ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Հայաստանեան «Շանթ» հեռատեսիլի կայանը անցեալ Հինգշաբթի երեկոյեան հարցազրոյց մը ունեցած է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի հետ: Ընթացքին անդրադարձ եղած է երկու գլխաւոր հարցերու վերաբերեալ ՀՅԴի գնահատակններուն:
Այսու կը ներկայացնենք Վրաստանի նախագահ Միխայէլ Սահակաշվիլիի Հայաստան կատարած այցելութեան եւ անոր առնչուող իրադարձութիւններու գնահատականին վերաբերող մասը:
«Շանթ»ի թղթակիցին այն հարցին, թէ՝ «Կարո՞ղ էք ասել, որ փայլուն կատարեցիք… æաւախքի խնդրով պայմանաւորուած ակցիան (գործողութիւնը-Խմբ.): Մենք Կիրօ Մանոյեանին նոյնիսկ բարիկադների (ընդհանրապէս ապստամբներու կողմէ կառուցուած պատուար-Խմբ.) վրայ տեսանք», ՀՅԴ ղեկավար գործիչը պատասխանած է.
«Մենք բոլորս էլ պատրաստ ենք բարիկադներում լինել, բայց յոյսով եմ, որ դրա կարիքը չի լինի: Քանի որ դուք անդրադարձաք հէնց այդ ցոյցին, ուզում եմ ասել, որ դրանից յետոյ մենք էլ մեզ համար որոշ բացայայտումներ արեցինք: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, մտքովս էլ չի անցնում, որ, Հայաստանի նախագահի այցի կապակցութեամբ, եթէ այդպիսի ցոյց կազմակերպուէր Թբիլիսիիում, Վրաստանի ոստիկանութիւնն իրեն այդպէս պահէր: Ես ոստիկանութեանը կոնկրէտ (յատուկ-Խմբ.) ոչինչ չեմ ասում: Բնական է, որ նրանք հրաման են ստացել: Բայց ես վստահ եմ՝ այն հրամանը, որ այստեղ հայերն են տուել, վրացիներն իրենց ոստիկանութեանը չէին տայ: Վերջապէս ի՞նչ էր ասում ցոյցը: Ցոյցն ասում էր՝ պարոն Սահակաշվիլի, մի՛ խաբիր մեր նախագահին, արա ինչ որ խոստացել ես: Որպէս ռուսական ագրեսիայի (յարձակումներու-Խմբ.) զոհ, Արեւմուտքից 4.5 միլիարդ ես պոկել: Այդ գումարի մի մասն արդեօք æաւախքի կարիքներին չպէ՞տք է հասնի»:
«Շանթ»ի «Ի՞նչ տուեց այդ այցը մեզ» հարցումին, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեան պատասխանած է.
«Մեր նախորդ հանդիպումներից մէկի ժամանակ, յիշում էք, դուք ինձ հարց տուեցիք՝ ինչ տուեց Կիւլի այցը Հայաստանին: Ոչ մի լաւ բան: Տարբերութիւնը մեծ չէ: Ես չեմ կարծում, որ այս այցի արդիւնքում հայ-վրացական համալսարան բացուի æաւախքում, չեմ կարծում, որ վրացիները կը սկսեն լուծել մեր հայրենակիցների միւս խնդիրները եւ վերջապէս չեմ կարծում, որ կը նուազեն Վրաստանի տարածքով հայկական բեռների տեղափոխման տրանզիտային սակագները, ինչն ամենաառաջնայինն է մեր իշխանութիւնների համար:
Սահակաշվիլին ծանր վիճակում է այսօր: Այդ մարդը յայտնուել է միջազգային մեկուսացման մէջ: Բնական է, որ նրան աշխարհի հետ կապող պատուհան է պէտք: Ի հարկէ, երբ փակ է Վրաստանի հիւսիսային սահմանը, ինձ համար պարզ է նրա շահը՝ Հայաստանի վրայով յարաբերուել Իրանի հետ, դուրս գալ նոր շուկաներ: Բայց ինձ համար, արդէն որերորդ դէպքն է, պարզ չէ մեր շահը: Դա կ՛ուրուագծուի միայն այն ժամանակ, երբ մենք ջաւախքահայութեան կեանքում դրական տեղաշարժեր կը նկատենք:
«Ի՞նչ էք կարծում, æաւախքի հարցում մենք աւելի արմատակա՞ն պէտք է լինենք» հարցումին, Յովհաննիսեան պատասխանած է. «Ես կարծում եմ, որ մենք պէտք է պաշտպանենք Վրաստանում ապրող հայութեան եւ յատկապէս ջաւախքահայութեան ազգային ու մարդկային իրաւունքները: Մենք դրա իրաւունքն ունենք: Ունենք նաեւ հնարաւորութիւնը, որովհետեւ մենք Վրաստանի հետ հրաշալի յարաբերութիւնների մէջ ենք: Մենք կարող ենք շատ բարեկամաբար վրացիների առաջ դնել այդ պահանջը, այո՛, պահանջը եւ ոչ թէ խնդրանքը»: