ԵՐԵՒԱՆ, «Հետք».- «Գլէնդէյլ Հիլզ» ընկերութեան ձեռնարկած յատկապէս Գիւմրիի եւ Լոռիի մէջ բնակարանաշինութեան ծրագիրները իրենց տարողութեամբ նշանակալից են: Այս ընկերութեան տէրերը Լոս Անճելըսէն ըլլալով, շահեկան կը գտնենք «Հետք» գործակալութեան հետեւեալ տեղեկագրութեան հրապարակումը՝ «Ասպարէզ»ի էջերէն:
«Գլէնդէյլ Հիլզ» ՓԲԸն (Փակ բաժնետիրական ընկերութիւն-Խմբ.) Գիւմրիում իրականացնում է «1988 թուականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինութեան պետական ծրագիրը», որի ընթացքի վերաբերեալ այսօր, (Չորեքշաբթի, 17 Յունիսին-Խմբ.) Գիւմրիի շինհրապարակում տեղի ունեցաւ «Գլէնդէյլ Հիլզ» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Վահէ Ալմոյեանի մամուլի ասուլիսը:
2008թ. շահելով ՀՀ կառավարութեան յայտարարած բաց մրցոյթը՝ «Գլէնդէյլ Հիլզը» սկսել է իրականացնել ծրագիրը, որի աւարտին Գիւմրիում շահագործման կը յանձնուի ընդհանուր առմամբ 3030 բնակարան եւ սպասարկման օբյեկտների (կառոյցներու-Խմբ.) տարածքներ: «Ծրագրով նախատեսուած է եղել 2300 բնակարանի կառուցում, սակայն նախագծման փուլում ռեսուրսների օպտիմալացման շնորհիւ, հնարաւոր է դարձել նախատեսել 3030 բնակարանի կառուցում՝ նոյն բիւջէի սահմաններում: Այդ բնակարաններից 1320ը Մուշ թաղամասում շահագործման կը յանձնուեն աւելի վաղ, քան նախատեսուած է ծրագրով՝ այս տարուան վերջին: Կառուցապատման ընդհանուր մակերեսը 210,500 քմ. (քառակուսի մեթր-Խմբ.) է, որից 204,185ը՝ բնակելի տարածք է լինելու, իսկ 6,315ը՝ սպասարկման նշանակութեան օբյեկտներ», նշեց պարոն Ալմոյեանը:
«Գլէնդէյլ Հիլզ» ՓԲԸի հանրութեան հետ կապերի եւ տեղեկատուութեան վարչութեան տարածած հաղորդագրութեան մէջ նշուած է, որ ծրագրի արժէքը 39 միլիարդ դրամ է: Նախատեսուած է վճարման 2 ձեւ, որոնցից կանխիկ վճարման պարագայում, ընկերութեան կողմից տրամադրւում է 10% զեղչ, իսկ արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրաւման պարագայում՝ բիւջետային երաշխիք: Գիւմրիում կառուցապատման այս տարուայ բիւջէն կազմում է 18,600,000,000 դրամ, որի տրամադրման վերաբերեալ ՀՀ կառավարութիւնն արդէն ընդունել է որոշում:
«Գլէնդէյլ Հիլզը» նման ծրագիր է իրականացնում նաեւ Լոռու եւ Շիրակի մարզերի 36 գիւղական համայնքներում, Սպիտակ քաղաքում. որտեղ շինարարութիւնն արդէն սկսուել է 2 գիւղական բնակավայրերում եւ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ 6 գիւղական համայնքներում: Արդէն սկսուել են 32 բնակելի տների շինարարական աշխատանքները: Նախատեսւում է կառուցել 536 բնակարաններ, 2047 անհատական բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ: Այս տարուայ աւարտին շահագործման կը յանձնուեն 398 բնակելի տներ:
Այս ծրագրի արժէքն է 42 միլիարդ դրամ, որը նոյնպէս օպտիմալ ճարտարապետական լուծումների եւ տրամադրուած զեղչերի հաշուին նուազեցուել է մինչեւ 26,000,000,000 դրամի:
Կառուցապատումը եւ ներքին յարդարումն իրականացւում է տեղական արտադրութեան եւ արտերկրներից ներմուծուած բարձրորակ նիւթերով: Շինարարութեան որակի վերահսկողութիւնն իրականացւում է ընկերութեան Երեւանեան գրասենեակի բարձրակարգ մասնագէտների կողմից: Բացի այդ, որակի համապատասխանութեանը եւ ծրագրի իրականացման ընթացքին խստօրէն հետեւում է ՀՀ քաղաքաշինութեան նախարարութիւնը:
Աւելի քան երկու ամիս է, Գիւմրիում բացուել է ընկերութեան գրասենեակը, ինչը հեշտացրել է մատակարար ընկերութիւնների աշխատանքը «Գլէնդէյլ Հիլզ»ի հետ, ինչպէս նաեւ աշխատանքի յայտ ներկայացնողների համար ստեղծել է քաղաքակիրթ պայմաններ եւ հաւաստի աղբիւր՝ տեղեկութիւններ ստանալու համար:
Ներկայումս ընթանում են 22 շէնքերի շինարարութեան աշխատանքները: «Գլէնդէյլ Հիլզ»ի Գիւմրիի գրասենեակի պատասխանատու Միքայէլ Ներսիսեանը ներկայացրեց մանրամասներ շինարարութեան ծաւալների մասին: Գիւմրիում մեր ընկերութեան կողմից իրականացուող շինարարութեան վրայ արդէն աշխատում է 600 մարդ: Կապուած շինարարութեան տարբեր փուլերի հետ, աշխատողների քանակը կ՛աւելանայ եւ հաշուարկւում է, որ ծրագրի ընթացքում մօտ 1500 մարդ ապահովուած կը լինի աշխատանքով:
Մօտ 1500 մարդ հերթագրուած է եւ մեր ընկերութիւնից աշխատանքի առաջարկ է ակնկալում: Դիմողները անցնում են եռօրեայ փորձաշրջան, եւ ընկերութեան որակի պահանջներին համապատասխանելու դէպքում շարունակում են աշխատանքը, հակառակ դէպքում՝ նրանց հետ պայմանագիր չի կնքւում եւ երեք օրուայ համար վարձատրւում են սահմանուածի 50 տոկոսի չափով: Ընկերութիւնը շինարարներին եւ այլ մասնագէտների աշխատանքի է ընդունում ըստ նախնական յայտերի, ՀՀ Աշխատանքային օրէնսգրքի համաձայն, երաշխաւորելով աշխատողների օրինական իրաւունքները: Աշխատողները վարձատրւում են այնքան, որքան մեր ընկերութեան Երեւանում իրականացուող կոմերցիոն ծրագրերի վրայ աշխատող շինարարները:
Շինանիւթերի առաջարկների, ինչպէս նաեւ աշխատանքի ընդունման յայտերն ընդունւում են «Գլէնդէյլ Հիլզ»ի Երեւանեան գլխաւոր եւ Գիւմրիի գրասենեակներում: Այլ հաւասար պայմաններում նախապատուութիւնը տրւում է Գիւմրիում արտադրուող շինանիւթին: Ընկերութեան կողմից շինանիւթերի պատուէրները տրւում են ըստ անհրաժեշտ քանակների եւ ըստ շինարարութեան համապատասխան փուլերի:
Ծրագրի արդիւնքում, ՀՀ նախագահի նախաձեռնութեամբ, կառավարութեան միջոցներով, «Գլէնդէյլ Հիլզ»ի պրոֆեսիոնալիզմի եւ գիւմրեցի շինարարների աշխատանքի շնորհիւ, 2011թ. առաջին եռամսեակում Գիւմրիում շահագործման կը յանձնուի միջազգային չափանիշներին համապատասխան 3030 բնակարան՝ յարակից սպասարկման օբյեկտների տարածքներով»:
Նշենք, որ «Գլէնդէյլ Հիլզ»ի հիմնադիր նախագահն է լոս անճելըսաբնակ իրաւաբան Վահէ Եագուպեանը: