
«ԱՊԱՌԱԺ»
Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնը հայաշատ Սումգայիթ քաղաքում՝ ուղղակի 88ի Շարժումը ճնշելու, հայերիս համար ցաւալի եւ դառնագին, սակայն անյաջող փորձ էր։ 37 տարի առաջ՝ 1988ի Փետրուարի 27-29ը, ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան նկատմամբ իրականացուեց ցեղասպանութիւն։ Ադրբեջանի իշխանութիւնների նպատակաուղղուած եւ ծրագրուած գործողութիւնների արդիւնքում եւ ԽՍՀՄ իշխանութիւնների լուռ համաձայնութեամբ, իրականացուեցին հայերի զանգուածային ջարդեր, մարդկութեան դէմ ծանր յանցագործութիւններ։
Նմանօրինակ առանձնակի դաժանութեամբ յանցանքներ գործած Ադրբեջանը մնաց անպատիժ, աւելին՝ այդ անպատժելիութիւնը ծնեց նոր ոճիրներ՝ 2020ին, 2023ին կրկին ցեղասպանութեան ենթարկուեց Արցախի ժողովուրդը, Բաքուի բանտերում յայտնուեցին նրա ռազմական եւ քաղաքական գործիչները, որոնք այսօր էլ ենթարկւում են բռնութեան եւ խոշտանգումների, շարունակւում է իւրացուել եւ ոչնչացուել Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը, աւերւում են գիւղեր եւ քաղաքներ, Արցախում վերացւում է հայկական հետքը։
Ադրբեջանում հայ պատանդների կեղծ դատավարութիւններն ու նրանց խոշտանգումները միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է։ Անպատիժ մնալով, Ադրբեջանը կրկին իր հայատեաց քաղաքականութեամբ շարունակում է խոշտանգումների ենթարկել իրենց սեփական հայրենիքում ապրելու իրաւունքի համար պայքարող ժողովրդին։ Իսկ Հայաստանը՝ որպէս երաշխաւոր Արցախի ժողովրդի, խուսափում է նրանց իրաւունքների լիարժէք պաշտպանութիւնից։
Պատմութիւնը ցոյց տուեց, որ երբ համախմբում կայ ազգային նպատակների շուրջ՝ վերածնունդ հնարաւոր է։ Այսպէս էր 88ին, երբ թւում էր, թէ ելք չկայ, երբ ծառացած մարտահրաւէրներն անյաղթահարելի էին, այդ համախմբման ուժը դարձաւ վահան՝ մեր ժողովրդի եւ մեր ազգային արժանապատուութեան վերականգնման։ Այսօր հրամայական է ազգային խնդիրների շուրջ համահայկական համախմբումը։
Պէտք է համահայկական ուժերով ճնշում գործադրել՝ հասնելու համար միջազգային արդարադատութեան։ Նոր կառուցուող աշխարհում, եթէ չյարգուեն մարդկանց իրաւունքներն ու չգործեն օրէնքները՝ կրկին քաոսի ու անորոշութեան կը մատնուեն ազգերը։ Կայուն խաղաղութիւն հնարաւոր է միայն փոխադարձ իրաւունքների ճանաչման եւ ընդունման պայմաններում։ Այսօր տրուել «խաղաղութեան» կեղծ օրակարգին, հրաժարուել ազգային առաջնահերթութիւններից, տէր չկանգնել սեփական երկրին եւ ժողովրդին, երբ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, բռնազաւթել հայկական տարածքները, Բաքուի բանտերում պահել մեր հայրենակիցներին, խօսել խաղաղութեան մասին՝ ոչ այլ ինչ է, քան դաւաճանութիւն սեփական երկրի ու ժողովրդի հանդէպ։
Ադրբեջանը պէտք է պատասխան տա հայերի հանդէպ Շուշիում, Սումգայիթում, Մարաղայում իրականացրած ոճրագործութիւնների համար, Բաքուին պէտք է պատասխանատուութեան ենթարկել խաղաղ բնակչութեան հանդէպ իրականացուած էթնիկ (ցեղային) զտման եւ այսօր էլ շարունակուող ոճրագործութիւնների համար։
Միջազգային օրէնքներն ու ժողովուրդների իրաւունքների յարգումը լոկ ձեւակերպումներ չեն․ դրանք պէտք է գործեն կանխելու համար նոր աղէտներն ու բռնութիւնները խաղաղ ժողովուրդների հանդէպ։
Եւ Հայաստանը, որպէս պետութիւն, պէտք է տէր կանգնի եւ պահանջի միջազգային հանրութիւնից յարգել եւ ճանաչել Արցախի ժողովրդի՝ իրենց հողում ազատ ապրելու անքակտելի իրաւունքը։
28 Փետրուար, 2025