ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ
Մի խումբ հայեր Լոս Անջելըսում ցոյցեր կազմակերպեցին ի պաշտպանութիւն Իրանում դեմոկրատական ազատութիւնների, այսինքն՝ կամայ թէ ակամայ՝ ընտրուած նախագահի անմիջական մրցակից Միր Հոսէյն Մուսաւիի։ Դէմքը լաթով ծածկած մի երիտասարդ, իր «դիմակահանդէսը» արդարացնելու համար, «յեղափոխականին» յատուկ խիզախութեամբ ասաց՝ Իրան գնալիս չճանաչեն, չվնասեն։ Իսկ Իրանի հայ համայնքը մնաց դրական չէզոքութեան դիրքում։ Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգիսեանը փաստեց, որ հայ համայնքը չի մասնակցել յետընտրական զարգացումներին. վիրաւորուածների եւ ձերբակալուածների մէջ հայեր չկան: Խելամիտ, հեռատես, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի տեսակէտից ճշմարիտ դիրքորոշումը «…միշտ պաշտպան մնալով օրէնքի գերակայութեան անհրաժեշտութեանը եւ երկրի ամբողջականութիւնը պահպանելու կարեւորութեանը», խաղաղ մնալն ու որպէս օրինապահ քաղաքացիներ գործելն է։ Սրբազանը, աւելացրել է, որ Արամ Ա. կաթողիկոսը եւս զգօնութեան կոչ է ուղղել հայ համայնքին։
Արդ, բուն խնդիրը՝ երկրի ամբողջականութեան պահպանումն է։ Դրսից ֆինանսաւորուած եւ կազմակերպուած նախորդ գունաւոր յեղափոխութիւնները Վրաստանում եւ Ուկրաինայում իրենց ժողովուրդներին խոստացուած ազատութիւնների փոխարէն, մինչյեղափոխական վատից վատթար կացութիւն ստեղծեցին։ Մոլորութիւն է յատկապէս երիտասարդ ցուցարարների համոզմունքը, թէ՝ հրապարակային նման գործողութիւններով կը յաջողուի ազատագրուել կեանքի բոլոր բնագաւառներում Իրանի հոգեւորականութեան կարծր վերահսկողութիւնից եւ առաջադէմ, ազատ կեցութիւն ստանալ։ Ընդդիմադիր Մոսաւիի եւ նրա զինակիցների նպատակը հազիւ թէ դա է։ Ուստի, վերափոխելով Շեքսպիրի նշանաւոր հերոսի ասոյթը՝ հարցնենք. Մուսաւին մեզ ի՞նչ։ Հայ ժողովրդի ցարդ անյայտ այն բարեկա՞մն է նա, յանուն որի յաղթանակի ԱՄՆում բնակուող որոշ հայեր պիտի այրուեն )կամ թրծուեն( հերթական ինչ որ գոյնի յեղափոխութեան բոցերում։
Ընտրութիւններից առաջ իր ծննդավայր՝ Թաւրիզ այցելած Մուսաւին, խօսեց թուրքերէն, շեշտելով իր դիրքորոշումը՝ «Ձեր զաւակն եմ, եկել եմ տուն»։ Ըստ էութեան՝ բացայայտելով, որ Իրանի միւս շրջանները ուրիշների տունն են։ Քաղաքական թուրքամէտ գործիչը, ճակատագրի չար կատակով ընտրուէր, ինչպէ՞ս պէտք է կառավարէր Թուրքիայից աւելի քան երկու անգամ մեծ տարածքով «ուրիշների» Իրանը։
Իրանի 12 անդամանոց ընտրական գերագոյն մարմնի պահապանների խորհրդի բանբեր Աբբաս Ալի Քաթխոդային Յունիսի 23ին յայտարարեց, որ նախագահական ընտրութիւններում մեծ զեղծարարութիւն կամ խախտում չի յայտնաբերուած, ուստի ընտրութիւնը չի կարելի չեղեալ համարել։ Նախորդ օրը ճշդուել էր, որ 170 ընտրաշրջաններից 50ում խախտումներ են եղել՝ շուրջ 3 միլիոն քուէների սխալով, սակայն դա ընտրութեան վրայ որոշիչ ազդեցութիւն չունի, Մահմուդ Ահմադինեջադի 11 միլիոն քուէների առաւելութեան համեմատ։ Վերջնական արդիւնքներով նա ապահովել է քուէների 62.6 տոկոսը, անմիջական մրցակից Միր Հոսէյն Մուսաւին՝ 33.8։ Ահմադինեջադի խազուած պատկերով պլակատներ բռնած, «Մա՛հ դիկտատորին» գոչող ցուցարարները միւս երկրների «գունաւոր» յեղափոխականների նման բողոքեցին այս արդիւնքների դէմ։
«Նորավանք» հիմնադրամի փոխտնօրէն Սեւակ Սարուխանեանի հետ ինտերնետային ռուսերէն հարցազրոյցում, ազերի ծածկանունով մէկը հարցնում է. «Արդեօք դուք չէ՞ք գտնում, որ եթէ Իրանում Մուսաւիի գլխաւորութեամբ իշխանութեան գան ադրբեջանցիները, ապա Հայաստանը կը քաշուի», )«կը քաշուի»ն՝ բուն հայհոյական իմաստով(։ Ռուֆաթը հարցը դնում է աւելի զուսպ. «Պրն. Սարուխանեան, ինչո՞ւ է Հայաստանը այդքան շատ անհանգստացած Մուսաւիի հաւանական իշխանութեան գալով։ Որովհետեւ նա ադրբեջանցի՞ է»։ Ազերին եւ Ռուֆաթը Ադրբեջանի հանրապետութեան քաղաքացիներ են, իրենց ալիեւեան խանութեանը յատուկ յանդգնութեամբ լի՝ հարեւաններից իւրացրած միւս տարածքներին միացած տեսնելու նաեւ Իրանի անբաժանելի մաս կազմող՝ «Հարաւային Ադրբեջանը»՝ իրանի Արեւելեան Ադրբեջան )67.1 հազար քառ. կմ(, Արեւմտեան Ադրբեջան )43.7 հազար քառ կմ, Ուրմիա, հայոց՝ Կապուտան լճով( ոստանները։ Այն, որ դրանով ալիեւեան Ադրբեջանին կը գումարուի եւս 110.8 հազար քառ. կմ տարածք, խնդրի մի կողմն է։ Աւելի կարեւորը՝ Թուրքիա-Ադրբեջան միաւորման հնարաւորութիւնն է համաթուրքական վիթխարի կայսրութեան հաստատման միանգամայն ռէալ հեռանկարով։ Այդ վտանգը կայ եւ կը լինի, կործանարար հետեւանքներով ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի համար )վերջինս արդէն իսկ դանդաղօրէն կուլ է գնում պատեհ առիթով արցունքներ թափելու պատրաստ թրքական կոկորդիլոսին(։ Իրաւացիօրէն համոզուած, որ Մուսաւին իրենց մարդն է, թէկուզ անպատշաճ ձեւի մէջ, Ազերին, ընդգծում է բացայայտ ճշմարտութիւնը՝ իրանական Ադրբեջանի կորստով Հայաստանի գոյութիւնը կը դրուի խիստ հարցականի տակ։
Ըստ «ՓանԱրմինեըն.նեթ»ի, Իրանի «Մեհր Նիուզ» լրատուական գործակալութիւնը ի թիւս այլ երկրների, ԱՄՆին է մեղադրում Իրանում «նարնջագոյն յեղափոխութեան» կազմակերպման մէջ։ Վուդրօ Վիլսոնի եւ Սորոսի հիմնադրամները այդ նպատակների համար յատկացրել են 32 միլիոն դոլար, բացի այդ, «Իրանում նախագահական ընտրութիւններից կէս տարի առաջ ԿՀՎ (Սի.Այ.Էյ.) գործակալները հանդիպել են իրանցի ընդդիմադիրների հետ եւ յանձնարարականներ տուել նրանց Թուրքիայում, Ադրբեջանում, Քուէյթում ու Միացեալ Արաբական Էմիրութիւնում (ՄԱԷում)»։ Այդ երկրներում ԿՀՎն «մշակում» էր իրանցի մարզիկների, մշակոյթի գործիչների, գործարարների )«Ազգ», Յունիս 30, 2009)։ Յուլիսի 4ին Իրանի գերագոյն կառավարիչ Այաթոլլա Ալի Խամենիէի օգնականը նախագահութեան թեկնածու Միր հոսէյն Մուսաւիին մեղադրել է ամերիկեան հետախուզութեան հետ կապերում )նա իր երկրում գործում է որպէս «Ամերիկայի հինգերորդ շարասիւն»(, պահանջել է դատել Մուսաւիին եւ ռեֆորմների միւս կողմնակից նախկին նախագահ Մուհամմէդ Խաթամիին «ահաւոր յանցագործութիւնների պետական դաւաճանութեան» համար։ Դրանից առաջ, Յունիսի 19ին, ինքը՝ Ալի Խամենէին ցուցարարներին հանդարտութեան կոչ անելով՝ յիշեցրեց, որ «Ընտրութեան արդիւնքը գալիս է քուէատուփից եւ ոչ թէ փողոցից»։ Ապա աւելացրեց. «Ամերիկացի պաշտօնատարների ակնարկները մարդու իրաւունքների եւ ժողովրդի վրայ սահմանափակումների մասին անընդունելի են, որովհետ նրանք Աֆղանիստանի, Իրաքի եւ աշխարհի այլ շրջանների մէջ իրենց կատարածից յետոյ մարդու իրաւունքների մասին խօսելու իրաւունք չունեն» )«Ասպարէզ», 20 Յունիս, 2009(։
Զանգուածային անկարգութիւնների զոհեր դարձաւ 20 հոգի, ձերբակալուեց 1320 մարդ, որոնցից շատերը ազատ արձակուեցին, մնացեալին պէտք է դատեն։ Յունիսի 26ին Կարմեն Դաւթեանի հետ հարցազրոյցում Սեւակ Սարուխանեանը, Իրանում որպէս ահաբեկչական կազմակերպութիւն արգելուած «Մոջահեդինէ խալքի» մասին ասաց, որ այն գտնւում է ամերիկեան եւ բրիտանական կառավարութիւնների վերահսկողութեան ներքոյ, որոնք էլ ֆինանսաւորում են կազմակերպութիւնը։ Բրիտանական կառավարութիւնը «Մոջահեդինէ խալքը» հանել է տեռորիստական կազմակերպութիւնների ցուցակից, չնայած դրա նպատակը իրանական վարչակազմի տապալումն է։ Եւ ահա՝ պաշտօնական Իրանը մեղադրում է. «…Բոլորը, ովքեր սպանուել են այս ցոյցերի ընթացքում, սպանուել են մոջահեդ դիվերսանտների կողմից»։
Իսկ ո՞վ է «դիկտատոր» Ահմադինեջադը։ Նախ նշենք, որ Իրանի նախագահը երկրի, փաստօրէն վարչապետի պարտականութիւնները կատարող՝ երկրորդ դէմքն է։ Բարձրագոյն ղեկավարը՝ հոգեւոր առաջնորդ ռահբարն (ղեկավարը-խմբ.) է։ Նրան են ենթարկւում ուժային կառոյցները, հեռուստա-ռադիոկայանները, Սահմանադրութեան պահապանների խորհրդի 12 անդամներից 6ը։ Սակայն Ահմադինեջադը նախորդ 4 տարուայ ընթացքում աշխարհում կտրուկ բարձրացրեց Իրանի քաղաքական նշանակութիւնը։ Հէնց նրա ժամանակ սկսուեց միջուկային ծրագրի իրականացումը, Չինաստանի հետ ռազմավարական կապերի ամրապնդումը )Իրանը ՉԺՀ (Չինաստանի) ներմուծուող մօտ 18 տոկոս նաւթի մատակարարողն է(։
Յունիսին «Ամերիքըն Էնթըրփրայզ ինստիտուտ» կենտրոնի Իրանի հարցին նուիրուած կոնֆերանսում, ԱՄՆ Սենատի ներքին անվտանգութեան յանձնաժողովի նախագահ æոզէֆ Լիբերմանը ներկայացնելով Իրանի դէմ պատժամիջոցներ նախատեսող մի օրինագիծ՝ շատ տարօրինակ կասկած յայտնեց Չինաստանի եւ Ռուսաստանի ինտելեկտուալ կարողութիւնների մասին. «Իրանի միջուկային զէնքի տիրապետման ճանապարհը… անցնում է Միացեալ Նահանգների համար իր դաշնակիցների հետ անյաղթահարելի տարաձայնութիւններում, ինչպէս եւ Չինաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկած խաղերի տեսքով»։ Մոսկուան եւ Պեկինը երեք անգամ մեղմացրել են ՄԱԿի անվտանգութեան խորհրդում Իրանի դէմ պատժամիջոցները. «Ըստ այդմ՝ Լիբերմանը համոզուած չէ, որ Չինաստանն ու Ռուսաստանը հասկանում են ստեղծուած բարդ իրադրութիւնը եւ դա է «անհանգստութիւն առաջացնում ինձ մօտ»։ Իսկ AEI-ի ռազմական փորձագէտ Ֆրեդերիկ Կագանի կարծիքով՝ «Պարաք Օբամայի վարչակազմը առայժմ յստակ չի պատկերացնում, թէ ի՛նչ է ուզում եւ ինչի՛ կարող է հասնել» )տես Հ. Գոսակեանի յօդուածը «Ժամանակ», Լ. Ա., 1 մայիս, 2009(։
Դժուար կը լինէր ասել, ի՞նչ էր սպասում առանց այն էլ թշուառ մեր մոլորակին, մեծ տէրութիւնների ղեկավարների այսպիսի «անհասկացողութեան» պայմաններում, եթէ խնդիրն իրօք եղածից աւելի բարդ լինէր։ Նոյն կոնֆերանսում, ի հակադրութիւն նախորդ կարծիքների Brookings ինստիտուտի փորձագէտ, Իրանի եւ Իրաքի հարցով ԿՀՎ նախկին վերլուծաբան, Պարսից ծոցի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհրդի նախկին տնօրէն Քէննեթ Փոլաքը հաստատեց, որ գործնական ծրագրի մշակման համար Վաշինգտօնը ժամանակ ունի. «Մենք պէտք է յաւելեալ ճանապարհ անցնենք դիւանագիտութիւնը չօգտագործելով այլ գործողութիւններ թաքցնելու համար» )նոյն տեղում(։ Աւելի լաւ, թերեւս չէր ասուի, գաղտնիք չէ, որ Իրաքից եւ Աֆղանիստանից յետոյ հերթական ռազմական հարուածն Իրանի վրայ ուղղելու մղումը սեւեռուն գաղափար էր ԱՄՆի նախորդ վարչակազմի շրջանում, եւ այժմ էլ, ինչպէս տեսնում ենք, որոշ քաղաքագէտներ եւս չեն զիջել այդ դիրքերը։ Առհասարակ մարդիկ հասկանում են այն, ինչ յարմար է իրենց շահերին ու նպատակներին, անզիջում անհասկացողութիւն ցուցաբերելով ուրիշների՝ իրենցից տարբեր առաւել եւս հակադիր շահերի ու նպատակների դէմ առնելիս, ուստի դիմացինին «դմբոյ»ի տեղ դրած մեղադրում են անհասկացողութեան մէջ։ Այս երեւոյթը առաւել սրութեամբ դրսեւորւում է արտաքին քաղաքականութեան ասպարէզում, որտեղ բախւում են պետութիւնների, երկրների յաճախ վիթխարի, երկրագնդային շահերը։
Վերադառնալով Իրանի ղեկավարների հրահրիչ, հռետորական յայտարարութիւններին )մասնաւորաբար Իսրայէլի վերաբերմամբ(, նշենք, որ ամերիկեան «Ռենտ» ինստիտուտի 230 էջանոց ուսումնասիրութիւնում առաջարկւում է անտեսել դրանք. Իրանը փորձում է յատկապէս պահպանել «իսլամական հանրապետութեան երկարակեցութիւնն ու տարածքային անձեռնմխելիութիւնը։ Առաւել սուր յայտարարութիւնների հեղինակ Ահմադինեջադը ապրում է չափազանց համեստ կենցաղով, ի հակադրութիւն իր նախորդ նախագահ Հաշիմի Ռաֆսանջանիի, որը պաշտօնական դիրքն օգտագործել է միլիարդաւոր դոլարների կարողութիւն դիզելու համար, իր կառավարութիւնով դարձել Իրանի ունեցուածքի տէրը։ Ահմադինեջադի քաղաքական կողմնորոշումն առաւելապէս Ռուսաստանը, Չինաստանն են։ Մուսաւին, յաղթելու դէպքում, անկասկած հնարաւորինս կը դադարեցնէր կապերը Հայաստանի հետ, որոնք առաւել արդիւնաւէտ դարձան Ահմադինեջադի նախորդ քառամեայ նախագահութեան ընթացքում։ Իրանը փաստօրէն աշխատեց ընդդէմ Հայաստանի շրջափակման՝ իրան-հայաստան գազատարի կառուցումն ու գազի մատակարարումը, ծաւալների մեծացման հեռանկարով, 250 միլիոն դոլար արժողութեամբ Թաւրիզ-Երասխ նաւթատարի կառուցման ծրագիրը։ 2009ի Ապրիլին Երեւանում ստորագրուած, ի պատասխան Բաքու-Թիֆլիս-Ախալքալաք-Կարս երկաթուղու, Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու համաձայնագիրը։ Այն նախատեսւում է իրականացնել 5 տարում։ Առաջիկայ տարիներին կապերը կ՛ընդլայնուեն, ինչպէս ինքը՝ Ահմադինեջադը յայտարարեց Ապրիլին, Իրան Սերժ Սարգսեանի երկօրեայ պաշտօնական այցի ժամանակ. «Անհրաժեշտ է պահպանել եւ ընդլայնել մեր ձեռքբերումները»։
Մի շարք լրատուական, վերլուծական կազմակերպութիւնների ղեկավար, Հայաստանի «Գլոբալ ռազմավարութիւններ» տեղեկատուական կենտրոնի համանախագահ Ռամիլ Լաթիպովը ս. թ. Յուլիսի 6ին «Ռուս-հայկական ռազմական գործակցութիւնը Կովկասի ընդհանուր իրադրութեան կոնտեքստում» կոնֆերանսի ժամանակ տուեց հետեւեալ կարեւոր պարզաբանումը. «Ռուսաստանի լուրջ անհանգստութիւնն առաջացրին վերջին իրադարձութիւնները Իրանում։ Այդ երկիրը սահմանակից է մեր դաշնակից Հայաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ եւ Իրանի ներքին քաղաքական իրավիճակի սրումը ուղղակիօրէն ազդում է նախկին խորհրդային տարածքի իրավիճակի վրայ… Իրանը ոչ Վրաստան է, ոչ Ուկրաինա… երկրի բնակիչների առողջ մտայնութիւնը ամերիկեան եւ եւրոպական քաղտեխնոլոգներին թոյլ չտուեց նախագահական ընտրութիւնները Իրանում աւարտել պետութեան «ժողովրդավարացումով», ըստ վրացական կամ իրաքեան օրինակի։ Իմ տպաւորութեամբ, իրանական ժողովուրդը Ուկրաինայի եւ Վրաստանի դէպքերից անհրաժեշտ դասեր քաղեց, հաշուի առնելով նաեւ 2008ի Մարտին հարեւան Հայաստանի փորձը։ Մարդկանց ցոյցերի հանելով՝ իբրեւ ազատութեան հայկական գլխաւոր «մարտիկ» Լեւոն Տէր Պետրոսեանը, ինչպէս եւ նրա իրանական գործընկերը չեն հասկանում, որ Արեւելքի եւ Ասիայի ռեսուրսների եւ ֆինանսական հոսքերի համար Արեւմուտքի երկրների պայքարում, իրենք լոկ խաղատախտակի զինուորիկներ են… «Արեւելեան գործընկերոջ» կամ «եւրոհարեւանի» վերածուած երկրի բոլոր դժուարութիւններն ու տառապանքները բնականաբար, ընկնում են ՄԱՀի կամ ՀԲի հերթական փոխանցումով հիպնոսացած հասարակ մարդկանց ուսերին»։ Ռուսաստանին, Հայաստանին, Իրանին անհրաժեշտ է մշակել փոխօգնութեան միասնական համակարգ՝ ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու արտաքին ուժերի փորձերի դէմ, շարունակում է նա, եւ միւս հարցին՝ ո՞ր երկիրն է Ռուսաստանի համար կամուրջ Իրանի հետ, Ադրբեջա՞նը, թէ Հայաստանը, պատասխանում՝ անպայման Հայաստանը. Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցքը լուրջ կայունացնող ազդեցութիւն ունի Կովկասում։ Դրան հակառակ, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան նատոյական խումբը միջոցներում, նոյնիսկ ռազմական, խտրութիւն չի դնում սեփական եւ ամերիկաեւրոպական աշխարհռազմավարական խնդիրների լուծման համար։ Դրա վկայութիւնն են Բաքուի ռազմաշունչ յայտարարութիւնները՝ Ղարաբաղեան խնդրի լուծման մասին, թուրքական զինտեխնիկայի մատակարարումը Վրաստանին, Վրաստանի յարձակումը Հարաւային Օսէթիայի վրայ, եւ այլն:
Պարսկահայ իմ ծանօթները բացատրեցին, որ արտերկրի հայ ցուցարարները ոչ թէ դէմ են Ահմադինեջադին, այլ Իրանի հոգեւորական իշխանութեան խստութիւններին։ Բայց ներկայ միջազգային կացութիւնում յեղափոխական միջոցներով այդ խստութիւններից ազատուելու փորձերը, յղի էին ծանր ու անդառնալի, հեռանկարում մինչեւ իսկ երկրի տրոհման, վտանգներով։ Դրանք կ՛աւարտուէին ոչ թէ երկրի շահերի պաշտպան Ահմադինեջադի նման ղեկավարի, այլ թուրք-ադրբեջանական շահերի պաշտպան Մուսաւիի նման մէկի յաղթանակով։ Ո՛վ, ո՛վ, հայ մարդը, թէկուզ մէկ հայ երիտասարդ, դիմակահանդէս խաղալու փոխարէն, հասկանալով այս էական տարբերութիւնը՝ պէտք է պահպանէր Իրանի հայ համայնքի թելադրած դրական չէզոքութեան դիրքը։ Եթէ ոչ, ստիպուած ենք նորից հարցնել՝ ո՞վ է Մուսաւին, մեզ ի՞նչ Մուսաւին…
Կարեւորագոյն խնդիրներում հայութիւնը ե՞րբ կը կարողանայ կազմակերպուել որպէս ազգ, գործել ոչ թէ հատուածաբար, մէկը միւսից անկախ, մէկը միւսի դէմ, այլ համերաշխաբար՝ պաշտպանելով ազգային ընդհանուր շահերը: