
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

«Լարք» երաժշտական ընկերակցութեան ընձեռնած միջոցառումների ընթացքում եղել են շնորհահանդէսներ, սակայն այս անգամ՝ իւրօրինակ էր։ Շնորհահանդէսը նուիրուած էր Կոմիտասի ամբողջական գործերի Ա. հատորի վերահրատարակմանը, նոր խմբագրութեամբ եւ լրացումներով։ Հանդիսութիւնը տեղի ունեցաւ Շաբաթ, Մարտի 1ին, երեկոյեան ժամը 5ին, «Լարք» համալիրի «Թրպանճեան» սրահում։
ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Երնջակեանը խօսեց «Կոմիտասի երկերի ժողովածուի Բ. հրատարակութիւնը եւ դրա միջազգային նշանակութիւնը» թեմայով։ Ազգագրագէտ-երաժշտագէտ Դաւիթ Դերոյեանը՝ «Աթայեանը եւ Կոմիտասի ստեղծագործութիւնների վերահրատարակումը» վերնագրով ելոյթի ընթացքում պատմեց հատորների վերամշակուած տարբերակների մասին։
Երեկոյի ընթացքը վարում էր «Լարք»ի հանդիսավարուհի Թագուհի Արզումանեանը։ Ունենք հանդիսութիւններ, որտեղ Թագուհու բեմավարութիւնը մուտք է դէպի բուն ձեռնարկը։ Սակայն կան այնպիսիները, երբ Թագուհին ուղղակի շաղկապում է տարբեր իրավիճակները, բանաստեղծական տողերով միացնում է մէկ դրուագը միւսին, իրար են կապւում առանձին բաժինները, եւ ստացւում է կատարեալ մի ամբողջութիւն, որ տալիս է օրուայ խորհուրդը։ Այս երեկոն պատկանում էր դրանց շարքին։
Նախքան երեկոյի սկսուելը կոմպոզիտոր (յօրինող) Արտաշէս Քարթալեանը դաշնամուրի վրայ ներկայացնում էր Կոմիտասի երգերի սեփական մշակումները։ Ապա Թագուհի Արզումանեանը պատմում էր «Լարք»ի հիմնադրման, նրա որդեգրած առաքելութեան, հիմնադիր տնօրէն Վաչէ Պարսումեանի եւ այն աշխատանքների մասին, որ հաստատութիւնը կատարում է երկար տարիների ընթացքում։ Այս տարուայ ընթացող դասախօսութիւններից մէկում «Լարք»ին տրուեց «Հայկական կղզեակ» անուանումը, իսկ այդ օրուայ յայտնութիւնն էր՝ ««Լարք» երաժշտական կաճառ» անունը, որ ամրագրուել էր հէնց շաբաթ օրը, «Հայ երաժշտութեան պատմութեան» դասի ընթացքում։ Յամենայնդէպս, անուանումները կարող են լինել փոփոխական. արուած գործը վեր է ամէն բանից։
Այս հատորները նախապէս պէտք է հրատարակուէին «Դրազարկ» հրատարակչութեան կողմից, եւ արդէն կատարել էինք Ա. Բ. Գ. հատորների համակարգչային շարուածքը՝ դասական ուղղագրութեամբ, արեւելահայերէն։ «Դրազարկ» հրատարակչատունը այս սկզբունքով է կատարում արեւելահայերէն տպագրութիւնները։ Հայաստանում այդ ուղղագրութիւնը ընդունելի չհամարուեց։ Սակայն Վաչէ Պարսումեանի համար, անկախ որեւէ ձեւից, կարեւոր էր հատորների վերահրատարակումը, ուրեմն, համաձայնուեց Հայաստանի Հանրապետութեան ներկայ ուղղագրութեանը՝ ստանձնելով անհրաժեշտ նիւթական օժանդակութիւնը։ Երեւանում վերջապէս լոյս տեսաւ Կոմիտասի ժառանգութեան նորովի խմբագրուած եւ լրացուած Ա. հատորը։

«Ակադեմիայի եւ Վաչէի համագործակցութեամբ լոյս տեսած այս նոր հրատարակութիւնը ծրագրել ենք ներկայացնել միջազգային կոնֆերանսների։ Աշխատանքն ունի ռազմավարական նշանակութիւն։ Երբ Անատոլիայում (Փոքր Ասիա – Խմբ.) Կոմիտասը հաւաքում էր մեր երգերը, թուրք քաղաքական գործիչներն ասում էին, թէ նա գողանում է թուրքական երաժշտութիւնը։ Մեր օրերին աշխուժացել են այս պատմութիւնները Կոմիտասի մասին, կամ օրինակ՝ ասւում է, թէ Արամ Խաչատրեանի երաժշտութիւնը ադրբեջանական է։ Տասնամեակներ շարունակ լռել ենք խորհրդային շրջանում, չէինք ուզում խօսել։ Չէ՞ որ Կոմիտասի հարազատները թուրքերէն էին երգում, եւ նա իր գրառումները կատարում էր թուրքերէն։ Իսկ թուրքը վարում էր մշակութային քաղաքականութիւն եւ Օսմանեան կայսրութեան բազմալեզու մշակոյթը դարձնում էր թուրքական։ Կոմիտասն ինքը եւս խօսել է ազդեցութիւնների գոյութեան մասին, այնուամենայնիւ, շարունակւում են մեր էթնօ (ցեղային)- նկարագրի խեղաթիւրումները», ասում է Լ. Երնջակեանը, որ նաեւ նշում է, թէ Կոմիտասի գործերի Ա. հրատարակութիւնն ինքնին արդէն նշանակալից երեւոյթ էր, որ գրեթէ սպառուած է, հնարաւոր չէ ձեռք բերել, եւ մեր բարդ օրերում կարեւոր է մէկ անգամ եւս հնչեցնել Կոմիտասին։ Նրա ահռելի ժառանգութեան դասաւորումը, կարգաւորումը, հատորների մէջ ամփոփելը իրականացրել է մեր երաժշտագիտութեան սիւներից մէկը՝ Ռոպերթ Աթայեանը։ Կոմիտաս-Հայ երաժշտութիւն-Աթայեան՝ այս եռանկիւնով են հրատարակուել 60ականներից յետոյ Կոմիտասին նուիրուած 14 հատորները, Աթայանի մեկնաբանութիւններով, ծանօթագրութիւններով։ Այս վերահրատարակման համար ակադեմիան արդէն պատուէրներ է ստացել տարբեր արտասահմանեան երկրներից։ Կոմիտասագիտութեան կարեւորումը շատ անհրաժեշտ է ներկայ ժամանակներում։
Երեկոն շարունակում էր Դաւիթ Դերոյեանը, ով եղել է Ռ. Աթայեանի սանը Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում (երաժշտանոցին մէջ)։ Նա պատմում էր, թէ կոնսերվատորիայի Տեսութեան ամբիոնի վարիչ Ռ. Աթայեանը ամբողջ ժամանակ զբաղուած է եղել Կոմիտասի երկերով, առանց մտածելու որեւէ գիտական աստիճանի մասին, մինչդեռ այդ հրատարակած հատորների շնորհիւ իր ունեցած գիտութիւնների թեկնածուի աստիճանը կարող էր հասնել ակադեմիկոսի պատուաւոր կոչման։ Ըստ մեզ՝ Կոմիտասը եւս չունէր իր կատարած աշխատանքին համապատասխան գիտական աստիճան. միայն Կոմիտաս անունն իր մէջ ընդգրկում է ցանկացած կոչում։
Շարունակում էր Դերոյեանը. իր կեանքի 50 տարիները երաժշտագէտ Աթայեանը նուիրել է Կոմիտասի ժառանգութեան դասաւորմանը։ Փորձել է գնալ Պոլսոյ Հայոց պատրիարքարան, սակայն քաղաքական դրութիւնների պատճառով այն չի յաջողուել։ Մեկնել էր Փարիզ, Մարգարիտ Բաբայեանի մօտ, բայց քիչ բան էր յաջողուել ստանալ։ Փաստօրէն կար միայն այն, ինչ Կոմիտասեան յանձնաժողովի միջոցով Փարիզից բերուել էր Երեւան։ Կան Կոմիտասի բոլոր խմբերգերն ու մեներգերը։ 4000 ազգագրական երգերից մեզ են հասել ընդամէնը 1800ը։
1969-1982 թթ. Աթայեանը հասցրել էր հրատարակել Կոմիտասի գործերին նուիրուած 6 հատորները։ Ապա հրատարակութեան էր պատրաստել ամբողջ նիւթերը։
Իսկ ինչո՞ւ էր նա վերախմբագրել 5 հատորները։ Նախ հնացել էր գիրքը, անհրաժեշտ էր ռուսերէն եզրերը փոխարինել հայերէններով՝ օգտագործելով Կոմիտասի գործածած հայերէն եզրերը։ Առաջաբանի օտար գիտական եզրերը եւս պէտք է փոխարինուէին հայերէնով։ Կան երգերի անգլերէն թարգմանութիւնները, որ տեղադրուել են հայերէնների կողքին։
Խիստ կարեւոր էր այն, որ Աթայեանը փոխեց գիրքը կազմելու սկզբունքը։ Կոմիտասն ունէր միեւնոյն երգի 6-7 տարբերակ։ Նա չափազանց պահանջկոտ էր ինքն իր նկատմամբ. կարող էր նոյնիսկ վերջնական համարուած գործը թանաքով դարձեալ շտկել եւ խմբագրել։ Աթայեանը լուծեց այս խնդիրը. հիմնական բաժնում տեղադրեց՝ ըստ իրեն, ամենակատարեալ օրինակը, իսկ յաւելեալ բաժնում դրուեցին միւս տարբերակները։
Այս կատարելագործուած Ա. հատորի հրատարակման գինեձօնն էր, որ կայացել «Լարք»ում։ Ներկայ էին նաեւ Ռ. Աթայեանի հարազատները։
Հանդիսութիւնը եզրափակուեց երաժշտութեամբ, որի համար բեմ հրաւիրուեց հայրենի արուեստագիտուհի Սվետլանա Նավասարդեանը։ Ներկաները հաճոյքն ունեցան վայելելու Կոմիտասեան դիւթիչ պարեղանակները՝ դաշնակահարուհու ինքնատիպ եւ հազուագիւտ կատարման շնորհիւ։
Դէ ինչ, սկիզբը դրուած է, սպասում ենք յաջորդ հատորների լոյս աշխարհ գալուն։
Լուսանկարները՝ Պերճ Ճամճեանի