
Ն. Ա.
Լոս Անջելեսը պատրաստւում է ողջունել FEMINNO-ին՝ կանանց նորարարական ամենամեծ հարթակը Հայաստանում եւ Հարաւային Կովկասի տարածաշրջանում, քանի որ այն բացում է իր առաջին միջազգային մասնաճիւղը: Պաշտօնական մեկնարկը տեղի կ՛ունենայ Գլենդելի Hero House-ում՝ Մարտի 27ին: Մուտքն անվճար է, սակայն նախնական գրանցումը պարտադիր է:
Հայաստանում հիմնադրուած FEMINNO-ն համաշխարհային շարժում է, որը միտուած է զօրացնելու կանանց՝ նորարարութեան, առաջնորդութեան եւ STEM ոլորտում: Կազմակերպութեան առաքելութիւնն է՝ մարտահրաւէր նետել գենդերային (սեռին վերաբերող՝ արական-իքական) կարծրատիպերին եւ հնարաւորութիւններ ստեղծել կանանց համար զարգանալու:
«Հայաստանում գործունէութեան երեք տարիների, եւ Սան Ֆրանցիսկոյում ու Սիդնէյում արբանեակային համաժողովներ անցկացնելուց յետոյ, մենք ոգեւորուած ենք մեր շարժումը Լոս Անջելես բերելու համար: Սա հնարաւորութիւն է զօրացնել տեղի հայ տաղանդը՝ միաժամանակ ներգրաւելով կանանց եւ տղամարդկանց», նշում է FEMINNO-ի հիմնադիր Սեդա Պապոյեանը:
Միջոցառման բանախօսների թւում են կանայքն, ովքեր նշանակալի ազդեցութիւն ունեն Լոս Անջելեսում եւ նրա սահմաններից դուրս: Նրանց թւում է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրեանը, դոկտոր Կարինէ Սարգսեանը՝ ճշգրիտ բժշկութեան առաջատար փորձագէտ, գիտնական եւ բեսթսելերի հեղինակ, ով ներկայում աշխատում է որպէս Cedars-Sinai բժշկական կենտրոնի Cancer Biobank-ի գիտական տնօրէն: Ձեռնարկի միւս բանախօսը՝ Safe YOU կազմակերպութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն Մարիամ Թորոսեանն է Հայաստանից:
Որպէս կանանց նորարարութեան եզակի հարթակ՝ FEMINNO-ն ստեղծում է տեղական մասնաճիւղերի համաշխարհային ցանց՝ հրաւիրելով բոլորին, ովքեր հետաքրքրուած են տեխնոլոգիաներով (արհեստագիտութիւններով), առաջնորդութեամբ եւ նորարարութեամբ՝ դառնալու այս աճող շարժման մաս: FEMINNO-ի ծրագրերի եւ գործունէութեան մասին լրացուցիչ տեղեկութիւններ հասանելի են www.feminno.com կայքում: