Այս հարցազրոյցը լոյս պիտի տեսնէր «Մաշտոց» քոլէճի կողմէ կազմակերպուած ցուցահանդէսէն առաջ, ուր պիտի ներկայացուէին լուսանկարիչ Ռաֆայէլ Համբարձումեանի ամբողջ կեանքի ընթացքին առած նկարները:
Մեր նպատակը զինք ծանօթացնելն է մեր ընթերցողներուն: Ուրեմն ծանօթացումը միշտ ալ այժմէական է: Համապատասխան փոփոխութիւնները կատարած ենք առնուազն մէկ հարցումի պարագային:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Ե՞րբ սկսած էք ձեր լուսանկարչական գործունէութիւնը:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Հայրենական 2րդ պատերազմի ժամանակ՝ 1941 թուին, ես մօտ տաս տարեկան էի: Խորթ մայրս շուտով թողեց մեզ ու գնաց Ռուսիա. դա արդէն 1942 թիւն էր: Մենք երկու եղբայրներ էինք. մեծացանք առանց ծնողների: Մեծը ես էի՝ տասը տարեկան, իսկ փոքր եղբայրս՝ 8 տարեկան, սպասում էինք հայրիկի վերադարձին: Բայց նա չվերադարձաւ: Զոհուեց յանուն հայրենիքի:
Ստիպուած էի տասը տարեկանից աշխատել սրա-նրա մօտ՝ մի կտոր հացի համար: 1946 թուականին, հարեւանիս բարեկամը Պուլկարիայից հայրենադարձութեան կարաւանների հետ եկել էր Երեւան: Լաւ նկարիչ էր: Ինձ վերցրեց իր մօտ, որպէս նկարիչի աշակերտ՝ հինգ տարի. օգնում էր ինձ եւ սովորեցնում լուսանկարչութեան գաղտնիքները: Վարպետիս անունը Թորգոմ Պոյաճեան էր, որ վերջացրել էր Գերմանիայի ֆօթօ-ինսթիթութը (հիմնարկը-Խմբ.): Ինձ միշտ ասում էր. «Այստեղի նկարիչներու նման պիտի չըլլաս. վարպետիդ նման մասնագէտ պիտի ըլլաս»:
1951 թուական: Աշխատանքի ընդունուեցի հայկական կինոյի (շարժանկարի-Խմբ.) սթուտիայում, որպէս օփերաթորի աշակերտ:
1952 թուականին կանչուեցի հայրենիքի համար զինուորական ծառայութեան: Բանակում ծառայելիս, դիւիզիայում (զօրաբաժին-Խմբ.) աշխատեցի որպէս լուսանկարիչ: Այս երեք տարուան ընթացքում աշխատանքային բաւականին մեծ փորձ ձեռք բերեցի: Բանակում լուսանկարչութեան վերաբերող գործում այնպիսի նորութիւն արեցի, որ բանակի կենտրոնական թերթում իմ մասին գրուեց մի այնպիսի յօդուած, որ ես էլ զարմացած մնացի: Բանակից վերադարձայ. արդէն կարգին մասնագէտ էի: Ընդունուեցի AOKC-ում նկարչի պաշտօնում:
1955 թուից մինչեւ 1956ի Նոյեմբեր ամիսը, Երեւանում բացուեց «Երեկոյեան Երեւան» թերթը: Առաջին օրուանից պայմանական պայմանագրով ընդունուել էին երեք նկարիչներ՝ Ռոպերթ Մաւիսակալեանը, Հերպերթ Բաղդասարեանը եւ ես, որոնցից մէկը պիտի ստանձնէր հաստիկային նկարիչի պարտականութիւնը՝ երեք ամսուան փորձառութիւնից յետոյ: Ես գրաւեցի «Երեկոյեան Երեւան»ի պատասխանատու նկարիչի պաշտօնը եւ այսպէս՝ սկսեցի աշխատել:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Ձեր աշխատանքային տարիներու ընթացքին մասնակցա՞ծ էք ցուցահանդէսներու: Կրնա՞ք խօսիլ անոնց մասին: Ի՞նչ յիշատակներ ունիք կապուած այդ ցուցահանդէսներուն հետ:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- 1957 թուականին Երեւանում շահեցի առաջին ֆեսթիվալի (փառատօնի-Խմբ.) լուսանկարչկան մրցոյթի մետալը եւ տիփլոմը: 1959 թուականին երեք լուսանկար ուղարկեցի Մոսկուայի ֆօթօ ամսագրի համար: Ուղարկած նամակիս համար անմիջապէս պատասխան ստացայ. Երեք լուսանկարներից երկուսը կը տպագրուէին ամսագրում. «Խնդրում ենք ձեզ, գրէք փրոֆեսէօրի նկարի տուեալները, թէ ինչպէս էք նկարել: Շատ հաւանել ենք եւ ընդունել ենք համամիութենական 1959 թուականի ֆօթօ-ցուցահանդէսի համար: 30 X 40 չափով նկարը շատ-շատ հարկաւոր է ուղարկէք»:
Մոսկուայի 1960 թուականի ցուցահանդէսին ստացայ երկրորդ մրցանակը, իսկ 1967ին՝ ինձ ուղարկեցին Գերմանիա՝ գեղարուեստական լուսանկարչութեան մրցոյթին, որին մասնակցում էին 84 երկրների նկարիչներ. այդ մրցոյթում նոյնպէս շահեցի երկրորդ տեղը եւ վերադարձայ արծաթեայ մետալով: 1967 թուականից ամբողջ աշխարհը սկսեց շրջուել. արդէն ձեռք էի բերել ամէն տեսակի տիփլոմաներ եւ մետալներ: Վերջին մրցանակը ստացայ 2000 թուին, Ամերիկայում՝ Փասատինայի մրցոյթին իմ մասնակցութիւնը բերած 4 լուսանկարների համար, որոնցից երկուսում 80 չափով նկարել էի վաստակաւոր դերասան Գուրգէն Չանիբէկեանին եւ հանրածանօթ գեղանկարիչ-քանդակագործ Երուանդ Քոչարին: Նոյն նկարներով, 2003ին շահեցի Ուաշինկթընի լուսանկարչութեան մրցոյթի առաջին տեղը: Այդ ժամանակ ընդունուեցի Ամերիկայի փրոֆեսէօնալ (արհեստավարժ-Խմբ.) նկարիչների միութեան անդամ:
Ամփոփելու համար, ասեմ, որ ունեցել եմ աւելի քան հարիւր ցուցահանդէսներ՝ անհատական եւ խմբային, շուրջ յիսուն երկրների մէջ: Ամէնէն յիշատակելին ինձ համար, Գերմանիայում եղած ցուցահանդէսն էր, 1967ին:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Կրնա՞ք ներկայացնել Լոս Անճելըսի մէջ ձեր ունեցած գործունէութիւնը:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Տասը տարի է, ինչ գտնւում եմ Ամերիկայում: Կարող եմ լուսանկարներիցս թուարկել 16ը, որոնք արժանացել են լաւագոյն ցուցանիշների: Հանդէս եմ եկել նաեւ տասը անհատական ցուցահանդէսներով:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Բազմաթիւ դիմանկարներ ունիք ձեր արխիւին մէջ: Որոնց դիմանկարները կ’ուզէք այստեղ յիշատակել, իբրեւ ձեզի համար սրտամօտիկ աշխատանքներ:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Շատ են նրանք: Չեմ ուզում առանձնացնել: Բայց եւ այնպէս, յիշեմ փրոֆ. Ռուբէն Պարոնեանը, Գուրգէն Չանիբէկեանը, Ուիլեըմ Սարոյեանը, Մարտիրոս Սարեանը, Օհան Դուրեանը, Աննա Նշանեանը եւ շատ ու շատ ուրիշներ:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Ինչպէ՞ս կը գնահատէք լրագրական լուսանկարչութեան զարգացման ներկայ փուլը: Կը հետեւի՞ք Հայաստանի մամուլին մէջ հրապարակուած նկարներուն:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Իմ աշխատած տարիներին, թերթերի տպագրական որակը շատ վատն էր: Նկարներն էլ վատ էին դուրս գալիս: Հիմա տպագրական որակը այնպէս է բարձրացել, որ ուղղակի հիանում ես քո նկարների որակից:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Անցեալ շաբաթ տեղի ունեցած ձեր ցուցահանդէսին ի՞նչ գործեր ներկայացուցիք:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Անցեալ շաբաթ ցուցադրեցի մեր տաղանդաւոր մշակոյթի գործիչներից Գոհար Գասպարեանին, Մարտիրոս Սարեանին, Աւետիք Իսահակեանին, Պարոյր Սեւակին, Սիլվա Կապուտիկեանին, Գրիգոր Խանջեանին, Յովհաննէս Շիրազին եւ շատ ու շատ ուրիշների նկարները: Այդ մարդկանց անունները երբեք չեն մոռացուի:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Բացի լուսանկարչութենէն, ստեղծագործական այլ աշխատանքներ կատարա՞ծ էք:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Պատրաստել եմ երեսունմէկ գրքերի հրատարակութիւններ: Պատրաստել եմ քաղաքի մեծադիր ցուցանակներ, բացիկներ եւ այլ տեսակի նիւթեր: Մնացեալ ժամանակս անցկացրել եմ ընտանիքիս հոգսերով:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ.- Լուսանկարչական մեղադրանք, կամ ֆոթօմեղադրանք: Ի՞նչ կը նշանակէ: Ունի՞ք այդ ոճի նկարներ:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Ինձ միշտ հետաքրքրել է այդ ոճի լուսանկարչութիւնը: Մարդիկ ընդհանրապէս շատ են վախենում լուսանկարներից, մանաւանդ յանցագործները: Յիշում եմ, թէ ինչպէս խնդրում էին չնկարել իրենց, «ինչ ուզում էք գրէք, բայց մի նկարէք»: Ես շատ եմ զբաղուել անօրինական շինութիւններ, անկանոն երթեւեկութիւն նկարելով: Հետաքրքրական աշխատանք է:
Աւարտելու համար այս հարցազրոյցը, հաւանաբար ամէնէն խօսուն գնահատականը այս վաստակաւոր լուսանկարիչին, կ’ըլլայ Հայաստանի գրողներու միութեան նախագահ Լեւոն Անանեանի նամակը, զոր կը ներկայացնենք ամբողջութեամբ.
Սիրելի Ռաֆայէլ Համբարձումեան,
Ահա արդէն քանի տասնամեակ, կրկնելով մեր ժողովրդի աստանդական հատուածի ճակատագիրը՝ դու յայտնուել ես տարագրութեան մէջ՝ պարտադրելով մեզ, որ այստեղ՝ Մայր հայրենիքում, ամէն օր զգանք քո մարդկային հմայիչ անհատականութեան կարօտը եւ քո արուեստի հմայքի պակասը:
Բայց անգամ օտար ափերում դու լիուլի կատարում ես հայրենասէր արուեստագէտի քո առաքելութիւնը, անկրկնելի ցուցադրութիւններով ներկայացնելով Հայաստանն ու հայի տեսակը ո՛չ միայն ամերիկահայութեանը:
Սրտանց շնորհաւորում եմ հերթական ցուցահանդէսիդ առիթով, որ վարպետ-լուսանկարչիդ 60ամեայ տքնանքիդ առատ բերքն է վկայում, եւ մաղթում ստեղծագործական նոր թափ ու կորով, քաջառողջութիւն ու անձնական երջանկութիւն:
Ա.Պ.- Այս հարցազրոյցի պատրաստութեան մէջ իր ներդրումը ունեցաւ խմբագրական կազմէն Րաֆֆի Մելքոնեան: