
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը (ANCA-WR), Հոլիվուդի մասնաճիւղի հետ միասին, կազմակերպել էին համայնքային հանդիպում Լոս Անջելեսի Ոստիկանական վարչութեան (LAPD/ԼԱՈՎ) ղեկավար Ջիմ Մաքդոնելի հետ:
Հոլիվուդի Հայ կենտրոնում, Փետրուարի 3ին կայացած ձեռնարկը բացառիկ նախաձեռնութիւն էր հայ համայնքի ներկայացուցիչների համար` անմիջականօրէն հաղորդակցուելու Լոս Անջելեսի Ոստիկանապետի եւ բաժանմունքի այլ ղեկավարների հետ` խթանելով երկխօսութիւնը հանրային անվտանգութեան, յանցագործութիւնների կանխարգելման եւ իրաւապահ մարմինների ու համայնքի միջեւ համագործակցութեան խորացման ուղղութեամբ:
«Սա առանցքային հանդիպում է մեր համայնքի համար Փոքրիկ Հայաստանի սրտում, որտեղ գործում են բազմաթիւ հայկական հաստատութիւններ եւ միութիւններ` եկեղեցի, կրթօջախ, լրատուամիջոց, Հայ կենտրոն` տարաբնոյթ կազմակերպութիւններով, այդ թւում` ՀՅԴ, ՀՕՄ, Հայ Դատի յանձնախումբ, Համազգային ու ՀՄԸՄ: Իրաւապահ մարմինների հետ յարաբերութիւնների ստեղծումը երաշխաւորում է, որ մեր ձայնը լսելի լինի, եւ մեր թաղամասերը` պաշտպանուած: Մենք բարձր ենք գնահատում Ոստիկանապետ Ջիմ Մաքդոնելի յանձնառութիւնը ամերիկահայ համայնքի հետ վստահութեան ամրապնդման հարցում», ողջոյնի խօսքում նշեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի խորհրդի անդամ, քրէական հարցերով փաստաբան Լարա Երէցեանը:

Նա ոստիկանապետին եւ նրա գլխաւորած վարչութեան անդամներին ամփոփ պատմեց Լոս Անջելեսի ամերիկահայերի մասին, որպէս շրջանի ամենակենսունակ եւ կայացած ցեղային համայնքներից` ընդգծելով հայերի նշանակալի ներդրումը քաղաքի մշակութային, տնտեսական եւ ընկերային կեանքում: Երէցեանն այնուհետեւ ներկայացրեց հայկական շահերի պաշտպանութեամբ զբաղուող ամենախոշոր կազմակերպութեան` Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը, որ շուրջ յիսուն մասնաճիւղերով աշխատում է մի քանի հիմնական ուղղութիւններով, այդ թւում` ամրապնդելու կապերը ԱՄՆ կառավարութեան հետ բոլոր մակարդակներում` ամերիկահայ համայնքի շահերը ներկայացնելու եւ խնդիրներն արդիւնաւէտ լուծելու նպատակով:
Կարեւորելով համայնքի բոլոր օղակների ներգրաւումը հանրային նշանակութեան հարցերի արծարծման եւ լուծման գործում, ձեռնարկը վարող Լարա Երէցեանը ներկայացրեց Լոս Անջելեսի հայ համայնքի հիմնասիւներից հանդիսացող՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանն ու խօսքը փոխանցեց տնօրէն Սիւզի Օհանեանին: «Չափազանց կարեւորում ենք ԼԱՈՎի եւ մեր համայնքի միջեւ բաց երկխօսութեան, մշակութային իրազեկման եւ աշխոյժ ներգրաւուածութեան խթանումը: Հանրային անվտանգութիւնը համատեղ պատասխանատուութիւն է, որը փոխադարձ յարգանք, փոխըմբռնում եւ համագործակցութիւն է ենթադրում», նշեց Օհանեանը: Նա հանդէս եկաւ համագործակցութեան առաջարկներով` հիմնաւոր տեղ յատկացնելով կրթական ծրագրերին, որոնք ներառում են նաեւ ոստիկաններին ամերիկահայ համայնքի առանձնայատկութիւններին, մշակութային ժառանգութեանն ու արժէքների մասին ծանօթացումը: Հայ Դատի յանձնախմբի Հոլիվուդի մասնաճիւղի ղեկավար Կարօ Իսբենճեանն էլ, դիմելով ոստիկանապետին եւ նրա աշխատակիցներին, ընդգծեց հայ համայնքի եւ վարչութեան միջեւ պատմականօրէն ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնները` յոյս յայտնելով, որ համագործակցութիւնը կը շարունակուի` ի նպաստ շրջանում ապահով եւ բարեկեցիկ միջավայրի ապահովման:


Լարա Երէցեանն այնուհետեւ ներկայացրեց Ջիմ Մաքդոնելի կենսագրութիւնը, ով քառասունամեայ գործունէութեան ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտօններ` արձանագրել է բազմաթիւ յաջողութիւններ` ներառեալ յանցագործութիւնների թուի նուազումը, եւ ոստիկանութեան ու հանրութեան միջեւ հաղորդակցութեան բարելաւումը: Ջիմ Մաքդոնելը, ով Լոս Անջելեսի ոստիկանական վարչութեան ղեկավարի դերը ստանձնել է մի քանի ամիս առաջ, իր խօսքում նշեց, որ բարձր է գնահատում հայ համայնքի հետ համագործակցութիւնը, եւ համոզուած է, որ երկխօսութեան եւ համատեղ աշխատելու արդիւնքում հնարաւոր է փոխադարձ վստահութեան մթնոլորտում միասին կառուցել աւելի ապահով Լոս Անջելես: Նա նշեց, որ հայ համայնքի հետ շփում ունեցել է մանկուց` Ուոթերթաունից ոչ հեռու գտնուող ծննդավայրում, որտեղ շրջապատուած է եղել հայերով: «Երբ ծանօթացայ Լոս Անջելեսի հայ համայնքին, ինձ զգացի ինչպէս տանը», խոստովանեց Ջիմ Մաքդոնելը:
Նա ներկաներին համառօտ պատմեց իր գլխաւորած համակարգում տիրող իրավիճակի մասին, ծանօթացրեց գլխաւոր մարտահրաւէրներին, եւ ոստիկանութեան կողմից իրականացուող բազմակողմանի աշխատանքներին: «Ներկայի մեր գլխաւոր մտահոգութիւններից է թմրանիւթերի եւ դրանց շարքում մասնաւորապէս «ֆենտանիլ»ի գործածումն ու չարաշահումը, որ բազմաթիւ դժբախտ պատահարների պատճառ է դառնում: Մարդիկ յաճախ օգտւում են, իրենց խօսքով, հանգստացնող դեղահաբերից` առանց տեղեակ լինելու, թէ այն իրականում ինչ է իրենից ներկայացնում: Թմրամիջոցների դէմ պայքարի վարչութիւնը /DEA/, երկու տարի առաջ առգրաւեց, առցանց վաճառուող մեծաթիւ դեղամիջոցներ, եւ պարզուեց, որ դրանց 70 տոկոսում առկայ է «ֆենտանիլ»: Դրա մեծ քանակով ընդունումը յանգեցնում է թունաւորման` շատ դէպքերում ճակատագրական ելքով», տեղեկացրեց Մաքդոնելը` կարեւորելով այս հարցի մասին յատկապէս երեխաներին ու դեռահասներին կրթելը:
Անդրադառնալով յանցագործութիւնների թուին, ոստիկանապետը նշեց համեմատաբար նուազման մասին: Նա տեղեկացրեց, որ ոստիկանները գործում են հնարաւորինս բաց եւ թափանցիկ, եւ նրանց առօրեայ աշխատանքներին կարելի է հետեւել վարչութեան ընկերային կայքերում, մասնաւորապէս` Youtube կայքում, որտեղ ներկայացւում են նաեւ տեսանիւթեր դէպքի վայրից եւ ոստիկանութեան գործողութիւններից` նկարահանուած ոստիկաններին կցուած տեսախցիկներով:


Մաքդոնելն ընդգծեց հասարակութեան ներգրաւուածութեան կարեւորութիւնը յանցագործութեան դէմ պայքարում արդիւնաւէտութիւնը բարձրացնելու հարցում: Նա նշեց, որ վերջին շրջանում դա առաւել կարեւորւում է՝ պայմանաւորուած ոստիկանների թուի կրճատման հետեւանքով առաջացած պակասով:
Լոս Անջելեսի Ոստիկանական վարչութեան ղեկավարի տեղեկատուական ելոյթին յաջորդեց հարց ու պատասխանը: Ներկաները հնչեցրեցին հայ համայնքին մտահոգող բազմաթիւ հարցեր, մասնաւորապէս` անվտանգութեան, հայատեացութեան դէպքերի, ներգաղթեալներին առնչուող: Որպէս Հոլիվուդի շրջանի բնակիչ, Լարա Երէցեանը մտահոգութիւն յայտնեց անօթեւանների խնդրով, եւ խօսեց նրանց մասնակցութեամբ միջադէպերի մասին` նշելով, որ այդ անձանց վարքագիծը վտանգ է ներկայացնում յատկապէս շրջանի հայկական հաստատութիւնների շահառուների` աշակերտների, ծնողների, անձնակազմի եւ ընդհանրապէս բնակիչների համար:

Ջիմ Մաքդոնելը յայտնեց, որ Լոս Անջելեսի վարչաշրջանում անօթեւան անձանց թիւը շուրջ 75,000 է, որոնք ունեն տարբեր խնդիրներ` ներառեալ թմրադեղերից եւ ալկոհոլից կախուածութիւն, հոգեկան առողջութեան խնդիրները: «Շատերի համար սարսափելի են անօթեւանները` պայմանաւորուած նաեւ նրանց անկանխատեսելիութեամբ: Ցաւօք, մենք չունենք բաւարար քանակի հաստատութիւններ` բոլորին փողոցներից տեղափոխելու համար, եւ օգնում ենք միայն հաշմանդամութեան լուրջ խնդիրներ ունեցողներին: Հասկանում եմ համայնքի մտահոգութիւնը, եւ այս հանգամանքը ինձ եւ մեր ոստիկաններին նոյնպէս զայրացնում է, որ չունենք անհրաժեշտ գործիքակազմ եւ հնարաւորութիւններ այս խնդիրը լուծելու համար», նշեց Մաքդոնելը: Նա յորդորեց անօթեւանների կողմից վտանգ զգալու դէպքում անմիջապէս կապուել ոստիկանական բաժանմունքներին:
Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան Շրջանի խորհրդի անդամ Լարա Երէցեանը բարձրաձայնեց մէկ այլ կարեւոր երեւոյթի` հայատեացութեան դէպքերի մասին, որ յատկապէս վերջին շրջանում դրսեւորուել են Լոս Անջելեսի տարբեր շրջաններում` հետաքրքրուելով, թէ ինչպէս է ոստիկանութիւնը պայքարում դրա դէմ: Նա յիշեցրեց հայերի դէմ ատելութեան հողի վրայ յանցաւոր արարքներն ու վանդալիզմի դէպքերը` մասնաւորապէս Էնսինոյի Ֆերահեան Ազգային վարժարանի շրջակայքում` 2019 թ.ին, 2021 թուականին Վեն Նայսի Սուրբ Պետրոս Հայ առաքելական եկեղեցում, 2023 թուականին` Բեվերլի Հիլզում, որտեղ տարածուել են հակահայ թռուցիկներ: «Մենք ատելութեան դրսեւորման դէպքերին եւ յանցագործութիւններին վերաբերում ենք ինչպէս այլ յանցանքներին, քանի որ դրանք շատ լուրջ են: Երբ մենք ձերբակալում ենք ինչ-որ մէկին նշուած յանցանքի համար, այդ անձը մեղադրւում է ոչ միայն մէկ այլ անձի, նաեւ` պետութեան եւ մի ողջ համայնքի դէմ յանցանքի համար: Այս երեւոյթի դէմ պայքարի գործում, մեր լաւագոյն գործընկերը նաեւ տուեալ համայնքն է, որ ունի պատկերացումներ հնարաւոր իրականացնողների մասին», նշեց Մաքդոնելը:

Ներգաղթեալների վերաբերեալ նախագահ Թրամփի նոր հրամանների կատարման հարցում ԼԱՈՎի դերի մասին խօսելիս, Մաքդոնելը յայտարարեց, որ Լոս Անջելեսի ոստիկանական վարչութիւնը չի համագործակցում Ներգաղթի եւ մաքսային հարկադիր կատարման ծառայութեան (ICE) հետ: «Մենք մարդկանց չենք հարցնում նրանց ներգաղթեալի կարգավիճակի մասին, եւ ձերբակալում ենք միայն յանցանք իրականացրածներին: Ցանկանում եմ բոլորին հանգստացնել`ասելով, որ մենք չենք զբաղւում ներգաղթեալների հաւաքագրմամբ, եւ մարդկանց կողքին ենք` պահպանելու մեր նկատմամբ վստահութիւնը»: Մաքդոնելը պատասխանեց նաեւ Լոս Անջելեսի ամենաաւերիչ հրդեհների եւ դրանց պատճառների հետաքննութեան գործում ոստիականական վարչութեան դերին, ինչպէս նաեւ՝ աղէտի ժամանակ եւ յետոյ յանցանքի դէպքերին ու դրանք կանխելու ուղղութեամբ գործողութիւններին: Նա նշեց, որ յատուկ ստեղծուած մասնագիտական աշխատանքային խումբը, համապատասխան տարբեր վարչութիւնների ներգրաւմամբ, պարզել է, որ որոշ հրդեհներ առաջացել են էլեկտրահաղորդման գծերի եւ ուժեղ քամիների պատճառով, որոնք հասել են մինչեւ 100 մղոն/ժ արագութեան, ինչը չափազանց դժուարացրել է հրդեհների տարածման կասեցումը: Բազմաթիւ հրդեհներ կապուած են եղել նաեւ անօթեւան բնակչութեան հետ, որ օգտագործում են կրակը կենցաղային սպառման նպատակներով: Ոստիկանապետը հաղորդեց, որ հետաքննութեան ընթացքի մասին այլ մանրամասներ դեռ հրապարակման ենթակայ չեն: Մաքդոնելը նաեւ յայտնեց, որ աւելացուել է իրաւապահ մարմինների քանակը` յետագայ յանցաւոր գործողութիւնները կանխելու համար, եւ օրինախախտներին սպասւում է խիստ պատիժ:
Ոստիկանապետ Մաքդոնելը պատասխանեց նաեւ յանցագործութիւններին արձագանգի տեւողութեան խնդրին, նշելով, որ արձագանգը լինում է ըստ առաջնահերթութիւնների, իսկ միւս հարցը` անձնակազմի քանակն է, որ վերջին տարիներին նուազել է: Մաքդոնելը կոչ արեց հայ համայնքին՝ դիմել իրենց շրջանի ընտրուած պաշտօնեաներին` առաջարկելով աւելացնել ոստիկանական վարչութեան բիւջէն` առաւել արդիւնաւէտ պայքարի համար: Նա քաջալերեց առաւել աշխոյժ դեր ստանձնել հասարակական անվտանգութեան նախաձեռնութիւններում, մասնակցել համայնքային տարաբնոյթ ծրագրերին եւ աշխատել իրաւապահ մարմինների հետ` յանցագործութիւնները կանխելու եւ դրանք բացայայտելու համար: «Իւրաքանչիւր շրջանում գործում են օրինակ թաղային խորհուրդներ, որոնք ունեն նաեւ ոստիկանութեան համար խորհրդատուներ, որ քննում ու մեզ են ներկայացնում տուեալ համայնքի կարիքները: Կոչ եմ անում ներգրաւուել համայնքում գործող տարբեր բնոյթի հանրային խմբերում, եւ աջակցել մեր աշխատանքներին», նշեց Մաքդոնելը:
Ձեռնարկի պաշտօնական մասի աւարտից յետոյ, Լոս Անջելեսի Ոստիկանական վարչութեան ղեկավարը, անկաշկանդ մթնոլորտում շարունակեց պատասխանել ներկաների հարցերին: Հայ Դատի յանձնախումբը շնորհակալութիւն յայտնեց Մաքդոնելին հանդիպման, բովանդակալից զրոյցի եւ նուիրուած աշխատանքի համար` յոյս յայտնելով, որ հայ համայնքի հետ համատեղ ծրագրերը կը նպաստեն շրջանի անվտանգութեան մակարդակի բարձրացմանը: