Եւրոպական խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) մէջ Հայաստանի պատուիրակութեան անդամ Արմէն Գէորգեան 7 Մարտ 2025ին, Փարիզի մէջ տեղի ունեցած Ընկերային, առողջապահութեան եւ կայուն զարգացման հարցերու յանձնաժողովի հերթական նիստին ընթացքին անդրադարձաւ Պաքուի մէջ պահուող հայ գերիներուն կարգավիճակին։
Անդրադառնալով այն իրողութեան, որ Յունուարին վեհաժողովը Կազայի մէջ մարդասիրական իրավիճակին գծով ընդունեց բանաձեւ մը, որուն մէջ կ՛ըսուի, թէ «վեհաժողովը չի կրնար ընդունիլ, որ այս մարդասիրական ճգնաժամը ներկայացուի կամ դիտուի իբրեւ անխուսափելի կամ ալ դառնալ «նոր կանոն»ը՝ Գէորգեան ներկայացուց Ատրպէյճանի կողմէ բռնագրաւուած Արցախի մէջ, Պաքուի բանտերուն մէջ տիրող աղէտալի իրավիճակը, որ փաստօրէն կ՛անտեսուի միջազգային հանրութեան կողմէ:
Արմէն Գէորգեան իր խօսքին մէջ ըսաւ հետեւեալը.
«Հայերի էթնիկ (ցեղային) զտումներից եւ հայկական հողերի օկուպացումից (գրաւումէն) յետոյ Իլհամ Ալիեւը շարունակել է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականութիւնը, որի նպատակն է բացառել նրանց վերադարձն իրենց պատմական հայրենիք: Արդէն աւերուել են մի շարք հայկական եկեղեցիներ, հայոց պատմութեանը նուիրուած յուշահամալիրներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ եւ դպրոցներ, հարիւրաւոր խաչքարեր: Պղծւում են հայկական հոգեւոր կենտրոնները, թալանուել են աւելի քան 30 արուեստի ու թանգարանային հաւաքածուներ: Շուրջ մէկ տասնեակ հայկական բնակավայրեր նոյնպէս աւերուել են: Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի աւելի քան 24 հազար հայ արդէն լքել է տարածաշրջանը:
«Ուզում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրաւունքն անկատար է մնում Բաքւում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարութիւնների պատճառով: Դա հոգեբանական բռնութիւն է հայերի նկատմամբ, որոնց ասում են` եթէ ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրէք, թէ ինչ կը լինի ձեզ հետ, եթէ որոշէք վերադառնալ Ղարաբաղ: Այդ մարդկանց Բաքւում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնեայ են: Նրանց նուաստացնում են, որովհետեւ լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ` կարողացել են աւելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակութեան մէջ` դիմակայելով աւտորիտար (մենատիրական) Ադրբեջանին: Նրանք չեն կորցնում իրենց արժանապատուութիւնն ու քաջութիւնը, ինչի համար էլ ենթարկւում են խոշտանգումների ու նուաստացման:
«Արեւմտեան նաւթադոլարներով աճեցուած ադրբեջանական աւտորիտար ռեժիմը (վարչակարգը) փաստացի ոչնչացնում է հայկական քաղաքակրթութեան հետքերն Արցախում: Սա 20րդ դարի կէսերին Նախիջեւանում սկսուած Հայոց նոր ցեղասպանութեան շարունակութիւնն է:
«Արցախում զարգացող աղէտալի իրավիճակը վերացնելու համար նախատեսուած միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապէս չեն գործում: Ադրբեջանը միտումնաւոր խախտում եւ անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրութիւնը ակնյայտ անտարբերութիւն է ցուցաբերում 150 հազար հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրաւունքների ապահովման խնդրի նկատմամբ:
«Մեծ մտահոգութիւն պէտք է յարուցի նաեւ այն, որ Բաքւում փակւում են բազմաթիւ միջազգային հումանիտար (մարդասիրական), իրաւապաշտպան եւ լրատուամիջոցների գրասենեակներ: Այսպէս, ԿԽՄԿն, ՄԱԿի չորս գործակալութիւններ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»ը դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ «Պի.Պի.Սի.»ի գրասենեակը փակուել է: Ակնյայտ է, որ այս ամէնն արւում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու եւ տարածաշրջանային անվտանգութեան յետագայ ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար:
«Խնդրում եմ աջակցել Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին եւ մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարին ուղղուած իմ կոչին` անյապաղ վերահսկողութեան տակ առնել Բաքւում հայ գերիների հետ կապուած իրավիճակը, յատուկ բանագնաց ուղարկել այնտեղ` Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտաւորութիւնները եւ պարտադրելու նրան կատարել դրանք»: