ԵՐԵՒԱՆ, «Ռատիօլուր».- «Շնաձուկը կծում է. պասքէթպոլի լեկենտար մարզիչը սփորթի մասին չխօսեց». ասիկա թերթի խմբագրական միջամտութիւնն է, մնացածը այն է, որ մարզիչ Ճերրի Թարկանեան վերջերս պատմած է իր ընտանեկան խնճոյքին հաւաքուած 38 Թարկանեաններուն, Քալիֆորնիոյ Պաս լիճին մօտ. այդ ամէնը ամփոփուած է «Յիշարժան ճամփորդութիւն Հայաստան» վերնագիրին տակ:
Ճերրին հպարտ է իր ընտանիքով, բայց չի կրնար չմտածել իրենց արմատներուն մասին: Յատկապէս, որ հիմա սեղանին դրուած են խաղողի թուփի ամենատարբեր տեսակներու մէջ փաթթուած միսն ու բրինձը, որ կրկին Հայաստան կը յիշեցնէ իրեն:
Կը յիշէ, որ մայրը՝ Հայկուհի Ռոուզը, ծնած է Հայաստան, եւ հայ ըլլալու համար միայն, 1915-1922ի ցեղասպանութեան ժամանակ, թուրք զինուորներ իր մայրն ու քեռին միայն քշած են երկրէն, իր կնոջ ծնողներուն՝ սպանած: Հայկուհի Ռոուզը Լիբանանի մէջ հանդիպած է Գէորգին՝ Ճերրիի հօրը, ամուսնացած, յետոյ տեղափոխուած ԱՄՆ՝ Օհայոյի նահանգ:
Չորս տարի առաջ Ճերրին կ՛որոշէ տեսնել Հայաստանը, եւ Ֆրեզնոյէն քահանայի մը հետ, կ՛ուղեւորուի Հայաստան: Ցեղասպանութեան թանգարանէն բացի, 16 օրեայ ճամբորդութեան ընթացքին կ՛այցելէ Երեւանէն դուրս տարբեր վայրեր։
«Աղքատութիւնն այտնեղ՝ քաղաքներում, աչքի էր զարնում, շատ շէնքեր կիսակառոյց էին դեռ: Սարսափելի էր:
Մենք այնտեղ գնացինք մի քաղաք, որն աւերուել էր երկրաշարժից, շատ դպրոցներ այցելեցինք, ամէն մէկս մի բան նուիրաբերում էր, նրանք ոչինչ չունէին: Վատ էր: Նրանք ուզում էին, որ ես էլի գնամ, նրանք ուզում էին պասքեթպոլի բացօթեայ դաշտերից մէկն անուանակոչել իմ անունով: Դա հրաշալի էր, բայց ես չէի կարող էլի գնալ: Շատ երկար էր ճամբորդութիւնը, ոտքերս յոգնել էին օդանաւում:
Այդ ճամբորդութեան ժամանակ անընդհատ զարմանում էի, թէ ինչպէ՛ս են այդ մարդիկ կարողանում ապրել: Անհնար էր պատկերացնել: Նրանցից շատերն ապրում էին բեռնարկղերից ոչ մեծ տներում: Խանութների վաճառասեղաններին, դարակներին շատ քիչ բան կար: Երկար տարիներ նրանք ապրել էին առանց ելեկտրականութեան: Կարո՞ղ էք նման բան պատկերացնել:
Որոշ հեռուստառատիօկայանների եւ թերթերի թղթակիցներ ինձանից հարցազրոյցներ վերցրին: Դրսում շատ քչերն էին ինձ ճանաչում, ի տարբերութիւն «Մարիոթ» հիւրանոցի թուրիսթների…», ըսած է Ճերրի Թարկանեան իրենց ընտանեկան հաւաքին ընթացքին՝ տպագրուած «Լաս Վեկաս Սան» թերթին մէջ։
«Ես սիրում եմ հայկական խոհանոցը: Կարող եմ ամէն օր միայն հայկական կերակուր ուտել: Ես դրանով եմ մեծացել: Գառը հրաշալի էր: Ֆանտաստիկ:
Այստեղ, լճակի մօտ, ես շնորհակալ եմ իմ ընտանիքից ու բոլոր միւսներից: Եւ ես երբեք չեմ մոռանայ Հայաստան կատարած ճամբորդութիւնս», իր խօսքը աւարտած է Ճերրի Թարկանեան։