Փոքր-ինչ համարձակուելով ասեմ, թէ մեր, այո՛, մեր «Ասպարէզ» թերթի «Մանկական» էջի պատասխանատու, թէ անբացակայ խորհրդատու, երեւի միեւնոյնը կը լինի, յարգելի Մարալ, արդարեւ, երբ «Մանկական» էջ եւ հէնց մանկական պարտէզում սովորական մանկական խաղ չէ, որ անում են «Մեսրոպէան» ազգ. վարժարանի պատանի աշակերտները, եւ դուք նրանց մանկական թոթովանքները, որքան էլ խմբագրած լինէք, միեւնոյն է եւ խրատ-խորհուրդ ընդունելու ընդունակ ասելիքներով հանդէս գալը, որոշակի խօսում է շնորհ ունենալու մասին։ Եւ նրանց, հէնց պարզունակ, տակաւին այդօրինակ բնոյթի, բայց խորքում յայտնութան տանող ծիլեր կան։ Անշուշտ առաջինը դուք էք հաւատում եւ դպրոցի առողջ աշխատակազմի հետ մէկտեղ մնում նուիրեալը ձեր, մեր, բոլորիս յոյս-ապաւէն՝ գալիքի մունետիկներ համարուող ստեղծագործող պատանիներին։ Եւ որքան էլ լինեն թոթովանքներ, բայց գտնում էք, որ խորքում հունտեր են երեւում եւ երկակի նպատակ առաջ տանելով, ինչպէս մայրենին չմոռանալով, այնպէս էլ, ասածիս պէս ցանելիք սերմեր էք տեսնում, խորհուրդ տալիս՝ «Մանկական» էջում ցանել…
Եւ դուք եւ ձեր հետ դպրոցի եւ խմբագրութեան աշխատակիցներից շատերն են սատար մնում, մէկտեղ այդ ցանքսը ջրում, հողմերը չսասանեն եւ գալիքում՝ նրանց հասունացումը տեսնէք… տեսնենք…
Եւ ինչպէս դուք էք ինձ բարի մաղթանք յղել՝ ձեր, նաեւ մեր, բոլորիս սիրասուն թոռ ու թոռնուհիներին ոգեւորող խօսք ասելուս համար, այնպէս էլ փոխադարձը մաղթելով համոզումս է, որ դուք աւելին էք անում։ Եւ դառնամ ու ասեմ, որ նախ՝ «Մանկական» էջի պատանի թղթակից-թղթակցուհիների կողմից շնորհակալութիւն յայտնեմ…
Եւ յետոյ միայն՝ մեծացած ու մանկացած մարդու անկեղծ խոստովանանք անեմ, թէ շատերն են մանկութեան հետ ողջագուրւում եւ էլ չեն ուզում բաժանուել…
Ի հարկէ ես աւելիով, երբ վաղուց ի վեր շալակիս ափսոսանք եմ կրում։ Այո, հայրենական պատերազմի մեղքով 6րդ դասարանից եմ դպրոցը թողել…
Եւ առ այսօր իմ այդ կէս ճամբան շարունակելիս, որքան ինքս ինձ պարտաւորուած եմ զգացել ինքնակրթութեամբ զբաղուելով առաջանալ, այնքան՝ այդ վեց ուսումնական տարում ուսուցիչ-ուսուցչուհիներիս նկատմամբ երախտագիտութեամբ լեցուն մնալով եմ մտովի դպրոց մտել ու նստել վեցերորդցիների կողքին…
Ախր, ասացի, որ 6րդ դասարանից եմ դպրոցը թողե՜լ…
Արդ, այն օրերից, երբ ինչ-ինչ յարգելի եւ ոչ յարգելի պատճառներով շատ ուշ եմ վերադարձել ինձ… իմ մօտ… իմ ծերութեան մօտ…
Եւ ի հարկէ, այդ օրերից, որքան էլ օտարուած, բայց մտովի մեր գիւղից, մեր դպրոցից, յատկապէս 6րդ դասարանցիներից հեռու չեմ մնացել…
Տպագրուած 9 գրքերս ինքնին մանրապատում ճիչ, ցաւ, բայց բոլորանուէր երազանք եմ փոխանցել երեխաներին, մերթ-մերթ էլ երեխաների ծնողներին՝ երբեւէ չվհատուել, յաղթել, անպայման յաղթել…
Գալով այս պահին, յարգելի Մարալ, մի երրորդ խոստովանութիւն էլ անեմ, թէ օտարուած պայմաններում, այս կամ այն կերպ գրական միջավայրից հեռու չեմ մնացել, նոր գրքերով հանդէս եկող մարդկանց ընթերցելիս՝ ջանացել եմ իմ հնարաւորութիւններիս շրջանակում մի տաք խօսք ասող լինել, բայց այդուհանդերձ, աչքս փոքրիկների ճամբապահ էր մնում…
Սակայն վերստին կրկնեմ, թէ մեր «Ասպարէզ»ի «Մանկական» էջ բացելուց ի վեր, իրօք, ինձ կէս-կիսուած եմ զգում եւ մի կէսս մեր գիւղում ու մեր դպրոցում է թռվռոցի խաղում, բայց միւս կէսս «Մանկական» էջ տպագրուելուց ի վեր ընթերցելս մի նոր կապող օղակ կամ հէնց մխիթարանք է դարձել։
Ասել է, թէ ձեզ ու ձեր հետ մեր «Ասպարէզ»ի բոլոր աշխատակիցներից.
… Շնորհակալ ե՜մ…
… Շնորհակալ ե՜մ…
Յ. Գ.- Յարգելի Մարալ, համարէք, որ այսօրինակ խոստովանութեան անցնելս նոյնպէս ձեր կողմից ներշնչումների տանող արգասիք եղաւ։ Եւ պարզապէս, ընդունէք սովորական զրոյց, բայց երբ այս զրոյցը փոքր-ինչ սփոփանք եղաւ ինձ համար, ինքնին պարտք եմ համարում կրկնել.
Շնորհակալութիւն…