրք-ադրբեջանական պահանջների բաւարարում:
«Հայոց Ցեղասպանութեան փաստը կասկածի տակ դնող յայտարարութիւնն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բաւարարման հետ մէկտեղ, անարգում է 4 տասնեակն անցնող երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, որոշ երկրների պարագայում` այն քրէականացնելու իրողութիւնը, նաեւ` Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման դէմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրաւունքի նորմերը (չափանիշները):
«Այս դատապարտելի յայտարարութիւնը նսեմացնում է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացուած (յառաջ բերուած) քաղաքական, գիտական, հասարակական ժառանգութիւնը, մեր հաւաքական պայքարն ու զոհաբերումը:
«Այն անարգանք է Հայ aռաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասուած 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան զոհերի, մէկուկէս միլիոն հայ նահատակների յիշատակին:
«ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը վերահաստատում է`
«- Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, մեր ժողովրդի իրաւունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնուած է միջազգային իրաւունքի, պատմական արդարութեան վերականգման կենսական պահանջի վրայ, բխում է hայ ժողովրդի եւ Հայոց պետականութեան ռազմավարական շահերից,
«- Ցեղասպանութեան դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագոյն հիմք են` բացառելու եւ կանխելու մարդկութեան դէմ նման յանցագործութիւնները,
«-Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման` ՀՀ Անկախութեան հռչակագրով արձանագրուած պահանջից հրաժարումը չի չէզոքացնելու Հայաստանի Հանրապետութեան դէմ թշնամական, ծաւալապաշտպական նկրտումները, անվտանգութեան սպառնալիքները:
«Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի (լծակից զոյգի) պահանջների եւ նախապայմանների անշրջահայեաց սպասարկումը թշնամական քաղաքականութիւն է, որն ուղիղ մարտահրաւէր է մեր ազգային անվտանգութեանը, սպառնալիք մեր պետականութեան գոյութեանն ու աշխարհասփիւռ հայութեան կենսական շահերին:
«Կրկին դիմում ենք հայութեանը` Հայաստանում եւ Սփիւռքում, համախմբուելու մեր պետականութեան կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ»։
«1921 Թ.ԻՆ ԳԷՈՐԳ Ե. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԻԼ 24Ը ՍԱՀՄԱՆՈՒԵԼ Է ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐ». ՄԱՅՐ ԱԹՈՌ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նոյնպէս հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ դիտել կը տրուի, որ 1921ին Գէորգ Ե. Սուրէնեանց կաթողիկոսին կողմէ արդէն 24 Ապրիլը սահմանուած էր իբրեւ Հայոց Եղեռնի զոհերու յիշատակի օր: Նոյն յայտարարութեան մէջ նաեւ կ՛ըսուի հետեւեալը.
«Հայոց Ցեղասպանութեան 50րդ տարելիցին պետական յատուկ որոշմամբ եւ հոգածութեամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցուած Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրը, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած յուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական եւ եկեղեցական միահամուռ կամքի եւ վճականութեան համընդհանուր դրսեւորում են: Նուիրական այս օրը յուշակոթողների առջեւ ամէնուր իր աղօթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը: Իսկ 2015 թուականին Գարեգին Բ. ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հանդիսապետութեամբ կատարուեց Հայոց Ցեղասպանութեան ընթացքում «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակուած հայորդիների սրբադասման արարողութիւնը, որն ինքնին խօսուն վկայութիւն է Հայոց եկեղեցու դիրքորոշման: Հայոց Ցեղասպանութիւնը ոճրագործութիւն է ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ համայն մարդկութեան դէմ: Հրամայական է Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործութիւնները»։
ՓԱՇԻՆԵԱՆ ԿԸ ԿՐԿՆԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԺԽՏՄԱՆ՝ ԹՈՒՐՔԻՈՅ ԿՐԿՆՈՒՈՂ ԹԷԶԸ. ՕՍԿԱՆԵԱՆ
Հայաստանի արտաքին գործոց նախկին Վարդան Օսկանեան եւս անդրադարձաւ Փաշինեանի յայտարարութեան՝ գրելով հետեւեալը.
«Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու վիթխարիութիւնը, ոչ միայն ցնցող են, այլեւ անընդունելի Հայաստանի որեւէ ղեկավարի համար: Ակնարկելով, որ մի գուցէ հայերն իրենք են նաեւ պատասխանատու տեղի ունեցածի համար` Փաշինեանը կրկնում է Ցեղասպանութեան ժխտման ամենավտանգաւոր թէզերից մէկը, որը մէկ դարից աւելի տարածում է թուրքական պետութիւնը: Պատմական ճշմարտութեան եւ ազգային արժանապատուութեան այս ուրացումը Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերի յիշատակի անարագանք է:
«Հայոց Ցեղասպանութիւնը 20րդ դարի առաւել մանրակրկիտ փաստագրուած ոճրագործութիւններից է: Ապացոյցներն անհերքելի են. օսմանեան պաշտօնական փաստաթղթերը յստակ ուրուագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրեայ դիւանագէտների եւ միսիոներների վկայութիւնները մանրամասնում են զանգուածային սպանութիւնները, բռնի տեղահանութիւնները եւ սովամահութիւնը, իսկ ժողովրդագրական տուեալներն անառարկելիօրէն ցոյց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթէ լիակատար բնաջնջումը: Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավէճի հարց չէ, այլ բազմաթիւ գիտնականների, միջազգային կազմակերպութիւնների, պետութիւնների ու հէնց հայ ժողովրդի կողմից հաստատուած աներկբայ իրողութեան դիտաւորեալ անտեսում:
«Թուրքիան տասնամեակներ շարունակ Ցեղասպանութիւնը ժխտելու համար ապաւինել է մանրակրկիտ մոգոնած պատումին` մարդկայնութեան դէմ ոճիրը ներկայացնելով որպէս «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացոյցների մերժումը դարձնելով պետական քարոզչութիւն ու ագրեսիւ (յարձակողապաշտ) լոբբինգ անելով ճանաչման դէմ: Փաշինեանը տարօրինակ կերպով թութակում է սա` կասկածի տակ դնելով պատմական հաստատուած իրողութիւնները եւ պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայութեան շրջանում: Առաջարկելով, որ հայերը պէտք է հետաքննեն Ցեղասպանութեան «պատճառները»` նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրայ` խորամանկ հնարք, որը յաճախ են օգտագործում ցեղասպանութեան ժխտողները:
«Այսօրինակ հռետորաբանութիւնը զուտ պատմական ռեվիզիոնիզմ (վերաքննականութիւն) չէ, այն բարոյական ուրացում է: Որպէս վարչապետ` Փաշինեանին վստահուած է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանութիւնը, ինքնութիւնը եւ իր ժողովրդի ժառանգութիւնը: Սակայն նրա խօսքերը խարխլում են հէնց այդ պատասխանատուութիւնը: Հրապարակայնօրէն նսեմացնել Ցեղասպանութիւնը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարութեան համար շարունակուող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտութիւնը եւ սասանել հայ ազգի միասնութիւնը: Սա դաւաճանութիւն է, որը չի կարող ներուել կամ անտեսուել:
«Ղեկավարութիւնից պահանջւում է բարոյական յստակութիւն, յատկապէս Հայաստանի նման երկրի դէպքում, որի ժամանակակից ինքնութիւնը խարսխուած է Ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների վրայ: Ղեկավարը, որը կասկածի տակ է դնում պատմութեան այդ բախտորոշ էջը, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին: Նման վարքագիծը Փաշինեանին ոչ միայն որակազրկում է որպէս ղեկավարի, այլեւ լուրջ հարցեր բարձրացնում նրա շարժառիթների վերաբերեալ: Սա Թուրքիայի հետ դիւանագիտութեան մոլորեալ փո՞րձ է, թէ՞ պառակտում սերմանելու ցինիկ (շնական) խաղ: Ինչ էլ լինի պատճառաբանութիւնը, այն պախարակելի է:
«Հայոց Ցեղասպանութիւնը պարզապէս պատմական իրադարձութիւն չէ: Այն վէրք է, որը շարունակում է ձեւաւորել մեր ինքնութիւնը եւ տեղը աշխարհում: Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է յարգել այդ պատմութիւնը եւ պայքարել ճանաչման ու արդարութեան համար: Փաշինեանի յայտարարութիւնները այդ պարտքի ուրացում են եւ անարգանք զոհերի յիշատակին: Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատուութեան տասնամեակների ջանքերը:
«Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խօսոյթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրաւունքը:
«Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կը պաշտպանի իր ժողովրդի արժանապատուութիւնն ու պատմութիւնը, ոչ թէ կասկածի տակ կը դնի այն»։