Գործարար, բարերար, Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան ընտանիքին միջոցով Պաքուի բանտէն փոխանցած է երրորդ ձայնային ուղերձը, որուն մէջ ներկայացուցած է պատմութիւն մը, որուն շնորհիւ, ըստ իրեն, դարձած է այն, ինչ որ է: Ան իր անձնական կեանքէն կը պատմէ դրուագ մը, զոր կը ներկայացնենք ստորեւ.
«Ուզում եմ այսօր մի քանի խօսք ասել: Նախ` բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետեւ միայն պահը, ակնթարթն է իրականը եւ յաւերժութեանն ամենամօտը:
«Այսօր ուզում եմ կիսուել ձեզ հետ մի շատ անձնական պատմութեամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ` որպէս անհատի ձեւաւորման գործում: Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:
«Ինչպէս Խորհրդային Միութիւնում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ եւս զօրակոչեցին խորհրդային բանակ: Աւարտելով Մոսկուայի պետական համալսարանի առաջին կուրսը` Յունիսի վերջին յայտնուեցի Մոսկուայի զօրակոչային կէտում: Երկար արկածներից յետոյ Յուլիսի սկզբին մի քանի հարիւր հոգու հետ միասին յայտնուեցի Բաքուի արուարձանում` Բալաջարիի տեղաբաշխման կէտում: Այդպէս ես առաջին եւ միակ անգամ յայտնուեցի ադրբեջանական ԽՍՀում:
«Հէնց այդտեղ էլ ինձ մօտեցաւ մի ենթասպայ եւ առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպէս անել, որ տեղափոխուեմ Հայաստան ծառայելու: Այն ժամանակ դա բաւական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ: Երեք օր անց, երբ մեզ արդէն պէտք է վերջնականապէս բաշխէին զօրամասերում, նա, ակնյայտօրէն ուրիշ յարմար մէկի չգտնելով, նորից մօտեցաւ եւ ասաց, թէ` «լաւ, գոնէ 50 ռուբլի տուր»: Ես ասացի, որ ընդամէնը 27 ռուբլի ունեմ: Նա դժգոհ հեռացաւ` ասելով, որ դա անհնար է:
«Այս պատմութիւնը, պարզապէս որպէս զուարճալի դրուագ, պատմեցի նաեւ տղաներին, որոնց հետ ծանօթացել էի Մոսկուայից Բաքու մեր երկար ճանապարհորդութեան ընթացքում: Դրանից մի 15 րոպէ անց վեց-եօթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մօտեցան ինձ եւ տուեցին 23 ռուբլի` ասելով, որ կ՛ուզենային, որ գոնէ ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կը լինեն:
«Գիտէի, որ նրանցից ոչ մէկն էլ ապահովուած ընտանիքից չէր, եւ երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բաւականին լուրջ գումար էր ու, ըստ էութեան, նրանք տալիս էին իրենց վերջին` ծխախոտի համար պահած գումարները: Այդպիսով, շնորհիւ գրեթէ անծանօթ (միայն մէկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀից), այլազգի տղաների, որոնցից ոչ մէկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխուեցի Հայաստան եւ երկու տարի ծառայեցի Լենինականում (Գիւմրիում):
«Հետագայում շատ եմ մտածել այս դրուագի մասին եւ ինքս ինձ երեք հարց տուել: Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս` ուրիշին օգնելու համար: Ոչ թէ մէկ միլիոնը միլիարդից, այլ, իրօք, վերջին փողը: Երկրորդ` արդեօ՞ք կը կարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մէկն իմ շնորհիւ կը գնայ տուն ծառայելու, իսկ ես կը մնամ անծանօթ վայրում եւ կարօտով կը յիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու: Եւ երրորդը` պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտութիւն (մենք նոյնիսկ հասցէներ չփոխանակեցինք) եւ չունենալ այն զգացողութիւնը, թէ ինչ-որ մէկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել:
«Այս պատմութիւնն էլ հէնց դարձել է ինձ համար հենման կէտ` նպաստելով իմ` որպէս անհատի ձեւաւորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ:
«Եւ այսօր նախ կ՛ուզենայի երախտագիտութիւնս յայտնել նրանց` ինձ օգնողներին. անգամ չգիտեմ` ողջ են նրանք, թէ ոչ, ինչպէս է դասաւորուել նրանց կեանքը: Բայց եթէ լսեն իմ պատմութիւնը, պիտի իմանան, որ ես միշտ յիշում եմ այդ 23 ռուբլին եւ նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանայ: Երկրորդը` ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիւ ես հասկացայ, որ բարիք գործելը ներդրում չէ. պէտք է պարզապէս քեզ արուած բարութիւնը որպէս էստաֆետի (դրօշարշաւ) փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել: Եւ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթէ ամբողջ մեր կարողութիւնը տրամադրել ենք բարեգործութեանը, ու մեր երեխաները դա հասկացել եւ ընդունել են:
«Ես խնդրեցի Վերոնիկային (կնոջս), որպէսզի տեղադրի այս գրառումը Կիրակի, որովհետեւ Կիրակին քրիստոնեաների համար յատուկ օր է` ինչպէս հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար` Ուրբաթը:
«Կ՛ուզենայի, որ շաբաթուայ մէջ մէկ օր ժամանակ յատկացնէք` առօրեայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրուելու եւ մտածելու հոգեւորի, յաւերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ եւ Աստծոյ հետ:
«Համոզուած եմ, որ բարութիւնը յաւերժ է եւ անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկւում է: Իմ կեանքում շատ ծանօթ եւ անծանօթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ: Ես նոյնպէս ձգտել եմ նոյնը անել, որքանով կարողանում եմ:
«Չարը, ի հարկէ, ունի վախճան, այն վերջաւոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիւ (յարձակողապաշտ) է եւ ուշադրութիւն է գրաւում: Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն աւելի է ահագնանում եւ ուժեղանում: Մարդկանց համար, ցաւօք, աւելի հեշտ է քննարկել եւ յիշել վատը, քան լաւը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել: Այն աւելի բազմազան է եւ աւելի շատ ուշադրութիւն է գրաւում, նոյնիսկ` լուրերում: Մենք աւելի շատ վատ լուրեր ենք կարդում:
«Բայց յիշէք. եթէ բարութիւնը, լոյսը, սէրը աւելի քիչ լինէին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի: Պարզապէս այն, ինչպէս օդը, աննկատ է, եւ մենք յաճախ այն պարզապէս ընկալում ենք որպէս ինքնըստինքեան ենթադրուող մի բան: Ուրիշներին տալով այն ամէնը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկէ հորթի, քո կրքերի եւ ցանկութիւնների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կեանքի իմաստը: Մենք այդպէս աւելացնում ենք բարութիւնը եւ լոյսը աշխարհում` բոլորի համար:
«Մենք գալիս ենք աշխարհ մերկ եւ հեռանում ենք մերկ` ոչինչ չտանելով մեզ հետ: Նոյնիսկ փարաւոններին չի յաջողուել խուսափել դրանից: Ներէ՛ք, ինչպէս մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջէք, իսկ ձեզ համար ներում խնդրէք: Վարուէք ուրիշների հետ այնպէս, ինչպէս դուք կը ցանկանայիք, որ վարուէին ձեզ հետ. սա ոսկէ կանոն է: Արարէք բարիք եւ երջանիկ եղէք: Խաղաղութիւն մեզ բոլորիս: Սիրում եմ ձեզ բոլորիդ»:
Վարդանեան նաեւ յայտնեց, որ պիտի խօսի բացառապէս դատարանի եզրափակիչ նիստին, բայց միայն այն պարագային, երբ հոն ըլլան միջազգային հանրութեան ներկայացուցիչներ: