Որպէսզի ընթերցողը հասկանայ, թէ ինչպիսի մաքրութեամբ են անցել Հայաստանի նախագահական ընտրութիւնները, բերենք Երեւանի Կենտրոն համայնքի ընտրատեղամասերից մէկում կատարուած ձայների վերահաշուարկի տուեալները: Վերահաշուարկը կատարուել է ընդդիմութեան պահանջով: Նախնական տուեալներով, Սերժ Սարգսեանի օգտին իբր քուէարկել է 709 քաղաքացի: Վերահաշուարկը պարզել է, որ Սարգսեանի օգտին քուէարկել է ընդամէնը 395 մարդ: Ամենամեծը տուժել է Վահան Յովհաննիսեանը, ում օգտին գրուել էր 3 քուէ, բայց վերահաշուարկը պարզել է, որ Հ.Յ.Դ.ի թեկնածուի օգտին քուէարկել է 120 քաղաքացի: Այսպիսով՝ Յովհաննիսեանից Սարգսեանի օգտին կեղծուել է 117 քուէ: Տուժել են նաեւ միւս թեկնածուները: Վազգէն Մանուկեանից Սարգսեանի օգտին կեղծուել է 57, Արթուր Բաղդասարեանից՝ 50, Լեւոն Տէր Պետրոսեանից՝ 16, Տիգրան Կարապետեանից՝ 11, Արման Մելիքեանից՝ 6:
Այսպիսի կեղծիքները ողջ հանրապետութիւնում եղել են համատարած, ինչը սակայն եւրոպացի դիտորդների համար բաւարար չէր, որ ընտրութիւնները համարուեն եւրոպական չափանիշներին ոչ համապատասխան:
«Փետրուարի 19ի նախագահական ընտրութիւնները հիմնականում անցկացուեցին ԵԱՀԿի եւ Եւրոխորհրդի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների եւ չափանիշների համաձայն: Բարձրաստիճան պետական պաշտօնեաները իրական ջանքեր են գործադրել նախագահական նախորդ ընտրութիւններում նշուած թերութիւնները վերացնելու ուղղութեամբ՝ ներառեալ օրէնսդրական դաշտը, եւ պարբերաբար յայտնել են ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելու իրենց մտադրութիւնը», ասւում է ընտրութիւնների միջազգային դիտորդական առաքելութեան նախնական զեկոյցում:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Եւրոպական խորհրդարանի (Եւրոմիութեան օրէնսդիր մարմինն է) տարածած համատեղ զեկոյցի վերնագիրը եթէ դնենք մի կողմ եւ կարդանք զեկոյցի միւս էջերը, որտեղ մանրամասն ներկայացուած են աղաղակող կեղծիքները, ապա կարելի է հասկանալ, որ Փետրուարի 19ի ընտրութիւնները բոլորովին էլ չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
«Ձայների հաշուարկի ընթացքը գնահատուել է որպէս «վատ» կամ «շատ վատ»՝ այցելած տեղամասերի մօտ 16 տոկոսում: Նշուած խնդիրների թւում էին՝ իւրաքանչիւր թեկնածուի օգտին տրուած քուէների թուի բարձրաձայն չյայտարարելը, վաւեր քուէների ոչ հետեւողական տարբերակելը, բջջային հեռախօսների օգտագործումը եւ արդիւնքների արձանագրութիւնների հանրային ցուցադրման յաճախակի ձախողումը: Դիտորդները զեկուցել են արձանագրութեան մէջ գրանցուող տուեալների միտումնաւոր կեղծման մասին՝ այցելած ընտրատեղամասերից մի քանիսում», ասւում է զեկոյցում:
Հաշուի առնելով, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսեանի համար Կենտրոնական ընտրական յանձնաժողովը ներկայացրել է մօտ 53 տոկոս թիւը, ապա վերին պարբերութիւնը վերլուծելով կարելի է հասկանալ, թէ օրինականութեան ինչպիսի պաշար ունի գործող վարչապետը: Հասկանում է՞ք, առաջին փուլում նախագահ դառնալու համար պահանջուածից երեք տոկոս աւելի ձայներ ստացած Սարգսեանը, ձայների հաշուարկի ընթացքում տեղամասերի 16 տոկոսում «վատ» կամ «շատ վատ» է որակւում: Հիմա կը հարցնէք, այդ ո՞վ է ասում, որ կեղծիքները թոյլ են տրուել իշխանական թեկնածուի օգտին: Տեսականօրէն կարելի է պնդել, որ օրինակ՝ ձայների հաշուարկի ժամանակ կեղծիքներ թոյլ են տրուել նախագահի թեկնածու Արման Մելիքեանի օգտին: Բայց նման պնդում կարող է անել Հայաստանի ընտրական կոչուած գործընթացին անտեղեակը կամ անուղղելի լաւատեսը:
Մենք յատուկ անդրադարձ չենք կատարի ընտրակաշառքների եւ մարդկանց օթոպիւսներով ընտրատեղամասեր տեղափոխելու ու իշխանական թեկնածուի օգտին քուէարկել տալու դէպքերին: Ընտրակաշառքը դառնում է հայկական քաղաքական մշակոյթի եւ ընտրական գործընթացների անքակտելի մաս:
«Այցելած ընտրատեղամասերի մօտ 27 տոկոսում արդիւնքները չեն ցուցադրուել հրապարակայնօրէն, ինչպէս որ պահանջւում է օրէնքով», ասւում է եւրոպական դիտորդական առաքելութեան նախնական զեկոյցում:
Նախագահական ընտրութիւնները «հիմնականում եւրոպական չափանիշներին համապատասխան» ճանաչած եւրոպացիները նշել են կեղծիքների ակնյայտ բազում այլ օրինակներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը եւս, թէեւ վերոնշեալները եւս բաւարար են ընտրութիւնների օրինականութիւնը կասկածի տակ դնելու ընդդիմութեան պնդումները:
«Ընտրական յանձնաժողովների ղեկավար «եռեակների» (նախագահ, փոխնախագահ, քարտուղար) մեծամասնութեան կազմը մտահոգութիւն է առաջացրել մէկ քաղաքական շահի կողմից ընտրութիւնների կազմակերպման վրայ հնարաւոր վերահսկողութեան կապակցութեամբ»:
«Քաղաքացիների անձնագրային տուեալների զուր հաւաքագրումը ստեղծեց հանրութեան մէջ անհանգստութիւն՝ հնարաւոր ընտրակեղծիքների վերաբերեալ»:
«Քուէարկութիւնն ընթացել է յարաբերականօրէն հանգիստ մթնոլորտում, չնայած լարուածութիւն կամ անկարգութիւններ են նկատուել այցելած տեղամասերի մօտ վեց տոկոսում, որոնց հետեւանքով երբեմն եղել են բռնութեան դէպքեր: Ոչ լիազօրուած անձանց ներկայութիւն է գրանցուել այցելած տեղամասերի աւելի քան 10 տոկոսում»:
«Խմբակային քուէարկութիւնը շարունակում է խնդիր մնալ: Առանձին դէպքերում լուրջ խնդիրներ են նկատուել, այդ թւում՝ քարոզելու, ընտրողների ընտրութեան վրայ ազդելու փորձեր, ընտրողների ահաբեկում, «վերահսկուող քուէարկութիւն», քուէների առք ու վաճառք եւ ընտրողների տեղափոխում մէկ տեղամասից միւսը»:
Զեկոյցում յստակ ասւում է, որ իշխանական կառոյցները եւ տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում էին Սերժ Սարգսեանի օգտին եւ հակառակը՝ երբեմն խոչընդոտում ընդդիմութեան թեկնածուներից Լեւոն Տէր Պետրոսեանի ընտրարշաւը, ինչը ստեղծեց քարոզչութեան անհաւասար պայմանններ:
«Քաղաքի համայնքների ղեկավարներից եւ քաղաքապետերից շատերը աշխուժօրէն քարոզում էին պարոն Սարգսեանի օգտին: Հանրապետական կուսակցութիւնը որպէս նախընտրական կեդրոններ օգտագործում էր մի շարք կուսակցութեան գրասենեակներ, որոնք գտնւում էին տեղական ինքնակառավարման շէնքերում: Դիտորդները ականատես են եղել համազգեստով ոստիկանների, որոնք բաժանում էին Հանրապետական կուսակցութեան դրօշներ»:
Եւրոպացի դիտորդները նկատել են «կարուսելի» ընդամէնը ինը դէպք, երբ «անձանց տեղափոխել են մէկ ընտրատեղամասից միւսը»: Նրանք արձանագրել են նաեւ քարոզչութեան 32, ընտրողների ընտրութեան վրայ ազդելու 18, ընտրողների ահաբեկման 22, նախապէս նշում ունեցող քուէարկութեան 4 դէպք:
Լոռու մարզի Վարդաբլուր գիւղում բնակիչները դիտորդներին հաստատել են, որ ընտրակաշառք է առաջարկուել հինգ հազար դրամի չափով: Երեւանի ընտրատեղամասերից մէկի տարածքում բացայայտ գումար է բաժանուել, «զինծառայողներին բաժանում էին տարբերուող թանաքով գրիչներ քուէաթերթիկում նշում անելու համար»: Դիտորդները «քուէատուփերի լցոնման» միայն մէկ դէպք են արձանագրել:
Զեկոյցում ասւում է, որ ընտրութիւնների վերջնական գնահատականը, որը սովորաբար հրապարակւում է ընտրութիւններից վեց շաբաթ յետոյ, մասամբ կախուած կը լինի ընտրական գործընթացի մնացած փուլերի անցկացումից: Մեր հարցին՝ հնարաւո՞ր է վեց շաբաթ անց դիտորդները փոխեն իրենց կարծիքը եւ խուսափեն Հայաստանի նախագահական ընտրութիւնները «հիմնականում եւրոպական չափանիշներին համապատասխան» որակելուց, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի երկարաժամկէտ առաքելութեան ղեկավար Կերթ Արենսը պատասխանեց, որ սովորաբար նախնական եւ վերջնական զեկոյցների միջեւ մեծ տարբերութիւններ չեն լինում:
Նշենք, որ նախագահական նախորդ՝ 2003թ. ընտրութիւններում, եւրոպացիները ինչպէս նախնական, այնպէս էլ վերջնական զեկոյցում գրել էին, որ նախագահական ընտրութիւնները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿի ու Եւրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտաւորութիւններին:
ՀԱՅԵՐԸ ԿԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԵՆ ԵՒՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ
Հայաստանում տեղի ունեցած համապետական վերջին երեք քուէարկութիւններին՝ 2005թ. Նոյեմբերի սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէին, 2007թ. մայիսեան խորհրդարանական ընտրութիւններին եւ 2008թ. Փետրուարի 19ի նախագահական ընտրութիւններին եւրոպացի դիտորդների գնահատականները եղել են այսպիսին՝ «հիմնականում համապատասխան միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿի եւ Եւրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտաւորութիւններին»:
Մի կողմից, զուտ արտաքին իմաստով, սա լաւ է, եւրոպացիները չեն դատապարտում մեր ընտրութիւնները: Բայց միայն արտաքին փայլը բաւարար չէ: Հայ ընտրողները շարունակում են խաբուած զգալ: Ընդհանուր տպաւորութիւնն այն է, որ 1996թ. ի վեր բոլոր նախագահական ընտրութիւններում Հայաստանում պետութեան ղեկավար է ընտրւում ոչ այն մարդը, ում քուէ են տուել քաղաքացիները: Երբ 1996թ. եւրոպական կազմակերպութիւնները Լեւոն Տէր Պետրոսեանի ընտրութիւնը որակեցին «աղաղակող կեղծիքներով» լեցուն, իսկ 2003թ. Ռոպերթ Քոչարեանի ընտրութիւնը դրեցին կասկածի տակ՝ քուէարկութիւնը գնահատելով միջազգային չափանիշների անհամապատասխան, Հայաստանի խաբուած քաղաքացիների համար ինչ-որ տեղ սփոփանք էր, որ եւրոպացիները իրենց գնահատականներում իրերն անուանում են ճիշդ անուններով:
2005թ. սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն անցաւ ընտրատարածքներում համատարած ամայութեան պայմաններում, սակայն եւրոպացիները աչք փակեցին կեղծիքների վրայ: Պատճառը պարզ էր. հէնց եւրոպացիների ցուցումներով էին նաեւ կատարուել փոփոխութիւններ մայր օրէնքում: Ստացւում է, որ եւրոպացիների համար երկրորդական էր քուէարկութեան ընթացքը, իսկ առաջնայինը նորացուած, եւրոպական չափանիշներին համապատասխան սահմանադրութիւնն է, անգամ եթէ դա ընդունուել է ասիական ճանապարհով:
2007թ. մայիսեան խորհրդարանական ընտրութիւնները անցան համատարած փող բաժանելու նշանաբանով, սակայն եւրոպացիները իրենց նախնական զեկոյցում դրանք համարեցին եւրոպական չափանիշների համաձայն: Վերջնական զեկոյցում, սակայն, բացի մէկ-երկու պարբերութիւնից, մնացեալը ներկայացնում էր ընտրութիւններում տեղ գտած բազում կեղծիքները: Բայց ո՞ւմ է պէտք նման երկիմաստ կեցուածքը: Կարեւորը վերնագիրն է եւ նախաբանը, որտեղ նշւում է եւրոպական չափանիշներին համապատասխանութիւնը:
Նոյնն է կարծես նախագահական ընտրութիւնների դէպքում: Դժուար է ասել, թէ ինչպիսին կը լինէր եւրոպական չորս հեղինակաւոր կառոյցների համատեղ պատրաստած նախնական զեկոյցի բովանդակութիւնը, եթէ տասնեակ հազարաւոր հայեր Երեւանի տարբեր հրապարակներում այս օրերին հանրահաւաքներ եւ երթեր չկազմակերպէին: Ընտրութիւնները կեղծուած լինելու մասին իւրաքանչիւր միջազգային կազմակերպութեան կամ անհատ երկրի յայտարարութիւն կը նշանակէր լուցկի վառել վառօդի տակառի մօտ:
Միւս կողմից, սակայն, լաւ է, որ հայերը յոյսները չեն դնում դրսի վրայ: Օրինակ, ո՞վ է ուշադրութիւն դարձնում Հայաստանի ամէն մի ընտրութեան վերաբերեալ ԱՊՀ դիտորդական առաքելութեան գնահատականին: Գրեթէ՝ ոչ ոք, քանի որ իւրաքանչիւրի համար պարզ է. ամենամեծ կեղծիքն անգամ կոծկում են հէնց ԱՊՀ դիտորդները: Նոյնը կարող է սպասել եւրոպական կառոյցներին, եթէ վերջիններս շարունակեն Հայաստանի ընտրութիւնների մասին մի բան մտածեն եւ բոլորովին այլ բան գրեն:
Հայաստանում հաւատարմագրուած եւ մեր երկրի ընտրութիւններին հետեւած եւրոպացի դիւանագէտները մասնաւոր զրոյցներում խոստովանում են, որ եթէ անգամ իշխանութեան թեկնածուն ընտրուի արդար կերպով, հայերը չեն հաւատայ այդ ընտրութեանը, քանի որ հաւատ չկայ ընտրական գործընթացի հանդէպ: Եւ իրօք, ինչ հիմնաւորումով պէտք է շարքային հայ քաղաքացին հաւատայ ընտրութիւնների արդարութեանը, երբ դրանք հետեւողականօրէն կեղծւում են:
Բայց արդարութիւնը պահանջում է խոստովանել, որ այնուամենայնիւ, առաջընթաց կայ: Եթէ 1996թ. կեղծում էին բացայայտ ու դրա մասին յայտարարում (100 տոկոս էլ հաւաքէք, միեւնոյնն է), ապա տարէցտարի կատարելագործւում է կեղծման մեթոտաբանութիւնը, որն ուղեկցւում է եւրոպացիներին ազատ եւ արդար ընտրութիւններ կազմակերպելու մասին Երեւանի պաշտօնեաների կեղծ հաւաստիացումներով: