Իսրայէլի բանակը մշակել է նոր ծրագիր՝ ֆիզիկամաթեմաթիկական ձիրքով օժտուած, արտասահմանում ապրող, հրեայ պատանիներին հրաւիրելու ժամանակակից բարձր արհեստագիտութիւն կիրառող բարձրակարգ ստորաբաժանումներում ծառայելու։ Եռամեայ ռազմական պատրաստութիւն անցնելուց յետոյ նրանք կը ստանան սպայական կոչում եւ առաջին համալսարանական աստիճան՝ ֆիզիկայից եւ մաթեմաթիկայից, ապա առնուազն վեց տարի կը ծառայեն բանակում բարձր աշխատավարձով։ Այս ծրագրի հետ բանակը մեծ յոյսեր է կապում։ Այն, որ արդէն իսկ երկրի շահերին համակողմանիօրէն ծառայեցւում էր արտերկրի հրէութեան հսկայական կարողութիւնը, չէր նշանակում, թէ հնարաւորութիւնները սպառուած էին։
Իսկ ի՞նչ մակարդակի վրայ է Հայաստան-արտերկիր հայութիւն յարաբերութիւնը՝ «նարինջ ուտողներ… փող ղրկեցէք» պահանջից այս կողմ։ Վերջապէս, մեծ չեմուչումով անցեալ տարուայ Փետրուարի 26ին Ազգային ժողովում երկքաղաքացիութեան օրէնք ընդունելուց եւ իրականացումը յետաձգելուց յետոյ, պատասխանատու մարմինները ասես ոչ ցանկութիւն, ոչ կարողութիւն ունեն օրէնքի մանրամասները մշակելու եւ գործադրելու։ Որ ՀՀՇն միշտ դէմ է եղել, հասկանալի է-պարտաւորութիւններ ունի օրէնքի ընդունումից խիստ դժգոհ Թուրքիայի հանդէպ։ Իսկ միւսնե՞րը, ումից եւ ինչից են վախենում։
2005 թուին միայն ամերիկա-մեքսիքական սահմանն ապօրինաբար անցնելիս մերձսահմանային լեռներում ու անապատներում զոհուել է 460 հոգի )այլ երկրներից այլ ճանապարհներին, բոլոր հնարաւոր ու անհնարին միջոցներով ԱՄՆ ապօրինի մեկնած զոհերի թիւը չհաշուած(։ Բիւրաւորները կեանքի գնով ձգտում են որեւէ կերպ մուտք գործել ԱՄՆ եւ զարգացած այլ երկրներ, թէկուզ անօրինական աշխատելու եւ փոքրիշատէ մարդավարի ապրելու համար։ Այն, որ 2006ին մինչեւ Սեպտեմբերի սկիզբը Հիւսիսային Ամերիկայից 3000 անգլիախօս հրեայ ներգաղթել է Իսրայէլ, հակառակը չի ապացուցում, քանզի նրանց հայրենիքը նոյնպէս զարգացած երկիր է։ Իսկ արտերկրի հայերը ինչքան էլ սիրում են հայրենիքը, վերադառնալու պատրանքներ չունեն, քանզի այնտեղ սովորական մարդը ապրելու տարրական պայմաններից զուրկ է։
Տաղանդաւոր պատանիներին երկրի պաշտպանութիւնում ներգրաւումը հրամայական է նոյնքան, որքան ռազմական տեխնիկայի կատարելագործումը գիտութեան արդի նուաճումների, բարձր արհեստագիտութեան հիման վրայ։ Վերը բերուած փաստին աւելացւում է, որ «Մերկաւա-4» արդիական տանկերի վրայ տեղադրուելու են յատուկ պաշտպանական համակարգեր, որից յետոյ դրանք գործնականօրէն անխոցելի կը դառնան։ 300 հազար տոլար արժող «Տրոֆի» համակարգերը ճանաչում, դասակարգում եւ ոչնչացնում են հակատանկային նորագոյն հրթիռները )«Քոմսոմոլսքաեա փրավտա» 10-16 Օգոստոսի, 2007(։ Սա ընդամէնը մի մանրամասն է աշխարհի քարտէսի վրայ հազիւ նշմարուող փոքրիկ երկրի ռազմական հզօրութեան-2007ին Իսրայէլը զէնք արտածելու 4.3 միլիառ տոլարից աւելի համաձայնագրեր է ստորագրել, կարեւոր գնորդներից են Հնդկաստանը, Թուրքիան, ԱՄՆը, Անգլիան )«Ասպարէզ», 28 Դեկտեմբեր, 2007(։
Անցեալ՝ 20րդ դարի պատերազմներում բնորոշը զրահատանկային զօրքերն էին։ Բայց ներկայ դարի սկզբում զրահատանկային տեխնիկայի գոյութիւնը հարցականի տակ դրեցին ժամանակակից գերճշգրիտ հարուածային միջոցները, եւ որպէսզի այն չկորցնէր նշանակութիւնը, վերածուելով անպէտք ու ահռելի մետաղազանգուածի, անհրաժեշտ էր ստեղծել հակամիջոցներ։ Նման խնդիրները սովորաբար ի զօրու են լուծել գիտաարտադրական հզօր ներուժ ունեցող մեծ երկրները, բայց ահա վերոյիշեալ նորմուծութիւնը, ընդհանուր առմամբ իրաւացի այս հարցադրման հիանալի մի հակափաստ է եւ հիանալի օրինակ, յատկապէս պաշտպանական լարուած կացութիւններում գտնուող Հայաստանի նման փոքր երկրների համար։ Ռազմական տեխնիկայի վերազինումը, արդիականացումը ահռելի միջոցներ են պահանջում, սկսած գիտութեան ու տեխնիկայի գործնական զարգացումից, համապատասխան քատրերի պատրաստումից մինչեւ ցարդ անհնարին թուացող՝ համապատասխան արտադրական կարողութիւնների հիմնումը։ Ի հարկէ, սարքաւորումները կարելի է եւ ներմուծել, որ անհամեմատ ծախսատար կը լինի, քան տեղում արտադրական կարողութիւններ հիմնելը, եւ հեռանկարում դա աւելի ու աւելի վնասաբեր ու վտանգաւոր կը դառնայ երկրի համար։ Նշենք, օրինակ, որ Իսրայէլն օժտուած է ժամանակակից ռազմական տարբեր միջոցների, արտադրական գիտատար ճիւղերի բարձր մակարդակով։ Մեր տնածին իմաստուններն անմիջապէս կ’ասեն, թէ դա պայմանաւորուած է դրսի մեծ օգնութեամբ, մոռանալով, որ այն լիովին ծառայում է երկրի հզօրացմանը։ Հայաստանն, ի հարկէ, նման միջոցներ չի ստանում, բայց եթէ ստանար անգամ աւելին, այն դարձեալ պիտի լցուէր մեծամասամբ յատակից բարձրացած «վերնախաւի» անյագ որկորը։ «Վերնախաւ», որի համար ո՛չ մտաւոր կարողութիւնների զարգացման խնդիր գոյութիւն ունի )վկայ երկրի գիտատեխնիկական քատրերի ողբալի վիճակը(, ո՛չ մշակոյթ, ոչ տաղանդ-անտաղանդի հարց. նրանք իրենք ազգի նորօրեայ «մեծութիւններն» են։ «Անարդարութիւնը բոլոր ոլորտներում է», նախընտրական հանդիպման ժամանակ վերջերս ասաց ՀՀ նախագահութեան թեկնածու Վահան Յովհաննիսեանը, ներկայացնելով արմատական վերափոխման իր ծրագիրը,-եւ այն աստիճանի, որ որքան էլ երկիրը զարգանում է, միեւնոյն է, դրանից օգուտ չկայ։ Մեր տնտեսական զարգացումը մարդկանց որոշ շերտերի վրայ է ազդում»։ Այո, որքան էլ վերականգնւում է տնտեսութիւնը, որքան էլ հարստութիւն է ստեղծւում կամ մտնում երկիր, ժողովուրդը դուրս չի պրծնում անապահովութեան ճիրաններից։ Ասես համաշխարհային չարիքի սեւ ճանկով այդպէս էր գրուած ի սկզբանէ-քրէածին Հայոց Հակազգային Շարժման համատարած թալանով դրուեցին անկախ Հայաստանի հիմքերը եւ այսօր էլ կուսական մաքրութեան ու անմեղութեան, ազգասիրութեան դիմակ հագած, դարձեալ փորձում են զանգուածներին խաբելով ու յիմարացնելով վերազաւթել իշխանութիւնը, երկիրը վերջնականօրէն կործանելու համար։ Բայց ասուած է նաեւ՝ ժողովրդին հնարաւոր չէ խաբել մշտապէս։ Այդպէս եղաւ Հայաստանում, մինչդեռ Իսրայէլի հիմնադրման առաջին օրուանից պետութիւնն արել է անկարելին ազգահաւաքի, երկրի հզօրացման համար, այդպէս էլ շարունակւում է։ Իսրայէլի օրինակին դիմում ենք ցոյց տալու, թէ ինչպէս պէտք է խելօք լինել։ Դիմում ենք, եւ այն շատ ուսանելի կը լինէր, եթէ մեր նորելուկ «վերնախաւը» նայէր շուրջը, փորձէր իր ուռճացած գլխով գոնէ մի կերպ, մի բան հասկանալ, գոնէ զգալ, որ այսպէս շարունակելու դէպքում կորստեան վտանգի առաջ են թէ՛ իրենք, թէ՛ իրենց տիրոյթները, թէ՛ իրենց ճորտերը։ Բայց խօսքը, ճշմարտութիւնը, իտէան որքան ակնյայտ, բարձր ու անպարտելի, նոյնքան եւ անհասկանալի, անընդունելի է, անկարող բութ անտարբերութեան ու արատների առաջ։ «Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւնն եմ խօսում, ինձ չէք հաւատում» )Յովհաննէս, 8, 45(։ Մարդ արարածը յաճախ հաւատում է իր գերադասածին եւ ոչ թէ անգամ բացայայտ ճշմարտութեանը։ Է՛հ, ո՞ւմ է պէտք այդ ճշմարտութիւն կոչուածը, երբ ուղղուել են դէպի անդունդը։ Ե՞րբ է գրուել Մովսէս Խորենացու «Ողբը»։ Թւում է՝ վաղը։ Ճշմարտութիւնը յաճախ այնպիսին է, որ աւելի լաւ է այն չիմանալ, ասում էր ԿՀՎի նշանաւոր տնօրէն Ալան Տալլէսը։ Նրան կարելի է հասկանալ։ Բայց սրանց ոչ-այսօրուայ գործունէութեան հետեւանքները չտեսնելու, կամ նոյնիսկ տեսնելու ու արհամարհելու վերջը յայտնի է…
2003ի Դեկտեմբերի 11ին Ռոպերթ Քոչարեանը Ժընեւի Տեղեկատուական հասարակութեան համաշխարհային գագաթաժողովում շեշտեց, որ Հայաստանը Խորհրդային Միութեան «Սիլիկոնային հարթավայրն» էր համարւում, «Առաջին համակարգիչը ստեղծուել եւ հաւաքուէլ է Հայաստանում 1960ին։ Այսօր մենք յայտարարել ենք, որ մեր նպատակն է Հայաստանը տեսնել որպէս մտաւոր ծառայութիւններ մատուցող երկիր… համակարգչային ծրագրերը եւ տեղեկատուական արհեստագիտութիւնների ծառայութիւնները կազմում են Հայաստանի ՀՆԱի 1.7 տոկոսը։ Սա Հայաստանը դասում է տեղեկատուական արհեստագիտութիւնների )ՏՏ( արագ աճ ունեցող երկրների շարքը»։ Ս.թ. Յունուարի 31ին արդէն, յառաջիկայ տարիների գերնպատակը համարելով բարձր արհեստագիտական արտադրութեան անցնելը, նա հաւաստեց, որ տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտում նկատելի առաջընթաց կայ։ Ինչպէս տեսնում էք, նպատակը եւ որոշ չափով էլ իրագործումը կայ, բայց սեփական հնարաւորութիւններն են խիստ սահմանափակ ժամանակակից գիտատեխնիկական արագ աճ ունենալու համար։ Բարձր արհեստագիտութեամբ օժտուած արդիւնաբերութեան մասին խօսելն աւելորդ է, երբ անգամ անցեալ, խորհրդային շրջանի արդիւնաբերական ողջ հնարաւորութիւնները )որոնք մնային էլ չարդիականացուելով, անբաւարար կը լինէին այժմ( ոչնչացուեցին հհշական իշխանութեան տարիներին ու երկիրը յայտնուեց ասես նախնադարում։ Գիտութեան ու կրթութեան վիճակի մասին նորից խօսելն էլ աւելորդ է։ Բայց եւ այնպէս, որքան էլ խոշորացել է նոր սերնդի ինքնագոհ, տգէտ, անկիրթ, բթամիտ ու ռաբիզահար զանգուածը, տաղանդների պակասութիւն չկայ-դարէդար ապացուցուել է՝ զարմանալի դիմացկուն ազգ ենք, ամենածանր վիճակներում էլ վերջնականօրէն չենք բթանում ու չքանում։ Եթէ այդ տաղանդներն էլ անտեսուեն, ո՞վ պէտք է, եթէ ոչ այսօր, ապա վաղը մտաւոր ծառայութիւններ մատուցի, որ աճ էլ ունենանք։ Գիտութեան ու կրթութեան համար առայժմ բաւարար դրամ չկայ, դրամը ծառայում է նորահարուստների անհեթեթ ու անճոռնի քմահաճոյքներին։ Այդպէս էլ չլինէր, երկրի ֆինանսական կարողութիւնների օրինական ու արդիւնաէտ օգտագործումն իսկ բնաւ բաւարար չէր լինի։ Ի՞նչ անել։
Ռուսաստանում ռազմավարական որոշիչ նշանակութիւն ունեցող գիտատար ճիւղերի, բարձր արհեստագիտութիւնների զարգացման ընդգրկուն ծրագիր է մշակուել, որն արդէն հետեւողականօրէն իրականացւում է արդիական ամենաբարձր մակարդակով )նշենք, որ հիմնական ուղղութիւնների շարքում, առանձնացուած է երկրում արդէն իսկ նշանակալի մակարդակի հասած նանոտեխնոլոկիան, որը խոշորագոյն յեղափոխող դեր կ’ունենայ մարդկութեան պատմութեան մէջ(։ Քանի որ ինքնուրոյն հնարաւոր չէ լուրջ արդիւնքների հասնել, ապա Հայաստանի կառավարութիւնը պէտք է անի հնարաւորը դաշնակից մեծ երկրի այդ ծրագրին միանալու համար, գործի դնելով առկայ գիտական ներուժը եւ, հասկանալի է, նոր քատրեր պատրաստելով։ Համատեղ արդիւնաւէտ աշխատանքի նախկին հարուստ փորձն ինքնին յաջողութեան նպաստաւոր մի կռուան է )յիշենք, որ Հայաստանի Գիտութիւնների ակադեմիան երրորդն էր Խորհրդային Միութիւնում Ռուսաստանից եւ Ուքրաինայից յետոյ(։
Ատրպէյճանի զրահատեխնիկան 587 միաւոր է, Հայաստանինը՝ 306։ Աւելացնենք, ինքնաթիռները՝ 49 եւ 6, ուղղաթիռները՝ 15 եւ 12, ռազմական ներուժը՝ 7 եւ 6՝ հաշուարկուած 10 բալանոց չափանիշով-բանակի թիւը, պատրաստուածութիւնը, զինուածութիւնը )«Քոմսոմոլսքաեա փրավտա» 24-30 Օգոստոս, 2007(։ Ատրպէյճանի իշխանութիւնները շարունակ սպառնում են պատերազմի վերսկսումով։ Առայժմ դա ծաղրածուութեան տպաւորութիւն է թողնում, բայց վայրագ ցեղն իր բնոյթի համաձայն անկասկած այն կը սկսի, երբ հասնի ռազմական խոշոր գերակշռութեան։ Իլհամ Ալիեւը յայտարարել է. որ երկրի պաշտպանութեան պիւտճէն ութ անգամ աւելի բարձր է, քան չորս տարի առաջ եւ թիւ մէկ առաջնահերթութիւնը զինուորական ծախսերն են. «Պատերազմը տակաւին չէ աւարտուած։ Զինադադարի մէջ ենք պարզապէս»։ Այլ առիթներով նա հաստատել է, որ Ատրպէյճանի ռազմական պիւտճէն հաւասար է Հայաստանի ամբողջ պետական պիւտճէին եւ աւելանալու ընթացքի մէջ է, որ ռազմական առումով Ատրպէյճանը շրջանի ամենաուժեղ պետութիւնն է, եւ ապա՝ «Մենք ուժ կը կուտակենք եւ որեւէ պահի պատրաստ ենք որեւէ գործողութիւն կատարելու։ Ատրպէյճանը երբեք համաձայն չպիտի լինի սթաթուս-քոյի պահպանումինո։
Սպառնալիքներից անկախ կայ եւ տխուր իրականութիւնը։ Ահա թէ ինչու Ատրպէյճանի նախագահի արտաքին կապերի ղեկավար Նովրուզ Մամէտովի հարցն արդէն բնաւ ծաղրածուութիւն չի թւում. «Ձեզ ընդհանրապէս հող պէ՞տք է»։ Որեւէ թերբնակեցուած, կրճատուող բնակչութեամբ տարածքում հազարամեակներ ապրած լինեն, ազատագրած, գրաւած, վերադարձրած կամ ոչ, վերջին հաշուով հնարաւոր չէ պահպանել տեղաբնիկների գերակշռութիւնը, երբ շրջապատող երկրներում բնակչութեան շարունակական աճ կայ, գերբնակեցման հեռանկարով։ Ինչպէս, ինչ պատճառներով էլ կործանուած լինեն հին, յաճախ հզօր տէրութիւնները, հիմնականը սեփական բնակչութեան կրճատումն է՝ պատերազմներով, ներքին երկպառակութիւններով, արտագաղթով, կոտորածներով, ընտանիքների քայքայումով, սերնդագործման նշանակալի անկումով եւ այլն։ Հայաստանի ժողովրդագրական ներկայ պատկերը դժբախտաբար հաստատում է Նովրուզ Մամէտովի հարցադրումը։ Արտագաղթի մասին յոգնել ենք խօսելուց, վերաբնակեցումն էլ ընթանում է դանդաղօրէն։ ԼՂՀ կառավարութեանն առընթեր գաղթի, փախստականների եւ վերաբնակեցման վարչութեան պետ Սերժ Ամիրխանեանը իրաւացիօրէն ընդգծում է. «Եթէ հայրենիքի զաւակների արիւնով ազատագրուած հողը քրտինքով չշինուի, չվերակառուցուի, չբնակեցուի, այդ հողը չի կարող հայրենիք նկատուել»։ Կատարուած աշխատանքը ներկայ պայմաններում դրուատելի է, բայց վարչութեան մշակած տասնամեայ ծրագրով վերաբնակողների թիւը 67 հազարի հասցնելու համար )այսինքն ներկայ Արցախում գոնէ 200 հազարից աւելի բնակչութիւն ունենալը դարձեալ քիչ է ներկայ տարածքի լիարժէք իւրացման տեսակէտից( … «մեր ուժերը բաւարար չեն, շարունակում է նա,-եւ մենք կարիքը ունենք համահայկական օժանդակութեան»։ Բնակչութեան աճին, հարկաւ կը նպաստի նաեւ Արցախի կառավարութեան որոշումը-2008ի Յունուարի 1ից երրորդ երեխայի ծնուելիս նորածնի անունով բացել 500 հազար դրամի հաշիւ, նոյնչափ տրամադրել մօրը։ Չորրորդ եւ յաջորդ երեխաների աւանդի գումարը արդէն 700 հազար է լինելու, նոյնչափ տրամադրուելու է մօրը։ Նորապսակներին պիտի վճարուի 300 հազար դրամ։ Այսուհանդերձ ժամանակը չի սպասում, համահայկական օժանդակութիւնից անկախ, աճը արագացնելու մի հիմնական միջոց կայ-կենսամակարդակի շեշտակի բարձրացում արդիական որակներով տնտեսութեան արագ զարգացման միջոցով։ Այժմ մօտ 13 հազար քառ. քմ. Արցախի ամէն քառ. մեթր հողը ոսկի է։ Այդ հողի ո՞ր մասն է մշակւում եւ, այդ տարածքում ինչպիսի՞ արդիւնաբերութիւն կայ։ Համահայկական օժանդակութիւնը դրսից, որը ոչ բաւարար եւ ոչ էլ յարատեւ կարող է լինել, պէտք է փոխարինուի ազգային կապիտալի արդիւնաւէտ ներդրումներով։ Պէտք է հրաժարուել դրսից անընդհատ օժանդակութիւն խնդրելու յոռի սովորոյթից։ Տնտեսական առաջընթացի եւ կենսամակարդակի բարձրացման համապատասխան էլ կ’ընթանայ վերաբնակեցումը։ Նախ ուսումնասիրել, ինչն է խանգարում դրան, ապա եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Եւ Արցախում, եւ աւելի շատ Հայաստանում վերնախաւը անհնարին է համարում այդ, խոստանում է ըստ էութեան տասնամեակների դանդաղ ու ծոյլ ընթացքով հետզհետէ հասնել փոքրիշատէ տանելի վիճակի։ Ընդունենք այս մտայնութիւնն ու գործելակերպը, ստիպուած շնորհակալութիւն պիտի յայտնենք Նովրուզ Մամէտովին արթնութեան հրաւիրող լկտի հարցադրման համար, առաւել եւս եթէ ինքներս չենք պատկերացնում տագնապայարոյց կացութիւնը։
Ատրպէյճանի պիւտճէի կտրուկ աւելացումը, յայտնի է, պայմանաւորուած է նաւթային հսկայական եկամուտներով։ 2007ի ռազմական պիւտճէն կազմել է մէկ միլիառ ԱՄՆ տոլարից աւելի, նախորդ տարուայ համեմատ ռազմական ծախսերն աւելացել են 27.9 տոկոսով եւ կազմել երկրի պիւտճէի 16 տոկոսը։ Ատրպէյճանում մէկ շնչին հասնող ռազմական ծախսերը 105 տոլար են, Հայաստանում՝ 70, Վրաստանում՝ 65։ Ատրպէյճանը նոր զէնք եւ սարքաւորումներ է գնում, գերազանցելով սահմանափակումները, ինչը մտահոգութիւն է առաջացրել ՆԱԹՕում։ Բայց մտահոգութիւնը իրականութեանը հակակշռող ուժ չէ, առաւել եւս նման դէպքում։
Յիշարժան դիտարկումներ կան «Նոր Հայաստան»ի թարգմանած մի յօդուածում )2007, Մայիս 18, հեղինակ՝ Սեպասթիան Սմիթ «AFB»(։ Նաւթատոլարի հեղեղով 2006ին Ատրպէյճանի ՀՆԱն աճել է 34.5 տոկոսով։ Միջին աշխատավարձը մօտ 162 տոլար է կամ 124 եուրօ։ Հարկաւ հսկայական տարբերութիւն կայ բարգաւաճումը վայելողների եւ դրանից զրկուածների միջեւ. «Քաղաքական անձնաւորութիւնները իւրացնում են ամէն ինչ որ ցանկանում են։ Մեր նախագահը շրջապատուած է շնագայլերով», ասում է մի պարզ ատրպէյճանցի )կարծես նախագահը չէ վոհմակի առաջնորդը(։ Ի. Ալիեւի աւագ խորհրդատուներից Ալի Հասանովը յայտնում է թրքաշունչ նկրտումները-ութ միլիոնանոց Ատրպէյճանը Եւրոպան պիտի միացնի Կենտրոնական Ասիայի նաւթի եւ բնական կազի հսկայական պաշարներին. «Մենք՝ Ատրպէյճանը, Ղազախստանը եւ Թուրքմէնստանը միացնող նոր գիծ ենք առաջարկում… Եւրոմիութեան կառավարութիւնների եւ իրենց ամերիկացի դաշնակիցների համար… այդ տարբերակի գրաւչութիւնը հետզհետէ… Ռուսիան շրջանցելու եւ Չինաստանի ու Եւրոպայի միջեւ առեւտրի նոր ճամբայ հաստատելում է»։ Պաքուից Վրաստանով Թուրքիա եւ արեւմտեան շուկաներ հասնող նաւթա-կազատարների առիթով արեւմտամէտ մի դիւանագէտ իր հերթին նշել է. «Ես կարծում եմ, որ խորունկ հասկացողութիւն գոյութիւն ունի Ատրպէյճանի եւ Վրաստանի միջեւ»։ Ատրպէյճան-Վրաստան-Թուրքիա համաձայնութեամբ նոր երկաթուղի կառուցելու համաձայնութեամբ Չինաստանից ապրանք փոխադրելով Եւրոմիութիւն, ուղղակի մրցակցութիւն է ներկայացուելու ռուսական գծին։ Ատրպէյճանի հեռահաս նպատակը Կասպից ծովի յատակից անցնող կազատարի կառուցումն է։
Տուեալ դէպքում աւելորդ է քննարկել այդ ծրագրերի իրականացման հնարաւորութիւններն ու խոչընդոտները։ Դրանց որոշակի մասն արդէն կատարուած է կամ կատարւում է, յաջողութիւններն ակնյայտ են։ Կարեւորն այն է, որ Ատրպէյճանի ռազմամոլ իշխանութիւնները ծաւալապաշտական իրենց անյագ ախորժակը բաւարարելու ձգտումով, յանուն ֆինանսական շարունակական, ուստի եւ ռազմական հզօրացման կանգ չեն առնելու ոչ մի դժուարութեան առաջ։ Արիւնով հողեր նուաճելու գաղափարը այդ ցեղի մտայնութիւնից արմատախիլ անելն անհնարին է։ Շեշտենք նաեւ, Ատրպէյճանի եւ Թուրքիայի միասնականութիւնը, որ ըստ համաթրքային զառանցանքի ժամանակաւորապէս խզուած է իրենց «պատմական հողերը» իւրացրած Հայաստանով։
Նախագահի նախկին խորհրդական Վաֆա Կիւլուզատէն մի հարցազրոյցի ժամանակ ասել է. «Մոսկուան հերթական արկածախնդրութիւն է ձեռնարկում հայերի ձեռքերով… ժամանակն է, որ մենք ամբողջ աշխարհին յայտարարենք, թէ Լեռնային Ղարաբաղի տագնապի ետեւում կանգնած է Ռուսիան։ Ցանկալի է, որ Թուրքիան, Ատրպէյճանի հետ իր համաձայնագրերի հիման վրայ Նախիջեւան ուղարկի երկու զօրամաս, դրանք ուղղելով Հայաստանի ռուսական ռազմակայանների կողմը։ Ինչո՞ւ Ռուսիան կարող է Գիւմրիում խարիսխներ ունենալ, իսկ Թուրքիան՝ ոչ։ Իրադրութիւնը օրէօր բարդանում է, եւ մեր ղեկավարութիւնը պէտք է անմիջական քայլեր առնի մեր անկախութեան պաշտպանությռան համար։ Պէտք է հնարաւորին չափ արագ պայմանաւորուել ՆԱԹՕի, Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների հետ, քանի դեռ հնարաւորութիւնը կայ» )«Ասպարէզ», ուրբաթ, 5 Հոկտեմբեր 2007(։ Սա եւս մի վկայութիւն է յայտնի փաստի-չլինի ռուս զինուորի ներկայութիւնը, Թուրք-ատրպեճանական ուժերը երկու կողմից արագօրէն կը խժռեն, ինչպէս Հրանդ Տինքն էր ասում՝ Հայաստան-սենտուիչը։ Պատմական դառն փորձով գիտենք՝ աշխարհի որեւէ այլ ուժ դիմադարձ չի լինի, ինչպէս դիմադարձ չեղաւ Կիպրոսի վայրագ գրաւման ժամանակ։ Պաշտպանութիւնը, որքան էլ պայմանաւորուած լինի այլ երկրների, եւ առաջին հերթին՝ դաշնակից Ռուսաստանի օգնութեամբ, յայտնի է, դրանով բաւարարուել չի կարելի։ Չանդրադառնալով անընդունելի երեւոյթներին՝ ոչ-կանոնադրական յարաբերութիւններից մինչեւ խաղաղ պայմաններում այլեւայլ դատապարտելի պատճառներով զոհեր տալը, որոնք պէտք է արմատախիլ արուեն, այնուամենայնիւ, Հայկական բանակի կազմակերպումը, ՀՀ պաշտպանութեան նախարարութեան աշխատանքը արժանի է դրական գնահատականի։ Անհամեմատ մեծ միջոցներ, մեծ աշխատանք է սպասւում արդիական չափանիշներով արմատական-որակական վերակառուցման համար։ Սուվորովի յայտնի ասոյթը՝ ոչ թէ քանակով, այլ հմտութեամբ, ընդգծենք՝ որակական ցուցանիշներով, ընդհանուր սկզբունք լինելով հանդերձ, առաւել բնորոշ է ՀՀ զինուած ուժերին։ Հայաստանը ունեցել է եւ ունի որակեալ մասնագէտներ, ռազմական արուեստին ու գիտութեանը տիրապետող տաղանդներ, ինչպիսին այսօր Արկատի Տէր Թադեւոսեանն է։ Այժմ էլ, հոգեւոր, բարոյական անկման, զանգուածների երկրագնդային տխմարացման այս խառնակ շրջանում, դարձեալ նոր սերունդը տաղանդներ է տալիս ամենատարբեր բնագաւառներում։ Չի կարելի յոյս դնել լոկ հրաման կատարող կիսագրագէտ զինուորների վրայ )իսկ նման սպաների մասին խօսելն աւելորդ է(, նրանք եւս անցնելու են ճկուն զօրաշարժի ենթարկուելու, բարդ տեխնիկա կառավարելու եւ հրամանատարական կազմի առաջադրանքները բարձր որակով եւ անվրէպ կիրառելու, անհատական եւ խմբային հմտութեան, փոխօգնութեան, փոխլրացման բարձր մակարդակի։ Հայկական բանակը այլընտրանք չունի։ Ատրպէյճանը քանակական ցուցանիշներով գերազանցում է եւ, ինչպէս տեսանք, յամառօրէն ձգտում հասնել առաւելագոյնին։ Ուստի անխուսափելի է նաեւ ՀՀ բանակի կազմի աւելացումը, որին անդրադարձաւ Աժ պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործոց յանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբէկեանը Փետրուարի 6ին, աւելացնելով, որ անհրաժեշտ է պարտադիր եւ մասնագիտական զինծառայութեան ճկուն համադրութիւն՝ մասնագէտ ենթասպայական կազմի ներդրմամբ» )«Ասպարէզ», 7 Փետրուար 2008(։ Աւելիով ընդունելով ասուածը, աւելորդ չեմ համարում մէջբերել ՀՀ բանակի կազմակերպմանը նուիրուած 1996ի իմ յօդուածի հարցադրումը արուած Շվէյցարիայի եւ Իսրայէլի պաշտպանութեան իւրօրինակ կազմակերպման հիման վրայ. «Տարածքային պաշտպանութիւնը տեղերում ապահովելու համար ամէն մի բնակավայրի, ամէն մի շրջանի բնակիչները միաւորւում են յատուկ պաշտպանական զօրամասերում… Ամէն մի զինուորական միաւորումում ընդգրկւում են իրար մօտ բնակուողները։ Դա հնարաւորութիւն է տալիս անհրաժեշտ դէպքում արագօրէն հաւաքուել, հանդերձաւորուել, զինուել եւ անցնել համատեղ գործողութիւնների )Իսրայէլի այդպիսի զօրամասերը դա կատարում են 24 ժամուայ ընթացքում(… ռազմական տեխնիկան եւ կապը գործունակ պահելու խնդիրը դրուած է կանոնաւոր բանակի յատուկ տեխնիկական ծառայութիւնների վրայ… երկարատեւ փորձով ու հմտութեամբ զինուած, իւրաքանչիւրը ճշգրտօրէն իմանալով իր տեղն ու դերը, շարունակաբար իւրացնելով ռազմական գործը, նոր տեխնիկան ու միջոցները, մարզուելով, իր կեանքի մեծ մասը կ’անցկացնի հոգեբանական ու ֆիզիքական լաւագոյն վիճակում, միշտ պատրաստ… հայրենիքի պաշտպանութեան» )մանրամասները տես՝ Ստ. Թոփչեան, «Ապագայի յիշողութիւնը», գիրք 1, էջ 396-407(։ Այսպիսով, զէնք կրելու ունակ բոլոր քաղաքացիները չխախտելով իրենց առօրեայ խաղաղ կեանքի ու աշխատանքի ռիթմը, անհրաժեշտ պահերին պատրաստ կը լինեն թէ առանձին, թէ կանոնաւոր բանակի հետ համագործակցելով ելնել թշնամու դէմ։