
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Միջազգային կրօնական ազատութեան գագաթաժողովի շրջանակներում Ամերիկայի ղեկավարութեանը կոչ է արել որոշակի գործողութիւններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգութեան եւ Սիրիայից ու Լիբանանից մինչեւ Երուսաղէմի Հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանութեան հարցերում:
Հայաստանին նուիրուած քննարկմանը, որը վարում էր American Enterprise Institute-ից Մայքըլ Ռուբինը, մասնակցում էին Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, Ամերիկայում Արցախի Հանրապետութեան նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Գարեգին վարդապետ Համբարձումեանը, իրաւապաշտպան Քրիստինէ Առաքելեանը եւ կոնգրեսական Քրիս Սմիթը։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023ի Ադրբեջանի յարձակումը եւ Արցախից 150,000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացուել է ամերիկեան քաղաքական գործիչների աջակցութեամբ եւ հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին եւ Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ ապահովել տեղահանուած արցախահայերի անվտանգ ու արժանապատիւ վերադարձը։
Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացեալ Նահանգները պէտք է իրականացնի կրօնական ազատութեան պահպանման եւ հայերի դէմ Ադրբեջանի յետագայ բռնարարքները կանխելու համար: Համբարեանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու ձախողումը քաջալերում է բռնատիրական վարչակազմերին, ամբողջ աշխարհում: Նա Ամերիկային կոչ է արել անյապաղ դադարեցնել ռազմական օգնութիւնը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտ»ով սահմանուած պատժամիջոցներ՝ ռազմական յանցագործութիւնների եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ, ինչպէս նաեւ ներկայացնել ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի բանաձեւ, որը կ՛ապահովի հայերի անվտանգ, պաշտպանուած եւ արժանապատիւ վերադարձը Արցախ։ Համբարեանը նկատել է. «Լաւ քաղաքականութիւնը սկսւում է բարոյական մաքրութիւնից։ Ամերիկան պէտք է վճռական գործողութիւններ ձեռնարկի, այլ ոչ թէ պարզապէս յայտարարութիւններ անի»:

Կոնգրեսական Սմիթը կառավարութեանը կոչ է արել խստօրէն դատապարտել հայկական եկեղեցիների եւ մշակութային ժառանգութեան ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքուի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնագրաւումը յետագայ բռնարարքների նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պէտք է դադարեցուի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստուած մի արասցէ սա էլ աւելի մեծ բռնարարքների նախերգանք լինի», ասել է Սմիթը: Նա արտաքին գործոց նախարարութեան կոչ է արել Ադրբեջանին որակել որպէս «Յատուկ մտահոգութեան երկիր» (CPC)՝ հայ քրիստոնեաների նկատմամբ ծրագրուած հալածանքների համար։
Քրիստինէ Առաքելեանն իր հերթին պնդել է, որ Մերձաւոր Արեւելքի քրիստոնեայ բնակչութիւնը կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու ամերիկեան ջանքերում: Նա մասնաւորապէս նկատել է. «Մերձաւոր Արեւելքում քրիստոնեայ բնակչութեան կայունացումը մեծապէս օժանդակող եւ իրականում անհրաժեշտ պայման կը լինի խաղաղութիւն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, այլ նաեւ պաղեստինեան հարցում»:
Գարեգին վարդապետ Համբարձումեանը կարեւորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապութիւնը՝ փաստաթղթաւորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների եւ հոգեւոր կոթողների համակարգուած ոչնչացումը։ Նա նաեւ կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողութեան ներքոյ՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքը։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ