Ադրբէյջանի հանրապետութեան հռչակումից տարիներ անց, երբ անհրաժեշտ էր ներկայանալ որպէս որոշակի անցեալով ազգ, սկսուեց անօրինակ մի պատմագողութիւն։ Նախ փորձեցին ներկայանալ որպէս մարերի ժառանգներ՝ իրենց պատմական «հայրենիքի» սահմաններում ընդգրկելով բուն իրանական Ադրբագանը հնագոյն Մարաստանի այլ մասերով հանդերձ։ Այն հիմնաւորումով, թէ սելջուկեան արշաւանքներից սկսած հնդեւրոպացի մարերը իբր բռնի թուրքացուեցին ու մահմեդականացուեցին՝ կորցնելով թէ իրենց լեզուն, թէ կրօնը։ Դրանից յետոյ փորձեցին ինքնութեան այլ հեքիաթ յօրինել։ Դարձան աղվանների ժառանգներ, ճգնելով սեփականել ոչ միայն պատմական Աղվանքը, այլեւ հայկական տարածքներ, երկու ժողովրդի քրիստոնէական մշակոյթներով հանդերձ։ Բազմաթիւ օրինակներից նշենք մէկը՝ ադրբէյջանցիների վերածուեցին հայ պատմիչներ, երեք գրքից բաղկացած «Պատմութիւն Աղվանից աշխարհի» հեղինակներ՝ Մովսէս Կաղանկատվացին )7րդ դար( եւ Մովսէս Դասխուրանցին )10րդ դար, գրել է «Պատմութեան» 3րդ գիրքը(։ Այն, որ իրենց աղվանների ժառանգներ յայտարարելով յանդգնում են սեփականացնել նաեւ հայկական յուշարձանները, ինքնին հաստատում է, որ հայերը ինչպիսի՛ սերտ կապեր են ունեցել աղվանների հետ, եւ որ Աղվանքը Հայաստանի մաս համարելու անհամեմատ մեծ հիմքեր կան։ Դեռեւս Տիգրան Մեծի բանակում դաշնակից աղվանական զօրքերը կռուել են հռոմէացիների դէմ։ Աշխարհագրական-տարածքային բնոյթով հայ-աղվանական բնակչութեամբ այդ երկիրը կառավարել են երկու ժողովուրդների նախարարական ավագանին եւ թագաւորական տոհմերը։ Եւ եթէ Հայաստանը նպաստեց, ասենք, քրիստոնէութեան հաստատմանը այնտեղ, եթէ Մեսրոպ Մաշտոցը աղվան Բենիամինի հետ ստեղծեց աղվանական այբուբենը եւ եթէ Հայաստանը մշտապէս, ըստ ամենայնի, մասնակցում էր Աղվանքի պաշտպանութեանն ու զարգացմանը, ապա թուրքական ցեղերի յայտնուելուց յետոյ, աղվանները անհետացան պատմութեան ասպարէզից չնչին հետքեր թողնելով։ Ըստ գիտական վարկածի, աղվաներէնը ուտիների հին լեզուն էր )խօսողները՝ 1983թ. մօտ 7000 անձ(։
«Ադրբէյջանցիները» իբր բռնի թուրքացուած աղվաններ են, թէ իրականում աղվաններին թուրքացրած թուրքեր, արդիւնքը նոյնն է՝ թրքութիւնը՝ վերստին հաստատուած հայր Ալիեւի «Մի ազգ, երկու պետութիւն» ձեւակերպումով։ Այսուհանդերձ, ընդունելով իրենց թրքութիւնը, չեն հրաժարւում «ադրբէյջանցի» յորջորջումից։
«Ադրբէյջանցիներն ու թուրքերը նո՞յն ազգն են» հարցին Էսսէնի թուրքագիտական կենտրոնի տնօրէն Ֆարուք Շէնը պատասխանել է. «Դժուար հարց էք տալիս։ Իմ կարծիքով, տարբեր են, թէպետ խօսում են միեւնոյն լեզուով։ Ինչպէս օրինակ գերմանացիներն ու աւստրիացիները»։
Գերմանական արեւելեան թագաւորութիւնում կամ երկրում )Oesterreich( աւստրիական ինքնուրոյն պետութեան կազմաւորման տարեթիւը համարւում է 1156ը։ Աւստրիացիները իրենց գերմանացի չեն համարում ու բնաւ չեն ձգտում միաւորուել սահմանակից Գերմանիայի հետ։ Իսկ ադրբէյջանցիները այժմ ոչ միայն իրենց նոյն ազգն են համարում թուրքերի հետ, այլեւ ընդհանուր սահման չունենալով, ամէն ինչի կը դիմեն՝ Հայաստանը ոչնչացնելով միաւորուելու համար։ Ուրիշներից գողացուած պատմութիւնը շահարկելով յանուն պանթուրքիստական ծրագրի իրագործման, «ադրբէյջանցին» հանդէս է գալիս թէ իբրեւ մար, թէ աղվան, թէ թուրք, )միաժամանակ՝ պարսկական, ազերի «տեսակի»(։ Ներկայանում է թէ որպէս պատմական Մարաստանի, թէ Աղվանքի )միաժամանակ եւ Հայաստանի տարածքների( իրաւատէր։ Մնալով Թուրքիայի եւ թուրքերի անբաժանելի մաս՝ Հիւսիսային եւ Հարաւային «Ադրբէյջանների» միաւորման իր նկրտումներով հանդերձ, հետապնդում է Վրաստանում եւս բազմանալով ու տարածուելով, տիրապետելու, Հիւսիսային Կովկասի մահմետական ժողովուրդներին «թուրքացնելով»՝ Միջին Ասիային միանալու նպատակներ։
Այսքանով չի սպառւում երբեք չմարող թուրքական աշխարհակալական կրակը։ Բալկաններում Սերբիայի դէմ ՆԱԹՕի պատերազմով Մեծ Ալբանիայի կառուցման ճանապարհին, Կոսովոյի փաստացի անկախացումով՝ Թուրքիան Եւրոպա թափանցելու լրացուցիչ յենակէտ ստացաւ։ Ի՛նչ կու տան Եւրոմիութիւն ընդունուելու, նրա ջանքերը կ՛երեւայ հետագայում, անկախ դրանից, թուրքերը յաջողութեամբ բազմանում ու տարածւում են արեւմտաեւրոպական երկրներում։ Գերմանիայում արդէն չորս միլիոնից աւելի թուրք կայ՝ տեղի ազգային փոքրամասնութիւնների մէջ առաջին տեղը քանակով եւ վերջին տեղը՝ կրթական մակարդակով։ Արդ, թուրքական առայժմ երեւակայական աշխարհածաւալ կայսրութիւնը ընդարձակուելու միտումներ ունի՝ եւ՛ ասիական, եւ՛ եւրոպական թեւերով։
Այս ամէնը շատերին կարող է զառանցանք, հիւանդ ուղեղի արդիւնք թուալ։ Մինչդեռ իրականութիւնն այլ բան է բացայայտում։ Արեւմտեան աշխարհի հաւկուրային քաղաքականութեան վնասները հետզհետէ աւելի յստակ կը դառնան, երբ, հաւանօրէն, ուշ կը լինի։
Հանգուցեալ տիկին Բենազիր Բհուտտոն բարեհաճել էր մի առիթով շեշտել, որ Հայաստանը քար է ընկած իրենց )կարդա՝ Թուրքիա-Պակիստան( ճանապարհին։ Արդէն քանի դար ամենաբարբարոսական միջոցներով փորձեցին այդ «քարը» նետել։ Չստացուեց։ Բայց, դիւանագիտական, հարեւանական, կեղծբարեպաշտականից մինչեւ բացայայտ թշնամական, խաբէական, թէ բացայայտ ինչ միջոցների էլ դիմում են՝ ապա միայն եւ միայն նոյն նպատակով։ Դա, անկախ աշխարհի տարբեր երկրների քաղաքական հաւկուրութիւնից, գոնէ մեզ՝ հայերիս, կարծում եմ, հազար ու հազար անգամ պարզ ու հասկանալի պիտի լինի։
Որքան էլ ենթադրուի մինչեւ ո՛ւր կարող են հասնել երկրագնդի թուրքացման սահմանները, աշխարհի ամենավառ երեւակայութիւնն անգամ չէր հասնի Լոս Անջելեսում Ադրբէյջանի հիւպատոս Էլին Սուլէյմանովի «պայծառ» ուղեղի թռիչքի բարձրութեանը։ Այցելելով Մոնտանայի հնդկացի համայնք՝ նա Նոբելեան մրցանակին գերարժամի յայտնագործութիւն արեց. «…Հռչակեց, թէ ցեղային նմանութիւններ կան ադրբէյջանցիների եւ բնիկ հնդկացիների միջեւ։ Մոնթանայի համալսարանից մի ուսանող մէջբերում արեց Սուլէյմանովից, թէ՝ բնիկ ամերիկացիները ծագել են Ադրբէյջանի շրջանից եւ թէ այդ պատճառով, ընդհանուր հիւպատոսը «որոշ մօտիկութիւն է զգում Միացեալ Նահանգներում բնակող ցեղախմբերի նկատմամբ, այնպէս, ինչպէս եղբայրները կամ զարմիկները կը զգան», )տես Յարութ Սասունեանի յօդուածը, «Նոր Հայաստան», Ապրիլ 9, 2009(։ Ստեղծագործական ոգեւորութեան մէջ Սուլէյմանովը անտեսել է, որ ինչպէս ադրբեջանական Ամերիկան յայտնագործող Քրիստափոր Կոլումբոսը, նոյնպէս եւ իր անունը նոր աշխարհամասին տուած Ամերիկօ Վեսպուչչին, հայկական Կիլիկիայից հայկական նաւերով մեկնած վանեցի հայեր էին…