ԱՐԾՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ*
… Սեղանիս վրայ 90ամեայ վետերան, երկրորդ համաշխարհային պատերազմի գործօն մասնակից, գումարտակային զօրամասի աւագ Գենոս Իսկանդարեանի համառօտ կենսագրականն է ու 68 տարիների վաղեմութիւն ունեցող, եռանկիւնածալ, խունացած նամակները:
Դրանք գրուած են պատերազմի դաշտում՝ գնդացրային ու հրետանային որոտների տակ, դադարի ժամանակ, խրամատներում՝ ծնկների կամ հրացանների դաստակի վրայ: Գրուած են կապոյտ, կանաչ ու քիմիական մատիտներով: Գենոսն այդ նամակներում ներկայացնում է իր ու ընկերների սխրանքները, որոնք կռուել են ֆաշիզմի դէմ՝ պայծառ հաւատ ու յաղթանակ ներշնչելով՝ խաղաղ, թիկունքում ապրող հարազատներին:
Ծնուել է 1919 թուականի Օգոստոսի 1ին, Սիսիանի Թասիկ գիւղում: Ծնողները եկել են Պարսկահայաստանի Սալմաստ գաւառի Փայաջուկ գիւղից: Եկել ու զբաղուել են հողագործութեամբ, անասնապահութեամբ: Սարերի թէք ընկած լանջերում ցորենի արտերն են ցանել, իսկ ձորալանջերում աճեցրել են մեղրածոր խաղողը, խնձորն ու նուռը:
Գենոսն իր սկզբնական կրթութիւնն ստանում է գիւղում, յետոյ ուսումը շարունակում է Նախիջեւանի մանկավարժական ուսումնարանում: Բայց 14ամեայ պատանին նեղւում է այլազգիների միջավայրում, ընկնում ծանր պայմանների մէջ: Այդ մասին իմանում է աւագ եղբայր Անդրանիկը, որն աշխատում է Շուշիի ռէալական ուսումնարանում: Գենոսին փոխադրում է իր մօտ:
1939ին գերազանց առաջադիմութեամբ աւարտում է Շուշիի ռէալական մանկավարժական ուսումնարանը եւ աշխատանքի գործուղւում Հայկաշէնի միջնակարգ դպրոցում:
Պայթում է պատերազմը: Կորստի, ցաւի, վշտի ու մորմոքող ցասումի ծանր մղձաւանջը թափանցում է գիւղից-գիւղ, մտնում նաեւ Սիսիանի լեռներում ծուարած Թասիկ գիւղ ու Մինասի երեք որդիներին էլ ռազմաճակատ ուղարկում…
Երեք անգամ Անթառամ մայրիկը մղկտացող սրտով ճամբու է դնում որդիներին: Երեք անգամ ծնկներին խփելով՝ խաչակնքում, աղօթք է յղում առ Աստուած՝ որդիներին յաղթական վերադարձի համար: Բայց անողոք պատերազմը անաստուած էր: Հայկական 78րդ դիվիզիայի (զօրաբաժնի-Խմբ.) մայոր, հրաձգային գումարտակի հրամանատար Անդրանիկ Իսկանդարեանը հերոսական կռիւներ է մղում Կովկասի համար: 1942ի Նոյեմբերին ծանր վիրաւորւում է ու տեղափոխւում Գոյգչայի ռազմական հիւանդանոց, որտեղ էլ մահանում է՝ տանը թողնելով կնոջ ու երեխաներին: Անհայր մեծցած Եուրան ու Ամալիան այսօր բարձրագոյն կրթութեամբ պատասխանատու աշխատանքներ են կատարում Ստաւրոպոլում, ունեն հրաշալի ընտանիքներ ու զաւակներ:
Գենոսի միւս եղբայրը՝ Լազարը, աւարտեց հրետանային ուսումնարանը: Բազմաթիւ սխրանքներ գործեց Մոսկուայի պաշտպանութեան ժամանակ: Մասնակցեց Կուրսկի եւ այլ ճակատամարտերի, արժանացաւ մարտական Կարմիր դրօշի, պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանների ու մեդալների: Հերոսաբար զոհուեց 1943ի Հոկտեմբերին, Որոշիլովգրադն ազատագրելու ժամանակ:
Գենոսը փոքրն էր եղբայրների մէջ: Նա բանակ մեկնեց 1941ի Յուլիսին: Ծառայեց հիւսիսկովկասեան 51րդ գվարդիական բանակի 71զօրաբաժնի 163րդ գնդում: Սովորում է գնդի դպրոցում, դառնում սերժանտ, նշանակւում հետախուզական 147րդ գումարտակի ջոկի հրամանատար: 1941ի Հոկտեմբերին գումարտակը գործուղւում է Անդրկովկասեան Ավչալայի ռազմակայան՝ թուրքական ռազմաճակատի դէմ: Այնտեղից՝ հետախուզական վաշտը ուղարկւում է հայ-թուրքական սահմանամերձ գօտի՝ Ալաշկերտ, Ճորոխ գետի շրջանում: Այդտեղ էր գտնւում նաեւ հայկական 261րդ լեռնահրետանային զօրամասը: Նպատակն էր՝ ուսումնասիրել Գերմանիայի դաշնակից Թուրքիայի ռազմատնտեսական ուժերը՝ խորհրդա-թուրքական ճակատում:
Գենոսի ջոկատը խրամատաւորւում է Ալաշկերտի գետափում: Նա հիանալի տիրապետում է թուրքերէնին:
Գումարտակի շտաբից հրահանգներ ստանալով՝ սերժանտ Իսկանդարեանն ուսումնասիրում է թուրքերի ռազմական ուժերը: Թուրքական գիւղացու համազգեստով մտնում է Ալաշկերտի, Սարիղամիշի տարածքները, իմանում, որ Հայաստանի ողջ սահմանային տարածքում թուրքերը կենտրոնացրել են 27 դիվիզիա, մեծ քանակութեամբ թանկեր, հրետանի, գնդացրային ու ռազմական այլ ուժեր ու տեխնիքա: Նրանք ամրապնդուել են Արաքսի հարաւային շրջաններում, Կարսի, Իգդիրի, Սարի Ղամիշի, Արտահանի, Ախուրեանի, Անիի, Գիւմրի տանող երկաթագծի կայարանների մօտակայքերում, Նախիջեւանի եւ Իրանի սահմանագծում ու թուրքաբնակ գիւղերում: Գենոս Իսկանդարեանի հետախուզական տեղեկութիւնները փաստացի ճշդւում են նաեւ թուրք զինուորի ու սպայի գերվարման հարցումների ժամանակ:
«Թուրքական ռազմական ուժերը կովկասեան ճակատ կը բացեն միայն Ստալինգրադի ճակատամարտից յետոյ,- նշւում է հեռագրի մէջ,- երբ խորհրդային բանակները կը պարտուեն, երբ Ճապոնիան արեւելքից պատերազմ կը յայտարարի Ռուսաստանին…», հաղորդւում է Մոսկուա, 1942ի Նոյեմբերին: Եւ թուրքերի կողմից յարձակում տեղի չի ունենում: 1943ի Փետրուարին, Ստալինգրադի ահեղ ճակատամարտում խորհրդային բանակը փառահեղ յաղթանակ է տանում: Հիտլերեան Գերմանիան Վոլգայի ափին կորցնում է մէկ միլիոն զինուոր ու սպայ, սպաննուած ու գերի:
Ֆաշիստական ուժերը դէպի Արեւմուտք են նահանջում 400 կմ. Ստալինգրադից ու Կովկասից հեռու: Առաջանում է վիթխարի ռազմական կուտակումներ՝ Օռիոլի, Բելգորոդի ու Կուրսկի շրջաններում: Գէնոս Իսկանդարեանի ծառայած վաշտն ու գումարտակը վերադառնում են իրենց զօրամաս, ռազմական ակտիւ գործողութիւններ վարում Կուբանի, Կրասնոդարի, Դոնի, Գելենջիկի, Տուափսէի եւ միւս շրջանների ու քաղաքների ազատագրման համար: 1943 թուականի Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսներին, ազատագրելով Սեւ ծովի ափերը, դուրս են գալիս Ղրիմ, Սեւաստապոլ: Իր բազմաթիւ սխրանքների համար, աւագ սերժան Գենոս Իսկանդարեանն արժանանում է գլխաւոր հրամանատարութեան շնորհաւորագրի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանի, նշանակւում է գումարտակի աւագ, որի հրամանատարութեամբ ակտիւ գործողութիւններ են վարում Դնեպրի գետանցմանն ու Կիեւի ազատագրման համար: Առանձնապէս աչքի է ընկնում գերմանական ֆեդմարշալ Գուդրիանի խմբաւորման ջախջախման դաժան մարտերում, որտեղ վիրաւորւում է, բայց շարունակում է մարտը: Արժանանում է «Խիզախութեան համար» մեդալի:
1945 թուականի յաղթական Մայիս 9ը Գենոսը դիմաւորւում է Ուկրաինայի արեւմտեան ճակատում գործող Դուկլինեան լեռնանցքում, Կարպատեան լեռներում, ուր թշնամու կողմն անցած բազմաթիւ բենդեռներ հակաժողովրդական, ֆաշիստական խմբաւորումներ էին ստեղծել:
Նրանց բանդաները ոչնչացնելուց յետոյ, զօրացրում եղաւ: Մանկավարժ Գենոս Իսկանդարեանը վերադառնում է հայրենիք: Ուսումը շարունակում է Բաքուի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում: Գերազանց առաջդիմութեամբ աւարտում է եւ աշխատանքի է նշանակւում Պաքուի Յ. Թումանեանի անուան միջնակարգ դպրոցում: 1948ին ամուսնանում է ուսուցչուհի Ռոզա Օհանեանի հետ, ունենում երեք հրաշալի երեխաներ՝ Գրիշան, Ժաննան ու Լազարը, որոնք այսօր բարձրագոյն կրթութեամբ պատասխանատու աշխատանքներ են կատարում տարբեր վայրերում: Ունեն շնորհալի զաւակներ եւ թոռներ: Գրիշան մի շարք պատասխանատու աշխատանքներ է կատարել Սիւնիքում, կառուցել Սպանդարեանի ու Շինուհայրի ջրամբարներն ու հիդրոկայանները. տեղափոխուել է Մեծամորի ատոմակայան: Այսօր նա ԱԷՍի գլխաւոր ինժեներն է: Նրա որդիներից՝ Արմանը, Արցախի հերոսներից է. մասնակցել է Ստեփանակերտի, Ղարաչինարի, Ասկերանի ռազմական գործողութիւններին՝ հերոսաբար զոհուելով Մարտակերտի ազատագրման ժամանակ:
1988ին Գենոսի ընտանիքը Բաքուից եկաւ Երեւան: Հինգ տարի անց՝ 1993ին, իր դստեր Ժաննայի եւ Մանուկի ընտանիքի կանչով՝ Գենոս Իսկանդարեան տեղափոխւում է Ամերիկա եւ հաստատւում Լոս Անճելըսում, ուր ապրում են հարազատները: Պետութիւնն անմիջապէս հոգատար ձեռք է մեկնում. պատերազմի փառաբանուած վետերանին նշանակում է խնամող, օգնութիւն, նպաստ ու թոշակ: Յաճախում է մեծահասակների «Կարմիր սիրտ» առողջապահական կենտրոն, որտեղ խնամում ու սիրում են նրան:
90ամեայ պատերազմի ու աշխատանքի վետերանը ամէնօրեայ ուշադրութեան կենտրոնում է Ժասմենից, ամուսնուց, երեխաներից անչափ գոհ է, որ նրանց էլ նուիրել է ու հրատարակել բանաստեղծութիւնների մի փունջ, որտեղ պարզ ու անկեղծ արտայայտում է իր ջերմ սէրն ու զգացումները իր խնամողների նկատմամբ: 15 տարի է ինչ Բ. համաշխարհային պատերազմի վետերանների միութեան անդամ է: Պարգեւատրուել է «Մարշալ Բաղրամեան», «Յաղթանակ», Ամերիկեան վետերանների յոբելինական յուշամեդալներով ու շքանշաններով: Գլէնդէլի Հայ վետերանների միութեան խորհրդի անդամ է. խելացի, առողջ, համակրելի խորհուրդներով պատիւ է բերում միութեանը, որի համար էլ սիրուած ու յարգուած է բոլորին կողմից:
Հարազատներ ունի Երեւանում, Սիսիանում, Թասիկ գիւղում, Ռուսաստանում: Պիտի հիւր գնա եւ տեսակցութիւն ունենայ հարազատներին հետ, որ նրանից առնի իր հայրենեաց երկրի կարօտը…
Շնորհաւոր 90ամեակդ՝ կեանքի առասպելական ճամբաներ կտրած Գենոս քեռի:
Փա՜ռք քեզ ու 60 հասնող քո զաւակներին, թոռներին ու ծոռներին…
* Լրագրող, պատմաբան, դոցենտ