
Միացեալ Նահանգներում գործող «Հայաստան» հիմնադրամը, որը հանդիսանում է Հայաստան համահայկական հիմնադրամի միջազգային ցանցի անդամ, 250,000 դոլար կրթաթոշակային հիմնադրամ է հաստատում աջակցելու հայկական դպրոցների այն ուսանողներին, որոնց ընտանիքները տուժել են Հարաւային Կալիֆորնիայի անտառային հրդեհներից։
Աշակերտների ուսման վարձի ծախսերը հոգալու այս ծրագրի նպատակն է աջակցել հրդեհների պատճառով իրենց տունը կորցրած եւ դժուարութիւնների առաջ կանգնած ընտանիքներին, որպէսզի նրանց երեխաները կարողանան շարունակել յաճախել հայկական դպրոցներ։
Հիմնադրամն անմիջականօրէն համագործակցում է տեղի հայկական դպրոցների հետ՝ ապահովելով աջակցութեան նպատակային եւ արդիւնաւէտ բաշխումը տուժած ընտանիքների միջեւ։
«Այս ճգնաժամը լուրջ ազդեցութիւն է թողել մեր համայնքների վրայ․ ուստի մեր նպատակն է ուսման վարձի աջակցութեամբ նուազեցնել ընտանիքների բեռը եւ հնարաւորութիւն տալ ուսանողներին առանց ընդհատման շարունակել կրթութիւնը», նշել է Ամերիկայի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանեանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի տեղական մարմինը ջանք չի խնայում, որպէսզի ուսման վարձի աջակցութիւնը հասնի կարիքաւորներին եւ միջոցները բաշխուեն առաւել արդիւնաւէտ կերպով։ Հիմնադրամը հաւատարիմ է համայնքին աջակցելու իր յանձնառութեանը եւ շարունակելու է հետեւել իրադարձութիւններին, որպէսզի հրդեհներից տուժած երեխաները ստանան իրենց անհրաժեշտ աջակցութիւնը։
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ