Նոյեմբերի 27ին Լոս Անճելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքոյ կը մեկնարկի հերթական հեռուստամարաթոնը՝ Հայաստանում եւ Արցախում սոցիալ-տնտեսական բնոյթի ծրագրերի իրագործման համար միջոցներ ապահովելու նպատակով։ Պէտք է ասել, որ դա «Հայաստան» հիմնադրամի ամենամեայ՝ թուով տասներեքերորդ մարդասիրական ակցիան է. առաջինը հանգանակութիւնների հաւաքումն էր՝ «Գորիս-Ստեփանակերտ» 64 քմ երկարութեամբ ռազմավարական առումով կարեւոր աւտոմայրուղու շինարարութեան համար, որը ժողովրդի մէջ իրաւացիօրէն կոչւում է «կեանքի ճանապարհ«։ Այդ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ, առհասարակ, արտաքին աշխարհի հետ կապող միակ յուսալի ցամաքային ճանապարհն է, յաջողութեամբ գործում է՝ լիովին արդարացնելով իր անուանումն ու նախանշումը։
Անցած տարիներին, շնորհիւ «Հայաստան» հիմնադրամի, ԼՂՀում իրագործուել են բազմաթիւ ծրագրեր՝ ուղղուած ոչ միայն հանրապետութեան յետպատերազմեայ վերականգնմանը, այլեւ նրա սոցիալ–տնտեսական զարգացմանը։ Ռազմավարական ծրագրերի շարքին է պատկանում նաեւ 169 քմ երկարութեամբ «Հիւսիս-հարաւ» ճանապարհի շինարարութիւնը, որը հնարաւորութիւն տուեց ԼՂՀ բոլոր վարչական շրջանները կապել միմեանց հետ։ Կարեւոր է նշել, որ եթէ անգամ հիմնադրամի ոչ բոլոր ծրագրերն են կրում «ռազմավարական» մակդիրը, ապա դա ոչնչով չի նսեմացնում դրանց նշանակութիւնն աւելի կարեւոր, իրօք, ռազմավարական ծրագրերի համեմատութեամբ։ Եւ դա բնական է, քանի որ Ատրպէյճանի հետ հակամարտութեան չկարգաւորուածութեան պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համար, մի պետութիւն, որը շարունակում է սպառնալիք լինել նրա դէ-ֆակտօ անկախութեանը, մանրուքներ լինել չեն կարող, եւ բոլոր ծրագրերը գործնականում կրում են ռազմավարական բնոյթ։ Բոլորն էլ, անշուշտ, ունեն կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակութիւն, քանզի իւրաքանչիւր ծրագրի յաջող իրագործումը յուսալի հիմք է ստեղծում հերթական հրատապ խնդիրների լուծման եւ, վերջին հաշուով, հանրապետութեան առաջընթաց եւ տինամիք զարգացման համար։
Եթէ ուսումնասիրենք հիմնադրամի կողմից իրականացուող ծրագրերի ցանկը, ապա կարելի է նկատել, որ դրանց սպեկտրը բաւական լայն է։ Դա բնակարանների եւ դպրոցների, առողջապահութեան եւ մշակութային օբյեկտների (կառոյցներու-Խմբ.) վերականգնումն ու շինարարութիւնն է, ճանապարհային ենթակառուցուածքների ստեղծումը, օժանդակութիւնը ակրարային (գիւղատնտեսութեան-Խմբ.) հատուածի զարգացմանը, ջրամատակարարման համակարգին եւ այլն։ Այսինքն՝ սոցիալ-տնտեսական խնդիրների մի ամբողջ համալիր՝ ամփոփուած մէկ՝ «Արցախի վերածնունդ» միասնական ծրագրում, որի իրականացումը հնարաւորութիւն կը տայ հասնել իրօք համազգային նշանակութիւն ունեցող կարեւորագոյն հիմնախնդրի՝ ժողովրդագրական խնդրի լուծմանը։ Որովհետեւ ակնյայտ է, որ առանց այդ կենսական, կարելի է ասել՝ հիմնարար քաղաքական ծրագրի իրագործման, մնացած բոլոր ծրագրերը կորցնում են իրենց իմաստը, քանի որ հակառակ դէպքում հարցականի տակ կը դրուի Արցախի բուն գոյութիւնը։ Կարծում ենք՝ սխալուած չենք լինի, եթէ «ռազմավարական» անուանենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունէութեան հիմքում դրուած գաղափարը՝ համայն հայութեան համախմբում՝ յանուն համահայկական խնդիրների լուծման։ Միանգամայն ակնյայտ է, որ համազգային նպատակների իրագործումը, նպատակներ, որոնց թուին են դասւում մասնաւորապէս անկախ Հայաստանի Հանրապետութեան պետականութեան ամրապնդումը, 1915 թ. Հայերի Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ԼՂՀ անվտանգութեան ապահովումը եւ նրա կենսական շահերի պաշտպանութիւնը, հրամայաբար պահանջում է Հայաստանի, Սփիւռքի եւ Արցախի ներուժի ու ջանքերի համախմբում։ Եւ պէտք է ասել, որ որոշակի յաջողութիւններ այդ ճանապարհին ձեռք են բերուել։
Հասկանալի է՝ Լեռնային Ղարաբաղն իր հնարաւորութիւններով հազիւ թէ համեմատուի Հայաստանի եւ Սփիւռքի հետ՝ քաղաքատնտեսական ներուժի առումով։ Սակայն դա բոլորովին չի նշանակում, թէ նա պէտք է ձեռքերը ծալած նստի եւ օգնութիւն հայցի հայութեան մնացած մասից։ Եւ նա, ըստ էութեան, չի էլ նստում։ Ճիշտ է՝ սկզբնական փուլում պատերազմից ուժասպառ Լեռնային Ղարաբաղը, իրօք, կարիք ունէր համակողմանի օգնութեան, որն առաւելապէս կրում էր մարդասիրական բնոյթ։ Բայց ժամանակ անց, ոտքի կանգնելուց եւ ամրապնդուելուց յետոյ, հանրապետութիւնն ինքը որոշեց հրաժարուել խնամառութիւնից եւ առաջարկեց մարդասիրական ծրագրերից անցնել զարգացման ծրագրերի՝ ընդ որում՝ դրանք իրագործելով փոխշահաւէտ հիմունքներով։
Ընթացիկ ակցիայի շրջանակներում Նոյեմբերի 18ին հանրապետութիւնում սկսուեց հանգանակութիւնը։ Իր իսկ զարգացման գործում ըստ կարելւոյն աւանդ ներդնելու՝ Լեռնային Ղարաբաղի պատրաստակամութեան ապացոյցն այն փաստն է, որ փոխւում է մարդկանց հոգեբանութիւնը, եւ տարէցտարի աճում են հեռուստամարաթօնի ղարաբաղցի մասնակիցների թիւն ու նրանց կողմից արուող հանգանակութիւնների ծաւալները։ Բազմաթիւ հիմնարկ-ձեռնարկութիւնների, ուսումնական հաստատութիւնների կոլեկտիւներ, պարզապէս քաղաքացիներ արդէն յայտարարել են իրենց ներդրումն ունենալու պատրաստակամութեան մասին։ Որովհետեւ առկայ է այն բանի ըմբռնումը, որ այսօր «Հայաստան» հիմնադրամի հաշուին փոխանցուած մարդասիրական միջոցները վաղը բարեկարգուած գիւղերի ու ճանապարհների, ժամանակակից դպրոցների ու հիւանդանոցների, բարեկեցիկ բնակարանների տեսքով կը վերադարձուեն ժողովրդին։ Ուրեմն՝ կ’աշխատեն անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան քաղաքական եւ տնտեսական ուժեղացման ու ամրապնդման, նրա կայուն ապագայի օգտին։ Միայն բոլոր առումներով ուժեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ընդունակ կը լինի դիմակայել ժամանակակից, արագ փոփոխուող աշխարհի մարտահրաւէրներին։