
Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի որդին` Դաւիթ Վարդանեան, յօդուածի մը միջոցով դիմեց Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփին` առաւել քան մէկուկէս տարի Պաքուի մէջ բանտարկուած հայրը եւ միւս 22 հայ գերիները ազատ արձակելու խնդրանքով:
Ստորեւ՝ Դաւիթ Վարդանեանի՝ Fox News-ի հրապարակած վերոնշեալ յօդուածը.
«Հայրս արդէն աւելի քան 550 օր անազատութեան մէջ է պարզապէս քրիստոնեայ լինելու համար:
«Վերջին 10 տարում նրա կեանքի նպատակը բարեգործութիւնն էր, յատկապէս իր հայրենիքում` Հայաստանում:
«Պատկերացրէք ամբողջական համայնքներ, որոնք ստիպուած են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները եւ նախնիների գերեզմանները: Այս մղձաւանջն իրականութիւն դարձաւ 120,000 հայ քրիստոնեաների համար, երբ Ադրբեջանը էթնիկ (ցեղային) զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում` Արցախում: Այդ ծանր գինը վճարողների թւում է Ռուբէն Վարդանեանը, ով այժմ բանտարկուած է օգնելու փորձի համար:
«Վերջին անգամ, երբ նման բան պատահեց հայերի հետ, Ամերիկան արձագանգեց ու ձեռք մեկնեց: Երբ 20րդ դարի առաջին Ցեղասպանութեան ընթացքում Օսմանեան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ քրիստոնեաների, շարքային ամերիկացիները ստեղծեցին:
«Մերձաւոր Արեւելքում ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ»` հաւաքելով աւելի քան 117 միլիոն դոլար (այսօրուայ արժէքով` շուրջ 2.7 միլիարդ), որպէսզի փրկեն հայ որբերին եւ փախստականներին: Դա Ամերիկայի միջազգային մարդասիրական առաջին մեծ նախաձեռնութիւնն էր:
«Փրկուած հայերը դարձան ամերիկեան կեանքի մի մասը: Ամէն անգամ, երբ ամերիկացիները վայելում են Շերի երաժշտութիւնը, դիտում Քիմ Քարդաշեանի շոուները կամ յիշում Անդրէ Աղասու թենիսի յաղթանակները, առնչւում են Հայոց Ցեղասպանութիւնից փրկուած ու Ամերիկայում ապաստանած մարդկանց ժառանգութեանը:
«Այսօր, սակայն, իմ հայրը` Ռուբէն Վարդանեանը, չունի հնարաւորութիւն իր պատմութիւնը պատմելու համար: Աւելին քան 550 օր նա քաղաքական դրդապատճառներով պահւում է բանտում` նախնիների հայրենիքում Արցախի հայերի ապրելու իրաւունքը պարզապէս պաշտպանելու համար:
«Նա մենակ չէ: Այսօր առնուազն 23 հայ քրիստոնեայ անօրինական կերպով պահւում է Բաքւում: Աւելին, հասարակական կառոյցների գնահատմամբ, Ադրբեջանում կայ աւելի քան 300 քաղբանտարկեալ, որոնց թւում են ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի իրաւապաշտպաններ, լրագրողներ ու ակտիւիստներ (գործիչներ):
«Հօրս բանտարկութեան պատճառը ոչ թէ նրա քաղաքական գործունէութիւնն է, այլ աշխարհով մէկ, այդ թւում` Լեռնային Ղարաբաղում ծանր դրութեան մէջ յայտնուած մարդկանց աջակցելու նրա կամքը: Նախքան քաղբանտարկեալ դառնալը, նա յայտնի էր որպէս գործարար եւ մարդասէր:
«Անցած 10 տարում նրա կեանքի նպատակն ամբողջութեամբ եղել է բարեգործութիւնը, յատկապէս իր հայրենիքում` Հայաստանում: Այդ գործունէութեան շրջանակում նա համահիմնադրել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը` հումանիտար գլոբալ շարժում, որը մեծարում է այն մարդկանց, որոնք իրենց կեանքը վտանգելով օգնում են ուրիշներին Ռուանդայում, Իրանում, Աֆղանստանում եւ այլուր:
«Ինչպէս 110 տարի առաջ, այսօր եւս մենք յոյս ունենք, որ ԱՄՆն կրկին կ՛աջակցի այն հայերին, որոնք հալածւում են իրենց ազգային պատկանելութեան եւ հաւատքի համար:
«Անձամբ ես այսօր կամ, որովհետեւ իմ մեծ պապին փրկել է Էջմիածնում քրիստոնեայ միսիոներների հիմնած ամերիկեան որբանոցը: Այսօր եւս մենք նկատում ենք, որ հայերը մենակ չեն: Ամենակարեւորը` նախագահ Թրամփը խոստացել է պաշտպանել հալածուող հայ քրիստոնեաներին ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ այլուր: Հենց այսպիսի աջակցութիւնն ու ճնշումն է ի վերջոյ յաղթանակելու:
«Մենք հետեւում ենք նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդութեանը եւ յոյս ունենք, որ նա կը կատարի Խաղաղութեան նախագահ լինելու իր յանձնառութիւնը: Նա կարող է դա անել` ստիպելով Բաքուի ռեժիմին (վարչակարգին) հասկանալ, որ պէտք է հետեւեն միջազգային օրէնքներին եւ ցուցադրեն Կովկասում խաղաղութեան իրենց յանձնառութիւնը` ազատ արձակելով իմ հօրը եւ միւս հայ բանտարկեալներին»: