
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հարաւային Կալիֆորնիայի հայ համայնքի կեանքում իր իւրայատուկ տեղը զբաղեցրած «Արարատ» հիմնարկն (Ararat Foundation) այս տարի նշում է գործունէութեան 20ամեակը:
Մարտի 16ին, կազմակերպութիւնը մեծ հանդիսութեամբ կը տօնի յոբելեանական տարեդարձը, որ առիթ է ամփոփելու աշխատանքները, յայտարարելու նոր ծրագրերի մասին եւ համախմբելու համախոհներին ու նուիրեալ բարերարներին:
Միջոցառումը նաեւ իւրատեսակ յարգանքի տուրք է համահիմնադիր Ֆրեդ Վարդանեանի յիշատակին, ում համար հայրենասիրութիւնը նրա նկարագրի խորագիրն էր:
2005 թուականին, «Արարատ» հիմնարկը ստեղծուեց հիմնական նպատակով` պահպանելու հայկական մշակութային ժառանգութիւնը Սփիւռքում՝ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով, եւ ներդրում ունենալու հայրենիքի զօրացման գործում: «Արարատ»ի հիմնադրումը Ֆրեդ Վարդանեանի եւ Լաուրա Մելիքեանի մտայղացումն էր, ովքեր ցանկանում էին իրենց անհատական գործունէութիւնն առաւել համակարգուած եւ ուղղորդուած դարձնել` ներգրաւելով նաեւ համախոհների: Արդիւնքում ստեղծուեցին բազմաթիւ նախագծեր, որոնք շատերի կեանքում շրջադարձային եղան:
Քսան տարիների «Արարատ» հիմնարկի գործունէութիւնը ներառում է արդիական եւ հրատապ թեմաներով դասախօսութիւն-քննարկումներ Սփիւռքում` ճանաչուած գիտական եւ հասարակական ոլորտի բանախօսների մասնակցութեամբ, մշակութային ժառանգութեան պահպանմանն ուղղուած տարաբնոյթ ձեռնարկներ, այդ թւում` ցուցահանդէսների կազմակերպման միջոցով նաեւ քաջալերում հայ արուեստագէտներին, բարեգործական դրամահաւաքների միջոցով աջակցութիւն հայրենիքում կարիքաւոր ընտանիքներին, կրթական ծրագրեր մանուկների ու պատանիների համար, օգնութիւն վիրաւորուած զինուորներին, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ գիւղերի զարգացման բազմաբնոյթ նախագծեր:
«Հիմնարկը մշտապէս առաջնորդուել է հայրենիքի եւ Սփիւռքի համար պահի առաջնահերթութիւններով: Երբ հայրենիքի համար կռուած ու վիրաւորուած մեր հայրենակիցները օգնութեան կարիք ունէին, հիմնարկը ստեղծեց «Աջակցութիւն վետերաններին» ծրագիրը, եւ դրա շրջանակներում տարաբնոյթ օժանդակութիւն ցուցաբերեցինք Հայաստանի տարբեր շրջաններում տեղակայուած վիրաւոր զինուորներին ու նրանց ընտանիքներին», պատմում է Լաուրա Մելիքեանը:
Արցախը յատուկ տեղ է զբաղեցրել «Արարատ» հիմնարկի նախաձեռնութիւններում: Տարիներ շարունակ կազմակերպութիւնն օժանդակել է Քարվաճառի շրջանի կայացմանը` ներդրում ունենալով տարբեր ոլորտներում, յատկապէս` մշակութային կեանքում: «Քարվաճառի շրջանում հիմնականում իրականացնում էինք նախագծեր երիտասարդների համար` զարգացման բարենպաստ պայմաններ ստեղծելով հիմնականում կրթօջախներում, ակումբներում, որտեղ պատանիներն անցկացնում էին ժամանակը»: Մելիքեանը ցաւով է նշում, որ այդպէս էլ առիթ չունեցան կատարելու Քարվաճառի մշակութային տան բացումը, որ վերակառուցուել էր հիմնարկի ջանքերով: Քարվաճառցիները շարունակեցին ստանալ աջակցութիւն «Արարատ» հիմնարկից` Հայաստանում նոր պայմաններին հաստատուելու համար, այդ թւում յղի կովեր` իրենց ամէնօրեայ առաջնային սնունդն ապահովելու համար: «Արարատ» հիմնարկի ծրագրերից էր նաեւ մասնակցութիւնը Ստեփանակերտում Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը, որն աւաղ կիսատ մնաց:

Հիմնարկի առաջնահերթ ծրագրերի շարքում մշտապէս եղել են կրթական ծրագրերը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, յատկապէս` Տաւուշի մարզում, որտեղ նաեւ բազմաթիւ արցախցիներ են հաստատուել: 2020 թ.ից, հիմնարկը Բերդաւան գիւղում կազմակերպել է 6-10 տարեկան երեխաների համար ամառային ճամբարներ, որտեղ, Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի գիտաշխատող Միկիչ Փարսադանեանի ու գործընկերների կազմակերպմամբ, երեխաները ծանօթացել են գորգագործութեան, կաւագործութեան հմտութիւններին, երկրագիտութեանը: Կրթական նախաձեռնութիւններ են կազմակերպուել նաեւ գիւղի մեծահասակների համար` ներկայացուել են դասախօսութիւններ գիւղատնտեսական ծրագրեր կազմելու, առողջ ապրելակերպի, զբօսաշրջութեան զարգացման հնարաւորութիւնների, խաղողագործութեան մասին: Կոթի գիւղի դպրոցին հիմնարկը ապահովել է կահոյքով: Հիմնարկը նախատեսում է շարունակել այս եւ հարեւան գիւղերում գործունէութիւնը, որ հնարաւոր կը դառնայ նաեւ ձեռնարկի ընթացքում հանգանակուած նուիրատուութիւնների շնորհիւ: «Այս տարի հիմնական աշխատանքները կ՛իրականացնենք Կոթի եւ Ջուջաւան գիւղերում, որտեղ երեխաները կը սովորեն գորգագործութեան, կաւագործութեան հմտութիւններ, ինչպէս նաեւ` կը ներդրուեն գիտական ծրագրեր պատանիների համար: Միաժամանակ, նշուած շրջաններում, մեր մասնագիտական խմբի միջոցով նախատեսում ենք օգնել այն գիւղացիներին, ովքեր ցանկանում են գործ հիմնել: Նշուած խմբի մասնագէտները կ՛ուսումնասիրեն առաջարկները, կ՛ընտրեն խոստմնալից ծրագրերը, եւ մենք գիւղացիներին կը յատկացնենք ֆինանսներ` գործը սկսելու համար», տեղեկացնում է Լաուրա Մելիքեանը:
Երեւանի Պետական Բժշկական համալսարանի սիրուած դասախօսը, ով երկար տարիներ անխոնջ ծառայել է հայրենիքում` կրթելով սերունդներ, տեղափոխուելով Միացեալ Նահանգներ` չի դադարել գործել յանուն Հայաստանի եւ Արցախի: Լաուրա Մելիքեանն ուժ գտաւ շարունակելու հայրենիքի բարօրութեանն ուղղուած աշխատանքները 2020 թուականից յետոյ էլ, երբ պատերազմի պատճառով կորցրեց հայրենիքի այնչափ թանկ հատուածն ու համաճարակի պատճառով` սիրելի գործընկերոջն ու համախոհին` Ֆրեդ Վարդանեանին: Լաուրա Մելիքեանը համոզուած է, որ Վարդանեանը չկարողացաւ յաղթահարել Արցախի կորուստը, սակայն հայրենիքի հետ կապուած նրա նպատակները կը շարունակուեն իրականացուել:

Ֆրեդ Վարդանեանի մահը մեծ կորուստ էր ոչ միայն «Արարատ» հիմնարկի, նաեւ` ողջ համայնքի, հայրենիքի բազմաթիւ հայրենակիցների համար, ում համար Վարդանեանը լոյսի եւ յոյսի իւրատեսակ աղբիւր էր, մշտապէս կարեկցող ու աջակցող, գնահատող, ներող եւ սիրող: Ֆրեդ Վարդանեանն այն բացառիկ անձնաւորութիւններից էր, ով կարողանում էր միշտ լինել այնտեղ, որտեղ իր կարիքը կար: Նա գործում էր անշշունջ` հետեւելով Աստծուածաշնչեան պատգամին, որ աջ ձեռքը չպէտք է գիտենայ, թէ ձախն ինչ է անում: Նրա համար ամենամեծ երջանկութիւնն անանձնական էր, եւ այս նկարագրի շնորհիւ էր նաեւ, որ Վարդանեանը վայելում էր համայնքի սէրն ու անվերապահ վստահութիւնը: Ազգայինի նկատմամբ սէրը ներարկուել էր ընտանիքում եւ Թեհրանի հայկական վարժարաններում: Երիտասարդ տարիքում տեղափոխուելով Միացեալ Նահանգներ, եւ բարձրագոյն կրթութիւն ստանալով երկու համալսարաններում` Վարդանեանը ստացաւ քիմիկոսի կոչում եւ անցաւ աշխատանքի, որն առաջին հերթին առիթ էր նրա համար ֆինանսական ապահովութիւն ձեռք բերելու, որ կարողանայ օգտակար լինել ազգին: Նրա երջանկութիւնը նաեւ այս հարցում ամբողջական դարձաւ, երբ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնում գործունէութեան ընթացքում ծանօթացաւ ապագայ կնոջը` Անահիտին, ով կիսեց նրա տեսլականը: 1980ական թուականներին Ֆրեդ Վարդանեանը հիմնադրել է HaiEm կազմակերպութիւնը` հարթակ տարբեր տարիքի ամերիկահայերի համար ծանօթանալու եւ շփուելու` ազգային ինքնութիւնն ու մշակութային ժառանգութիւնը պահպանելու նպատակով: 2005 թուականին էլ Ֆրեդ Վարդանեանը Լաուրա Մելիքեանի եւ մի քանի ընկերների հետ միասին հիմնադրում են «Արարատ» հիմնարկը: Նրանց շուրջ շուտով համախմբուեցին բազմաթիւ անհատներ, որոնք ընթացքում դարձան ընկերներ ու բարեկամներ, հիմնարկի բարերարներ: Այդ շարքում իր ուրոյն տեղն ունի մտաւորական, հասարակական գործիչ եւ բարեգործ Յարութ Պռոնոզեանը, ով «Արարատ» հիմնարկի ամենամեծ ու նուիրեալ բարերարներից է: ««Արարատ» հիմնարկի ծրագրերը մասնագիտական մօտեցումով են ներկայացւում, կրթական բնոյթ են կրում եւ հանրութեան վստահութիւնն ունեն: Կազմակերպութեան ծրագրերը համահայկական մտածելակերպ եւ ոգի են ներշնչում, ուղղուած են ինքնութեան պահպանմանը, Հայաստանի եւ Սփիւռքի երիտասարդների ու համայնքների կեանքի բարելաւմանը: Նրանց յաջողութեանը գրաւականն այն էր, որ Ֆրեդն ու Լաուրան գործել են մաքուր եւ անկեղծ հայրենասիրական ոգով` անկախ քաղաքականութիւնից, եւ ելնելով հայութեան շահերից ու նրանց կարիքները հոգալուց` տրամադրելով իրենց ժամանակը, ֆինանսներն ու հնարաւորութիւնները: Նրանց յաջողուեց համախմբել նման մտածելակերպ ունեցող մարդկանց` հայրենասիրական երազանքները ի կատար ածելու համար, ստեղծեցին մի նաւ, որում յայտնուելով մարդիկ կարողանան մասնակից դառնալ Արցախի եւ Հայաստանի ամէնօրեայ կեանքին», իր բարեկամների մասին արտայայտւում է Պռոնոզեանը, ով երկու տասնամեակ աջակցել է «Արարատ» հիմնարկի գործունէութեանը:
Մարտի 16ին «Արարատ» հիմնարկը հրաւիրում է համայնքին` միասին նշելու ձեռքբերումները, ներդրում կատարելու ապագայի ծրագրերում եւ անձամբ ծանօթանալու կազմակերպութեան անդամներին, որոնց թւում են համայնքում մեծ ներդրում ունեցած անհատներ:
Մանրամասների համար կարող էք զանգահարել` 818-378-5657 հեռախօսահամարով: